Մաս առաջին
….. 1993 թվականի հուլիսի 20-ի առավոտյան ժամը 10:30-ին Ռիկ Էյմսը իր մուգ կարմիր, 1992 թ. արտադրության «Յագուար» մակնիշի ավտոմեքենայով դանդաղ մոտեցավ Էդգար Հուվերի անվան շենքին, որը գտնվում է Վաշինգթոնի Փենսիլվանիայի պողոտայի վրա (Pennsylvania Avenue in Washington D.C: Այս հասցեում է գտնվում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյիՙ ՀԴԲ-ի (FBI) շտաբ-բնակարանը):
Էյմսը կանգնեցրեց մեքենան, մտավ շենք, այնուհետեւ վերելակ եւ սեղմեց վերջին հարկի կոճակը: Մոտավորապես վաթսուն վայրկյան հետո, Էյմսի վերելակ նստելուց հետո, նրա մեքենային մոտեցավ ԱՄՆ ՀԴԲ-ի հատուկ տեխնիկական բաժնի գործակալը, ինչ-որ սարքով (սարքը պատրաստվել էր մի քանի օր առաջ) բացեց «Յագուարի» դռները, նստեց ղեկին եւ ուղեւորվեց դեպի շենքի ստորգետնյա ավտոկանգառը, որտեղ նրան արդեն սպասում էին եւս մի քանի գործակալներ տեխնիկական բաժնից:
Մոտավորապես 10 րոպե հետ ZZU-777 Վիրջինիայի նահանգի պետհամարանիշը կրող մուգ կարմիր «Յագուարը» դուրս եկավ ստորգետնյա ավտոկանգառից եւ վերադարձավ իր նախկին կանգառը, որտեղ կայանել էր Օլդրիջ Հեյզեն Էյմսը:
Բնականաբար Էյմսը չգիտեր, որ ՀԴԲ գործակալները պատրաստել էին մեքենայի դռները բացելու սարք, չգիտեր նաեւ, որ մեքենայում տեղադրվեց ազդանշանային նշանացույց, որը հնարավորություն է տալիս հսկել մեքենայի տեղաշարժը 24 ժամ:
Այսպես ՀԴԲ աշխատակիցները սկսեցին Օլդրիջ Էյմսի «մշակումը» եւ նրա գործի հետաքննությունը:
Այդ դետեկտիվ գործում կային բոլոր անհրաժեշտ տարրերն ու բաղադրամասերըՙ սպանություն, խաբեություն, վտանգներ եւ իհարկե փող, շատ փող:
Իհարկե Էյմսը դժվարագույն թիրախ էր ՀԴԲ-ի համար, կազմակերպության պատմության մեջ ամենաբարդ հետաքննության օբյեկտը: Ավելի քան 100 ՀԴԲ հատուկ գործակալներ մի քանի տարի քրտնաջան աշխատեցին: Նրանց հետ համատեղ տանջվում էին հակահետախուզության վերլուծաբանները, համակարգչային «աճպարարները», գաղտնալսման փորձագետները, ամեն տեսակ դռներ, չհրկիզվող պահարաններ բացող մասնագետները, պոլիգրաֆիստները եւ արտաքին դիտարկման փորձագետները:
Էյմսի հետաքննության գործում կային բազմաթիվ զեկուցագրեր, գործակալների բացատրություններ, տեխնիկական ամփոփագրեր, արտաքին դիտարկման տեղեկանքներ, որոնք լույս էին սփռում հակահետախուզության «մթնշաղի» վրա: Հակահետախուզությունը ՀԴԲ-ի ամենագաղտնի ստորաբաժանումն է, որովհետեւ այն զբաղվում է լրտեսների «մշակմամբ»: ՀԴԲ-ում գործում են ավելի քան 12 դիվիզիոններ, որոնցից 2-ը օպերատիվ ստորաբաժանումներ ենՙ կրիմինալ հետաքննությունների դիվիզիոնը եւ հակահետախուզությունը: Նախկինում երկար տարիներ այդ ստորաբաժանումը կոչվում էր հակահետախուզության արտասահմանյան բաժին, բայց Սառը պատերազմի ավարտից հետո այդ անունը փոխվեցՙ Ազգային անվտանգության դիվիզիոն, չնայած աշխատակիցները շարունակում էին իրենց անվանել հակահետախույզներ:
Եվ այսպես, ՀԴԲ-ի հակահետախույզները բացահայտեցին, որ Էյմսը տեղեկություններ է փոխանցել Մոսկվային, շնորհիվ որոնց ամերիկյան հետախուզության բազմաթիվ գործակալներ Խորհրդային Միությունում տապալվել են, իսկ նրանցից տասը մահապատժի են ենթարկվել:
Ավելի քանի ութը տարի Էյմսը լրտեսական գործունեություն էր ծավալել Խորհրդային Միության Պետանվտանգության կոմիտեի հետախուզության օգտին: Մինչ քրեական գործի հարուցման պահը, ՀԴԲ հակահետախույզները վստահ չէինՙ գործում է մե՞կ, թե՞ մի քանի ռուսական լրտես:
Որքան էլ ՀԴԲ գործակալները չարչարվում էին, կասկածյալների ցուցակը չէր հաջողվում կրճատել, այն բաղկացած էր երկու մասից. երկու ցուցակում էլ ընդգրկված էին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ -CIA) եւ ՀԴԲ աշխատակիցները: Առաջին ցուցակում ընդգրկված էին 30 անուններ, որոնք կասկածվում էին մի շարք գործերով: Երկրորդ ցուցակումՙ հինգ անուններ, որոնք կասկածվում էին մեկական գործով: Այդ հինգից չորսն արդեն ԿՀՎ վետերաններ էին եւ չորսն էլ ծառայել էին «Խորհրդային Միության- Արեւելյան Եվրոպայի» դիվիզիոնում եւ ունեին հավաքագրված գործակալներ այդ ուղղություններում: Նրանց կողմից հավաքագրված ռուս գործակալները նույնպես բացահայտվել էին ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից:
… Էյմսը հավաքագրվել էր 1985 թ. ապրիլին, Վաշինգտոնում տեղակայված խորհրդային ռեզիդենտուրայի ղեկավար գնդապետ Վիկտոր Չերկաշինի կողմից: Ինչո՞վ նա գրավեց խորհրդային հետախույզների ուշադրությունը: Իհարկե իր զբաղեցրած պաշտոնով եւ իր ձեռքի տակ ունեցած տեղեկություններով: Նա զբաղեցնում էր ԿՀՎ-ի խորհրդային ուղղության արտաքին հակահետախուզության բաժնի պետի պաշտոնը: Սակայն իհարկե միայն զբաղեցրած պաշտոնը եւ տեղեկացված լինելը բավարար չէ, հարկավոր է նաեւ տեսադաշտ ընկնել եւ հետաքրքրել հակառակորդի հատուկ ծառայություններին: Եվ ահա Էյմսը հետաքրքրեց խորհրդային հետախուզությանը արտասահմանյան գործուղումների ժամանակ: Լինելով հակահետախուզության բաժնի պետ ԿՀՎ-ում, նա հաճախ գործուղվում էր տարբեր երկրներՙ հետախույզների աշխատանքը եւ հատկապես նրանց հավաքագրումները ստուգելու նպատակով:
Հավաքագրումից հետո, Էյմսը համարվում էր հատկապես արժեքավոր գործակալ, նա խորհրդային հետախուզությանը եւ նաեւ որոշ ժամանակ հետխորհրդային ռուսական հետախուզությանը փոխանցում էր հատկապես արժեքավոր տեղեկատվությունՙ ռուսական հատուկ ծառայությունների այն գործակալների անունները, որոնք աշխատում էին ամերիկյան հետախուզության օգտին: Ամենաթանկարժեք ռուսական գործակալները, որոնց նա «հանձնեց» խորհրդային հատուկ ծառայություններին, փոխգնդապետ Վալերի Մարտինովն ու մայոր Սերգեյ Մոտորովն էին: Երկուսն էլ գործում էին Վաշինգթոնում ԽՍՀՄ դեսպանության «ծածկի» տակ, երկուսն էլ հավաքագրվել էին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից 80-ականների սկզբներին:
Էյմսի «գոյության» մասին գիտեին ընդամենը Խորհրդային Միության մի քանի ղեկավարներ: Նրա անվտանգությունն ապահովելու համար ներգրավված էին մեծ ուժերՙ սկզբում խորհրդային, հետագայում ռուսական հետախուզության կողմից: Իննը տարվա համագործակցության ընթացքում, նա միլիոնավոր դոլարների հոնորարներ էր ստացել ռուսներից:
Նա ձերբակալվեց 1994 թ. փետրվարի 21-ին Արլինգթոնում: Սակայն հարվածն ամերիկյան հետախուզությանն այնքան ուժեղ էր, որ ԿՀՎ տնօրեն Ջեյմս Վուլսին ստիպված հրաժարական տվեց: Persona non grata (ոչ ցանկալի անձ) հայտարարվեցին մի շարք դիվանագետ-հետախույզներ Վաշինգտոնում գործող Ռուսաստանի դեսպանատանը: Համապատասխան քայլեր ձեռնարկվեցին նաեւ Մոսկվայում. ի պատասխան վտարվեցին ամերիկյան հետախույզներ, չնայած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հայտնեց, որ ինքը տեղեկացված չէր Էյմսի մասին:
Էյմսի ձախողման պատճառները լիովին չեն բացահայտվել, որպես կանոն դրանք չեն էլ բացահայտվի: Նա փաստորեն ինքն իրեն առաջարկեց ռուսական կողմին եւ սկսեց անխնա օգտագործել ստացված հոնորարները: Նա տուն գնեց Վաշինգտոնի արվարձանում, որն արժեր 540 հազար դոլար, ձեռք բերեց «Յագուար» տեսակի ավտոմեքենա, եւս 455 հազար դոլար ծախսեց տարբեր թանկարժեք իրեր գնելու համար, ֆոնդային բորսայում գնեց 165 հազար դոլարի բաժնետոմսեր: Եվ այս ամենը տեսնում էին նրա կոլեգաները, որոնց նա հաճախ ճաշկերույթների էր հրավիրում:
…1993 թվականին ՀԴԲ-ն եւ ԿՀՎ-ն ստեղծեցին համատեղ հանձնաժողով (անգլերենՙ courtship` հոգատար խնամք), որը սկսեց ակտիվորեն փնտրել «խլուրդին» (հատուկ ծառայություններում այդպես են անվանում «խորը ծածկի» տակ գտնվող լրտեսին):
Ինչպես նշեցի, Էյմսի ձերբակալությունը խիստ լարեց արդեն մի փոքր ջերմացած ռուս-ամերիկյան հարաբերությունները: Էյմսի հավաքագրումը դիմակայում էր Կոզիրեւյան (Ռուսաստանի արտգործնախարար) եւ Ելցինյան Ռուսաստանի քայլերին: Ամերիկյան կողմը պահանջում էր իրենց հանձնել Էյմսին վերաբերող բոլոր նյութերը, սակայն ռուսական հետախուզությունը չգնաց այդ քայլին:
Մարդը, որ գիտեր ամեն ինչ եւ փողից արբեցած էր, ցմահ բանտարկվեց, իսկ նրա ունեցվածքը կալանքի տակ դրվեց:
(Վերջը` հաջորդիվ)
Նկար 1. Օլդրիջ Էյմսը
Նկար 2. Էդգար Հուվերի անվան ԱՄՆ ՀԴԲ շտաբ-բնակարանի շենքը Վաշինգթոնում