Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐՊԻՍ ՋՐԲԱՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ես շատ ուշացումով եւ բոլորովին պատահաբար իմացա, որ հուլիսի 17-ին Փարիզում իր մահկանացուն է կնքել ֆրանսահայ համայնքի պատվական դեմքերից մեկըՙ ազգային ու հասարակական նշանավոր գործիչ, ազգային բարերար եւ բարեգործ Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը :

Կարպիս Ջրբաշյանը պատմական անձնավորություն էր, հարուստ կենսագրություն ունեցող մարդ:

Նա ծնվել էր 1925 թվականին տոհմիկ վանեցիների ընտանիքում: Կարպիս Ջրբաշյանը ողջ էությամբ, արյունով, գիտակցությամբ իսկական վանեցի էր,- ինքը սիրում էր ասել Վան-Վասպուրական,- իսկական վան-վասպուրականցի: Վանը կազմում էր նրա կյանքի առանցքը, նրա կյանքի ողջ իմաստը: Ես չգիտեմ, չեմ ճանաչել մեկ այլ վանեցու,- ես մի տասը-տասնհինգ տարի ապրել եմ Երեւանի Այգեստան թաղամասում, որի բնակիչները հիմնականում վանեցիներ էին,- ուրեմն, ես չեմ ճանաչել մեկ այլ մարդու, որ այդպես ապրեր Վանի պատմությամբ, Վանի անցյալով, վարքուբարքով, Վանի կյանքով, ինչպես Կարպիս Ջրբաշյանը: Վանի ճակատագիրը նա ապրում էր սեփական ճակատագրի պես:

Կարպիս Ջրբաշյանը խորապես հայրենասեր անձնավորություն էր, հայկականության բարձր գիտակցությամբ օժտված անհատականություն: Իր հայրենասիրությունը ոգեկոչումների պետք չուներ, այն երեւում էր իր գործունեության մեջ: 1960-ական թվականներից նա սփյուռքահայ կյանքի գլխավոր խաչմերուկներում էր, մշտապես ներկա ու մասնակից սփյուռքահայ կյանքի կարեւորագույն խնդիրներին: Նշանակալից էր իր դերը սաղիմական ձեռագրերի վերադարձման մեջ: Եթե սկսեմ թվարկել իր բոլոր ձեռնարկումները, մի հսկայական ցուցակ կառաջանա: Իր անվան հետ է կապվում, օրինակ, Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի կառուցումը 1978-ին: Փարիզի Շերատոն թաղամասի կենտրոնական զբոսայգիներից մեկում Եղեռնի զոհերի հիշատակին իր կանգնեցրած հսկա խաչքարի բացումը եղավ 1996 թվականի ապրիլի 24-ին: Ջրբաշյանի ձեռնարկումները շատ-շատ էին եւ հայկական կյանքի ամենատարբեր ասպարեզներում: Այսպես, մեր նոր ժամանակներում Ջրբաշյանն է տպագրել իր հայրենակից Լեռ Կամսարի անտիպ ստեղծագործությունների առաջին գիրքը: Ինքն է նվիրել Էջմիածնի Մայր տաճարի զանգերը:

Ջրբաշյանը, առհասարակ, առանձին խոր երկյուղածություն ու հարգանք ուներ Հայ եկեղեցու հանդեպ, մեծ սիրով ծառայել է եկեղեցու հոգսերին: Տասնյակ տարիներ եղել է Հայաստանյայց եկեղեցու Փարիզի կրոնական ընկերակցության անդամ, եղել է եկեղեցու պատգամավորական ժողովի առաջին նախագահը, ինքն է եղել նվիրատուն Փարիզի հայկական եկեղեցու պատերին տեղադրված որմնաքանդակների, որոնք ներկայացնում են Մեսրոպ Մաշտոցին, Ավարայրը եւ Հայոց ցեղասպանությունը:

Նրան հուզում էր հայկական կյանքի հետ կապված ամեն բան: Այսպես, շատ մտահոգ էր, երբ Արփիկ Միսաքյանը փակեց «Յառաջ»-ը: Նա չէր պատկերացնում հայ համայնքը առանց թերթի, առանց մամուլի: Մենք շատ էինք խոսում այդ մասին: Ինձ հորդորեց բաց նամակ գրելՙ ուղղված Փարիզի համայնքին: Ես գրեցի այդ նամակը, որ ստորագրեցին մի խումբ մտավորականներ, եւ այն տպագրվեց «Ազգ» թերթում:

Կարպիս Ջրբաշյանը զբաղմունքով առեւտրական էր, գործարար մարդ: Ինքը իր մասին միշտ նուրբ հեգնանքով ասում էրՙ ես մի պարզ վաճառական եմ: Այդ հնաբույր վաճառական բառը իր խոսքում նուրբ ու բարեկիրթ երանգ ուներ: Ինքն իր մասին ասում էր «վաճառական», բայց իրականում ինքը ընտիր մտավորական էր, մտավորական էր իր մտածողությամբ, կյանքի եւ մարդկանց, իրականության ամենատարբեր երեւույթների հանդեպ ունեցած իր քաղաքացիական վերաբերմունքով:

1960-ական թվականներից Անդրանիկ Ծառուկյանի «Նայիրի»-ի էջերում սկսեցին տպագրվել Կարպիս Ջրբաշյանի զանազան գրությունները: Դրանք այսօր էլ զարմացնում են իրենց շարադրանքի հստակությամբ եւ խնդիրների նպատակայնությամբ: Հիշում եմ մեկը, որ կոչվում էր «Մոնումենտը»: Ջրբաշյանը 1960-ական թվականներին այցելել էր Տփղիս (Թիֆլիս) եւ տեսել էր մի մոնումենտ, որ վրացիները կանգնեցրել էին 16-րդ դարում թուրքերի սպանած երեք հարյուր վրացիների հիշատակին: Ջրբաշյանը սրտնեղությամբ հարցնում էրՙ երեք հարյուր վրացին արժանի են մոնումենտի, մեկուկես միլիոն հայերը արժանի չե՞ն: «Մի անգամ եւս դիտենք Քուռ գետը, նախքան Թիֆլիսից հեռանալը: Մի անգամ եւս ասենք, որ Քուռի ափին կայ մի հսկայ կոթող որ կառուցուել է 1959-ին, ի յիշատակ այն 300 վրացիներին, որ թուրքերը ջարդեցին 16-րդ դարում: Պատիւ վրացական ազգային արժանապատւութեան: Իսկ մեր քարաշատ Հայաստանում մեր մեկուկես միլիոն զոհերը մնացել են առանց մի քարի»: Այդ ժամանակ դեռ Ծիծեռնակաբերդի հուշարձանը չկար:

Ըստ ամենայնի, Անդրանիկ Ծառուկյանը բարձր էր գնահատում Ջրբաշյանի գրությունները: 1965-ին «Նայիրի»-ի մատենաշարով տպագրվում է Կարպիս Ջրբաշյանի «Ավետաբեր Հայրենիք» գիրքը, որ Հայաստան իր այցելությունների պատմությունն էր եւ հեղինակի խոհերն ու մտորումները Հայաստանի ճակատագրի ու հայկական կյանքի շուրջ:

Ես ճանաչում էի Կարպիս Ջրբաշյանին, մենք լավ բարեկամներ էինք: Բարեկամացանք այսպես: Շատ տարիներ առաջ մի օր «Յառաջ»-ի խմբագրատանը Արփիկ Միսաքյանը ինձ ասաց.

– Ռոժե Ջրբաշյանը ձեզի կփնտրեր:

Ես, իհարկե, գիտեի, թե ով է Ռոժե Ջրբաշյանը. նախ զարմացա, հետո ծիծաղեցի, որովհետեւ մտածեցի, թե եղածը թյուրիմացություն է:

– Երեւի շփոթմունք է,- ասացի ես,- հավանաբար Շահեն Խաչատրյանին է փնտրել: Հավանաբար որեւէ նկարի խնդիր է…

– Ոչ,- ասաց Արփիկ Միսաքյանը,- ձեր պզտիկ անունը տվավ: Կեցեք, մեկ հատ բանամ…

Միսաքյանը զանգահարեց Ջրբաշյանին, ասացՙ «Ռոժե, հոս է» եւ հեռախոսը փոխանցեց ինձ: Մենք բարեւեցինք իրար:

– Այո՛,- ասաց Ջրբաշյանը,- ձեզ եմ փնտրում: Ինչպե՞ս է, որ մենք մինչեւ հիմա չենք հանդիպել:

– Հանդիպել ենք,- ասացի ես:

– Ե՞րբ, որտե՞ղ,- զարմացավ Ջրբաշյանը:

Ես պատմեցի:

– 1969 թվականի ապրիլի 24-ին, կիրակի օրը, առավոտյան ժամը 11-ին, դուք եւ Թորոս Թորանյանը Պարույր Սեւակի տանն էիք, չէ՞:

– Սպասեք, սպասեք: 1969 թվականին… ապրիլին… Այո՛, այո՛… Եղեռնի օրը… Ո՞նց էլ հիշում եք: Այո, ես էի, Թորոս Թորանյանը եւ մի ուսանող տղա կար…

– Այ, այդ ուսանող տղան ես էի:

Մենք ծիծաղեցինք: Ես մտապահել էի, որովհետեւ նշանավոր մարդկանց էի տեսել: Նույն օրը մենք հանդիպեցինք, Ջրբաշյանը ինձ հրավիրեց մի շատ պատվական ռեստորան, թեեւ անկեղծ ասած, «ես ինքզինքս այդքան կարեւոր մէկը չէի սեպեր»: Երկար զրուցեցինք: Եվ այդ օրվանից բարեկամացանք:

Ջրբաշյանը խոսում էր մաքուր ու գեղեցիկ գրական արեւելահայերեն, մեր եռաշարք բաղաձայնները արտաբերելով շատ հստակ, իսկական արեւելահայի պես: Երբեմն միայն արեւմտահայերենի որոշ ձեւեր էր գործածում եւ մեկ-մեկ էլ, շա՜տ հազվադեպ, իբրեւ իսկական վան-վասպուրականցի, «մոռանում» էր «ը» որոշիչ հոդը:

Փարիզում ես ապրում էի Մարե թաղամասում, Օթել դը Վիլի հարեւանությամբ, Սենի ափին: Իր տունը Սենի մյուս ափին էր, Բետյունի առափնյակում: Հաճախ էինք հանդիպում: Միասին Ժիվերնի գնացինք, ավելի ճիշտ կլիներ ասելըՙ ինքն ու իր ազնվական տիկինը ինձ մի օր տարան Ժիվերնի, Մոնեի տունը: Երկար շրջեցինք Մոնեի դրախտային այգում, ուր ջրաշուշաններն ու լոտոսները փռված են ջրերի վրա. երկար զրուցեցինք: Հետո գնացինք իր գյուղական տունը, որ սքանչելի պարտեզ ուներ, ուր, մինչ այր ու կին տանը զբաղված էին սեղան շտկելով, ես հաճույքով պառկեցի ծառերի տակի կանաչին: Հանդիպումները շատ էին եւ շատ հետաքրքրական հանդիպումներ են եղել: Ինքը հաճախ գալիս էր իմ կացարանը, եւ ինչպես մեր պարզ ժողովուրդն է ասումՙ երբեք դատարկ ձեռքով չէր գալիս, միշտ ինչ-որ բաներ, անկեղծ ասածՙ ընտիր բաներ էր բերում,- ի՜նչ վանեցի, ի՜նչ բան,- մտածելով, որ ես տանից հեռու եմ: Եւ միշտ ընտիր տեղեր էր հրավիրում;

Երբ Երեւան էր գալիս, անպայման զանգահարում էր, եւ միշտ հանդիպում էինք: Երբ վերջին անգամ եկել էր, եթե չեմ սխալվում` 2016-ին, հրավիրեց միասին գնալու Էջմիածին, Մայր աթոռի գրադարանի նոր շենքը տեսնելու: Շաբաթ օր էր: Ջրբաշյանը, Բաբկեն Արարքցյանը (տոհմիկ վանեցիների ջերմ բարեկամություն ունեին) եւ ես Արարքցյանի մեքենայով գնացինք Էջմիածին: Պետք է Երեւան գար մայիսին, չեկավ: Ես զանգահարեցի, խոսեցինք: Հարցրի, թե ինչու չեկավ:

– Մի քիչ անառողջ եմ,- ասաց,- ինձ լավ չեմ զգում: Կարող էի գալ, բայց հայրենիքը հիվանդ մարդկանց տեղ չի: Հայրենիքը առողջ մարդկանց տեղ է: Կգամ, երբ ինձ առողջ կզգամ:

Այսպես ապրեց իմ ավագ բարեկամըՙ հոգով ու մարմնով առողջ, մտքովՙ միշտ Վանում, կեցությամբՙ Փարիզում, հոգով ու սրտովՙ հայրենիքում, Հայաստանում:

Վերջին այցելության ժամանակ ինձ մոտ թողեց իր գրություններից մեկի-երկուսի ձեռագրերը:

– Մի հատ նայիր, եթե բանի պետք համարես, հաջորդ գալուս միասին կնայենք, կտանք տպագրության…

Նկար 1. Կարպիս Ջրբաշյանի հետ Կլոդ Մոնեի այգում, 2008թ.

Նախորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՆԹԵՈՆԻ «ՀԱՐՑԸ» ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵԼ

Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱ՞ՆՉ Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԿՅԱՆՔԸ ՀԻԱՍՔԱ՞ՆՉ Է

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական