Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Ռոդ Նորդլենդի հոդվածը լույս է տեսել «Նյու Յորք Թայմսի» հոկտեմբեր 24-ի համարում:
Խղճի ազատության համար բանտարկված գրողը ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան ազատության մեջ գտնվողը: Ցանկանալով իմանալ արդեն երեք տարի անազատության մեջ գտնվողՙ «Ես այլեւս երբեք չեմ տեսնի աշխարհը» գրքի թուրք հեղինակ (տես «ԱԶԳ-ի» 19 ապրիլի համարը) 69-ամյա Ահմետ Ալթանի կարծիքն այդ մասին, ես վերոնշյալ հարցը տվեցի նրան: Ասեմ, որ մեր հարցազրույցը կայացել է թաքուն, «մաքսանենգ» ճանապարհով, ինչպես Ալթանի հատորը, որը հրատարակվել է իր փաստաբանին փոխանցված գրառումները ի մի բերելով: Նրա պատասխանը անկեղծ էր: «Այո, արժեր: Ես երկու բան կասեմ իմ մասին: Առաջինն այն է, որ եթե չեմ գրում, հասարակ ոչնչություն եմ դառնում: Տարբերություն չկաՙ ներկա եմ, ողջ եմ, թե բացակա, մեռած: Գրելն ինձ պաշտպանում է այդ ոչնչությունից: Երկրորդըՙ շատ անհանգիստ մարդ եմ եւ գրելն ինձ այդ անհանգստությունից է ազատում»:
Մենք նույն ճակատագիրն ենք կիսում: Երկուսս էլ ցմահ բանտարկության ենք դատապարտված: Ինքը քաղաքական հետապնդումների հետեւանքով, եսՙ անողոք հիվանդության: Երբ հաջող նախադասություն կամ հոդված եմ գրում, ես ավելի ճիշտ եմ հասկանում նրա խոսքերը:
Նրա գրքի վերնագիրը հուսահատության ճիչ չէ, այլ դաժան իրականության փաստագրում: 212 էջերում ամրագրված միտքն այն է, որ մտածողությունը բանտարկել հնարավոր չէ: «Ես բանտախցում եմ գրում, բայց բանտում չեմ զգում ինձ», գրում է նաՙ հիշատակելով բանտային կյանքի «ահաբեկիչ տեռորի կրակները», ինչպես ինքն է բնորոշում: Նա չի կարող իր ուզած ժամին ճաշել, լողանալ կամ մարմնամարզությամբ զբաղվել: 11 հազար քաղբանտարկյալներ «հյուրընկալող» հաստատությունում «հայելիներ չկան, եւ դու չես կարող ինքդ քեզ հետ հաղորդակցվել»:
2016-ի հուլիսի 14-ին Ալթանն ու եղբայրըՙ Մեհմետը, տնտեսագիտության դասախոս, մասնակցել էին Նազլի Իլիչակի հեռուստածրագրին: Հաջորդ օրը Էրդողանի կառավարության դեմ կազմակերպված հեղաշրջման փորձը ճնշվեց, բայց խորհրդարանի շենքը ռմբակոծվեց, եւ 300 հոգի էլ մահացան: Հաղորդումը կազմակերպողն ու Ալթան եղբայրները ձերբակալվեցին (Մեհմետը հետո ազատ արձակվեց) հեղաշրջմանը սատարող ենթատեքստեր պարունակող արտահայտություններ հնչեցնելու համար:
Ինձ էլ են արգելել Թուրքիա մուտք գործել քուրդ փոքրամասնությանը պաշտպանող հոդվածներիս համար: Երբ ես հարցրեցի Ալթանին, թե ի՞նչ կաներ, եթե զրկեին իրեն թուղթ ու գրչից, նա պատասխանեց. «Թեեւ չեն արել ցարդ, բայց իհարկե կարող են առգրավել գրիչներս ու թղթերս: Սակայն առայժմ ձեւացնում են, թե կատարվածը անկախ դատավորների վճիռն էր: Գիրքս մի քանի եվրոպական լեզուներով հրատարակվել էր նախքան Ամերիկայում լույս տեսնելը, եւ եթե գրելն արգելեն ինձ, ավելի ծանր պայմաններում կհայտնվեն իրենքՙ արդարացնելու համար իրենց կատարածը»:
«Իսկ չե՞ք վախենում ավելի ծանր փոխվրեժից» հարցիս նա պատասխանեց. «Այս հաստ պատերի ներսում գրելը ազատություն է պարգեւում ինձ: Վախը ինքնին միշտ էլ ավելի սարսափելի եւ վտանգավոր է, քան այն, ինչից դու վախենում ես: Վախը քեզ պատանդ է վերցնում եւ սպանում քո մեջ դիմադրությունը, իսկ բանտում դա ավելի ճակատագրական է, քան որեւէ այլ տեղ: Հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց այստեղ ես իմ «գրությունները» պահպանելու մի լավ, արդյունավետ ձեւ եմ գտել, զբոսանքների ժամանակ մտքումս անդադար կրկնում եմ նախադասությունները, մինչեւ որ անգիր եմ անում դրանք: Այնպես որ, եթե նույնիսկ առգրավեն թղթերս, գործն ամբողջությամբ կորած չի կարելի համարել: Դժվար է, բայց ընտելացել եմ դրան»:
Բացի «I Will Never See The Worid Again» գրքից, Ահմետ Ալթանը հեղինակել է նաեւ «Like a Sword Wound» (Ինչպես թրի պատճառած վերքը) եւ «Endgame» (Ավարտախաղ) գրքերը: Այլախոհությունը նրա ընտանիքի տարերքն է եղել: Հայրըՙ բանավեճային լրագրող եւ պատգամավոր, նույնպես հետապնդվել է իշխանությունների կողմից: Հիացած եմ այս ընտանիքով եւ ցանկանում եմ մեջբերել այստեղ «Այլեւս երբեք չեմ տեսնի աշխարհը» գրքի վերջաբանը, որտեղ նա ասում է. «Դուք կարող եք բանտարկել ինձ, բայց ոչ իմ մտքերը, որովհետեւ կախարդական փայտիկի միջոցով ես կարող եմ հեշտությամբ քանդել այս պատերը եւ դուրս սողոսկել»:
Նկար 1. Ահմետ Ալթանի