2022 թվականի հուլիսի 19-ին Թեհրանում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի ներկայությամբ Իրան-Հայաստան սահմանային անցակետի անխախտելիության մասին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հստակ ու թափանցիկ հայտարարությունից, ինչպես նաեւ, Կապան քաղաքում իրանական հյուպատոսարանի հիմնադրման գործընթացն սկսելուց հետո, մեր տարածաշրջանի խնդիրների մասին իրանական մամուլում հանդես եկող իրանցի վերլուծաբաններն իրենց մասնագիտական պարտքը համարեցին անդրադառնալ Իրանի քաղաքական շրջանակների համար ակտուալ դարձած «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող թեմային:
Իրանական պաշտոնական տեսակետներն արտահայտող վերլուծաբանների շարքում հանդիպում ենք Ադդրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք-Այինի հեղինակած «Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու խորհուրդը» ծավալուն հոդվածին, որի շարադրած նյութն առավելապես վերաբերում է Իրան-Ադրբեջան բարեկամական կապերին: Հոդվածագիրը Կապանում Իրանի հյուպատոսության հիմնադրման տրամաբանության մեջ նկատում է Նախիջեւանում ԻԻՀ հյուպատոսությանը հակակշռող արդարացված քայլ:
Իրանցի վերլուծաբան տիկին Սաիդե Սադաթ-Ֆահարին «Կովկասյան խարդավանքի ետնաբեմում» խորագրով հոդվածում անդրադարձել է Իրանի «կարմիր գծերին» արհամարհական վերաբերմունք արտահայտող Իլհամ Ալիեւի տենդագին հայտարարություններին եւ իր զարմանքը հայտնել այն բանի կապակցությամբ, որ Բաքուն անտեսում է Իրանի բարձրագույն իշխանությունների հայտարարությունները: Հոդվածագիրը խոսում է նաեւ Բաքվի չհավասարակշռված քայլերի հետեւանքների մասին:
Վերլուծաբան Ջալալ Մոհամմադիի «Գուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը եւ դրանց շարունակությունը Իրան-Հայաստան սահմանին», ինչպես նաեւ «Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապի բացակայությունն ու Իրանի փոխարեն Հայաստանից դեպի Նախիջեւան միջանցք ունենալու Բաքվի ջանքերը» խորագրերով հոդվածների առանցքում արտահայտված են Իրանի «պատմական արդարության» վերականգնման մասին հեղինակի մտահոգությունները:
Իրանի «կարմիր գծերին» վերաբերող հոդվածների շարքում ուշադրության է արժանի նաեւ Միր-Սանջարիի հեղինակած «Իրանի ներկայությունը Սյունիքում՝ անխուսափելի ու պատմական անհրաժեշտություն» խորագրով հոդվածը, որը ստորեւ թարգմանաբար ներկայացվում է ընթերցողի ուշադրությանը:
«ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»
Կովկասյան երկրներում սահմանների փոփոխութան անթույլատրելիության ու Սյունիքը օկուպացնելու մասին Իրանի բարձրագույն ղեկավարության թափանցիկ հայտարարություններից հետո, ընդամենը 86 հազար քառակուսի կիլոմետր տարածք եւ 9 միլիոն բնակչութուն ունեցող Իրանի հարեւան երկրի նախագահը, վայելելով Թուրքիայի, Իսրայելի ու Անգլիայի հովանավորությունը, դիվանագիտական էթիկային հակասող հռետորաբանությամբ, ասել է. «Հակառակ Իրանի կամքին, որոշել եմ օկուպացնել Սյունիքը եւ ցանկանում եմ զրկել Իրանին Հայաստանի ու Եվրոպայի հետ կապ հաստատելու հնարավորությունից, եւ փակել Հյուսիս-Հարավ ռազմավարական մայրուղին»:
Այդ կապակցությամբ հարկ եմ համարում անդրադառնալ հետեւյալ դրույթներին.
1. Սյունիքն օկուպացնելուն միտված լայնածավալ քարոզչական աշխատանքների շրջանակներում Բաքուն պնդում է, որ 1920 թվականին Սյունիքն Ադրբեջանի Հանրապետության մաս էր կազմում, հետեւաբար նշանակում է, որ Բաքուն պետք է օկուպացնի այն, որպեսզի Ադրբեջանն ուղիղ կապ հաստատի Թուրքիայի հետ: Այս տրամաբանությամբ, 1918 թվականից մինչեւ 1920 թվականը Հայաստանի մաս կազմող Նախիջեւանն ու Ղարաբաղն էլ պետք է վերադարձվեն Հայաստանին: Բաքուն նաեւ պետք է նկատի ունենա, որ Առան ու Շիրվան անվանումներով Բադքուբեն, Գանձակը, Շուշին, Լենքորանը Լահիջն ու… մինչեւ 1813 թվականը Իրանի մաս են կազմել, սակայն չարաբաստիկ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով անջատվել են Իրանից ու օկուպացվել, այն դեպքում, երբ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզմից հետո, պայմանագրի կողմերից մեկի չգոյության պայմաններում, օրենքով կարող էին Իրանին վերադարձվել:
2. Իրանի ժողովուրդն ու մտահոգ մարդիկ երբեք չեն մոռանա Ադրբեջանի նախագահի թշնամական կեցվածքն այն պահին, երբ նա Իրանի սահմանին սպառնալի շարժումներով ու լիաթոք ծիծաղով մատնանշում էր իսրայելական ԱԹՍ-երը, եւ սահմանների անձեռնմխելիության մասին Իրանի ղեկավարության զգուշացումներից անմիջապես հետո, Սյունիքը պատկերող քարտեզի մոտ կանգնած՝ թյուրքական (այլ ոչ թե թյուրքախոս) երկրների խորհրդաժողովի ժամանակ քմծիծաղ տալիս: Սակայն Ալիեւն էլ չպիտի մոռանա, որ նա իր գերդաստանի ժառանգական իշխանության համար պարտական է Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիին: Նա պետք է հիշի 1993 թվականին իր Թավրիզ այցելությունը: Պետք է հիշի, որ իր ընտանիքն ապաստանել էր Իրանում, եւ Իրանն էր, որ Հեյդար Ալիեւին Բաքվում նախագահ կարգեց:
3. Հիշողության կորստով տառապող այսօրվա Բաքուն նավթադոլարների օգնությամբ եւ Թուրքիայի ու Իսրայելի օժանդակությամբ, անշուշտ նաեւ Հայաստանի կառավարության կրավորական կեցվածքի շնորհիվ, 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի պարգեւած գլխապտույտի պատճառով, չպետք է մոռանա, որ եթե Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ չլիներ Իրանի ցուցաբերած օժանդակությունը, որի դրսեւորումներից էր Մանսուր Հաղիղաթփուրի գլխավորությամբ իրանական զինված ուժերի ներգրավվածությունը, Հայաստանը կհասներ մինչեւ Բաքու: Ալիեւը չպետք է մոռանա, որ իր հայրը, ընդունելով Ադրբեջանի՝ Իրանին պատկանելու պատմական փաստը, քանիցս ԻԻՀ նախագահ Ռաֆսանջանիին առաջարկել է Բաքուն վերադարձնել Իրանին:
4. Քանի որ Բաքվի ղեկավարությունը տարբեր ամբիոններից հայտարարել է, որ Իրանում կան ազդեցության գործակալներ եւ հինգերորդ շարասյուն, ուստի Իրանի ժողովուրդը երկրի անվտանգային, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական պատասխանատուներից իրավունք ունի պահանջելու՝ բացահայտել Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային շահերի օգտին Իրանում գործունեություն ծավալող տարրերին:
5. Իրանի ժողովուրդը ողջունում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն հիմնելու եւ հյուպատոս ներկայացնելու մասին ընդունված որոշումն ու ակնկալում պատասխանատուներից՝ խոհեմաբար գործնական քայլեր ձեռնարկել Սյունիքի զինագրավմանն ու Հայաստանի, հետեւաբար նաեւ Ռուսաստանի, Սեւ ծովի ու Եվրոպայի հետ Իրանի սահմանը փակելուն միտված Ադրբեջանի Հանրապետության մոտալուտ ձեռնարկումները կանխարգելելու ուղղությամբ:
ՄԻՐ-ՍԱՆՋԱՐԻ
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ