Հայաստանյան «էկոնոմ» խավի ձեռքն իր երկրի թանկուկրակ հանգստի գոտիներին չի հասնում: Հայաստանյան «էկոնոմ» խավի ձեռքն առայժմ Սեւ ծովին է հասնում: Ամառային հանգստին ուղղված խնայողությունները կոպեկ-կոպեկ հավաքելու հետ միաժամանակ հայաստանյան «էկոնոմ» խավը վերհիշում է անցյալ տարիների ծովափնյա հանգիստը վրացիների, ադրբեջանցիների, ռուսների, ուկրաինացիների ու հատկապես հայերի ակտիվ մասնակցությամբ ու ինքն իրեն մխիթարում.«Դե լավ հա, այս տարի էլ վատ չի անցնի. ծովը ծով է էլի, ի՞նչ տարբերությունՙ Միջերկրական, թե՞ Սեւ: Երեխաներիս, ընտանիքիս ուրիշ ի՞նչ է պետքՙ ծով, ավազ, արեւ, թեթեւ սնունդ, մեկ-երկու անգամ էլ մի քիչ շռայլ ծախսեր: Հերիք է: Որ այսքանն էլ մեր քրտինքով հասցնում ենքՙ ծո՜վ-ծով է»:
Երեխաները թռչկոտելով լողազգեստ-սրբիչներն են դասավորում ճամպրուկներում, ամուսիններըՙ կարճ տաբատները, որ միայն ծովից ծով են հագնում. սպանեսՙ տանը կամ առավել եւս բակում չեն հանգնի: Ամեն տարի ծովից վերադառնում են, կարճ տաբատները խնամքով ծալում-պահումՙ մինչեւ հաջորդ ծով: Իսկ կանայք…«Դե լավ է՜, այս տարի էլ նույն լողազգեստը կհագնեմ. 10 օր է, էլի՜, էնտեղ ինձ ճանաչողն ո՞վ է: Համ էլ թող ամուսինս տեսնի, որ արդեն քանի՜ տարի է նույն քաշին եմ»,- իրենք իրենց սիրտ տալովՙ նախորդ տարիների լողազգեստը, որ դարձյալ միայն ծովում են հագնում եւ ոչ երբեք, ասենք, Սեւանում, կանայք խնամքով ծալում-դնում են ծովի ճամպրուկի մեջ:
Սեւ ծովն ամեն տարի ջրի ճամփա դարձրած հայ «էկոնոմ» խավը հատուկ ծովի համար ճամպրուկ ունի, հատուկ ծովի համար հողաթափեր, ակնոց, գլխարկ, արեւայրուքի քսուք, դանակ, սրբիչներ, թերմոս, պլաստիկից բաժակներ. լողափին, ճռճռան շոգին բա մի հատ թերմոսից տաք-տաք սուրճ չլցնե՞ս-խմես, որ հանգիստդ հանգստի նման լինի, ծովն էլ ծովի: Հա, չմոռանանքՙ հատուկ ծովի համար պիտի թարթիչ, եղունգ լցվի, մազ ներկվի, որ հարեւան երկրների կանայք չասենՙ ժամանակակից խնամքի միջոցները դեռ Հայաստան չեն հասել: Լա՜վ էլ հասել են, դուք ձե՛զ տեսեք: Դուք դեռ չգիտեք, որ հայ կինն ամուսնուց թաքուն կարճ տաբատՙ վերջին մոդայի շորտեր է առել, թաքցրել ճամպրուկի գաղտնի դարակում, որ հենց ծովում ամուսնու քեֆը լավ լինի, ինքը շորտերը հանի-հագնի: Մի-երկու շիշ գարեջուր խմած ամուսինն այդ ժամանակ շիլ ու շաղված աչքերով իրեն կնայի, երեխաները հարցական հայացքովՙ իյա՜, մա՞մ, շատ կարճ չի՞: Չէ՛, հեչ էլ կարճ չի: Բա չէ՜, ձեր կարծիքով մաման մոդայից բան չի՞ հասկանում կամ համարձակություն չունի՞: Լավ էլ ունի: Մինչեւ պապան գլխի ընկնի, խմածությունը թողնի, մաման շորտերը հանած-թաքցրած կլինի:
Ուրեմն գնացի՜նք…: Հայկական «էկոնոմ» խավի չորսհոգանոց ընտանիքը որոշում է այս անգամ ծով գնալ…գնացքով: Երկաթգծի կայարանում դրամարկղերի առջեւ հերթ է: Ոմանք փորձում են խորամանկել ու առաջ անցնել: Վիճաբանություն է սկսվում: Կոկիկ, ճաշակով հագնված տղամարդը հերթի կանոնները խախտում է հերիք չի, իր հերթին օրինական կերպով սպասող կնոջն էլ ռուսերենախառը վիրավորում է.« Ժենշինա, էդ դեղին մազերդ հիմա կտանեմ սեւ կներկեմ»: Վիճաբանության ձայները հասնում են կայարանը հսկող ոստիկաններին, բայց նրանք չլսելու են տալիս ու շրջվում-գնում: Ռուսաստանից իր հայրենիք տուրիստ եկած ռուսախոս տղամարդը հաղթում է երեւանյան դպրոցում 25 տարի հայոց պատմություն դասավանդող ուսուցչուհուն: Տղամարդը նրա դեղին մազերն, իհարկե, սեւ չի ներկում, բայց ուսուցչուհու հասանելիք տոմսերն ինքն է առնում, ոչնչացնող հայացքով կնոջը ոտքից գլուխ չափում ու գոհունակությունից փքվածՙ հեռանում:
Լավ, գնացքի տոմսերը մի կերպ գնեցին: Էժան էլ չեն ախր: Երեւան-Քոբուլեթի գնալ-վերադառնալը 4 հոգու համարՙ 80 հազար դրամից ավելի է: Դե գնացք է, երեխաներն ավելի կուրախանան երեւի:
Մի քանի օրից հայ «էկոնոմ» խավի ընտանիքը Երեւանի երկաթգծի կայարանում է: Իրենց վագոնը գտան, տոմսերը ցույց տվեցին հսկիչին ու մի ցատկով կառամատույցից թռան գնացք: Իրենց կարգը պլացքարտ է, այսինքնՙ դարձյալ «էկոնոմ»: Հիմա կիմանանՙ դա ինչ է: Մարդիկ սկսեցին լցվել գնացք: Ներսում անասելի տոթ է, խեղդուկ: Բոլորի վրայից ջուրն առվի պես հոսում է: «Գնացքում օդափոխության համակարգ չկա՞»,-կողքի տղամարդուն հարցրեց երեխաների քրտինքը սրբիչով չորացնող հայրը: «Ախպեր ջան, ո՜նց է երեւում, որ առաջին անգամ ես գնացքով Բաթումի գնում: Հենց շարժվենք, էս պուճուր պատուհանից մի քիչ օդ կխաղա, համբերեք»,-անտարբեր պատասխանեց տղամարդն ու 5 լիտրանոց շիշը սեղանին դրեց: Շշի ջուրը սառցակալել էր: «Այ եթե անտեղյակ չլինեիր, հիմա դու էլ 10 լիտրանոց շշով սառույց վերցրած կլինեիր, որովհետեւ 16 ժամ ճամփա ենք գնալու, շոգից հա պիտի քրտնենք, հա սառցաջուր խմենք, որ ուշքներս չգնա»: Ամուսինները սարսափած իրար նայեցին: Իրենք փոքր շշերով ջուր են վերցրել ու վերջ: Գնացքը շարժվեց: Երեխաներն ուրախությունից թռչկոտեցին, ու ծնողների մտահոգությունը դրանից ցրվեց: Բայց վագոնում շոգը սաստկանում էր: Մինչեւ Գյումրի երեխաները շշերը դատարկեցին: Ամուսինները դուրս եկան կայարանՙ ջուր հայթայթելու: Գյումրու կայարանում մի կերպ զուգարան գտան, գարշահոտությունից քիթները բռնածՙ ներս մտան, շշերը ջրով լցրին ու վազեցին հետՙ գնացք: Տոթն անտանելի էր, ուղեւորներն սկսեցին հանվել: Բոլորը կիսամերկ նստած էին: Քրտինքը գետի պես էր հոսում: Գնացքի առաստաղի օդանցքերը վրացատառ կապույտ ժապավեններով զմռսված-փակված էին: Իհարկե, անկախ ամեն ինչից, օդանցքը բացել հնարավոր չէ: Կինն ամուսնուն հարցրեցՙ ինչո՞ւ, ամուսինըՙ կողքի ամենագետ տղամարդուն հարցրեցՙ ինչո՞ւ: Նա էլ ձայնին խորհրդավոր երանգ տալովՙ պատասախանեց. «Ախպերս, վրացիք վախենում են, որ հայերը օդանցքերում թմրանյութ կթաքցնեն ու կտեղափոխեն, դրա համար էլ պինդ փակել են: Բա՞»: Ամուսիններն ափիբերան իրար նայեցին:
Ուղեւորները լիտրերով ջուր էին խմում ու վազում զուգարան: Քիչ անց լուր տարածվեց, թե զուգարանը չի աշխատում. ջուրը վերջացել է: Կեսգիշերը մոտենում էր, բայց շոգից ու ծարավից երեխաները չէին կարողանում քնել: Ուղեւորները գլխավերեւում կոլոլված-դրած ներքնակները փռեցին, որ մի քիչ պառկեն-հանգստանան: Անասելի շոգին ավելացավ նաեւ ներքնակներից փչող գարշահոտությունը: Ուղեկցորդները սավաններ էին բաժանել. բոլորը փորձում էին մաքուր սավաններով կոծկել ներքնակների ոչ թարմ տեսքն ու գարշահոտությունը: Գնացքն ընդարմացած ննջում էր, շոգը, քրտինքը, հոգնածությունը, ծարավը բոլորին հաղթել էր, անգամՙ երեխաներին: Կինը նայեց երեխաների կարմրատակած դեմքերին, նվաղած աչքերին ու ամուսնու ականջին շշնջաց. «Լսիր, տատիս պատմությունները հիշեցի գաղթի ճամփեքից: Էս ի՞նչ է. կարծես թուրքի յաթաղանից փախած, տուն-տեղ կորցրած գաղթականներ լինենք: Հո ձրի չեն տանում: Իմ մի ամսվա աշխատավարձը տվինք, տոմս առանք, էս ի՞նչ վիճակ է: Բա ասում էինՙ օդափոխության համակարգն աշխատելու է: Բա մեր երկրում մեր աշխատավարձով հնարավոր չլինե՞ր մեկ շաբաթ հանգստանալ, գաղթականի պես ընկել ենք Վրաստանի ճամփեքը: Ամոթ մեզ: Ես ամաչում եմ իմ երեխաների երեսին նայել»: Այդ ասելն էր, մեկ էլ ուղեկցորդների ձայները վագոնով մեկ տարածվեցին. «Բոլորդ արթնացեք, անձնագրերը պատրաստեք, ստուգողները գալիս են»:
Վագոնում իրարանցում սկսվեց: Կիսաքուն երեխաներն սկսեցին նվնվալ ու լաց լինել: Մեր սահմանին մաքսատան հայ աշխատողները վագոնից վագոն էին անցնում, սահմանն անցնելու թույլտվության կնիքներն անձնագրերում շրխկոցով խփում: Մխիթարանքի ակնկալիքով, թե անզորությոնից կինը մաքսատան աշխաողին ասաց. «Ես այսպիսի բան չեմ տեսել: Այս վիճակով ո՞նց կարելի է մարդ տեղափոխել, 16-17 ժամ ճանապարհ անցնել: Այսպիսի՜ արհամարհանք սեփական ժողովրդի հանդեպ: Այսպիսի՜ անտարբերություն: Էս ո՞ր դարում ենք»: Մաքսատան աշխատողը հանգիստ ձայնով պատասխանեց. «Ոչ ոք չի բողոքում, ոչինչ չի պահանջում: Փողը տալիս են ու անմարդկային պայմաններում ճամփա գնում: Դրա համար էլ ոչինչ չի փոխվում: Համ էլ լավ է, էլի, օրգանիզմներդ մաքրվեց, քրտինքի հետ ինչքա՜ն աղ ու հիվանդություն դուրս եկավ»: Դեմքը ողողած քրտինքը սրբեց ու անցավ հաջորդ ուղեւորին:
Կնիքները խփելու արարողությունը պահանջում էր, որ գնացքը կանգնի: Իսկ կանգնած վիճակում գնացը Դեր-Զորի անապատն էր հիշեցնումՙ 50 աստիճան շոգ. ջուր չկա, երեխաների լացը սաստկանում է: 30-40 րոպեից գնացքը շարժվեց. ներսի շոգը մեղմացավ, դարձավ 45 աստիճան:
Գնացքը հասավ Թբիլիսի: Կանգնեց: Ուղեկցորդները սկսեցին վազվզել կայարանումՙ ջրի պաշար վերցնելու ակնկալիքով: Իզուր: Չհաջողվեց ջուր վերցնել, ուրեմն եւ զուգարանը շարունակելու էր չաշխատել: Մանկահասակ երեխաներ ունեցող ուղեւորները կայարանի երկանքով ու լայնքով այսուայնկողմ էին վազվզում, որ մի տեղից ջուր գտնեն: Ոչ մի տեղ ջուր չէին վաճառում: Բոլորը ձեռնունայն վերադարձան վագոն, ու դժոխքը շարունակվեց: Կայարանի դիմացի երկաթգծին ժամանակակից դիզայնով, վրացական դրոշը վրանՙ երկհարկ գնացք էր կանգնած: Ճեպընթացը մինչեւ Եվրոպա է հասնումՙ արագ, որակով, մատչելի: Այնտեղ ջուրը երբեք չի վերջանում, զուգարանները միշտ աշխատում են, վրացիների ու այլ ազգերի էկոնոմ խավի ներկայացուցիչները ճեպընթացով առոք-փառոք ճամփորդում են: Նրանց ճեպընթացը սուրում է, մերըՙ, դղրդալով, երկաթգծերը շուռ տալով, 21-րդ դարի քաղաքացիներին տեղափոխում 19-րդ դարի որակով:
Գնացքը շարժվեց: Մի մասը պառկած, մյուսներըՙ նստած կամ կռացած, շարունակեցին ուղեւորությունը դեպի վրաց աշխարհ, դեպի ծո՜վ: Հերթը մաքսատան վրացի աշխատողներինն էր: Հիմա հայերի անձնագրերը նրանք պետք է ստուգեին: Երեխաները կիսաքուն դարձյալ նվնվացին ու «ջո՜ւր» կանչեցին, ծնողները նորից փաղաքշեցինՙ քնի՜, բալես: Մեկ էլ լուր տարածվեց, թե վրացի աշխատակիցը վագոններում չի շրջելու, մենք ինքներս ենք նրա մոտՙ խցիկ գնալու: Այ այդպե՜ս, բա ի՞նչ. վրացին հո չի՞ անցնելու «բուրումնավետ» վագոններով, քրտինքի, ներքնակների գարշահոտությունը հո չի՞ շնչելու: Մենքՙ հայերս, խելոք-խելոք, հատ-հատ կգնանք նրա մոտ, նա էլ մի խոժոռ հայացքով մեկ անձնագրի նկարին կնայի, մեկ մեր հոգնատանջ, տառապյալ դեմքին ու կոշտ շարժուձեւով կնիքը կխփի: Մենք էլՙ շնորհակալ, երախտապարտ կվերադառնանք մեր դժոխք ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարներից մինչեւ շարքային աշխատակցի մեր մտքում հռետորական հարց կտանք. «Պարոնայք, դուք մեզ լրի՞վ եք ձեռք առել: Չնայած լավ էլ անում եք: Մենք ինքներս հոժարակամ մեր լույսը, կապը, գազը, երկաթուղին, գրեթե ամեն ինչ ձեր ձեռքն ենք տվել, դուք էլ պիտի մեզ ձեռք առնեք, բա ի՞նչ»:
(շարունակելի…)