Բէյրութի «Հայկազեան հայագիտական հանդէսի» այս տարուայ հատորը (թիւ 39) աննախադէպ է նախ եւ առաջ մրցանիշային իր ծաւալովՙ 927 էջ: Մի կողմից դրական է մեծ քանակութեամբ հայագիտական նոր նիւթերի մէկտեղումը մէկ յարկի տակ, միւս կողմից թուայնացած մեր դարում հաստափոր թղթէ հատորները նուազ գործնական են դառնում: Ինչեւէ, հրապարակի վրայ ունենք եւս մէկ գիտական հատոր, որն ընդգրկում է ընդհանուր առումով 54 նիւթՙ 48 յօդուած-ուսումնասիրութիւն, քննարկում եւ հրապարակում ու վեց գրախօսականՙ բացառեալ խմբագրականը եւ նախորդ հատորի շնորհանդէսների մասին մշտական լրատուն: Հատորի նիւթերն ընդգրկում են հետեւեալ ոլորտներըՙ պատմութիւն (19), գրականագիտութիւն (8), մարդաբանութիւն (5), լեզուաբանութիւն, հնագիտութիւն, ազգագրութիւն (երեքական), երաժշտագիտութիւն (երկուական), տնտեսագիտութիւն, արուեստաբանութիւն, կինոգիտութիւն (մէկական): Նիւթերը հայերէն են, միայն ութըՙ անգլերէն եւ մէկըՙ ֆրանսերէն: Հեղինակների ճնշող մեծամասնութիւնը Հայաստանից է, սփիւռքահայ հեղինակներըՙ մեծ մասամբ Լիբանանից: Մէկական հեղինակներ էլ կան հետեւեալ երկրներիցՙ ԱՄՆ, Արգենտինա, Թուրքիա, Լեհաստան, Կիպրոս, Հունգարիա, Մեքսիկա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ֆրանսիա:
Սոյն հատորի խմբագրականըՙ «Յանձնառութիւն, Պահանջ, Երաշխիք» վերտառութեամբ, ասես կանխատեսել է այսօր Հայաստանում հայագիտութեան առջեւ ծառացած հերթական մարտահրաւէրները, որի աւարտը եւս մէկ անգամ հարկ է համարում յիշեցնել, որ հայագիտութիւնն այսօր «պետական ու ազգային որոշում կայացնողներու միտքին մէջ պէտք է ընկալուի իբրեւ ազգային ռազմավարութեան ծրագրումի անփոխարինելի միջոց» (էջ 5):
Հատորի հիմնականՙ «Յօդուած-Ուսումնասիրութիւններ» բաժինը սկսւում է Թաթուլ Մանասէրեանի «ՀՀ Տարածքների Համաչափ Զարգացումը եւ Տարաբնակեցումը Որպէս Համազգային Առաջնահերթութիւն» ուսումնասիրութեամբ, որը վերաբերում է մասնաւորապէս Հայաստանի գիւղական համայնքների զարգացման ռազմավարութեանը. հեղինակը գործնական առաջարկներ է կատարում դրանց զարգացման անհամաչափութիւնների յաղթահարման համար:
Լիլիթ Սիմոնեանի «Մհերի Դուռ. Քրիստոնեայ Ժողովրդի Նախաքրիստոնէական Սրբավայրը» ներկայացնում է Մհերի պաշտամունքը որպէս Վանի տարածաշրջանին բնորոշ տեղական երեւոյթ, թէ ինչպէս մասնաւորապէս կանայք եւ աղջիկներն են խնդրարկու դարձել «ազնաւուր» Մհերի մօտ:
Հենրիկ Բախչինեանի «Հայկական Հնագոյն Ժամերգերը եւ Սահակ Պարթեւը» հետազօտութիւնը քննում է վաղ միջնադարեան ժամերգերը (մասնաւորապէսՙ առաւօտերգերը), որոնց զգալի մասի հեղինակութիւնը հաստատապէս վերագրւում է Սահակ Պարթեւին:
Գէորգ Ղազարեանը «Կիւրեղ Սկիւթապոլսեցու Տեղեկութիւնները Ե.-Զ. Դարերի Պաղեստինի Հայ Վանականների Մասին» նիւթում յունալեզու վարքագրութիւններից պեղել է տեղեկութիւններ մ. թ. 4-րդ դարում Պաղեստինում գործած հայ միաբանների (Եւթիմիոս Մեծ, Սաբբա Սրբացեալ, Յովհաննէս Լռակեաց) մասին:
Արսէն Շահինեանը «Հայոց Հայրապետերի Իրաւասութեան եւ Հովանու Ներքոյ Գտնուող Տարածքները (Է.-Ը. Դարեր)» ուսումնասիրութեան մէջ 6-12-րդ դդ. տարբեր լեզուներով աղբիւրների հիման վրայ ճշգրտել է այն տարածքները, որոնք գտնուել են հայոց կաթողիկոսարանի հովանու եւ իրաւասութեան ներքոյ:
Մարիամ Գրիգորեանի «Հայ Ազնուական Կանանց Նուիրատուական Գործունէութիւնն Անիում (Ժ.-ԺԴ. ԴԴ.)» յօդուածը ի մի է բերել անեցի այն տիկնանց (Կատրանիդէ թագուհի, Սթէէս իշխանուհի, երէցկին Խուշուշ եւ այլք), որոնք կառուցել են եկեղեցիներ, դրամական եւ շէնքային նուիրատւութիւններ կատարել, իրենց ամուսինների հետ եղել են համասեփականատէրեր եւ անգամ մասնակցել են առեւտրական գործարքների:
Տիգրան Պետրոսեանցի «Վաչէ Ա. Վաչուտեանՙ Կողմնակալ-Փոխարքայ (ԺԳ. Դարասկիզբ)» յօդուածը պատկերում է Այրարատ նահանգը եւ շրջակայ գաւառները ղեկավարած պետական մի այրի գործունէութիւնը, մասնաւորապէս նրա դերը տարածաշրջանի կարեւոր եկեղեցիների կառուցման գործում:
Աստղիկ Մուշեղեանի «Հայ Երաժշտական Մշակոյթը Վան-Վասպուրականի եւ Մերձակայ Շրջանների Վանքերում (ԺԴ.-ԺԸ. ԴԴ.)» աշխատութիւնը ներկայացնում է հիմնականում ձեռագիր աղբիւրներում յիշուած երաժիշտ-փիլիսոփաներիՙ թուարկելով տասնեակ անուններ եւ գնահատելով նրանցից մի քանիսի թողած երաժշտական-բանաստեղծական ժառանգութիւնը:
Արմէն Հայրապետեանի «Դրուագներ Ալեքսանդրապոլի ՀՅԴ Կառոյցիՙ Երկիր Զինամթերք Փոխադրելու Գործունէութիւնից (ԺԹ. Դարավերջ-Ի. Դարասկիզբ)» յօդուածը ցոյց է տալիս, թէ ինչպէս զինատար խմբերի անարդիւնաւէտ գործունէութիւնից ալեքպոլցի դաշնակցականներն անցում են կատարել հայ եւ քուրդ շալակաւորների միջոցով փոքր խմբաքանակներով զէնքի փոխադրման մարտավարութեանը:
Եղիկ Ճէրէճեանի «Վերստին Կարդալով Ժիրայրի Կենսագրութիւնը (Կարգ մը Վարկածներու Քննութիւն)» նորովի է մեկնաբանում համիդեան բռնակալութեան դէմ ազատագրական պայքարի գործիչ Ժիրայրի (Մարտիրոս Պօյաճեան, 1876-1890) կենսագրութեան որոշ դրուագներ:
Սուրէն Դանիէլեանը «Թռիչքի Առեղծուածըՙ «Վե՛ր, Աւելի Վե՜ր» (Զօհրապի Ստեղծագործութիւնը)» յօդուածում վիճարկում է Գրիգոր Զօհրապի արձակի հարազատութիւնը եւրոպական նատուրալիստական գրականութեանըՙ իր կարծիքը հիմնաւորելով «նորավէպի իշխանի» եւ ժամանակի գրողների (Տիւսաբ, Նար-Դոս, Մոպասան, Զոլա) ստեղծագործութիւնների միջեւ զուգահեռներ կատարելով:
Հերվէ Ժորժըլէնը «Մի Հայ Աքսորականի Հայեացքը Կանանց. Երուանդ Օտեանի Յուշերը» յօդուածում (անգլերէն) փորձել է առանձնացնել մեծ երգիծաբանի ստեղծած հայ կնոջ կերպարը տեղահանութեան եւ կոտորածների ժամանակՙ լուսարձակի տակ առնելով գաղթական հայուհու կերպարը, մտածելակերպը, վարվելակերպը, փորձութիւներն ու վճռական դերակատարութիւնը:
Ռուբէն Սահակեանի «Հայ Ազգային-Ազատագրական Շարժման Անմար Դէմքերիցՙ Կոստանդին Համբարձումեան» ուսումնասիրութիւնը ծնունդով շուշեցի գործչի մասին է, որը եղել է Արեւմտեան Հայաստանի ազատագրման նուիրեալ, մասնակցել Զանգեզուրի ինքնապաշտպանութեանը, գլխաւորել Վասպուրականի հայերի նահանջը…
Արտակ Ասատրեանը «Սիւնիք-Արցախի Գօտիների Գեղազարդման Ընդհանուր Բնութագիր (Ոճաւորում, Խորհրդիմաստ, Տարբերակներ, Զուգահեռներ, Յարգադրոշմներ)» հետազօտութեան մէջ առանձնացրել է այդ գօտիների առնուազն հինգ խումբ, քննել դրանց ընդհանրութիւնները եւ հայ ժողովրդական արուեստի հետ ունեցած կապերը:
Սվանտէ Լունդգրենը «Սկանդինավցի Միսիոներուհիների Մասնակցութիւնը Հայասիրական Շարժմանը» (անգլերէն) յօդուածում քննել է Հիւսիսային Եւրոպայի երկրներում սկիզբ առած հայանպաստ շարժման մանրամասները, ազդակները, առաջին միսիոներուհիներին, նրանց գործունէութեան շրջանակը, նուիրումի տեւողութիւնը եւ առաքելութեան բարեշրջումները:
Գէորգ Ստեփանեանը «Շամախու եւ Բաքուի Հայ Աւետարանական Համայնքները (Համառօտ Ակնարկՙ Կազմաւորումից Մինչեւ 1918)» ուսումնասիրութեամբ ներկայացրել է այդ համայնքների վերաբերեալ պատմական իրողութիւններ եւ դրանց ունեցած որոշ առաջադիմական դերը տեղի հայութեան կրթութեան եւ բարեգործութեան բնագաւառներում:
Կարինէ Ալեքսանեանի «Թուրքական Ժխտողականութիւնը Կովկասում (1917-1918)» աշխատութիւնը ծանօթացնում է Առաջին աշխարհամարտի աւարտական փուլում թուրքերի իրականացրած ժխտողական ռազմավարութիւնը եւ Կովկասի հայութեան ու արեւմտահայ գաղթականների բնաջնջումը:
Եւա Մնացականեանը «Թումանեանի Յայտնութիւնը 50ամեակի Յոբելենական Հրապարակումներում» յօդուածում ի մի է բերել 1919 թուականին հայ մամուլում Ամենայն հայոց բանաստեղծի վերաբերեալ տպագրուած նիւթերը ու դրանցից յառնող Թումանեանի հմայիչ կերպարը:
Հայկ Մարտիրոսեանի «Յովհաննէս Քաջազնունու Գործունէութիւնը Արտասահմանում» ուսումնասիրութիւնը ներկայացնում է Հայաստանի Ա. հանրապետութեան վարչապետի արտասահմանեան առաքելութիւնը 1919-1920 թթ.ՙ նշելով դրա դրական եւ ժխտական կողմերը:
Վարդան Մատթէոսեանը «Միհրան Խայեանՙ Հայաստանի Հանրապետութեան Օդուժի Ռահվիաներէն» հետազօտութեան մէջ բացայայտում է հայ օդագնացութեան քիչ ուսումնասիրուած էջերը ու նրա սկզբնաւորողներից մէկի կեանքի ոդիսականը:
Պետէր Պալ Կրանիցի «Հայկական Հարցի Լուծարումը եւ Ազգերի Լիգայի Տագնապը» ընդարձակ ուսումնասիրութիւնը (անգլերէն) ներկայացնում է Ազգերի Լիգայի դիրքորոշումները Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանութեան (նախալեմկինեան հասկացութեամբ) հանդէպ:
Յասմիկ Եսայեանի «Մշակութափոխման Դրսեւորումներ Ֆրեզնոյի Շրջանի Ա. եւ Բ. Սերնդի Հայերի Շրջանում (1900-1930ականներ)» յօդուածում ներկայացուած են ամերիկահայ հնագոյն համայնքներից մէկում առկայ երեւոյթները (խառնամուսնութիւններ, անուանափոխութիւն, ազգային-մշակութային նկարագրի փոփոխութեան որոշակի պայմաններ ու կանոններ):
Սվետլանա Սարգսեանը «Հայ Երաժշտութեան Համարկումի Գործընթացները» աշխատութեան մէջ (անգլերէն) ուսումնասիրում է հայ երաժշտութեան մէջ վերջին տասնամեակներին առկայ համարկման (ինտեգրացիոն) գործընթացներն իմաստաբանութեան, սեռի, ոճական եւ լեզուական օրինաչափութիւնների ոլորտներում:
Լիլիթ Լուսինէ Սէյրանեանի «Գորգի Գեղագիտական Կշռոյթը Կեանքի եւ Գրի Զուգահեռներում» յօդուածը քննում է գորգի խորհրդանիշը հայ եւ համաշխարհային գրականութեան օրինակների հիման վրայ:
Կարինէ Ռաֆայէլեանը «Հայ Քնարերգութիւնը Խորհրդային Եւ Անկախութեան Շրջանի Ճամփաբաժանին (Դիտարկումներ)» հետազօտութիւնը արժեւորում է 1980-ականների վերջի, 1990-ականներին սկզբի հայաստանեան պոեզիայի դաշտըՙ կենտրոնանալով մասնաւորապէս հինգ բանաստեղծների ստեղծագործութեան վրայ:
Նոյնպէս մերօրեայ հայ քերթողութեանըՙ ի դէմս պոլսահայ ժամանակակից ականաւոր բանաստեղծի, մասնագիտական գնահատական է տրուած Քնարիկ Աբրահամեանի «Իգնա Սարըասլանի Բանաստեղծութեան Հորիզոնները» ուսումնասիրութեան մէջ:
Յաջորդ երեք գրութիւնները վերաբերում են լեզուաբանութեանը: Գաղթուհի Հանանեանի «Դարձեալ Կ(ը) Եղանակիչի Մասին» յօդուածը նոր փաստերի հիման վրայ յաւելումներ է կատարում հայերէնի կ(ը) մասնիկի ծագման մասին արտայայտուած կարծիքներին: Եուրի Աւետիսեանը «Ժամանակակից Գրական Արեւելահայերէնի Անկանոն Բայերի Ուսումնասիրութիւնը եւ Ուսուցումը» յօդուածում ներկայացած են չորս աղիւսակՙ գրական արեւելահայերէնի անկանոն բայերի շեղումներն ու անկանոնութիւնները համակարգուած ներկայացնելու ու դրանց ուսուցումն առաւել արդիւնաւէտ դարձնելու նպատակով: Իսկ Արմենակ Եղիայեանի «Իմաստաբանութիւն Ա. (Ա-Հ)» գրութեան մէջ ի մի են բերուած բառային շփոթելի զոյգերի ցանկերՙ Ա-ից Հ տառըՙ բացատրելով իւրաքանչիւր խնդրական բառերի իմաստներն ու տարբերութիւնները:
Մելինէ Անումեանի «Հայոց Ցեղասպանութեան եւ Հայկական Հարցի Թեմաներով 2008-18ին Թուրքիացի Մտաւորականների Ուսումնասիրութիւնները» քննական հայեացք էՙ ուղղուած ժամանակակից թուրք մտաւորականներիՙ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ այլազան աշխատութիւններին:
Գժեգոժ Պելչինսկիի «Հայերը Լեհաստանում Ի. Դարում» ակնարկը (անգլերեն) ներկայացնում է լեհահայ համայնքի ոչ վաղ անցեալն ու ներկան, մասնաւորապէս նոր համայնքների կազմաւորումն ու նկարագիրը:
Տ. Ներսէս Քահանայ Ասրեանը «Գնդերէցների Ծառայութիւնը Հայոց Բանակում» յօդուածում տեղեկութիւններ է հաղորդում ՀՀ Զինուած ուժերում հոգեւոր առաջնորդութեան վերաբերեալ:
Կարէն Մկրտչեանի «Հայաստանի Հանրապետութիւն-Իրանի Իսլամական Հանրապետութիւն Տնտեսական Յարաբերութիւններըՙ Որպէս Տարածաշրջանի Անվտանգութեան Գործօն» ուսումնասիրութիւնը ոչ միայն ներկայացնում է այդ յարաբերութիւնների պատմականը, այլեւ կատարում գործնական առաջարկներ հայոց պետականութեան համար խիստ կենսական այդ ոլորտի զարգացման հաար:
Արման Մալոյեանը («Օձուն. Թեմի Կազմաւորումը եւ Վանքապատկան Գիւղերի Տեղավայրերը
(ԺԸ. Դարի Վերջին Քառորդ-ԻԱ. Դարասկիզբ») փորձել է ներկայացնել 18-րդ դարի վերջին կարճատեւ կեանք ունեցած Օձունի թեմի պատմութիւնը:
Զաւէն Մսըրլեանը «Հայոց Մասնակցութիւնը Լիբանանի Նախագահ Միշէլ Աունի (2016-) Նախագահութեան Շրջանի Խորհրդարանական Ընտրութիւններուն» ակնարկը (անգլերէն) շարունակում է «Հայկազեան հայագիտական հանդէսի» նախորդ հատորներում ընդգրկուածՙ Լիբանանի նախագահական ընտրութիւններում հայերի մասնակցութեան պատմութեան վաւերագրումը:
«Քննարկումներ» բաժինը բացւում է Զաւէն Կնեազեանի «Քարաշամբի Գաւաթի Շեփորներուն Առեղծուածին Բացայայտումը» յօդուածով, որտեղ հեղինակը եզրակացրել է, որ բրոնզէդարեան մի գաւաթի վրայի պատկերները մեծածաւալ շեփորներ են:
Յաջորդ նիւթըՙ Հեղինէ Մկրտչեանի «Սուրբ Վայրերում Հայ Եկեղեցու Կուսանոցների Գոյութեան Հարցը», ներկայացնում է մի վարկածՙ Անաստաս Վարդապետի թղթում ակնարկուած հայ միանձնուհիների մենաստանի վերաբերեալ:
Վարդան Մխիթարեանի «Տարածաշրջանի Առաջին Ֆրանսերէն Քարտէզի Ստեղծման Աշխարհաքաղաքական Նախադրեալները» ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրում է 1653-ին տպագրուած Կովկասն ու յարակից շրջանները պատկերող ֆրանսիական մի քարտէզի վրայՙ առաջադրելով դրա ստեղծման մի շարք ազդակներ:
Յասմիկ Սիմոնեանի, Ռուզան Մկրտչեանի եւ Աշոտ Փիլիպոսեանի «Սեւանի Աւազանի Երկաթէդարեան Խմբային Թաղումների Երեւոյթը» դաշտային աշխատանքների հիման վրայ ցոյց է տալիս Հայկական լեռնաշխարհում գոյատեւած յուղարկաւորման հնամենի մի սովորոյթ եւ դրա հետ առնչուող որոշ խնդիրներ:
Գալիա Դաւիդովայի «Արաքս Գիւղի Էթնօմշակութային Բնութագիրը (Ազգագրական Ակնարկը)» ներկայացնում է Արմաւիրի մարզի գիւղերից մէկի հարսանեկան ծէսերը, տան սրբերի մասին հաւատալիքները, ժողովրդական բժշկութիւնը եւ այլն:
Կառլոս Անթառամեանի «Մի անգամ, Դերսիմում. Հայաստանից Դուրս, Վերադարձ Քրդստա՞ն» վերնագրուած ակնարկը (անգլերէն) պատկերում է մեքսիկահայ հեղինակի փորձառութիւնըՙ այցը պապերի ծննդավայր Դերսիմՙ հայկական նկարագրից զրկուած եւ քրդական «տարազ» հագած:
Սիպիլ Չեքմէնի «Երկրի Սահմանին Կառչած Յիշողութիւն. «Կարօտ» եւ «Կարճ Հաղորդագրութիւն» Ֆիլմերը» ակնարկում (ֆրանսերէն) վերլուծութեան նիւթ են դարձել Ֆրունզէ Դովլաթեանի եւ Վարդան Դանիէլեանի շարժանկարները:
Խորէն Գրիգորեանի «Մուսալեռցիները «Ղարաբաղցի՞». Նախնիների Ինքնութեան Փնտռտուքներըՙ 1915ի Ինքնապաշտպանական Մարտերից Յետոյ» նիւթը ներկայացնում է մուսալեռցիների ծագման արցախ-սիւնիքեան վարկածըՙ փորձելով ցոյց տալ, որ ծագման, ինքնութեան վարկածները կարող են ունենալ քաղաքական զարգացումներով պայմանաւորուած փոխակերպումներ:
Եղիա Թաշճեանի «Հանքարդիւնաբերութիւն. Լինե՞լ թե Չլինել: Յետյեղափոխութեան Քննարկում Հայաստանում» գրութիւնը (անգլերէն) անդրադառնում է մերօրեայ ՀՀ իշխանութիւնների առջեւ ծառացած դժուարին մարտահրաւէրներից մէկինՙ մետաղական հանքերի շահագործման հետ կապուած սոցիալական եւ էկոլոգիական թնջուկին:
«Հրապարակումներ» բաժինն ընդգրկում է հայ ժողովրդի մասին օտար հեղինակի վկայութիւնների թարգմանութիւններ (Արծուի Բախչինեանի «Եոհան Բլարամբերգի Վկայութիւնները Հայ Ժողովրդի Մասին (1836-1841)») եւ անտիպ նամակներ (Անդրանիկ Տագէսեանի «Մատենագիտական Ճշտում մը եւ Տասնչորս Նամակներ Նազարէթ Տաղաւարեանէն Զապէլ Եսայեանին (26 Մարտ 1906—27 Մարտ 1908)» եւ Ռիթա Մարիա Գազանճեանի ու Անդրանիկ Տագէսեանի «Թլկատինիցիին Վերստին Ծնունդը (Հայր Արսէն Ղազիկեանի Եւ Բենիամին Նուրիկեանի Փոխանակած 23 Նամակները. 18 Նոյեմբեր 1925-31 Մարտ 1928)»):
«Հաղորդումներ» բաժնում Աշոտ Փիլիպոսեանը հանդէս է եկել «Նոր Պեղումներ Զօրաց Քարեր Հնավայրում» նիւթով, որտեղ կրկին հաստատւում է հնավայրի տարածքում բնակավայրի ու նրան կից դամբարանադաշտի առկայութիւնը:
«Գրախօսականներ» բաժնում ներկայացուած են 2017-2018 թթ. հրատարակուած վեց գիրքՙ Կարէն Մաթեւոսեանի, Աւետ Աւետիսեանի, Արա Զարեանի եւ Քրիստին Լամուրէի «Դադիվանք. Վերածնուած Հրաշքը» (գրախօսՙ Զարուհի Յակոբեան), Ժերար Տետէեանի «Հայերը Կիպրոսում (577-1211) Յուստինիանոս Բ.ից Հիւգ Ա. Լուսինեան» (գրախօսՙ Նիկոլաս Կուրէաս), Համօ Սուքիասեանի եւ Նարինէ Երանոսեանի «Խորհրդային Հայաստանի Երգիծական Մամուլը 1920ական Թուականներին» (գրախօսՙ Արծուի Բախչինեան), Յասմիկ Ստեփանեանի «Գէորգ Բամպուքճեան. Կեանքը, Գործը Եւ Ժամանակը (1923-1996)» (գրախօսՙ Հենրիկ Բախչինեան), Արծուի Բախչինեանի «Հայերը Չինաստանում. Հայ-Չինական Պատմամշակութային Առնչութիւնները» (գրախօսՙ Յովհաննէս Ալեքսանեան) եւ Հիդեմիցու Քուրոքիի խմբագրութեամբ լոյս տեսած «Մարդկային Շարժունակութիւնը եւ Բազմէթնիք Համակեցութիւնը Միջին Արեւելքի Քաղաքային Հասարակայնութեան Մէջ» (գրախօսՙ Անդրանիկ Տագէսեան) հատորները:
Այս անգամ հատորում չկան մահագրականներ, որի պատճառը զուտ տեխնիկական է. հատորի աննախադէպ մեծ ծաւալը թոյլ չի տուել այդ բաժինն ընդգրկել, ինչը լրացուելու է յաջորդ տարի:
Ինչպէս տեսնում ենքՙ չափազանց ընդգրկուն է «Հայկազեան հայագիտական հանդէսի» նիւթերի թեմատիկանՙ Հայաստանի տարածքում յայտնաբերուած երկաթի ու բրոնզի դարի գտածոներից մինչեւ մերօրեայ հանրապետութեան հանքարդիւնաբերական խնդիրները: Ինչպէս նշուած է հատորի խմբագրականի մէջ, «հայագիտութիւնը պէտք է երիտասարդանայ ոչ միայն մարդուժով, այլեւՙ մտայնութեամբ ու աշխատելակերպով, պէտք է աւելիով համակուի համաշխարհային ընկերային գիտութիւններու ոլորտին, ծաւալէ իր ուսումնասիրութիւններու բովանդակային ծիրը ներկայ ժամանակներու համապատասխան» (էջ 4-5):(*)
«Հայկազեան հայագիտական հանդէսի» թիւ 39 հատորը կարող ենք համարել այս համոզումի դրսեւորման մեծապէս յաջողուած մի փորձ…
*) Միայն ափսոսալ կարելի է, որ հանդեսի հրատարակման վայրիցՙ հենց Լիբանանից, այնքան քիչ են, ընդամենը երեք հոգի, որոնք հոդված են տրամադրել խմագրությանը: Ինչի՞ հետեւանք է դաՙ կարելի է ենթադրել:
Ծ.Խ.