ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ
Հայաստանը օտարերկրյա հետախուզությունների թիրախում
Արհեստավարժ հետախույզի համար լրտեսական տեխնիկայում կան շատ հուզիչ, լարված եւ նույնիսկ անդունդի եզրին քայլելու պահեր, սակայն մարդիկ, որոնք ծանոթ չեն հետախուզության արվեստին, չեն նկատում այդ պահերը:
Որո՞նք են լրտեսական աշխատանքի էական տարրերն ու մասնիկները – հաջողակ հավաքագրում, արժեքավոր ինֆորմացիայի աղբյուր, կարեւոր եւ արժեքավոր տեղեկատվության ձեռք բերում, ստացված տեղեկատվության ճիշտ մշակում ու վերլուծություն եւ, իհարկե, օպերատիվ ակտուալ տեղեկատվության ժամանակին փոխանցում «սպառողին» (օրինակՙ պետության ղեկավարին, արտաքին գործերով զբաղվող գերատեսչությանը եւ այլն):
Աշխսրհում կան մոտ 200 պետություններ, տարբեր կարգավիճակներով, նույնիսկ չճանաչված պետություններ, կամ մասնակիորեն ճանաչված, որոնք բոլորն անխտիր ունեն հատուկ ծառայություններ` հետախուզություն կամ հակահետախուզություն կամ էլ երկուսը միասին: Հատուկ ծառայությունը թանկ հաճույք է եւ եթե այն կա, նրան հատկացվում է բյուջե, ուրեմն այն պետք է աշխատի ե՛ւ իր երկրում, ե՛ւ ուրիշ երկրների տարածքում: Հատուկ ծառայությունների կարիքը ունեն հատկապես այն պետություններում, որոնք ունեն գերտերության կարգավիճակ եւ համապատասխան խնդիրներ ամբողջ աշխարհում: Նաեւ այն երկրները, որոնք պատերազմական վիճակում են կամ ըստ աշխարհագրական դիրքիՙ շրջապատված են ոչ բարեկամ երկրներով, կամ գտնվում են ինչ-որ կոալիցիաներում եւ ստիպված են համակարգային անվտանգության մաս կազմել: Կան նաեւ պետություններ, որոնք ունեն լավ առաջընթաց բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական ոլորտներում, արդյունաբերությունում եւ, իհարկե, այդ ամենը ունեն պաշտպանված լինելու կարիք:
Կարելի է կազմել անվերջանելի մի ցուցակ, թե որտեղ եւ ինչի համար են պետք հատուկ ծառայությունները, գլխավորը նրանց արհեստավարժությունն է, տեխնիկական զինվածությունը, լավ ֆինանսավորումը (եթե այդպիսի հնարավորություն կա), նրանց առջեւ ճիշտ խնդիրներ առաջադրելը, երկրների անվտանգության համապատասխան կոնցեպցիաներում օգտագործելը: Վայն եկել է ու տարել այն ղեկավարներին, որոնք սխալ կադրային քաղաքականություն են վարում այդ ոլորտում եւ արհամարում օբյեկտիվ, ակտուալ, օպերատիվ-քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին վերաբերող այլ տեղեկություններ:
Այս նախաբանը այն բանի համար էր, որ ընթերցողը հասկանա եւ կարողանա օբյեկտիվ գնահատական տալ լրտեսական գործընթացներին:
2019 թ. հուլիսի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության Տեղեկատվության նախարարության (ԻԻՀ հատուկ ծառայություն) հակաահաբեկչական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Թեհրանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ս.թ. հուլիսի 18-ին երկրի անվտանգության ուժերը բացահայտել են լրտեսական ցանց` բաղկացած 17 հոգուց, որոնք աշխատում էին Իրանի կարեւորագույն տնտեսական եւ տեղեկատվական ոլորտներում: Ըստ պաշտոնյայի, գործակալները կապված չէին մեկը մյուսի հետ, գործում էին ինքնուրույն, սակայն ղեկավարվում էին մեկ կենտրոնից` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունից (ԿՀՎ):
Նման հայտարարություններ լրտեսական բացահայտումների մասին հօգուտ Իսրայելի կամ ԱՄՆ-իՙ Իրանում հաճախ են լինում, եւ դա բնական է, որովհետեւ անկասկած այդ պետությունների հետախուզական ցանցերը ակտիվորեն աշխատում են Իրանում եւ Իրանի շուրջը: Այլ կերպ չէր էլ կարող լինել (տե՛ս հոդվածի նախաբանը): Ս.թ. ապրիլին Իրանի Տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել էին մի նոր մեծ լրտեսական ցանցի բացահայտման մասին, որոնք գործում էին Իրանի կիբերտարածքում` հօգուտ ԱՄՆ ԿՀՎ-ի: Նույնիսկ նկարահանվել էր մի փաստագրական ֆիլմ` «ԿՀՎ-ի ցանցը» խորագրով: Այդ ֆիլմում, ծածկված դեմքերով բացահայտված լրտեսները պատմում են այն մասին, թե ինչպես են իրենց հավաքագրել ամերիկյան եւ իսրայելական հետախույզները, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի եւ արաբական երկրների տարածքում, ինչ հանձնարարություններ են նրանք ստացել, ինչպես են փոխանցել տեղեկությունները եւ այլն: Ֆիլմում ընդգծվում է, որ Իրանի քաղաքացիներին հիմնական հավաքագրման մոտեցումները տեղի են ունենում, երբ նրանք դիմում են ԱՄՆ հյուպատոսական բաժիններ (վերը նշված երկրներում) մուտքի արտոնագիր (վիզաներ) ստանալու համար: Նշվում է նաեւ, որ այդ գործակալները, բոլորն անխտիր, ԿՀՎ-ում անցել են հատուկ դասընթացներ:
2013 թ. մայիսին Իրանի երկու քաղաքացիներ մահապատժի ենթարկվեցին լրտեսական գործունեության համար: Նրանցից մեկը` ոմն Մոհամմադ Հեյդարին մահապատժի ենթարկվեց (կախաղանի միջոցով) իսրայելական հետախուզության` Մոսսադի հետ համագործակցելու համար, իսկ մյուսը` Կորուշ Ահմադին` ԱՄՆ ԿՀՎ-ի հետ (նույնպես կախաղանի միջոցով):
Իրանի լրատվական միջոցները գովաբանում են իրենց անվտանգության մարմինները եւ հայտարարում, որ հաճախակի լրտեսական բացահայտումները արդյունք են երկրի հատուկ ծառայությունների նոր մշակված ռազմավարության, այսինքն անցում է կատարվել «պաշտպանությունից` հակահարձակման»: Եվ սա իրագործվում է այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները մտան խորը ճգնաժամի մեջ:
Սա այնքան էլ ճիշտ վերլուծություն չէ: Ճգնաժամային հարաբերությունները սկսվել են դեռ քառասուն տարի առաջ, 1979 թ. իսլամական հեղափոխությունից հետո, Թեհրանում, 1979 թ. փետրվարի 11-ին ԱՄՆ դեսպանատան շենքը Հեղափոխության մարտիկների կողմից գրավելուց հետո: Պարզապես այդ ճգնաժամը ժամանակ առ ժամանակ նոր փուլեր է մտնում: Իսկ հիմա այն վերածվել է իսկական «նյարդերի պատերազմի» եւ գնալով կխորանա, եթե ԱՄՆ-ը եւ Իրանը չնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Դա կարող է կազմակերպել միայն Ռուսաստանը, այն էլ այն դեպքում, երբ ինքն իր հերթին շտկի իր հարաբերւթյունները ԱՄՆ-ի հետ, հակառակ դեպքում նրան նույնպես ձեռնտու է ԱՄՆ- Իրան հարաբերությունների վատթարացումը:
Արեւմուտքի փորձագետները, ուսումնասիրելով վերը նշված փաստագրաան ֆիլմը` «ԿՀՎ-ի ցանցը», այն անվանել են էֆեկտիվ բեմադրական: Չի բացառվում: Չափից դուրս հաճախ եւ արագ լրտեսական բացահայտումները, լինեն դրանք Իրանում, Ադրբեջանում, թե Աֆղանստանում, խոսում են «բեմականացման» մասին: Քիչ հավանական են նաեւ գործակալների հատուկ դասընթացները հետախուզական կենտրոններեում: Ոլորտին ծանոթ մասնագետները կհամաձայնվեն, որ մեկ գործակալին բացահայտելն անգամ երկարատեւ, քրտնաջան, համակարգված աշխատանքի եւ ամենակարեւորը` կոնկրետ երկրի հասարակության աչալրջության արդյունք է: Էլ ուր մնաց լրտեսական ցանցերի բացահայտումը: Չմոռանանք մի կարեւոր խնդիր եւս: Նման հիստերիկ բռնկումները, մահապատիժները եւ այլն կարող են հասարակության մեջ «ծնել» լրտեսոմանիա, որի միջոցով մենք անցել ենք 1930-ական թվականներին: Դա շատ վտանգավոր բան է:
Սակայն բոլորովին նկատի չունեմ, թե իրանական հատուկ ծառայությունները` հետախուզությունը եւ հակահետախուզությունը զուր են ուտում իրենց հացը: Երկրում գործում են լավ համակարգված անվտանգության եւ հետախուզության մարմիններ. Տեղեկատվության նախարարությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (որն ունի ե՛ւ զորամիավորումներ, ե՛ւ հատուկ ծառայություն), Զինված ուժերի միացյալ շտաբի համապատասխան վարչությունը, Ռազմական հետախուզությունը, Ներքին գործերի նախարարությունը «Բասիջի» հետ միասին: Այս ծառայությունների խնդիրը ոչ միայն պետության անվտանգության պահպանումն է, այլ նաեւ իսլամական հեղափոխության արժեքների արտահանումը համապատասխան երկրներ:
Եվ իհարկե իրանական հետախուզությունը, ինչպես նաեւ մի շարք այլ պետությունների հետախուզական ծառայություններ, ակտիվորեն աշխատում են նաեւ Հայաստանի տարածքում: Կարող եք չկասկածել դրանում: Չէ՞ որ Իրանին նույնպես շատ է հետաքրքրում Հայաստանում օպերատիվ-քաղաքական իրադրությունը, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, ընդհանրապես Արեւմուտք-Հայաստան հարաբերությունները, գիտամշակութային եւ ռազմավարական բնույթի առաջնային տեղեկատվության հայթայթումը, հասարակական-քաղաքական դաշտում ԻԻՀ ազդեցության աճը, առեւտրա-տնտեսական դաշտը եւ վերջապես հետհեղափոխական Հայաստանի քաղաքական օրիենտացիան (ուղղվածությունը): Զարմանալի կլիներ, եթե իրանական իշխանություններին չհետաքրքրեր այս ամենը, դեռ մի բան էլ ավելին: Բացի այդ, Հայաստանի տարածքում գործում են բազմաթիվ դիվանագիտական կորպուսներ, այդ թվում եւ արեւմտյան, եւ նրանց ծածկերի տակ (որպես կանոն)ՙ նաեւ հետախույզներ. սա նույնպես շատ հետաքրքրական է Իրանի համար:
Սա հետաքրքրական է բոլորի համար, եւ ընդհանրապես կարելի էր այս ամենին նայել պարզապես որպես դետեկտիվ վեպի սուր, հետաքրքրական սյուժե, եթե այս ամենին չխառնվեր Հայաստանի անունը:
***
Իրանում վերջին լրտեսական սկանդալից անմիջապես հետո «Սպուտնիկ-Արմենիա» տեղեկատվական կայքում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են գաղտնի նկարահանել մի իրանացու, որը ճաշում է Երեւանի ռեստորաններից մեկում, լուսանկարվում «Կասկադի» շրջակայքում եւ այլն: Հուլիսի 24-ին տեղադրված հոդվածում, որը կոչվում է «Լրտեսական խաղեր Հայաստանում», գրվում է այս ամենը եւ նշվում, որ նախկինում հավաքագրված որոշ իրանցիներին այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները հետեւել են նաեւ Հայաստանում: Իհարկե տեղեկատվությունը իրանական ծագում ունի եւ իրանական հակահետախուզության աշխատանքի արդյունքն է:
Եվ իհարկե, այս ամենից անմիջապես օգտվում է Ադրբեջանի հայտնի լրագրողուհի Նուրանի խանումը :
Նուրանի, այս հնդկական անունը ընտրել է Ադրբեջանի քաղաքացուհի Թոֆիգախանում Կասիմովան, որը այժմ ղեկավարում է Ադրբեջանի սկանդալային տեղեկություններով հայտնի հակահայկական echo.az ինտերնետային կայքը (այն ավելի շատ պատկանում է այսպես կոչված «դեղին մամուլին»):
Ասում են, թե նա սկզբում ուզում էր յուրացնել «Շեհերազադե» արաբական անունը, բայց հաշվի առնելով «Շեհերազադեի» գեղեցկությունըՙ չէր համարձակվել վերցնել այդ կեղծանունը: Իր շրջապատում նրան անվանում են նաեւ «Կիսաշրջազգեստով Գեբելս» (Հիտլերյան Գերմանիայի պրոպագանդայի նախարարը):
Թոֆիգախանումը լավ ինֆորմացված է հայկական անցուդարձից, իր նյութերը պատրաստելիս բացառապես օգտվում է հայկական կայքերից, լրագրերից, բաց աղբյուրներից եւ, իհարկե, անկասկած, ադրբեջանական հատուկ ծառայություններից նրան տրամադրված նյութերից: Ենթադրություններ կան, որ նա «ԵրԱզ» է (Երեւանյան ադրբեջանցի), բայց դա էական չէ: Էականն այն է, որ նա պարզ տրամաբանությամբ ամեն ինչում եւ ամեն տեղ փնտրում է «հայկական հետքը» եւ, պատկերացրեք, գտնում է: «Գրասենյակը գրում է» եւ գործերն առաջ են գնում: Մասնագիտությամբ ոչ լրագրողը դարձել է լեգենդար պրոպագանդիստ եւ ագիտատոր:
Իսկ ադրբեջանական հասարակությանը հաց ու ջուր մի տուր այլ կերակրի տարբեր հորինված պատմություններով հայերի լրտեսության, ահաբեկչության, հանցագործ էության, ագրեսիվության, խառնակչության եւ մարդակերության այլ հատկանիշների մասին: Ահա՛ եւ Նուրանիի հաջողության ողջ տրամաբանությունը:
Եվ այսպես, այս «խելամիտ» եւ ամենահաս տիկինը գրում է իր հերթական հակահայկական հոդվածը, օգտագործելով հետախուզական ժանրի բոլոր կանոնները ( միանշանակ նրա հետ աշխատում են ադրբեջանական հետախուզության բարձրորակ վերլուծաբաններ): Նշելով 17 գործակալների քողազերծման եւ ձերբակալության փաստը Իրանում, Երեւանում կատարված գաղտնի նկարահանումները, Նուրանին, կարծես թե իմիջիայլոց, շատ նրբորեն ակնարկում է, որ Հայաստանի եւ Իրանի հատուկ ծառայությունները վաղուց են համագործակցում եւ դա գաղտնիք չէ ոչ մեկի համար: Որ Հայաստանում վաղուց գործում են Իրանի հետախուզական կայանները, որոնք Հայաստանի հատուկ ծառայությունների հետ տվյալներ են փոխանակում, իրականացնում են համատեղ օպերատիվ գործառույթներ Ադրբեջանի դեմ, իսկ վերջերս էլ ԱՄՆ-ի դեմ:
Իհարկե իրանական հետախուզությունը Հայաստանի համապատասխան ուժերի հետ համատեղ հետեւում է նաեւ ԱՄՆ դեսպանատան անցուդարձին, այլ ոչ թե միայն երեւանյան ռեստորաններում ճաշողներին: Բրավո , մասնագետները սա կանվանեին «հետախուզական ակտիվ գործառույթ»: Արդեն երկրորդ պլան է մղվում ամեն ինչ` այն որ ամերիկացիները եւ իրանացիները լրտեսական խաղերի համար ընտրել են նաեւ Հայաստանի տարածքը (այլ երկրների շարքում), որ այդ բացահայտված լրտեսների թվում եղել են նախօրոք մշակված եւ պատրաստված «դրածո խայծեր» եւ ամերիկացիները դրանք «կուլ են տվել», այն որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ նախագահ Դոնալդ Թրամփը այդ ամենը անվանել են հերթական սուտ, պրոպագանդա եւ կրոնական ռեժիմի անճարություն եւ այլն, եւ այլն: Առաջին պլան է մղվում այն, որ Հայաստանի եւ Իրանի հատուկ ծառայությունները համատեղ աշխատում են ԱՄՆ-ի դեմ: Եվ սա այն ժամանակահատվածում, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցների ցուցակը Իրանի դեմ գրեթե ամեն օր ավելացնում է, «սեւ ցուցակի» մեջ են ընդգրկում Իրանի ուժային կառույցները եւ հատուկ ծառայությունները, այն ժամանակ, երբ այդ երկու պետությունները գրեթե պատերազմի շեմին են կանգնած, այն ժամանակ, երբ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ այցելում է ԱՄՆ եւ «Ատլանտյան խորհուրդ» հեղինակավոր վերլուծական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ հույս է հայտնում, որ Միացյալ Նահանգները ճնշում չի գործադրի Հայաստանի վրա Իրանի դեմ պատժամիջոցների կապակցությամբ:
Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում գործեցին Ադրբեջանի հատուկ ծառայությունները Նուրանի խանումի գրչով:
Մնում է վերլուծել եւ հասկանալՙ ինչպես կընդունի այս ամենը ամերիկյան կողմը եւ ինչ կձեռնարկեն Հայաստանի համապատասխան կառույցները` նման ակտիվ միջոցառումների դեմ ապագայում: Ժամանակները փոխվում են, գործառույթները նույնպես, հարկավոր են ակտիվ գործողություններ մեր խոցելի կետերը փակելու համար:
Նկար 1. Նուրանի խանում