Դատելով ներքաղաքական օրակարգերից, խորհրդարանի ու կառավարության նիստերի բովանդակությունից, հրապարակներում ու համալսարանների առջեւ անցկացվող բողոքի ցույցերից ու հրաժարականի պահանջներից, դատական անվերջանալի գործերից, հատկապես վարչապետի ջղաձիգ ճառերից ու ասֆալտաբանություններից, նաեւ լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է կարծիք կազմել, որ աշխարհաքաղաքական բուռն զարգացումները շրջանցել են մեր երկիրը, եւ Հայաստանը գտնվում է գլոբալ խնդիրների լուսանցքներումՙ երջանիկ մեկուսացման, ավելի շուտՙ ինքնամեկուսացման մեջ: Փոփոխվող աշխարհը կարծես մեզ ծանոթ է միայն մակերեսային դրսեւորումներով, եւ մենք, ազգովին, դեռեւս 100 տարով ետ ենք գտնվում մեր ամենաարդիական բանաստեղծիՙ Եղիշե Չարենցի գիտակցական մակարդակից (Հիշո՞ւմ եքՙ «Վաղո՜ւց է դարձել աշխարհը մի փոքրիկ, փոքրիկ փողոց»):
Մեր ներկա համարի 4-րդ էջում, ինչպես խոստացել էինք նախորդ համարում, թարգմանաբար ներկայացնում ենք հայտնի հրապարակախոս Երվանդ Ազատյանի հոդվածը Մ. Նահանգների կոնգրեսի ստորին պալատում Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման հանգամանքների, կուլիսների հետեւում ծավալվող գործընթացների, միջինարեւելյան եւ հատկապես սիրիական թնջուկի մեջ հայկական գործոնի շահարկման եւ այլ երեւույթների մասին: Մինչ Հայաստանում բնականաբար գոհունակությամբ ընդունված օրինագծի հաջողության պատճառ էին համարվում գլխավորաբար ամերիկահայ լոբբիստների հետեւողական աշխատանքը եւ, թերեւս, դեմոկրատների հակամարտությունը նախագահ Թրամփի հետ, ինչպես նաեւ Թուրքիա-ԱՄՆ սրված հարաբերությունները, պարզվում էՙ բանաձեւի ընդունման գործում խառնված են եղել նաեւ տարածաշրջանային ու միջազգային տարբեր խաղացողներՙ իրենց ուրույն շահերով: Ոչ թե հանուն Հայաստանի ու հայության, այլ ընդդեմ ա՛յս օրերի Թուրքիայի ու Էրդողանի արկածախնդիր քաղաքականության:
Եվ կարծես հաստատելու համար հայկական գործոնի կամա թե ակամա ներգրավումը աշխարհաքաղաքական առճակատումներում, ընդամենը մի քանի օր առաջ պատահեց Ղամիշլիի հայ կաթողիկե քահանայի ու նրա հոր սպանությունը, որի մանրամասնությունների ու հետեւանքների վերլուծության մեջ, ի տարբերություն մեզ, այս օրերին խորապես մխրճված են ռուսական լրատվամիջոցներն ու վերլուծաբանները: Նրանք բնավ չեն խուսափում, դարձյալ ի տարբերություն մեզ, այդ, ինչպես նաեւ նախորդ 8 տարիների ընթացքում Սիրիայում պատահած հակահայկական եւ ընդհանրապես հակաքրիստոնեական բազում ոճիրների վրա սեւեռվելուց եւ դրանք դիտարկելուց որպես Թուրքիայի թաքուն-բացահայտ քաղաքականությունը մեր եւ մեր բախտակիցների նկատմամբ, ինչպես կարելի է եզրակացնել կողքի սյունակներում համադրված ռուս վերլուծաբանների կարծիքներից:
Ավելինՙ դեռ երեկ, Վաշինգտոնում, նախագահներ Թրամփ-Էրդողան հանդիպման եւ դրան հետեւած մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես մեր թերթի 3-րդ էջում տեղեկացնում է մեր թուրքագետ աշխատակիցը, հայտնապես բանակցության հարց է դարձել Հայոց ցեղասպանության ճանաչման թեմանՙ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւի համատեքստում: Ու թեեւ մենք չլսեցինք ԱՄՆ նախագահի կարծիքը, փոխարենը մեկ անգամ եւս ծանոթացանք Էրդողանի փչոցներինՙ պատերազմ էր, երկուստեք եղան հազարավոր զոհեր, մեր արխիվները բաց են, ֆլան-ֆստան: Այս պարագայում էլ փաստորեն ոչ թե ցեղասպանության հարցի էությունն ու հետեւանքներն էին շոշափվում, այլՙ այդ հարցի շրջանակներում հայկական գործոնի ժխտման խնդիրը թուրքերի ու թուրքամետների կողմից:
Այո, ուզենք թե չուզենք, մեզ ձեռնտու է թե ոչ, հայկական գործոնը առկա է եւ առկա է լինելու տարածաշրջանային հակադրությունների եւ հավասարումների, նաեւՙ առաջին հերթինՙ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների ու դրանց զսպման գործում, ներառյալ մեր հարցերի հարցիՙ Արցախի խնդրի կարգավորման խնդրում: Այս պայմաններում տեղին է հարցնելՙ Արցախը ավելի կարեւոր է Ադրբեջանի՞ համար, թե՞ Թուրքիայի: Ինձ թվում էՙ ավելի շուտՙ Թուրքիայի, որի ծավալապաշտական ծրագրերի դիմաց նեղաշերտ Զանգեզուրի պատվարի նվաճումը հայկական հզոր Արցախի առկայության պայմաններում դառնում է անհաղթահարելի, եւ դրանով իսկ կարեւորվում է հայկական գործոնի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանի քարտեզի փոփոխման-չփոփոխման կատաղի պայքարում:
Հիմնովին խախտելով Կարսի պայմանագրի մի քանի դրույթներ, Թուրքիան դե ֆակտո այժմ յուրացրել է Նախիջեւանիՙ իբր թե ինքնավար հանրապետությունը ու երազում է մեր սահմանները կտրել-անցնել ու միանալ «Մեծ Թուրանի» կրտսեր եղբորըՙ Ադրբեջանին եւ մյուսներին…
Ահա՛ թե ինչ նշանակություն ունի հայկական գործոնը տարածաշրջանի երկրների, մեծ խաղացողների եւ առաջին հերթին Թուրքիայի համար:
Այդ գործոնի դերի, պարտականությունների, պաշտպանության ու ամրության ամբողջական գիտակցումը նախապայման է հայկական գերիշխան պետության գոյատեւման ու զարգացման համար: Տասներորդական հարցերը պետք է դուրս մղվեն մեր իշխանությունների օրակարգից: Ինչպես մեր քաղաքական դասականն է ասելՙ «Պահն է լրջանալու»: