Օգոստոսի 31-ի գիշերը Արարատի մարզի Վեդի քաղաքում Թուրքիայի քաղաքացիների և տեղացիների միջև տեղի է ունեցել միջադեպ։
«Միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ», – Aysor.am-ին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ականատեսները պատմում են, որ ազգությամբ թուրք օտարականները Վեդու կայարանում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել ու հայհոյել հայերին։ Ըստ ականատեսների՝ կինը Թուրքիայի դրոշ է տեղադրել, ինչը վրդովեցրել է տեղաբնակներին և միջադեպի պատճառ դարձել։
Քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ նյութեր է նախապատրաստում, այլ մանրամասներ հայտնի չեն։
Aysor.am-ը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը տեղյակ է՝ ինչ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Նա պատասխանել է՝ դիմեք Ոստիկանության լրատվական վարչություն, այնտեղից պարզաբանում կտան։ Ես տեղյակ չեմ։
«Այո՛, հաստատում ենք ձեր տեղեկատվությունը, որ երեկ Արարատի մարզի Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում երկու օտարերկրյա քաղաքացիների հետ միջադեպի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, օպերատիվ խումբը, այդ անձանց տեղափոխել է ոստիկանական բաժին, ստեղծված փաստաթղթերով փոխանցվել են քննչական կոմիտե։
Ովքե՞ր են նրանք, ո՞ր երկրի քաղաքացի, ի՞նչ ազգության, մենք անձի վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,-Yerevan Today-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են ոստիկանությունից։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վեդիի միջադեպի առնչությամբ ասել է. «Պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով՝ ով է իրականում, նույնականացում ենք իրականացնում. արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»:
Լրագրողները հարցրել են՝ մտավախություն չկա՞, որ նրանց մասնակցությամբ դարձյալ միջադեպեր կլինեն, Ֆիդանյանը պատասխանել է.«Մտավախություններ կան, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Եթե մտավախություն ունենք, այդ անձինք պետք է անընդմեջ կալանքի տա՞կ պահվեն, կամ անազատության մեջ, իհարկե, ոչ: Եթե չկան իրավական հիմքեր, այդ անձինք պետք է ազատ արձակվեն»: