Ինչի՞ կհանգեցնի սահմանից ամերիկյան զորքի հետքաշումը
ԱՄՆ-ը ժամանակավորապես հեռացնում է ամերիկյան զորքը թուրք-սիրիական սահմանից: Այդ մասին ասվում է Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ: Նախագահ Թրամփի հայտարարության մեջ նշվում է, որ այսպիսով Թուրքիայի տնօրինությանն են անցնում վերջին երկու տարում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ջանքերով գերի ընկած «Իսլամական պետության» բոլոր գրոհայինները:
Հինգ տարի շարունակ ԱՄՆ ռազմական աջակցություն էր ցուցաբերում սիրիացի քրդերին, արձանագրում է շվեյցարական «Նոյե Ցյուրիխե Ցայտույգ» թերթը: Դա հաջող դաշինք էր. քրդերի Սիրիական ժողովրդավարական ուժերը (ՍԺՈւ) Արեւմուտքի գլխավոր գործընկերն էին դարձել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում եւ 2019 թվականի մայիսին նրանից հետ էին խլել բոլոր տարածքները:
Ինչպես նշում է թերթը, Սիրիական ժողովրդավարական ուժերը փաստորեն դարձել են ցամաքային զորքերին փոխարինող կառույց, որը Սիրիայում ԱՄՆ-ը այդպես էլ ամբողջությամբ չօգտագործեցՙ սահմանափակվելով հազար զինծառայողներից բաղկացած զորաբաժնով: «Իսլամական պետության» դեմ մղվող ցամաքային պատերազմում քրդական ուժերը կրեցին մարտերի առավելագույն ծանրությունըՙ ամենամեծ կորուստները տալով իսլամիստների դեմ մղվող կռիվներում:
Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե քրդերի ներդրումը մոռացված է: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագրին հավանություն տալովՙ Թրամփը դրանով իսկ քրդերին թողնում է բախտի քմահաճույքին: Թուրքիան ուզում է Եփրատից արեւելք ընկած սիրիական տարածքում ստեղծել մինչեւ 40 կմ լայնությամբ անվտանգության գոտի: Ներկայումս այդ տարածքը ՍԺՈւ-ի վերահսկողության տակ է: Անկարան արդեն հայտարարել է, որ մտադիր է շուտով հարձակում սկսել իր նպատակի իրականացման համար:
Այս կապակցությամբ Թրամփը իր թվիթերյան էջում գրել է. «Ես անցյալում դա հայտարարել եմ եւ պարզապես կկրկնեմ: Եթե Թուրքիան անի այնպիսի բան, որը ես իմ մեծ եւ անգերազանցելի իմաստնությամբ կհամարեմ անթույլատրելի, ապա ես լիովին կոչնչացնեմ եւ երկրի երեսից կջնջեմ Թուրքիայի տնտեսությունը (ես անցյալում արդեն արել եմ դա)»:
Նախագահի խոսքերով, Թուրքիան պարտավոր է Եվրոմիության հետ համատեղ հսկողություն իրականացնել «Իսլամական պետության» ձերբակալված գրոհայինների եւ նրանց ընտանիքների վրա: «ԱՄՆ-ը ավելի շատ բան է արել, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել, ներառյալ «Իսլամական պետության» խալիֆաթի տարածքի 100 տոկոսի գրավումը: Հիմա ժամանակն է, որ ուրիշները պաշտպանեն վիթխարի հարստություններ ունեցող այդ տարածքը»:
Ավելի վաղ Ֆրանսիան Թուրքիային հորդորել էր հրաժարվել ռազմական գործողություն սկսելու մտադրությունից: Հոկտեմբերի 5-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մոտ օրերս ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիում: Եվրոմիությունը դատապարտեց ծրագրվող այդ գործողությունը: ԱՄՆ-ը իր հերթին հայտարարեց, որ հավանություն չի տա այդ գործողությանը եւ իր զորքը հեռու կպահի մարտերի շրջանից:
Այսպիսով, իր երկու դաշնակիցներիՙ քրդերի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջեւ հավասարակշռություն պահպանելու Վաշինգտոնի փորձերը ձախողվեցին: Ըստ որում, քրդերը հանդես են բերել փոխզիջումների պատրաստակամությունՙ չառարկելով Սիրիայի հյուսիսում թուրքերի զինվորական պարեկախմբերի ներկայության դեմ եւ սահմանից հետ քաշելով ծանր սպառազինությունը: Այդ պատճառով ամերիկյան զորքը թուրք-սիրիական սահմանից հեռացնելու Սպիտակ տան որոշումը հատկապես ցավագին է քրդերի համար:
Շվեյցարացի լրագրողի կարծիքովՙ Թրամփը ավելի ճիշտ կվարվեր, եթե Թուրքիային եւ ՍԺՈւ-ին համագործակցության կոչ աներ: Որպես օրինակ նա մատնանշում է Իրաքում գոյություն ունեցող քրդական ինքնավարությունը: Սկզբնական շրջանում Անկարան չէր ճանաչում այն, բայց ներկայումս կողմերը տնտեսական լայն համագործակցություն են ծավալել: ՍԺՈւ-ն եւս ունի համանման ներուժ, քանի որ վերահսկում է Սիրիայի հյուսիսում գտնվող նավթի հանքավայրերի մեծ մասը: Սակայն նման որոշման համար պահանջվում է առավել հեռագնա ռազմավարական մոտեցում:
P.S. Հոկտեմբերի 9-ին Թուրքիան այնուամենայնիվ հարձակում սկսեց Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա: