ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Համոզված, որ դրանց կատարումը իրատեսական չէԹուրքիան ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համաձայնագիրը, ըստ երեւույթին, արտադրող ընկերության հետ ստորագրել էր 2017 թ. սոպտեմբերի 12-ին Սանկտ-Պետերբուրգում: Թուրքիա-Ռուսաստան միջպետական պայմանագիրն արդեն նույն թվի դեկտեմբերին ստորագրվեց Անկարայում: Սակայն S-400-ները Թուրքիայի օրակարգ մտան 20018-ի դեկտեմբերին եւ մինչեւ վերջերս շարունակում են մնալ օրակարգի առաջնահերթ խնդիրը երկրում, սրելով, իհարկե, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը, որոնք հետզհետե վերաճեցին երբեմնի դաշնակիցների առճակատմանը:20018-ի դեկտեմբերից ի վեր օր չէր լինում, որ թուրքական եւ ամերիկյան կողմերը S-400-ների առնչությամբ փոխադարձ մեղադրանքներով հակադիր հայտարարություններ չանեին: Սակայն, հուլիսի 12-ին ռուսները սկսեցին մատակարել S-400 համակարգերի բաղադրիչների առաջին խմբաքանակը: Դա ավարտվեց հուլիսի 25-ին: Ավարտի մասին անձամբ նշեց նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, ընդգծելով, որ ռուսական 30 ինքնաթիռ է վայրեջք կատարել Անկարա: Բաղադրամասերի երկրորդ խմբաքանակը եւս ինքնաթիռներով է մատակարարվելու, ինչ վերաբերում է ռադարներին, ապա դրանք Ռուսաստանից նավերով են փոխադրվելու:Միացյալ Նահանգներին առավելապես հենց այդ ռադարներն են մտահոգում, այն առումով, որ դրանք 32 կմ. բարձրության վրա որեւէ թիրախ խոցելիս կարողանում են ոչ միայն ռադիոլոկացիոն ճանաչման ենթարկել, այլեւ գաղտնազերծել այդ թիրախի, ինքնաթիռ թե հրթիռ, տեխնիկական տվյալները: Տվյալ դեպքում խոսքը ոչ ռուսական արտադրանքին է վերաբերում: S-400-ի ռադարները կճանաչեին նաեւ ռուսական ինքնաթիռներին եւ հրթիռներին, եթե կոդը մտցվեր համակարգ: Բայց, մատակարարող կողմը, որպես կանոն, ստացող կողմին չի տալիս սեփական արտադրության օբյեկները ճանաչելու կոդը:Համենայնդեպս, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի տվյալներով S-400 համակարգերն արդեն 2020 թ. ապրիլին հրթիռներով հանդերձ կլինեն թուրքական զինուժի տրամադրության տակ: Պարզապես որոշված չէ համակարգերի տեղակայման վայրը: Ինչ վերաբերում է դրանց գործարկմանը, ապա ամերիկյան պատժամիջոցներն այդ հարցում կաշկանդող հագամանք են Թուրքիայի համար: Հուլիսի 25-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, ընդառաջելով ամերիկյան պահանջերին, հայտարարել էր, որ շարունակվում են «Patriot» համակարգեր գնելու շուրջը ԱՄՆ-ի հետ ծավալվող բանակցությունները:Հուլիսի 26-ին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց. «Մենք ուզում ենք, որ S-400 համակարգերը բացարձակապես չգործարկվեն»: Եթե, ինչպես նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, շարունակվում են «Patriot» համակարգեր գնելու շուրջը ԱՄՆ-ի հետ բանակցությունները, կնշանակի թուրքական կողմը դեմ չէ դրան, այլ ամերիկյան կողմն է, որ չի համաձայնվում: Այդ մասին հուլիսի 26-ին «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության քաղաքային վարչությունների համաժողովում հայտարարել էր էրդողանը, ասելով. «Վճարելով 1.4 մլրդ. դոլար ԱՄՆ-ից 4 հատ F-35 ենք գնել, բայց չեն տալիս: Մենք կգնեինք նաեւ «Patriot-ներ», սակայն դա նույնպես չեն թողնում»:Օգտվելով առիթից նշենք, որ Թուրքիան 24 ռազմական ուղղաթիռ վաճառելու գործարք էր կնքել Պակիստանի հետ, սակալն ստիպված չեղյալ է համարել գործարքը, որովհետեւ ուղղաթիռների շարժիչները արտադրվում են ԱՄՆ-ում, իսկ ամերիկացիները հրաժարվում են մատակարարել դրանք: Այդ մասին հուլիսի 24-ին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV-ի» էկրանից, որպես մեկնաբան, հայտարարել է տիկ. Այշենուր Արսլանը :Համենայն դեպս, Թուրքիայի «Patriot-ներ» գնելու պատրաստակամությունը չհանգեցրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածության թուլացմանը: Ընդհակառակը, այդ լարվածությունը է՛լ ավելի սրվեց, դա հատկապես երեւաց S-400-ների բաղադրիչների առաջին խմբաքանակի մատակարարումից հետո: Այս պայմաններում թուրք-ամերիկյան առճակատման առացքում համակարգերի փոխարեն նախ հայտնվեց, հակառակ նախագահ Դոնալդ Թրամփի դիմադրությանը, Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառման հարցը, ապա Սիրիայի հյուսիս-արեւելքում «անվտանգ գոտի» ստեղծելու թուրքական նախաձեռնության նկրտումներըՙ կապված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» չեզոքացման հետ, որոնց Անկարան համարում է PKK-ի սիրիական մասնաճյուղը, հետեւաբար եւ ահաբեկիչներ:Հուլիսի 23-ին նախագահ Թրամփը Սպիտակ տանը հանդիպեց Հանրապետական սենատորներին: 70 րոպեանոց այդ հադիպմանը մասնակցել է 53 սենատորներից 45-ը, որի ընթացքում Թրամփն ասել է, որ ինքը հակված չէ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, նա Թուրքիային «Patriot» համակարգեր վաճառելուց հրաժարվելու համար քննադատել է նախորդ նախագահ Բարաք Օբամային, իր դժգոհությունն է արտահայտել «ԱՄՆ-ի հակառակորդների դեմ պատժամիջոցներով պայքարելու» օրենքի առթիվ, ավելացնելով. «Կուզենայի լինել F-35 ինքնաթիռները Թուրքիային տրամադրողի կարգավիճակում»:Նրա խոսքերը բախվել է «Հանրապետական» սենատորների բուռն հակազդեցությանը: Հանդիպման ավարտին ոչ Սպիտակ տունը, ոչ էլ սենատորներն որեւէ հայտարարություն չեն արել: Այլ կերպՙ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել, սակայն ակնհայտ է, որ Թրամփը չի կարողացել պատժամիջոցները չկիրառելու առումով համոզել իր իսկ կուսակցության սենատորներին: Խնդիրը, սակայն, սոսկ սենատորները չեն, այլ Պենտագոնն ու Պետքարտուղարությունը, որոնք նույնպես հակադրվում են Թուրքիային հավանական պատժամիջոցներից ազատելու Թրամփի տեսակետին, Եվրոմիությունը նմանապես:Համենայն դեպա հուլիսի 22-ին Եվրոպական ներդրումային բանկը, որ վերջին 3 տարիներին Թուրքիային տարեկան 400 մլն-ից մինչեւ 2.2 մլրդ. եվրո վարկ էր տրամադրել, հուլիսի 24-ին, ըստ «Reuters-ի» հայտարարել է, որ ընթացիկ տարում Թուրքիային ոչ մի «գրոշ» չի տրամադրել, ոչ էլ կտրամադրի, եթե Թուրքիան մինչ այդ չվերանայի իր ռազմավարությունը:Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական սահմանի երկայնքռվ նախատեսվող «անվտանգ» գոտուն, ապա հուլիսի 22-ին Անկարա էր մեկնել Սիրիայի գծով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ջեյմս Ջեֆրիի գլխավորած պատվիրակությունը, որը նախ հանդիպել է արտգործնախարար Չավուշօղլուին, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, այնուհետեւ նախագահ Էրդողանի աշխատակազմի խոսնակ Իբրահիմ Քալընին: Հանդիպման մանրամասների մասին տեղեկությունները շատ կցկտուր են, ընդ որում դրանք հրապարակվել են հանդիպումներից 2-3 օր հետո միայն:Սակայն Չավուշօղլուի եւ Աքարի հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններում, «անվտանգ» գոտուն առնչվող խնդիրների կողքին քննարկվել է նաեւ Մանբիջի հարցը, հավանաբար այնտեղ տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» Եփրատի արեւելյան ափը շպրտելու ենթատեքստում: Թուրքական կողմը Ջեֆրիի պատվիրակության առջեւ խնդիր է դրել նաեւ այս ուժերին դուրս բերել նախատեսվող «անվտանգ» գոտուց, հավաքել մինչ այդ նրանց ԱՄՆ-ի հատկացրած զենքի, զինամթերքի պաշարները, ներառյալ տանկերը, զրահամեքենաները, հրետանին եւ հակաօդային շարժական համակարգերը, ապա գոտին հանձնել թուրքական զորքերի վերահսկողությանը, որ ապահովի դրա անվտանգությունը:Հանդիպման ավարտին, նույն օրը, Չավուշօղլուն հայտարարել էր. «Ամերիկյան պատվիրակության նոր առաջարկները մեզ չեն բավարարում: Մանբիջում, ըստ երեւույթին հանրաքվե են պահանջում: «Անվտանգ» գոտու խորությունը, այնտեղ վերահսկողության ո՞ր ուժերին հանձնարարումն ու քրդական ուժերի ինչպե՞ս դուրս բերումն այնտեղից մեզ համար նրբազգաց հարցեր են: Մենք նախագահ Թրամփի խնդրանքով հետաձգել էինք ռազմական գործողությունների ձեռնարկումն: Անհապաղ պետք է համաձայնության գանք «անվտանգ» գոտու հարցում, որովհետեւ հատման եզրին է մեր համբերությունը»:Ի դեպ, ամերիկյան պատվիրակության հետ Չավուշօղլուի հանդիպման օրը քրդական ուժերի ղեկավարների հետ Քոբանիում (Սիրիայի հյուսիսում) հանդիպել էր CENTCOM-ի ամերիկացի հրամանատարը, ինչին բուռն հակազդեցությամբ արձագանքել է Չավուշօղլուն: Նրան երկու օր ուշացումով հավելել է պաշտպանության նախարար Աքարը, մասնավորապես ասելով, որ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է, եթե ամերիկացիները «անվտանգ» գոտու համար նախատեսվող հատվածը չմաքրեն քրդական ուժերից, ապա Թուրքիան ռազմական գործողություններ կձեռնարկի եւ ինքը կմաքրի:Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումներից, թերեւս, առանցքայինը Էրդողանի խոսնակ Քալընի հանդիպումն էր, սակայն հանդիպման մասին ոչ մի տեղեկություն կողմերը չեն հայտնել: Մնում է սպասել, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիս-արեւելքում ձեռնարկեն Չավուշօղլուի եւ Աքարի մատնանշած ռազմական գործողությունները, բայց ինչպե՞ս, չգիտենք: Ըստ երեւույթին իրենք էլ չգիտեն: Պարզապես հայտնի է, որ թուրք-ամերիկյան առճակատումը ռուսական S-400 համակարգերի հարթությունից դուրս է եկել եւ ծավալվել է, ներառելով իր մեջ Սիրիայի հյուսիս-արեւելքում նախատեսվող «անվտանգ» գոտին, որի պարագայում զիջել Թուրքիային, ԱՄՆ-ի տեսանկյունից կնշանակի ինքնակամ հրաժարվել քրդական ծրագրից, ինչը իրատեսական չի թվում նաեւ թուրքերին: Հենց դրա արտահայտությունն են վերջիններիս զավեշտական հոխորտանքները: |