Նոյեմբերի 10-ն աշխարհը նշում է որպես երիտասարդության համաշխարհային օր: Բոլոր ժամանակներում դարակազմիկ իրադարձություններն ու փոփոխությունները մեծ մասամբ երիտասարդներն են արել: Բարքերն ու վարքերը թարմացնողը, ընդվզողն ու պայքարողը, փոփոխություններ ու շրջադարձեր անողը նրանք են: Երիտասարդներից միշտ ակնկալում ենք ամենահամարձակ ու ազնիվ խոսքը, արարքն ու մղումը:
Շատ հեռուն չնայենք ու չհասնենք խորհրդային ժամանակներ, որովհետեւ այն ժամանակվա պահանջները, ինչպես նաեւ հասարակարգը տարբեր էին: Մի հայացքով ընդգրկենք հետանկախության շրջանի հայ երիտասարդության ընդհանուր նկարագիրը: Հետ գնանք 1980-ականներՙ 88-ի շարժում: Ակունքներում երիտասարդներն էին կանգնած, բայց ոչ 20-22 տարեկան, այլ մեր հայրերի սերունդը: Արցախյան ազատամարտը եւս դասական իմաստով երիտասարդները չնախաձեռնեցին, այլ դարձյալ մեր հայրերի սերունդը: Իհարկե, արցախյան պատերազմում երիտասարդներ մասնակցեցին: 30 տարվա ընթացքում առնվազն 4 անգամ տեղի ունեցած իշխանափոխությունը եւս երիտասարդների ձեռքի գործը չէր: Այսինքնՙ էնտուզիազմով, հախուռն, անկաշկանդ, խենթ ու խելառ մղումներով երիտասարդական շարժում մինչեւ հիմա չենք ունեցել: Եթե ժամանակ առ ժամանակ կարճատեւ բուռն դրսեւորումներ եղել են, ապա շատ կարճ ժամանակում պարզվել է, որ ուղղորդված ու քաղաքականացված են:
Վերլուծությունն այստեղ դադարեցնենք, անցնենք վիճակագրական տվյալների: Երիտասարդական ակումբների դաշնություն, որը 20 տարի առաջ է ստեղծվել, սեպտեմբեր-հոկտեմբերին 800 երիտասարդների շրջանում հարցումներ է անց կացրել, որոնց արդյունքը հետեւյալն է. երիտասարդների 40 տոկոսը ցանկանում է կրթություն ստանալ արտերկրում: Ոչ ֆորմալ կրթություն ստանում է, այսինքնՙ ուսուցողական տարբեր ծրագրերի մասնակցում է 36 տոկոսըՙ առավելապես 22-25 տարեկան երիտասարդները, որոնք նաեւ հասարակական կյանքին են ակտիվ մասնակցում: Ուսմանը զուգահեռ աշխատում է 45 տոկոսը: Որտեղի՞ց են գոյանում երիտասարդների եկամուտները. մինչեւ 30 տարեկանների մոտ 50 տոկոսը ծնողներից է ֆինանսական օգնություն ստանում: 19 տոկոսը եկամուտներն ապահովում է սեփական աշխատանքով, 7 տոկոսը աջակցություն է ստանում արտերկրիցՙ բարեկամներ, ընտանիքի անդամներ եւ այլն:
Ինչ վերաբերում է երիտասարդների մասնակցությանը մեր քաղաքական ու քաղաքացիական կյանքին, ապա այս ոլորտում երիտասարդության ներգրավվածության 12 տոկոս աճ է գրանցվել, ու ցուցանիշը հասել է 80-82 տոկոսի: Մինչեւ իշխանափոխությունը այս թիվը 70 էր: Հարցումները ցույց են տվել, որ գործադիր եւ օրենսդիր մարմինների նկատմամբ երիտասարդության շրջանում վստահությունը չի աճել: ՀՀԿ-ի իշխանության ժամանակ էլ, հիմա էլ այդ թիվը 50 տոկոս է:
ԱԺ-ում մինչեւ 40 տարեկան պատգամավորները 60 տոկոս են կազմում: Քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդները մտել են քաղաքականություն, ինչի հաշվին էլ այս ցուցանիշը ձեւավորվել է: Երիտասարդների գրեթե 100 տոկոսը սոցցանցերում է: 80 տոկոսը կամավորական աշխատանքի փորձ ունի: Եվրոպական կառույցների ինտեգրմանը դրական է վերաբերում երիտասարդների 80 տոկոսը, իսկ 65 տոկոսը նախապատվությունը տալիս է Հայաստանիՙ եվրասիական համագործակցությանը:
Այն հարցին, թե Հայաստանից դուրս որտե՞ղ կուզենային ապրել երիտասարդները, 37 տոկոսը ընտրել է Ռուսաստանը, ԱՄՆ-ն նախընտրողների տոկոսը նվազել էՙ 27, իսկ եվրոպական երկրներում ուզում է ապրել 36 տոկոսը:
Տղաներն իրենց համար ամուսնության լավագույն տարիքը համարում են 25-27 տարեկանը, աղջիկների համարՙ 22-24-ը: Իսկ իրական թվերն այլ են. տղաների ամուսնության միջին տարիքը մոտենում է 30-ի, աղջիկներինըՙ 26-ի: Այս թվերը վերջին տարում Հայաստանում աճում են, այսինքնՙ ամեն տարի ամուսնության միջին տարիքը մեկ նիշով բարձրանում է: Գրեթե նույն պատկերն է մեր տարածաշրջանի մյուս երկրներում: Մասնագետները այս նկարագրի պատճառների պատճառը համարում են սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները: Հատկապես տղաներն ընտանիք կազմելու համար դժվարությամբ եւ ուշ են նախադրյալներ ստեղծումՙ ցածր աշխատավարձ, բնակարանային պայմաններ եւ այլն:
Վերադառնանք հայ երիտասարդության հետաքրքրություններին, մղումներին ու երիտասարդական կյանքի վերլուծությանը: Բուհական համակարգում մշտապես իշխել է կուսակցական ուղղորդումն ու քաղաքական հակվածությունը: Ուսանողական խորհուրդներում ակտիվ գործող երիտասարդներն ըստ 100 տոկոսանոց կանխատեսումների շատ արագ մտել են քաղաքականությունՙ տեղական ինքնակառավարման մարմիններում, ԱԺ-ում կամ կառավարությունում պաշտոն զբաղեցնելով: Այսինքնՙ անվիճելի է, որ ուսանողական տարիներին նրանք կարիերայի համար ճանապարհ են հարթելՙ քաղաքական իշխող թիմի հովանավորությունը վայելելով, նույն թիմին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու դիմաց: Նրանք, ովքեր ուսխորհուրդներում ակտիվ չեն եղել, ուրեմն քաղաքական կարիերայի նպատակ չեն ունեցել: Իհարկե, կարիերիստ, առնվազն պատգամավորի ախորժակով ուսանող երիտասարդների կողքին միշտ եղել են նկարագրով, բովանդակությամբ ու տեսակով բոլորովին այլ երիտասարդներ, որոնց համար կրթությունը, ուսումը, մասնագիտական որակներն ու գիտելիքներն ամենառաջնայինն ու կարեւորն են: Ցավոք, նրանք իրենց ապագան ոչ նախորդ, ոչ այս իշխանությունների ժամանակ Հայաստանում չեն տեսնում:
Մի առիթով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ֆիզմաթ կրթություն ստացող պատանիների ու երիտասարդների հետ հանդիպման էր: Նրանց գիտելիքներով ու գյուտերով նախագահը հիացած էր. հարց տվեցՙ որտե՞ղ եք տեսնում ձեր ապագան: Մեծ մասը պատասխանեցՙ կրթության հետագա փուլերն ու աշխատանքը տեսնում ենք ոչ Հայաստանում: Պատասխաններն Արմեն Սարգսյանի սրտով չէին, իհարկե, բայց սա է իրականությունը: Ներքաղաքական անցուդարձով չհետաքրքրվող երիտասարդները ոչ թե թքած ունեն իրենց երկրի ներկայի ու ապագայի վրա կամ անտարբեր ու անսիրտ են, այլ պարապ բաների վրա ժամանակ չեն կորցնում, ինքնակրթվում են, մտահորիզոն ու աշխարհայացք զարգացնում ու նայում հեռուՙ Հայաստանի սահմաններից դուրս: Այնտեղ էլ աթոռի, կարիերայի, քաղաքական դիրքի համար կռիվ ու պայքար կա, բայց նրանց հետաքրքրում են ինքնադրսեւորման այլ ոլորտներՙ գիտություն, կրթություն, բիզնես, բարձրագույն տեխնոլոգիաներ:
«Ազգային Ժողովի ապագա պատգամավոր է: Խոսքս լավ հիշեք, վերջը այս տղան թաղապետ է դառնալու: Դուխով քայլածների մեջ այս երիտասարդն էլ է եղել. շուտով մի պաշտոնի կնշանակեն»,- ստույգ կանխատեսել եւ նույնքան անվրեպ կանխատեսում է հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող երիտասարդների վերաբերյալ: Ոչ մի բողոքի ակցիա, ցույց, հրահրված ծեծկռտուք, ծեծկռտուքի ժամանակ ստացած ապտակ, բարձրագոչ ելույթ հենց այնպես, ինքնաբուխ, չծրագրված չի լինում: Ամեն ինչ իր սցենարն ունիՙ վճարված կամ վճարվելիք սցենարիստով, ռեժիսորով, գլխավոր ու երկրորդական դերակատարներով:
Ցավն այն է, որ անկախության ժամանակներից սկսած մինչեւ հիմա որեւէ իշխանավոր, որեւէ կառավարություն ի դեմս երիտասարդներիՙ հզոր, աննկուն, անկաշառ ուժ չի տեսել: Հայ երիտասարդությունից հայրենի իշխանությունները երբեք չեն վախեցել ու չեն զգուշացել: Իսկ սա դեգրադացիա է նշանակում: Նաեւ նշանակում է, որ անպատժելիությունը շարունակվելու էՙ նորանոր հանցանքներ ծնելով: Քանի դեռ պաշտոնյան երիտասարդական համախմբված, միավորված, մեկ բռունցք դարձած ուժ չի տեսնում, որը ոչնչից չի ընկրկի ու չի կոտրվի, այդ պաշտոնյան իր ասածի ու արածի համար պատասխանատվություն երբեք չի կրելու: Խենթությունների, անկանխատեսելի արարքների, հանուն արդարության անգամ ինքազոհության պատրաստ միակ շերտը երիտասարդությունն է. այդպես եղել է պատմության բոլոր ժամանակահատվածներում: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ հայ երիտասարդությունը երբեք որեւէ հարցում առաջամարտիկ չի եղել, թելադրող, ընդվզող, պայքարող չի եղել: Ազնիվ, սեփական սկզբունքներից բխած մղումներ չեն եղել պարզապես: Եղել են ուղղորդված, ցուցումների ու հրահանգների ենթարկված երիտասարդական արարքներ, որոնք ըստ սցենարիՙ մարվել ու ավարտվել են փոխհամաձայնության երաշխիքով: Ըստ էության այդ շարժումներում շահել ու շահում են ընդամենը ոմանք: Մյուսներն ուղղակի օգտագործվում ու մսխվում ենՙ հետագայի համար փորձ ձեռք բերելով: Հաջորդ սցենարում իրենք են դառնում գլխավոր դերակատարներՙ դարձյալ կարիերայի մեծ հավակնություններով: