ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Դժբախտաբար, Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը շարունակվում է, իսկ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման, Հայաստանի բնակչության թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այն նվազել է մոտ 8 հազարով: Ըստ եռամսյակների Հայաստանի մշտական բնակչության թիվը տարվա ընթացքում հետեւյալ կերպ է փոխվել.Հունվարի 1-ի դրությամբՙ 2 մլն 965 հազար մարդԱպրիլի 1-ի դրությամբ 2 մլն 962 հազար մարդՀուլիսի 1-ի դրությամբ 2 մլն 961 մարդԴատելով այս տվյալներից, բնակչության թվի նվազման միտումը պահպանվում է եւ վերջին երեք ամիսներին անգամ սկսել է ակտիվանալ: Դա պայմանավորված է արտագաղթի ծավալների աճմամբ: Ինչո՞ւ են լքում Հայաստանը «հպարտ» քաղաքացիները «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո: Չէ՞ որ վարչապետը գրեթե երկնային դրախտ էր խոստանում եւ իշխանության անցնելուց հետո հայտարարում էր, որ ներգաղթը սկսել է գերազանցել արտագաղթին: Ինչպես ցույց է տալիս իրականությունը, այդ ամենը փուչիկ էր, որը պայթում է:Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ, ինչն էլ շարունակվող արտագաղթի հիմնական պատճառն է: Թեեւ նոր պատճառ էլ կաՙ հիասթափությունը պաշտոնական հայտարարությունների եւ իրականության միջեւ: Այլեւս բոլորը տեսնում են, որ հակառակ երկրի տնտեսական վիճակի եւ բնակչության սոցիալական կացության վատթարացման, կտրուկ բարձրացել է նոր իշխանության ղեկավարի, նրա ընտանիքի, պատգամավորների, նախարարների եւ «քայլած» իշխանության մյուս ներկայացուցիչների բարեկեցությունը: Ուստի, պատահական չէ, որ երկրից հեռացողների թիվը գերազանցում է երկիր մուտք գործածների թվին:Հայաստան եկող եւ երկրից դուրս գնացող ՀՀ քաղաքացիների ցուցանիշը բացասական էԱյսպես, 2019 թ.-ի հունվար-սեպտեմբերին սահմանային սահմանակետերով 35 հազար 549 ավելի ՀՀ քաղաքացիներ են դուրս եկել Հայաստանից, քան վերադարձել: Շեշտենք, որ խոսքը միայն ՀՀ քաղաքացիներին է վերաբերվում, այլ ոչ թե Հայաստան ելումուտ անող բոլորՙ նաեւ այլ երկրների քաղաքացիներին: Նախկինում, հիմք ընդունելով հենց այսՙ Հայաստան ելք ու մուտք անող բոլոր, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների տվյալները, վարչապետը հայտարարում էր, որ ներգաղթը դեպի Հայաստան գերազանցել է արտագաղթին: Օրերս նրա գրառման մեջ դարձյալ այդ տվյալն էր բերված, բայց այս անգամ շեշտը դրված էր այն բանի վրա, որ բացասական տարբերությունը նվազել է: Դա մի կողմից փաստում էր նախկինում նրա գրառման անհիմն լինելը, մյուս կողմիցՙ որ արտագաղթը, ցավոք, շարունակում է գերազանցել ներգաղթին :Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստան մտնող եւ դուրս եկող մարդկանց թվի վրա վերջին մեկուկես տարում էապես ազդել է Հնդկաստանից աշխատանքային միգրացիայի կամ ուսման նպատակով Հայաստան եկողների ցուցանիշը: Դա ներկայացնել որպես արտագաղթ-ներգաղթի դրական միտումՙ առնվազն երեսպաշտություն է: Ավելին, այս ցուցանիշը, այդուհանդերձ, բացասական էՙ Հայաստանից մեկնած օտարերկրյա քաղաքացիների թիվը 9 հազար 857-ով գերազանցել է Հայաստան եկածների թվին:Սրանք այս տարվա ընթացքում արձանագրված ամենեւին էլ ոչ մխիթարական ցուցանիշներն են: Ինչ մնում է վերջին մեկ-երկու տարվա Հայաստանի ժողովրդագրական վիճակին, ապա այն բավականին ուշագրավ է:Հայաստանի ժողովրդագրական տագնապներըԻնչպես արդեն նշեցինք, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 965 հազար է: 2018 թ.-ի ընթացքում այն նվազել է ավելի քան 7 հազարով:Քաղաքային բնակչությունը 2019 թ.-ի հունվարին 2018 թ.-ի հունվարի համեմատ նվազել է 900-ով եւ կազմել մոտ 1 մլն 894 հազար մարդ: Ընդ որում, Երեւան քաղաքի բնակչությունը ոչ միայն չի նվազել, այլեւ մոտ 4200-ով աճել է եւ կազմել 1 մլն 81 հազար մարդ: Քաղաքներից ամենաշատը նվազել է Գյումրիի բնակչությունըՙ մոտ 1000-ով եւ կազմել 113,5 հազար մարդ:Գյուղական բնակչությունը նվազել է 6,5 հազարով եւ կազմել մոտ 1 մլն 70 հազար: Ամենից շատ վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերի գյուղական բնակչության թիվը: Լոռու մարզի գյուղական բնակչությունն է միայն աճել:Հետաքրքրական են ամուսնությունների եւ ամուսնալուծությունների ցուցանիշները, որոնք չգիտես ինչու վարչապետն ընդգրկել էր իր «100 փաստ»-ի մեջ: Ըստ այդմ, նա հպարտանում էր, որ իր կառավարման շրջանում ամուսնությունների թիվն աճել է, իսկ ամուսնալուծություններինըՙ նվազել, այդպես էլ չասելով, թե այդ ամենը ինչ կապ ուներ կառավարության գործունեության հետ: Սակայն, զավեշտն այն է, որ անգամ այդ թվերը հպարտանալու պատճառ չէին:Իրականում 2018 թ.-ի ընթացքում ամուսնությունները Հայաստանում ոչ թե ավելացել են, այլ նվազելՙ 2017 թ.-ի 15214-ի փոխարեն կազմելով 14822: Ամուսնալուծություններն էլ թեեւ նվազել են 120-ով եւ կազմել 3820, բայց այս թիվը գերազանցել էր 2016 կամ 2015 թվականներին արձանագրված ամուսնալուծությունների ցուցանիշին:Բնակչության տարիքային ցուցանիշը նույնպես մտահոգություն է առաջացնում ՙ մեր երկիրը շարունակում է «ծերանալ»: 65 եւ ավելի տարիքի բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում ավելացել է 0,3 տոկսով եւ կազմել 353 հազար: 0-14 տարեկանների թիվն անփոփոխ է մնացել, 15-64 տարեկաններինը ավելացել մոտ 1,5 տոկսով: Մեկ այլ ցուցանիշ էլ ցույց է տալիս, որ աշխատունակ տարիքի անձանց թիվը նվազել է 0,4 տոկոսով, դրանից բարձր տարիքինըՙ նույնքան աճել, իսկ դրանից ցածր տարիքինը աճել 0,2 տոկոսով:Սեռային կազմն էլ հետեւյալն է ՙ կանանց թիվը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 1 մլն 563 հազար է, տղամարդկանցըՙ 1 մլն 401 հազար: Այստեղ չափազանց մտահոգիչ են անհամարժեքությունները կախված տարիքային խմբերից: Օրինակՙ եթե 0-19 տարեկան աղջիկների թիվն էապես զիջում է տղաների թվին (ամենայն հավանականությամբ բացասական դերն է ունեցել սելեկտիվ աբորտների ցավալի երեւույթը), 20-24 տարեկանների դեպքում այդ ցուցանիշը գրեթե հավասարվում է, իսկ ահա 25-39 տարեկանների դեպքում տղամարդկանց թիվն է կտրուկ զիջում կանանց եւ աղջիկների թվին (այստեղ էլ աշխատանքային միգրացիան է իր բացասական դերն ունենում):Դատելով այս տվյալներից, ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդագրական լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած եւ դրանց լուծումը թողնել երեւութական 2050 թվականի վրա, ինչի մասին տարփողում է կառավարության ղեկավարը, մեղմ ասած, անլուրջ է: |