Գլոբալացում ասվածը մեզ գուցեեւ այնքան ահագնորեն չսպառնա, եթե ինքներս դրա տարբեր դրսեւորումներին ամեն անգամ կրծքաբաց, ինքնամոռաց ընդառաջ չվազենք: Չմոռանանք ու չստորադասենք մերը, որը շատ հաճախ ավելի արժեքավոր ու ճիշտ է: Խոսքը վերաբերում է նաւ լեզվական իրողություններին: Այստեղ մենք գնալով ավելի շատ ենք առանց որեւէ անհրաժեշտության ուրիշներին կրկնում, ընդօրինակումՙ արհամարհելով ու խախտելով մեր լեզվի ամեն կանոն ու տրամաբանություն:
Առավել ցավալի է, երբ որոշ դեպքերում դրանից զերծ չեն մնում գիտության եւ անգամ հայագիտության ոլորտի մարդիկ:
Օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, եւ կարծում ենքՙ ոչ միայն այնտեղ, հրապարակվել է սեպտեմբերի 6-ին տեղի ունենալիք գիտաժողովի մի հայտարարություն: Ահա վերնագիրը. «Գիտաժողով «Սալմաստի պ ատմություն եւ մշակույթ»: Անշուշտ, շատ կարեւոր թեմատիկա: Ըստ ամենայնի կատարված է շնորհակալ մեծ աշխատանք, ներկայացված են գավառի պատմամշակութային ժառանգության տարբեր ոլորտներին առնչվող մեկուկես տասնյակի չափ արժեքավոր զեկուցումներ, որոնցով հանդես են գալու Հայաստանի եւ արտերկրի առաջատար գիտական, կրթական ու մշակութային կենտրոնների ճանաչված հայագետ գիտնականներ: Բայց ինչո՞ւ, ի՞նչ լեզվական տրամաբանությամբ են գիտաժողովի այդ խորագրի կամ վերնագրի բոլոր բառերը գրված մեծատառով: Որովհետեւ անգլիացիք ու ամերիկացիք այդպե՞ս են գրում:
Երեւի ամեն հայ դպրոցական էլ գիտե մեր լեզվի այն պարզ կանոնը, որ վերնագրի միայն առաջին բառն է գրվում մեծատառ, իսկ դրա մյուս բառերիցՙ միայն հատուկ անունները: Պատմություն բառը հո հատուկ անուն չէ, ոչ էլ մշակույթ բառը: Առանձին ոճական կիրառությունները չհաշված: Այստեղ ցավալիորեն տուրք է տրվել աշխարհում տարածված լեզվի կամ լեզուների նմանակմամբ բոլոր վերնագրերն այդպես գրելու մեր որոշ շրջանակների հետանկախական մերժելի մտայնությանը, որը, կրկնենք, չի բխում որեւէ գործնական կամ այլ անհրաժեշտությունից ու մեզ ոչ ոք չի պարտադրել:
Բայց խնդիրը միայն վերնագրով չի ավարտվում, շարունակենք մեջբերել խնդրո առարկա հայտարարության գոնե սկզբի մի հատվածը: «Սեպտեմբեր 6, 2019/Երեւանի պետական համալսարան, ակադեմիական խորհուրդների դահլիճ»: Այստեղ էլ բոլոր բառերը գրել են մեծատառ (չուզեցինք սխալը նույնությամբ կրկնել): Ապաՙ «Բացման խոսք». խոսք-ը եւսՙ մեծատառ: «Հարգ. դոկտոր Արայիկ Հարությունյան/ Հայաստանի Հանրապետության կրթության, (ավելացնենքՙ գիտության), մշակույթի եւ սպորտի նախարար». շնորհակալություն, գոնե դոկտոր բառը գրել են փոքրատառ, իսկ մնացած բոլորը… հասկացաք, մեծատառ: Դարձյալՙ ինչո՞ւ…
Այս մեծատառավարակի ծագման, լեզվի նմանականության օրենքով ծավալման պատճառների, դրսեւորումների ու հետեւանքների վերլուծությունը առանձին հրապարակման նյութ է: Այստեղ պարզապես մեր մտահոգությունն ու տարակուսանքն ենք հայտնում առ այն, որ մեր այսօրվա ընդհանուր խայտառակ լեզվավիճակի պայմաններում հայոց լեզուն տարատեսակ ոտնձգություններից պաշտպանելու ունակ եւ կոչված որոշ կարեւոր հաստատություններ իրենք կարող են անզգուշորեն նպաստել դրանց տարածմանը:
Սա, մեղմ ասած, նման միակ դեպքը չէ:
Խմբ. կողմից.- Նույն մեծատառավարակով տառապում են մեր եկեղեցականները, հատկապես Սփյուռքում: Մարդու հոգին դուրս է գալիս, երբ փորձում է եկեղեցականներից ստացված կամ նրանց մասին գրված նյութերը սրբագրել, հրատարակության տալ: Կաթողիկոս, պատրիարք, արքեպիսկոպոս, եպիսկոպոս, վարդապետ, ծայրագույն վարդապետ, առաջնորդ, թեմ, քահանա, ավագ քահանա, սարկավագ ու դրանց կցված անթիվ-անհամար տիտղոսներով խճողված գրությունները իսկական տանջանք են յուրաքանչյուր խմբագրի համար: