ՀՀ կառավարության նիստերի հեռուստատեսային հեռարձակումները հայաստանյան հանրության որոշ շրջանակներում որոշակի հետաքրքրություն են առաջացնում: Մեր մարդիկ դրանք դիտում են ինչ-ինչ ակնկալիքներով, իրադարձություններն առաջին դեմքերից լսելու հույսով, երբեմն թե հաճախ նաեւ ձանձրույթից` դիվանագիտական արարողակարգի պահպանման յուրօրինակ հանգամանքով: Ավաղ, այդ նիստեր անվանվողները հաճախ աշխատանքային գործակարգավորական միջոցառումներ են հիշեցնում, քանզի սովորության համաձայն օրակարգերում ընդգրկված շուրջ 50 հարցերից նվազագույն 45-47-ը չգիտես ինչու, դա քաղաքացիների առումով, չզեկուցվող շարքին են դասվում, երբ մարդիկ նաեւ կարծիք ունեն, որ սատանան մանրուքների մեջ է: Հարց է նաեւ, թե ինչու են երբեմն հազիվ 25-30 րոպե տեւող այդ հավաքներին պարտադիր ներկա մարզպետներ ու կոմիտեների ղեկավարներ, իրավապահ ու վերահսկիչ կառույցների պետեր, որոնց գնալ-գալն իսկ խոչընդոտում է իրենց բուն իսկ աշխատանքներին, մարդկանց դժգոհության պատճառ դառնում: Այսօրինակ մտորումները մտահոգությունների են վերածվում, որոնք նվազագույնն իսկ չեն անհանգստացնում այն իրականացնողներին, քանզի նրանք դա ծանր ու տաժանակիր աշխատանք են համարում:
Այսպիսի նիստերից մեկի ընթացքում, որ կայացավ նախորդ ամսում, արդեն սովորական դարձած ՀՀ բյուջեից վերաբաշխում` փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց իր նոր առաջարկը` ինտենսիվ այգիների հիմնանման օժանդակության ծրագիրը: Թվում է նիստի մասնակից շուրջ 50 պատասխանատուներից գեթ մեկը, ով ընդդիմադիր թե չգիտես որ նախկինների ազդեցության տակ գտնվող հեռուստաընկերությունները թողած Հ-1 հեռուստաալիքն է դիտում, գոնե որոշակի զգուշավորությամբ կհարցներ, թե պետական ծառայողներին այսչափ գլխացավանք պատճառող առկա այգիների կողքին ինչո՞ւ ենք գլխացավանքի նոր առիթներ ստեղծում: Այն կարող էր հնչեցնել անգամ ՀՀ վարչապետը, որ լավագույնս է տեղյակ հայաստանյան գյուղոլորտի այգետերերի չգիտես որտեղից առաջացող բազում ու անհատնում հոգսերին: Դրանք սկսվում են այգեբացով, էտով ու փխրեցումով, շարունակվում պարարտացումով ու թունաքիմիացումով, հետո հայտնվում է ջրելու խնդիրը: Այգետերերի համար իսկական ու իրական պատուհաս է դառնում բերքի իրացումը, հատկապես սառնարանային տնտեսությունների ոչ բավարար քանակը, որն, ասենք, խաղողագործներին ստիպում է բերքը հանձնել մթերողների թելադրած գներով: Այս առումով տարօրինակ է մեզանում գինու գինը. հայտնի է, որ 1 կգ խաղողից միջին 700 գրամ հյութ է ստացվում, 1 շշի պարունակություն: Հիմա համեմատենք կիլոգրամ խաղողի եւ շշալցված գինիների գները, ուր տարբերությունները 20-40- ապատիկ են: Գինու սիրահարներն այս պարագայում տարօրինակ են համարում գինեգործների դժգոհությունները, հատկապես արտահանման հարցերում, երբ իրական գինեսերներին այն պարզապես մատչելի է: Մեր ընտանիքներում անգամ շաբաթը 1 շիշ գինու սպառումը կնպաստի գինեգործների տնտեսական ակտիվության բարձրացմանը, բարերար միջավայրի հաստատմանը: Բարդ խնդիր չէ, քանզի բխում է երկու կողմերի շահերից:
Գյուղատնտեսության համաշխարհային վիճակագրությունից տեղեկանում ենք, որ տնտեսության այս ոլորտում հետեւյալ համամասնությունը կա. բուսաբուծությանը բաժին է հասնում համախառն արտադրանքի 40 տոկոսը, անասնապահությանը՝ 60 տոկոսը: Գյուղոլորտում կայացած երկրներում այս համամասնությամբ են առաջնորդվում, քանզի բուսաբուծությունը ծավալվում է բաց տարածքներում, ասել է թե առավել ռիսկային է, մանրամասներին առավել տեղյակ ենք բոլորս, քանզի անգամ ՀՀ աղքատիկ բյուջեից են յուրաքնաչյուր տարի հարյուր միլիոնավոր դրամներ հատկացվում բնական աղետների պատճառով տուժած հողագործներին: Լավագույնս տեղյակ լինելով այսօրինակ խնդիրներին, վնասներ առաջացնող խոչընդոտները չհաղթահարելու պարագայում նոր իրավիճակների ստեղծումը թե ինչքանով է արդարացված ու հիմնավոր, անհասկանալի է: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանի հանրապետության գյուղոլորտում 2 հիմնական արդեն նշված ճյուղերում համամասնությունը համաշխարհայինում արձանագրվողի հակառակն է` բուսաբուծությունում 60 տոկոսից բարձր, անասնապահությունում 40 տոկոսից ցածր: Ի վնաս ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության խախտելով գյուղատնտեսության կառավարման արդարացված համամասնությունը, մենք երկիրը կանգնեցնում ենք նոր խնդիրների առջեւ, որոնք արդեն իսկ ընթացող համաշխարհային գործընթացների արդյունքում կարող են արհավիրքների վերածվել: Պարզից էլ պարզ է, չէ՞, որ մերօրյա պայմաններում ոչ միայն հացամթերքներով ապահովվածության գերխնդիր ունենք, այլ անգամ սոխ ու սխտորն ենք ներմուծում, գրեթե բոլոր տեսակների հատիկավոր մշակաբույսերը, կաթնամթերքը վաճառվում է «կաթ պարունակող մթերք» պիտակով, գյուղոլորտի պատասխանատուների խոսույթում իսպառ բացակայում է կաթնատու եւ մսատու անասնապահություն, լիարժեք անասնակեր արտահայտությունները: Օրեր առաջ հաղորդում տարածվեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ-ի առեւտրային պալատի ներկայացուցիչների: Այն նախապատրաստողներն արդյո՞ք զրուցակիցներից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է գերհզոր տնտեսություն ունեցող այս երկիրը 400 մլն տոննա եգիպտացորենի հատիկ արտադրում եւ հազիվ 50 մլն տոննա ցորեն: Ի վերջո. ինչո՞ւ է տնտեսվարական շրջանակներում ընդունված հետեւյալ միտքը. Մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում:
Փոխարենն ինչքան ուզեք ոչնչով չհիմնավորված պատճառաբանություններ եւ արդարացումների փորձերի հիմնավորումներ: Դրանցից առանձնացնենք սովորականից հաճախ ասպարեզ նետվող ՀՀ-ում հողերի մասնատվածության հարցը: Օրեր առաջ Հ-1 հեռուստաընկերությունում տված հարցազրույցում այն կրկնեց գյուղոլորտի թիվ 1 պաշտոնյա ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Բարձրագույն պետական այր, օրինակ, 2021 թվականին ՀՀ-ում արտադրված աննախադեպ ցածր, հացահատիկի 90 հազար տոննա բերքը բացատրեց հողերի մասնատվածությամբ: Տարօրինակորեն հարցազրույց վարողը, որ հարկ է որ պատրաստված պետք է լիներ թեմայի առումով, չտվեց կամ չցանկացավ տալ պարզագույն հարցերից մեկը. ՀՀ-ում հողերն առավել մասնատված էին 2000-ականների սկզբին, երբ որոշ տարիներ հացահատիկի արտադրությունը հասավ 450 հազար տոննայի: Անգամ այս պարագայում ոլորտի պատասխանատուներն ինքնագոհության տրամադրության չէին տրվում, քանզի ցուցանիշը ապահովվում էր հողատարածքներից ստացվող ոչ բարձր բերքատվության արդյունքում:
Այս առումով ուսանելի վիճակագրություն կա Ճապոնիայում, որը համեմատաբար սակավահող երկրների ցանկում է հիշատակվում: 1 քառակուսի կմ-ի վրա 350 մարդ է բնակվում, ՀՀ-ում 100, վարելահողերը տարածքի ընդամենը 11 տոկոսն են կազմում, 1 բնակչի հաշվով 350 քառակուսի մետր, ՀՀ-ում համապատասխանաբար 16 տոկոս եւ 1500 քմ: Հայկական սովետական հանրագիտարանի «Ճապոնիա» նյութից տեղեկանում ենք, որ «1970-ականների կեսերին երկիրն ապահովվում էր սեփական արտադրության բրնձով, բանջարեղենով ու մրգերով»: Մի այլ վերլուծությունից էլ տեղեկանում ենք, որ 2005 թվականին երկրի վարելահողերի 60 տոկոսը մինչեւ 1 հեկտար ունեցողների սեփականությունն էր, 17 տոկոսն ուներ 1-1,5 հեկտար: Անգամ այս պայմաններում երկիրն արտադրում էր սեփական պահանջարկը բավարարող 12 մլն տոննա բրինձը, երբեմն 15-16 մլն տոննա: Թե ինչպես-ը՝ պատասխան ունի, միայն ոչ` ՀՀ տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի համար, որքանով որ այն կա:
Թե ինչքան է տեւելու այս անզորի ու անօգնականի վիճակը, պարզ չէ: Ինչպես եւ շատ այլ հարցեր, որոնք մի օր կլուծվեն: Միայն ե՞րբ կգա այդ օրը…
Այսպես էլ ապրում ենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
16.08.2022թ.