ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է ուսումնասիրել Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ տնտեսական իրավիճակի արդիական հարցերը: Ակումբի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թեւիկյանը հետազոտություն է կատարել «Ժամանակակից Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը» թեմայով: Ստորեւ ներկայացնում ենք այդ հետազոտության հիմնական տվյալներն ու արդյունքները մեր քաղաքագիտական մեկնաբանություններով, կանխատեսումներով եւ եզրակացություններով:Քաղաքականությունը տնտեսական իրողությունների կենտրոնումՀայաստանի ՀՆԱ-ում վերջին տարիներին արդյունաբերական ոլորտի բաժինը կազմում է մոտ 16-17,9%: Ոլորտն ապահովում է մոտ 82000 աշխատատեղ: Հայաստանի վիճակագրական վարչությունն այս ոլորտը բաժանում է չորս հիմնական ճյուղիՙ լեռնահանքային արդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարում, ջրամատակարարում, թափոնների մաքրում եւ մշակում:2018թ. տվյալներով արդյունաբերական ոլորտի կառուցվածքը հետեւյալն էր. լեռնահանքային արդյունաբերությունՙ 17,3%, վերամշակող արդյունաբերությունՙ 66,3%, էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումՙ 14,9%, ջրամատակարարում եւ մաքրումՙ 1,5%: 2018թ. լեռնահանքային հատվածի արտադրությունը նվազել է 14,0%-ով 2017թ համեմատությամբ: Աճել է էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը 5,7%-ով: Վերամշակող արդյունաբերության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 3,7%: Աճել են նաեւ այս ոլորտի արտադրության ծավալները մոտ 10%: Այդ թիվն իր մեջ ներառում է մի շարք ճյուղեր: Դրանցից խոշորագույնը սննդամթերքի արտադրությունն է (ընդհանուր ծավալի 28,3%-ը), խմիչքների արտադրությունը (13,2%), ծխախոտի արտադրությունը (15,5%) եւ հիմնական մետաղների արտադրությունը (15,1%): Պաշտոնական տվյալներով արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018թ. մեծացել է 4,3%:Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 6,9%: Անցած տարին բնորոշվել է այն հանգամանքով, որ արդյունաբերության մեջ արմատական փոփոխություններ չեն արձանագրվել եւ այն զարգացել է ավելի վաղ ձեւավորված թրենդների իներցիայով (չհաշված Ալավերդու պղնձաձուլական գործարանի կանգառը 2018թ. նոյեմբերին): Սակայն երկրի կառավարությունն այս հարցում ունի իր տեսակետըՙ մոտակա ժամանակներս անհրաժեշտ է կենտրոնանալ հանրապետությունում գոյություն ունեցող արդյունաբերության բոլոր ճյուղերի զարգացման վրա: Ընդ որում, բարձր տեխնոլոգիաների ճյուղը պետք է դիտարկվի իբրեւ տնտեսության առաջատար ոլորտ:Կարեւոր է նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը: Լուրջ հիմնախնդիրներ կան, որոնք կապված են տնտեսական աճի որակի հետ: Այդ հիմնախնդիրները չեն լուծվի, եթե չկատարվեն վճռական քայլեր, այդ թվում պետական եւ տեղական կառավարման մակարդակներում:Վերջին շրջանում կառավարության կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական ամրագրումները հաստատել են այդ մտադրությունները: Ստեղծվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ արդեն ձեռնամուխ են եղել կոնկրետ գործողությունների: Շարունակվում է հարկային արտոնությունների տրամադրման գործընթացը նոր ստեղծվող ընկերություններին (սթարթափերին), որոնք գործում են տեխնոլոգիական ոլորտում: Նախարարությանն արդեն դիմել է մոտ 130 ընկերություն, նրանցից 89-ին տրամադրված են հարկային արտոնություններ: Սպասվում է, որ մինչեւ 2022թ. այս ընկերությունները նոր մոտ 800 աշխատատեղ կստեղծեն: Պետական աջակցությանը ենթակա գործունեության շրջանակը բավականին մեծ է: Նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% դրույքով եւ եկամտահարկի 10%-ով: Դա նպաստում է նոր ընկերությունների, նոր արդյունքի եւ ինովացիոն գաղափարների ստեղծմանը: Որոշ կանխատեսումներով սթարթափների ավելի քան 50% կկարողանա դուրս գալ մեծ շուկա: Ընդ որում, Հայաստանում գործել սկսելու համար հարկային արտոնություններ ստանալ ցանկացող ընկերությունների աշխարհագրությունը բավական տպավորիչ էՙ ԱՄՆ, Հոլանդիա, Շվեյցարիա, Չեխիա, Վրաստան, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Ավստրիա: Որպես շարունակություն տվյալ նախաձեռնության, նախարարությունը անցկացրեց «Հայաստանՙ ճարտարագիտական շաբաթ» վերտառությամբ միջոցառում, որտեղ հնչեց այն գաղափարը, որ «ինովացիան ամենաթանկ բանն է ժամանակակից աշխարհում: Եվ երկրները, որոնք կկարողանան ստեղծել արդյունավետ էկոհամակարգ ինովացիաների խթանման, ինովացիոն եւ ինժիներինգային ընկերությունների առաջացման ու գոյացման խթանման համար, կկարողանան ճիշտ դիրքավորվել ժամանակակից զարգացող աշխարհում: Հայաստանը պետք է գործի իբրեւ տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»:Քաջ հայտնի է, որ հայկական սթարթափները լայնորեն ներկայացված են տարբեր երկրներում, այդ թվում Սիլիկոնային հովտում: Նրանք ցույց են տվել իրենց կարողությունըՙ հեշտորեն եւ արագ կապեր հաստատելու եւ շուկա մտնելու գործում, ստանալով հայկական սփյուռքի աջակցությունը: Նախարարությունը մտադիր է մշակել ծրագրեր, որոնք կներառեն ինստիտուցիոնալ կառուցվածքներ հայկական սփյուռքի հետ կապերում, որոնք կօգնեն հայկական եւ այլ ընկերություններին ցանկության դեպքում աշխատելու Հայաստանում:Աշոտ Թեւիկյանի կարծիքով, այս խնդիրների լուծման ռազմավարական տեսլականը հանգում է երկրի նոր ինդուստրիալիզացիայում Արտահանող արդյունաբերական ճյուղերի պետական աջակցությանը, հայրենական արտադրությանը համակողմանի գործնական աջակցությանը: Սակայն դրա համար հարկավոր է, որպեսզի մենք հստակ կողմնորոշվենք, թե որ տեխնոլոգիական էկոհամակարգում ենք (Արեւմուտքի թե Եվրասիայի) զարգանալու: Սա դատարկ խոսք չէ: Եթե մենք նույնիսկ դուրս լինենք աշխարհաքաղաքական առճակատումներից, չթաթախվենք Արեւմուտքի աշխարհաքաղաքական ճարտարագիտական խաղերում, միեւնույն է, քաղաքականությունը թակելու է մեր դուռը եւ, առաջին հերթին, առաջադրվելու են հարցեր խոշոր գիտատեխնոլոգիական եւ ինդուստրիալ նախագծերի կենսագործման ուղղությամբ: Ժամանակակից աշխարհում քաղաքականությունը գտնվում է տնտեսության կենտրոնում, հատկապես գիտատեխնոլոգիական փոփոխությունների ոլորտում, այդ թվումՙ արդյունաբերական քաղաքականության:Ռազմաարդյունաբերական եւ գիտատեխնոլոգիական ոլորտներն իբրեւ տնտեսական հենքՀայաստանը ինքնիշխան պետություն է: Այս իրողության գիտակցումը թելադրում է կոնկրետ հասունացած գործողություններ: Աշոտ Թեւիկյանը կարծում է, որ ժամանակն է գործել, չհենվելով բաձարձակապես արեւմտամետ լուսանցքային սխեմաների հիման վրա: Պետությունը պետք է զբաղեցնի հստակ գաղափարախոսական դիրք, ձեռք բերի ներքին կենսունակություն: Դժվար է աշխատել այնպիսի կառույցների հետ, որոնք իրականում սեւեռված են ատոմային էլեկտրակայանի փակման եւ այլ նորագույն շատ վիճելի լիբերտարիան գաղափարների կենսագործման վրա: Մենք պետք է կոնկրետացնենք (խորացնենք եւ զարգացնենք) մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը հատուկ այժմեականություն է ձեռք բերում: Սա ոչ թե հիպոթետիկ, այլ պոտենցիալ հնարավորություն է վերականգնել ռազմաարդյունաբերական եւ գիտատեխնոլոգիական ոլորտի կառուցվածքն իբրեւ տնտեսական հիմք: Եվրասիական վեկտորի հարցը, որտեղ ձեւականորեն եւ իրականում հավասարազոր են մի կողմից մեր դաշնակիցներըՙ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, իսկ մյուս կողմիցՙ Չինաստանը, Վիետնամը, Սինգապուրը, Հարավային Կորեան եւ այլն: Մեր բազմակի սոցիոլոգիական հետազոտությունները վկայում են, որ հայ հասարակությունը եթե գիտության զարգացման հարցում կողմնորոշված է դեպի Արեւմուտք, ապա ժամանակակից արդյունաբերության զարգացման հարցումՙ գլխավորապես դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ:Կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանի ինտեգրացիոն միտումները ԵԱՏՄ շրջանակներում ամրապնդվել են: 2018թ. մեր երկիրը դարձել է ԵԱՏՄ երկրներ արտադրանքի արտահանման աճի տեմպերով առաջատար: ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանումը 2018թ. կազմել է $689 մլն., այդ թվում դեպի Ռուսաստանՙ $666,7 մլն., իսկ դեպի Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստանՙ $11,7 մլն., $9,8 մլն. եւ $1,0 մլն. համապատասխանաբար: Չնայած Բելառուսի եւ Ղազախստանի ոչ մեծ ցուցանիշներին, Հայաստանի արտահանման մեջ այդ երկրներ արտահանման դինամիկան եղել է ավելի բարձր, քան դեպի Ռուսաստան: Ամբողջությամբ վերցրած 2018թ. ընթացքում ԵԱՏՄ ուղղությամբ Հայաստանի արտահանման աճի տեմպը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձրն է եղել: Այս ցուցանիշն աճել է 24,1% 2017թ. համեմատությամբ:ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման առաջանցիկ տեմպերը պայմանավորված են գլխավորապես Ռուսաստանի Դաշնության հետ կորպորատիվ փոխգործակցությամբ, ինչը թույլ է տալիս ընդլայնել եվրասիական շուկաներ ելքը հայաստանցի արտահանողների համար: Փոխադարձ առեւտրում հայկական ընկերությունների շրջանառության մեջ ավելացել է ազգային արժույթի օգտագործումը: Մեր երկրում ամրապնդվել են ինտեգրման ֆինանսական խողովակները: ԵԱՏՄ երկրների կողմից ֆինանսական աջակցությունը արտաքին փոխառությունների տեսքով նույնպես մեծացել է: Զարգացման Եվրասիական բանկը պատրաստել է «ճանապարհային քարտեզ» Հայաստանում նախագծերի իրականացման համար: Տնտեսական զարգացման ժամանակակից փուլում երկրի մրցունակության ապահովումը կարեւորագույն խնդիր է, որը ոչ միայն բնորոշում է իրավիճակը համաշխարհային շուկայում, այլեւ մեծապես որոշում է նրա ազգային անվտանգությունը: Նման խնդիրների լուծումը հնարավոր է, եթե երկրի հեռանկարային զարգացման առաջնահերթությունների հիմքում գտնվեն արդյունաբերությունը, տեխնոլոգիաները եւ գիտությունը:Չէ՞ որ դեռ պահպանված է պատմական հիշողոթյունը խորհրդային շրջանում Հայաստանի նշանակալից ձեռքբերումների մասին: Իր բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը ծաղկման հասավ տնտեսության, մշակույթի, կրթության եւ գիտության ասպարեզներում: Մեր հետազոտության հեղինակների կարծիքով այդ ժամանակաշրջանը մեր երկրի պատմության մեջ կմնա որպես ազգի ոգու բարձրագույն վերածննդի եւ ընդհանուր առմամբ, հասարակության նվաճումների ժամանակաշրջան:Գիտատեխնոլոգիական եւ նրա նվաճումների վրա հիմնված ինովացիոն-արդյունաբերական քաղաքականությունը Հայաստանի նոր տնտեսական կուրսի հիմքն է եւ այն պետք է դառնա գերակա եւ համախմբող ազգային գաղափար, որը կլինի հասարակության մտածողության եւ գիտակցության հիմքում, ապահովելով անկախ պետական քաղաքականություն:Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշակել է «Ազգ-Բանակ» կոնցեպտուալ ծրագիր, 2018-2024թթ. բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր (հետագայումՙ ծրագիր կամ Յոթնամյա ծրագիր), որոնք հարմարեցված են նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:Հեռանկարում ծրագրվում է տնտեսության, կրթության եւ գիտության ռազմական եւ քաղաքացիական ոլորտների ներուժի բաղդատում, ինչը հնարավորություն կընձեռի հանրապետությունում մշակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արտադրանքի նախագծման եւ արտահանման գործը: Յոթնամյա ծրագրով որոշված նպատակները ուղղված են հիմնարար խնդրի լուծմանըՙ կազմակերպել տնտեսության բարձրաձում նոր տեխնոլոգիական մակարդակիՙ սեփական ազգային ուժերի հիմքի վրա:Համաշխարհային բանկի պատվերով եւ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ փորձագետների խմբի կողմից մշակվել է «Արտահանմանը կողմնորոշված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը», որը հաստատվել էր Հայաստանի կառավարության կողմից 2011թ. դեկտեմբերին: Այն կոչված էր ապահովելու արդյունաբերության զարգացումը 11 արտահանմանը կողմնորոշված ճյուղերում, իսկ առաջին փուլում երեք ուղղությամբՙ կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ ինժեներիայի: Այդ ընդունված որոշումների իրական կենսագործման անհրաժեշտությունը առայժմ պահպանվում է: Սակայն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը հաշվի առնելով, կպահանջվի վերանայել նրա առանձին դրույթներ:Հայաստանի կառավարությունը 2014թ. մարտի 27-ի որոշմամբ, ուշադրության առնելով նոր իրողություններն ու իրադարձությունները, որոնք առաջացրել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, հաստատել է ծրագիր «2014-2025թթ. Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ռազմավարական զարգացման պլան» վերտառությամբ: Կառավարության հիմնական կողմնորոշիչներն են ընտրված հետեւյալ չորս առաջնահերթություններըՙ զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործում եւ կառավարության համակարգի ինստիտուցիոնալ արդիականացում:Այս եւ այլ ծրագրեր, հաշվի առնելով տնտեսական ու քաղաքական նոր իրողությունները, պետք է տեղ գտնեն Հայաստանի երկարաժամկետ զարգացման հիմքում, նրա արդիականացման, կայուն եւ դինամիկ առաջանցիկ զարգացման ռազմավարական պլանի մեջ: Անհրաժեշտ է անցում կատարել դեպի նոր տնտեսական կացութաձեւ արդյունավետ կառավարչական մեխանիզմների կիրառման միջոցով: Հայաստանի համար ռազմավարական ծրագիր է արդյունաբերական քաղաքականության կտրուկ աշխուժացումը: Սա Հայաստանի մի նոր կոնցեպտ է:Ժամանակակից ազգային արդյունաբերության զարգացման ուղիների մասինԲոլոր ծրագրային փաստաթղթերում ընդգծվում է այն միտքը, որ հանրապետության տնտեսական աճի խթանման եւ զարգացման քաղաքականությունը պահանջում է իրականացնել (արդյունաբերական քաղաքականության կենսագործման պարագայում) ներդրումային նախագծեր, որոնք ուղղված են 90-ական թթ. ոչնչացված, արտահանմանն ուղղված արդյունաբերական հզորությունների մասնակի վերականգնմանը, գործող հզորությունների աջակցմանը եւ նորերի ստեղծմանը: Դա պետք է մասամբ վերահսկվի պետության կողմից, այլ ոչ թե թողնվի խոշոր բիզնեսից քաղաքականություն եկած առանձին անհատների հայեցողությանը:Շատ բան է կախված կենսագործվող տնտեսական քաղաքականությունից, արդյունաբերական քաղաքականության վերածննդի տեսակետից: Այդ հիմքերից մեկը պետք է լինի պետության եւ մասնավոր ոլորտի իրական գործընկերությունը: Առանց պետության խթանիչ քաղաքականության նման խնդիրների լուծումն ուղղակի անհնար է: Սոցիալ-տնտեսական զարգացման եւ Հայաստանի ինովացիոն տեխնոլոգիական արդյունաբերության կառուցման նպատակամղման, կանխատեսման, ծրագրավորման եւ նախագծման գործընթացներում հարկ է կենսագործել ռազմավարական պլանավորման սկզբունքները:Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետներիս համոզմունքով Հայաստանին իրական աջակցություն իր տնտեսական քաղաքականությունը ձեւավորելու ուղղությամբ կարող են դառնալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) որոշումները: 2019թ. օգոստոսի 9-ին Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ԵԱՏՄ երկրների վարչապետները ստորագրեցին մի քանի կարեւոր փաստաթղթեր: Դրանցից ենՙվերազգային ընկերությունների ստեղծման փորձի վերաբերյալ համաշխարհային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում եւ «եվրասիական ընկերությունների» ստեղծման հարցում մոտեցումների վերաբերյալ հանձնարարականը;«արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի» նախագծի անձնագրի մասին որոշումը:ԵԱՏՄ տնտեսական զարգացման առարկայական կարիքները պահանջում են ինտեգրացիոն միավորման անդամ երկրների տնտեսական համակարգերում արդյունաբերական համալիրների դերի մեծացում: Խնդիր է դրված վերածնել արդյունաբերությունը որպես տնտեսության լոկոմոտիվ: Խոսքը համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության մասին է, որը պետք է հաշվի առնի ոչ միայն ինտեգրացիոն միավորման անդամ երկրների կարիքը որակյալ արդյունաբերական արտադրանքում, այլեւ երրորդ երկրների, որտեղ արտահանումը նպատակաուղղված է իբրեւ ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ներուժի մաս:ԵՏՀ-ն հանդես է գալիս եվրասիական կորպորացիաների ստեղծման օգտին: Գլոբալ արդյունաբերական շուկաներում իրավիճակն այսօր այնպիսին է, որ իրապես մրցակցել այնտեղ կարող են լոկ շատ խոշոր ընկերությունները: Ինտեգրացիայի զարգացման կարեւորագույն ուղղություն է Միության երկրների ձեռնարկությունների կոոպերացիան: Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցում գրանցված է մոտ 6000 ձեռնարկություն:ԵՏՀ աշխատանքի կարեւոր ուղղություն է մնում միասնական, անպատնեշ տնտեսական տարածքի ձեւավորումը:Տեխնոլոգիական, գիտահետազոտական եւ փորձարարական-կոնստրուկտորական շղթա մուտք գործելը ԵԱՏՄ երկրների գործընկերների հետ, նման համագործակցության հենքի վրա պետություն-մասնավոր հատված գործընկերությունը կնպաստի տեխնոլոգիական կոոպերացիայի ձեւավորմանը արտադրության կիրառական գիտության, ճարտարագիտական մշակումների, սպառազինությունների արտադրության ոլորտներում: Անհրաժեշտ է վերականգնել երկար տեխնոլոգիական շղթաները մշակման եւ արտադրության փուլերում, որոնք անհրաժեշտ են գիտատար արտադրությանը: Այստեղ առանձին, շատ նեղ ուղղություններում, մեր երկիրը կարող է ունենալ նախապատվություններ: Չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ երկրները ահռելի կարիք ունեն ճարտարագիտական ինովացիոն մշակումների արդյունաբերության տարբեր ուղղություններում, որոնցում այսօր նրանք դեռ զիջում են Արեւմուտքի երկրներին:Եվրասիական տնտեսական միությունում կձեւավորվի նոր իրավական տարածք անդրազգային ընկերությունների համար: 2018թ. մարտի 30-ին ԵՏՀ Խորհուրդը հաստատել է Տեխնոլոգիաների տրանֆերի եվրասիական ցանցի ստեղծման եւ գործունեության համադրույթը, որն ուղղված է կազմակերպչական աջակցության ապահովմանը ԵԱՏՄ անդամ պետություններում ինովացիոն համագործակցության լավագույն փորձին:Եվս մեկ ուղղություն է ԵԱՏՄ պետություններում կլաստերների զարգացումը: Շատ երկրներում կլաստերային նախաձեռնությունները դիտարկվում են իբրեւ ինովացիոն քաղաքականության կարեւորագույն բաղադրիչ:Համատեղ ջանքերի աշխուժացումը ԵԱՏՄ բիզնես հանրության հետ կնպաստի Միության տնտեսության մեջ նոր ինովացիոն հատվածների ստեղծմանը եւ արդյունաբերական համալիրների բարձրացմանը նոր տեխնոլոգիական կացութաձեւ: Ապագա բարդ համակարգերը անհնար է նախագծել առանց ռազմավարական մտածողության, առանց զարգացման միտումների համադրույթի, որը կհաշվարկվի մի քանի տասնամյակների հեռանկարով:Այսպիսով, մեր փորձագետների կարծիքով, նոր սերնդի արդյունաբերության զարգացման հեռանկարը կապված է եվրասիական ինտեգրման զարգացման եւ խորացման հետ: Ակնհայտ է, որ Հայաստանը դեռեւս պահպանում է գրավչությունը նոր արտադրական հզորությունների ներդրման եւ արդյունաբերական ամբողջական նոր ճյուղերի զարգացման համար: Հարգանք տածելով այն քայլերի հանդեպ, որոնք իրականցրել են Հայաստանի մի քանի նախորդ կառավարություններն այս ուղղությամբ, անհրաժեշտ ենք համարում մշակել արդյունաբերության զարգացման նոր ռազմավարություն, որը հենված կլինի մեր հասարակության եւ մեր ինքնիշխան պետության իրական ժամանակակից կարիքների վրա: |