ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Ասում ենՙ եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթեւանում, ուրեմն նա բժիշկ չէ, քանզի հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է: Օրերս ինձ պաշարեց հենց այդ հավատը, վստահությունն ու թեթեւությունը, քանզի հանդիպել էի հարյուր-հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը տնօրինողներից երկուսի հետ:
Տարիներ առաջ, Բուժաշխատողի օրվա առիթով հրապարակում պատրաստելու համար, ինձ պատեհ առիթ էր ընձեռնվել հանդիպելու ՌԴ մայրաքաղաքում ապրող եւ աշխատող մի շարք հայ բժիշկների եւ նրանց ներկայացնելու ՙԱզգի՚-ի ընթերցողներին: Մեծ էր եղել ուրախությունս, երբ ինձՙ Մոսկվայում ապրող եւ աշխատող հայազգի լրագրողիս, Ռուսաստանի առողջապահության նախարարությունից վաստակաշատ եւ ՌԴ-ում մեծ ճանաչում ունեցող հայ բժիշկների մի մեծ ցուցակ էին ներկայացրել: Ես հպարտացել եւ այսօր էլ հպարտանում եմ իմ հայրենակիցներով, հպարտանում եմ, որ նրանք բնակվելով օտար եւ բազմազգ երկրում, ամենեւին խտրականություն չեն դնում ազգությունների միջեւ եւ Հիպոկրատի երդմանը հավատարիմՙ զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` մարդկանց կյանք ու առողջություն պարգեւելով, եւ այդ գործում ցուցաբերում են առավելագույն վարպետություն ու մարդկայնություն:
Իսկ վերջերս էլ ուրախությամբ տեղեկացա, որ ռուսաստանաբնակ հայ բժիշկների ընտանիքը, որը տարիների իր վաստակով ու փորձառությամբ կարողացել է մեծ հարգանքի եւ ճանաչման արժանանալ, վերջին տարիների ընթացքում համալրվել է նոր անդամներով:
Օրերս ես պատիվ ունեցա հանդիպելու նրանցից երկուսինՙ բազմափորձ եւ վաստակաշատ բժիշկ Աշոտ Մկրտումյանին եւ բժշկության բնագավառի համեմատաբար երիտասարդ ներկայացուցիչ, բայց արդեն ճանաչման արժանացած եւ խոստումնալից բժշկուհի Զառա Սահրադյանին :
Ճակատագրի բերումով աշխարհի ամենատարբեր ծագերում ապրող եւ իրենց բարեխիղճ ու նպատակասլաց աշխատանքով մեծ հաջողությունների հասած հայրենակիցների շատ եմ հանդիպել: Եվ ամեն անգամ ներքին հպարտությամբ ու ուրախությամբ եմ լցվում, երբ օտար ափերում հայրենակիցներիս դեմքերից ճառագում է հայրենասիրությունը, երբ զրույցի ընթացքում համոզվում եմ, որ նրանք ապրելով եւ աշխատելով դրսումՙ ոչ միայն նշանակալի ցուցանիշների են հասել ու բարձր են պահում հայի եւ Հայաստանի անունը, այլ նաեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ են: Ինձ վրա այդպիսի տպավորություն թողեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ, էնդոկրինոլոգների Ռուսաստանի եւ եվրոպական ասոցիացիաների, շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի անդամ Աշոտ Մուսայելի Մկրտումյանը , ով այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում: Նա Մոսկվայի պետական բժշկական-ստոմոտոլոգիական համալսարանի էնդոկրինոլոգիայի եւ դիաբետոլոգիայի ամբիոնի վարիչն է, ծնունդով` գողտրիկ եւ գեղատեսիլ Դիլիջանից:
Շուրջ կես դար ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում եւ մասնագիտական մեծ վերելքներ ու ձեռքբերումներ ամրագրելով` Աշոտ Մկրտումյանի միտքը մշտապես Հայաստանում է եւ ակտիվորեն հետեւում է հայրենիքում ընթացող ամենատարբեր զարգացումներին, մեծ խանդավառությամբ է ընդունել անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ավելինՙ բժշկի իր անչափ ծանրաբեռ առօրյայից ժամանակ է հատկացրել, մի քանի անգամ մեկնել Հայրենիք եւ անձամբ մասնակցել այն թեժ օրերի բուռն իրադարձություններին:
– Ես 50 տարի է Ռուսաստանում եմ ապրում: Ավարտել եմ Երեւանի բժշկական ինստիտուտը եւ տեղափոխվել Մոսկվա, բայց ամեն օր հոգով եւ սրտով Հայաստանի հետ եմ, Երեւանը երազում էլ եմ տեսնում եւ իմ այդ հիվանդությամբ վարակել եմ իմ ամբողջ ընտանիքը, Մոսկվայում ծնված իմ երկու երեխաներին: Աղջիկս տնտեսագետ է, տղասՙ բժիշկ, կարդիոլոգ էր աշխատում, հիմա երկրորդ բարձրագույնում է սովորումՙ տնտեսագետի մասնագիտությամբ: Կինս հայուհի է, Ռուսաստանում ծնված: Երբ ամռները հարց է առաջանում մեր արձակուրդը որեւէ լավ երկրում կամ ծովում անցկացնել, ապա պատասխանը միայն մեկն է լինումՙ Հայաստան: Երեխաներս գրում եւ կարդում են հայերեն, նրանք ՌԴ-ում Հայաստանի այն ժամանակվա ներկայացուցչությանը կից կիրակնօրյա դպրոցի առաջին շրջանավարտներն են եւ ինձ հետ միասին համացանցով ուշի ուշով հետեւում են հայաստանյան էլեկտրոնային մամուլին եւ իրադարձություններին: Տղաս ամուսնացած չէ, իսկ աղջիկս արդեն ինձ երկու թոռնիկ է պարգեւել, փեսասՙ Գեւորգը գյումրեցի է: Հայկական ավանդական կենցաղով է ապրում մեր ընտանիքը: Գործի բերումով Հայաստանում հաճախակի եմ լինումՙ կոնֆերանսների, զանազան սիմպոզիումների եւ տարբեր միջոցառումների: Հայրենիքում գտնվելու օրերին փորձում եմ օգնել իմ հայրենակիցներինՙ իմ գիտելիքներով, բժշկի փորձով: Նույն պատկերը նաեւ այստեղ էՙ Ռուսաստանում, ինձ դիմում են բազմաթիվ հայրենակիցներ եւ ջանում եմ անպայման օգնության ձեռք մեկնել ինձ դիմողներին:
Քանի որ Հայաստանը դառնում է բժշկական տուրիզմի երկիր, ուստի անհրաժեշտ է այնտեղ առավել զարգացնել էնդոկրինոլոգիան, ինչը շատ կարեւոր է մեր հայրենիքի միջազգային հեղինակության համար: Ես գիտեմ, որ բազմաթիվ երկրներից ժամանում են Հայաստանՙ ատամները բուժելու, քանի որ Հայաստանում ատամնաբուժությունը շատ բարձր մակարդակի վրա է: Հայաստանում բարձր մակարդակ է ապահովում նաեւ կարդիոլոգիան, իսկ այսօր բուռն զարգացում է ապրում օնկոլոգիան: Ես վերջերս մեծ հպարտությամբ տեղեկացա, որ Հայաստանում օնկոլոգիայի բնագավառում անգնահատելի բացահայտում են արել, կիրառվում է նորագույն մեթոդՙ գերձայնային ազդեցությամբ ոչնչացնելով չարորակ բջիջները:
Հույսով ու հավատով եմ նայում Հայաստանի շեն ու ծաղկուն ապագային եւ ամբողջովին կողմնակիցն եմ թավշյա հեղափոխությանը: Մինչ այդ, երկար տարիներ, շատ ծանր ապրումների մեջ էիՙ մեր հայրենիքի վաղվա օրվա, այնտեղ իշխող համատարած անօրինականությունների եւ անորոշության պատճառով: Իսկ հեղափոխությանը ոչ միայն հեռվից եմ հետեւել, ինչպես աշխարհասփյուռ հայության գերակշիռ մասը այդ օրերին, այլեւ ակտիվ մասնակիցն եմ եղել հենց Երեւանում եւ ներկա գտնվել հանրահավաքներին: Կնոջս հետ եմ մեկնել Հայաստան, տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ եւ մոտիկից զգալու բազմահազար ժողովրդի ապրումները: Ես ամենեւին թշնամության կողմնակից չեմ, ուզում եմ, որ Հայաստանում իշխի համատարած սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ, բայց ինձ հունից հանում են նախկին հանրապետականների ներկայիս մաղձոտ ելույթները, չարությունն ու հոխորտանքը դեպի նոր իշխանությունները: Եթե նոր վարչապետն ու իր թիմը երկրում կանխել են ամենաթողությունը, օրինակ, Սաշիկի 50-50 տոկոսանոց կամայականությունները, գեներալ Մանվելի եւ մյուսների թալանը, պետական ապարատում արմատախիլ են արել համատարած կոռուպցիանՙ քաղաքացիներին հասարակ տեղեկանք տրամադրելուց սկսած, դա հեղափոխություն չէ՞, հետեւապես ի՞նչ կարիք կա հանդգնել վայրահաչելու եւ ծաղրելու նոր իշխանությունների քաղաքականությունը: Հեղափոխությունից հետո երբ ոտք դրեցի Հայաստանում ինձ ապշեցրեց համատարած ասֆալտապատումը երկրով մեկ, այնտեղ տիրող նոր շունչը, մարդկանց խանդավառությունը: Հայաստանում նախկինում կազմակերպված սեմինարների ժամանակ իմ վրացի գործընկերները դժգոհում էին ճանապարհների ողբալի վիճակիցՙ երբ անցնում էին վրացական սահմանը եւ մտնում Հայաստան: Նախկինում ինձ շատ էին ասում, որ հնարավոր չէ իմ հայրենի Դիլիջանից ավտոմեքենայով գնալ Վանաձոր, ճանապարհները ահավոր են, փոսեր եւ այլն: Ներկայումս պատկերն ապշեցուցիչ էՙ եվրոպական ստանդարտներին համապատասխան շքեղ ճանապարհներ են: Եթե նախկինում խաբել են ասֆալտապատման ժամանակ եւ մի քանի ամսից ամբողջովին ավերվել են ճանապարհները, ապա պատկերն այսօր այլ էՙ խիստ ստուգումներ են անցկացնումՙ որակը համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Ես այս տարի կնոջս եւ տղայիս հետ առաջին անգամ ոտք եմ դրել Գյումրիում: Իմ ուղեղում Գյումրին մշտապես պատկերանում էր որպես ավերակների, տնակների, զառիթափերի եւ փոսերի քաղաք: Բայց մեր զարմանքն ու հիացմունքը աննկարագրելի էր, երբ տեսանք այդ քաղաքը: Ես հարյուրավոր լուսանկարներ եմ արել Գյումրիից եւ երբ ուղարկում էի Մոսկվաՙ իմ ծանոթներին, եւ անգամՙ գյումրեցիներին, բոլորը հարցնում էին, թե որ երկրում է այդ գեղեցկությունը: Այս իրողությունը ես վերագրում եմ մեր վարչապետի խստապահանջությանը, նա հեղափոխությունից հետո գնաց Գյումրի, վեր հանեց բոլոր թերությունները եւ քաղաքն այսօր նոր վերածնունդ է ապրում, այնտեղ են անցկացնում Հայաստանի համար շատ կարեւոր, անգամ միջազգային նշանակության միջոցառումներ, ինչպիսին է, ասենք, «Ավրորայի» մրցանակաբաշխությունը, երբ Վարդանանց հրապարակում հսկա բեմ էին պատրաստել:
Քանի որ մեր ազգը հնուց շատ հմուտ է բժշկության մեջ եւ մենք ունեցել ենք շատ հայտնի բժշկապետեր, որոնցից մեկիՙ Հերացու անունով է կոչվում Երեւանի բժշկական համալսարանը, ես համոզված եմ, որ Հայաստանին բժշկության բնագավառում շատ ավելի մեծ ճանաչում եւ ապագա է սպասվում եւ հատկապես հեղափոխության շնորհիվ: Ես արդեն օրինակներ գիտեմ, որ ճանաչված հայ բժիշկներ են վերադառնում հայրենիք: Եթե ես երիտասարդ բժիշկ լինեի անպայման կվերադառնայի, բայց դարձյալ որոշում եմ կայացրել, որ այստեղ աշխատանքը թողնելուց հետո անպայման ընտանիքով վերադառնալու եմ Հայաստան եւ արդեն հասցրել եմ բնակարան ձեռք բերել այնտեղ:
Ես հավատում եմ Հայաստանի ապագային, այն կարճ ժամանակում դառնալու է մի այնպիսի զարգացած ու ծաղկուն երկիր, ինչպիսին Իսրայելն է, որտեղ այսօր մշտական բնակության են վերադառնում աշխարհի ամենահարուստ երկրներից, անգամ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից: Եվ ես հավատում եմ, որ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանի հետ:
Այս քանի օրը կարդացիՙ խոնարհվում եմ Շառլ Ազնավուրի տղայիՙ Նիկոլյայի առաջ, որ ընտանիքի հետ եկել են Հայաստանՙ մշտական բնակության եւ քաղաքացիություն է շնորհվել նրանց: Այդպիսի մարդիկ են, որ հույս են ներշնչում, որ մեր երկիրն իրոք ծաղկելու է, շենանալու է, մեր երկիրը հավերժ է…
Պրոֆեսոր Մկրտումյանի հետաքրքրության հիմնական գիտական ոլորտները 2-րդ տիպի շաքարախտի անոթային բարդությունների պաթոգենետիկ եւ գենետիկ կողմերն են: Շաքարախտի եւ նյութափոխանակության համախտանիշի վերաբերյալ նրա հետազոտական ծրագիրը կենտրոնանում է ածխաջրածին նյութափոխանակության խանգարումների բարդությունների բուժման ժամանակակից մոտեցումների ուսումնասիրության վրա:
Աշոտ Մկրտումյանը էնդոկրինոլոգիայի «Արդյունավետ դեղագիտություն» ամսագրի գիտական խմբագիրն է, Ռուսաստանի մի շարք առաջատար բժշկական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ: Հեղինակ է ավելի քան 300 հրատարակությունների, ներառյալ 3 մենագրություն, 8 մեթոդական ձեռնարկ, 1 բժշկի ձեռնարկ, համահեղինակ է «Էնդոկրին համակարգի հիվանդությունների եւ նյութափոխանակության խանգարումների ռացիոնալ դեղագործությունը» աշխատության: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ դոկտորական եւ մագիստրոսի թեզեր:
Մեր զրույցի ժամանակ Աշոտ Մկրտումյանը բժշկի իր բազմամյա պրակտիկայից շատ հետաքրքիր տեղեկություններ եւ խորհուրդներ հաղորդեց մարդկության չարիքներից մեկիՙ շաքարախտ հիվանդության եւ այդ հիվանդությունը տանելի դարձնելու վերաբերյալ:
«Շաքարախտն այսօր շատ տարածված է, հողագնդի վրա ներկայումս գոյություն ունի մոտավորապես 425 միլիոն շաքարախտով հիվանդ: Ըստ միջազգային դիաբետալոգիական ֆեդերացիայի տվյալներիՙ բացի այդ 425 միլիոնից կա նաեւ մոտավորապես 300 միլիոն դեռեւս չախտորոշված հիվանդ: Եթե գումարենք այդ թվերը, ապա ստացվում է, որ 700 միլոնից ավելին է հիվանդների թիվը: Այդ նույն կազմակերպություն տվյալներովՙ գոյություն ունի նաեւ մոտ 200 միլիոն նախադիաբետային հիվանդ, եւ եթե այդ թիվն էլ գումարենք, ապա աշխարհում գոյություն ունի ածխաջրերի նյութափոխանակության խանգարում ունեցող մեկ միլիարդից ավելի մարդՙ դիաբետով հիվանդ: Այսինքն մոլորակի ամեն 4-րդ մարդը նյութափոխանակության խանգարում ունի: Շաքարախտը բազմաթիվ տիպերՙ փուլեր ունիՙ առաջին, երկրորդ եւ այլն: Ամենատարածվածը, շուրջ 90 տոկոս, երկրորդ տիպն է եւ պայմանավորված է երեք հանգամանքովՙ ճարպակալություն, շատակերություն եւ ֆիզիկական ցածր ակտիվություն: Սա լուրջ հիվանդություն է, ամեն վեց վայրկյանը մեկ երկրորդ կարգի շաքարախտով տառապող մեկ հիվանդ է մահանում աշխարհում:
Ի դեպ, նոյեմբերի 14-ը Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, (World Diabetes Day), այն 1991թ. սահմանել են Շաքարախտի միջազգային ֆեդերացիան եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ռուսաստանում բնակչության 55-60 տոկոսն ունի ավելորդ կշիռ: Գրեթե համանման պատկեր է տիրում նաեւ Հայաստանում: Ես հաճախակի հրավիրվում եմ Հայաստան, ելույթներ եմ ունենում, ծանոթ եմ հայ էնդոկրինոլոգների հետՙ պրոֆեսոր Ելենա Աղաջանով, դոցենտ Էդուարդ Թորոմոնյան եւ այլոք, ովքեր քաջ հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ համաշխարհային դիաբետալոգիայի եւ էնդոկրինոլոգիայի ասպարեզում: Հայաստանում, այս առումով, գիտական միտքը միջազգային մակարդակի վրա է, սակայն իմ ունեցած տվյալներով, մինչեւ թավշյա հեղափոխությունը, պետությունը սահմանափակ ֆինանսավորում էր հատկացնում շաքարախտով հիվանդներին, որպեսզի վերջիններս լիարժեք հոգային իրենց պարտադիր դեղորայքային կարիքներն ու պատշաճ բուժում ստանային: Մինչդեռ քաղաքակիրթ երկիրը մյուսներից տարբերվում է սոցիալական հիվանդությունների նկատմամբ պետության վերաբերմունքով, այդ տարաբախտ մարդկանց բուժումն ամբողջությամբ պետք է անվճար լինի, պետությունը պետք է իր վրա վերցնի նրանցՙ ցմահ հիվանդների բոլոր ծախսերը, ինչը, ցավոք, Հայաստանում բացակայում էր նախկին ռեժիմի տարիներին: Հիվանդը պետք է մինչեւ կյանքի վերջը անհրաժեշտ դողորայքը ստանա եւ դրան զուգահեռՙ այդ մարդկանց միակ փրկությունը կյանքի ապրելակերպը ամբողջովին փոխելն էՙ առողջ սնունդ, դիետա, ֆիզիկական ակտիվություն: Ես իմ ելույթներում հաճախ եմ խորհուրդ տալիս, որ հիվանդների շրջապատում դիետա բառը երբեք չօգտագործեն, որովհետեւ դա նրանց դնում է որոշակի կաշկանդվածության մեջ, ներքին անհանգստություն են ապրում, նրանց թվում է, թե բժիշկները փորձում են սահմանափակել իրենց իրավունքները, որ առանց բժիշկների էլ իրենք գիտեն այդ մասին, բայց շատ հաճախ չեն էլ գիտակցում, որ դիետալոգիան առանձին գիտություն է, որի մեջ պետք է լրջորեն խորամուխ լինել եւ պահպանել հիվանդությանը հակացուցված պայմաններն ու առաջնորդվել անհրաժեշտ սննդակարգով: Ժամանակին եղել է շատ հայտնի պրոֆեսոր Մայքլ Բերգեր, որը ասել է, թե երկրորդ կարգի շաքարային դիաբեդը հիվանդություն չէ, այլ ապրելակերպ, կյանքի պայման: Ահա այս միտքն ասես անգիր են արել բժիշկներն ու բոլոր հիվանդներին ասում են, թե մի անհանգստացեք, եւ վկայակոչում են Բերգերի նույն նախադասությունը: Մենք Մայքլ Բերգերին մեղադրել չենք կարող, քանի որ այդ նախադասությունից հետո նա շարունակել է միտքը, եւ ասել հետեւյալը, որի մասին շատ բժիշկներ տեղյակ չեն. «Շաքարախտով հիվանդները չպահպանելով անհրաժեշտ կանոնները նմանվում են այն մարդուն, որը վարորդ չէ, բայց նստել է մեքենայի ղեկին եւ դուրս եկել ծանրաբեռնված մայրուղի եւ հայտնի չէ մահվան ճիրաններից տուն կվերադառնա՞, թե ոչ»:
Շաքարախտը շատ ծանր հիվանդություն է, որը բերում է երիկամների վերջնական ախտահարմանը: Ինչի՞ց են մահավում շաքարախտային հիվանդները. առաջին տեղում սրտի անբավարարվածությունն է: Այսօր երկրորդ կարգի շաքարախտի բուժման համար, բացի ինսուլինից գոյություն ունի ութ կարգի ժամանակակից դեղամիջոց (ամեն կարգը մի քանի տեսակի դեղամիջոց ունի), որոնցից եթե, օրինակ, երկրորդ կարգի շաքարախտով հիվանդը միայն մեկ հաբը օգտագործի, ապա լիարժեք բավարար կլինի, քանի որ եւ շաքարն է իջեցնում, եւ կշիռը եւ արյան ճնշումը: Այդ դեղամիջոցները շատ բարձր տոկոսով կասեցնում են նաեւ սիրտանոթային մահաբերությունը, չեն ազդում ենթաստամոքսային գեղձի վրա եւ համոզված եմ, որ դրանցից գոնե մեկնումեկը Հայաստան ներմուծվում է (հնարավոր է նաեւ երեքն էլ ներմուծվում են): Այդ դեղամիջոցները պետք է անպայման նշանակի բժիշկը, քանի որ խիստ անհատական ենՙ կախված տվյալ հիվանդի երիկամների, լյարդի, այլ կարեւոր օրգանների աշխատանքից, ինչպես նաեւ մարդու հիվանդության պատմությունից:
Հակաճարպակալման դեղամիջոցները շատ չեն, հիմնականում երկու դասակարգի են, որոնք կենտրոնական ազդեցություն ունեն ուղեղիՙ սովի եւ հագեցվածության կենտրոնների վրա: Դրանք ամերիկյան դեղամիջոցներ էին եւ տարիներ առաջ հետ կանչվեցին շուկայից, քանի որ բարդությունների տեղիք էին տալիս եւ պարզվել էր, որ դրանց տված օգուտը ավելի նվազ է, քան վնասը, ինֆարկտի եւ ինսուլտի տոկոսը բարձրացավ այդ մարդկանց մոտ, բայց Ռուսաստանում եւ այլ երկրներում այդ դեղամիջոցը կրկնօրինակեցին:
Այսօր գոյություն ունի նաեւ գիրությամբ եւ շատակերությամբ տառապող հիվանդների շաքարախտի բուժում վիրաբուժական միջամտությամբՙ փոքրացնում են ստամոքսը եւ հիվանդը զգալի չափով կշիռ է կորցնում: Մեր կենտրոնում գոյություն ունի այդպիսի բաժին, որը ես եմ ղեկավարում: Պետությունը այդ մեթոդը չի ֆինանսավորում, օրինակ, Ռուսաստանում այն 150-170 հազար ռուբլի է:
– Ուզում եմ հավաստիացնել,-խոսքը շարունակում է Աշոտ Մկրտումյանը, որ հայ բժիշկները Ռուսաստանում, Հայրենիքի կարոտը հոգում անթեղած, զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` հիվանդությունների արագ եւ ճշգրիտ ախտորոշումովՙ մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ: Մեծ ճանաչման արժանացած եւ միջազգային հեղինակություն վայելող հայազգի բժիշկներ շատ ունենք Ռուսաստանում: Նրանցից հետ չեն մնում նաեւ երիտասարդները, ովքեր իրենց ստացած գիտելիքների հետ միասին ուսումնասիրելով ավագների փորձն ու սնվելով մեր ազգային բժշկության ավանդույթներով, արդեն սկսելել են հաջողություններ արձանագրել: Նրանցից կուզեի հիշատակել էնդոկրինոլոգ Զառա Սահրադյանի անունը:
Զառան 1995-2001 թթ. ուսանել է Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում, 2001-2003 թվականներինՙ նույն համալսարանի կլինիկ․ օրդինատուրայումՙ «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ: 2007-2008 թվականներին սովորել է Երեւանի Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկ․ օրդինատուրայումՙ «Էնդոկրինոլոգիա» մասնագիտությամբ:
2006-2019 թվականներին աշխատել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում» որպես էնդոկրինոլոգ:
Երիտասարդ բժշկուհին մասնակցել է միջազգային տարբեր գիտաժողովների, ունի մի շարք տպագրված գիտական հոդվածներ, վերապատրաստումներ է անցել Մոսկվայի Էնդոկրինոլոգիայի գիտական կենտրոնում, մասնակցել է Կոլումբիայի համալսարանի «Դիաբետ» սեմինարին, իսկ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բուժինֆո» հաղորդաշարի եւ ֆեյսբուքյան համանուն ուղիղ եթերների ընթացքում պատասխանել է իրեն դիմած հիվանդների բազմաթիվ հարցերինՙ տալով արժանահավատ եւ սպառիչ պարզաբանումներ։
– Բժշկի համար շատ կարեւոր է նվաճել մարդկանց հավատն ու վստահությունը,- ասում է Զառա Սահրադյանը: – Այսօր բժշկությունը մեծ արագությամբ զարգանում է, ներդրվում են նորագույն տեխնոլոգիաներ, բայց այդ ամենից զատՙ կայուն գիտելիքներով եւ մարդկային բարձր առաքինություններով օժտված բժիշկը պետք է ամուր եւ վստահ կանգնած լինի մարդու կողքին, եւ որ ամենակարեւորն էՙ մարդու համար ամենաարժեքավորի` առողջության պահպանման դիրքերում:
Ռուսաստանի հայ բժիշկների կատարած ամենաբարդ, անհավանական սխրանքների մասին վկայում են հենց իրենք` հիվանդներն ու նրանց հարազատները: Բժշկի համար ամենամեծ գնահատականը հիվանդների եւ նրանց հարազատների երախտիքի խոսքերն են, իսկ հիվանդների համարՙ վստահությունն ու հավատը, քանզի հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է: