Քաղաքական դաշտում մեծ տեղաշարժեր դեռ չնկատելով`առայժմ մեզ վերապահենք հանրային նշանակության այլ խնդիրներից խոսել, քանզի ակումբի ներքո տարբեր քաղաքական գործիչների համախբումը կամ կոնկրետ մի հարցի (հայոց լեզվի եւ պատմության` բուհի ոչ մասնագիտական ֆակուլտետներում պարտադիր լինելու) համար պայքարը դեռեւս քաղաքական գործընթաց համարել չի կարելի եւ հազիվ թե այդպիսի հեռանկար ունենա: Անգամ` Նիկոլ Փաշինյանի` Իտալիայում, Սերժ Սարգսյանի` Զագրեբում հնչած համարյա նույնաժամանակյա ելույթների աչառու համեմատությունները չի կարելի քաղաքական համարել: Մեր տպավորությամբ` քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում դեռ մլմլացող պրոցեսներ են`անցած դարի իննսունականների գործընթացների նմանությամբ. երբ ՀՀՇ-ից պոկվում էին նոր կուսակցություններ, ու ստեղծվում էր այլընտրանքային քաղաքական դաշտ: Միայն թե հիշեցնենք` այդ գործընթացներն այդպես էլ չբերեցին ինստիտուցիոնալ կուսակցությունների ստեղծմանը, Հայաստանի քաղաքական դաշտը մնաց թերատ, աշխարհի քաղաքական դպրոցների միտումներին չհամապատասխանող, անբովանդակ նմանակումների տիրույթում միայն: Մեր քաղաքական հոտառությունը հուշում է` դա դեռ երկար կշարունակվի: Անգամ կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին խորհրդարանական ոչիշխանական երկու կուսակցությունների հակադրությունը (մեկը դեմ է, մեկը` ձեռնպահ) չի կարող կատալիզատորի դեր կատարել ընդդիմադիր հարթույթ ձեւավորելու տեսանկյունից: Երկու տասնամյակ հետեւելով Գագիկ Ծառուկյանի գործունեության քաղաքական մասին` վստահ պնդում ենք, որ ովքեր նրանից արմատական ընդդիմություն ստանալու հույսեր ունեն, դա հիմք ունենալ չի կարող, Ծառուկյանը էությամբ գործարար է եւ ճիշտ ժամանակին կարող է հաշվել իր արմատականացման օգուտն ու վնասը, անկախ Նեվերովի (ուշադրություն դարձրեք Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի ազգանունին` հավատ չունեցող) հետ հանդիպում է, թե ոչ…
Այնպես որ հանգիստ անցնենք մեր ուշադրությունն այս շաբաթ գրաված մեկ այլ թեմայի:
Եւ այսպես` քրեականացվում են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու. պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող քրեական խմբավորում ստեղծելու, դրան մասնակցելու, դրան ուրիշին ներգրավելու, անգամ այդպիսի անձին դիմելու իրադեպերը: Քրեական օրենսգրքի այդպիսի փոփոխությունը Ազգային ժողովում այս շաբաթ առաջին ընթերցում անցավ: Նախագծով առաջարկվում է սահմանել` որն է քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը, կամ քրեական աստիճաակարգությամբ բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը (ըստ ժողովրդիՙքրեական «հեղինակություն»` «օրենքով» գող): Եթե հանրությանը հասկանալի բացատրենք- ենթատեքստն այս է` Հայաստանում մերժված է քրեական տրամաբանության մեջ տեղավորվող վարքագիծը, քրեական ենթամշակույթն այլեւս տեղ չունի, պետք է սնունդ չստանա եւ մեռնի, մի խոսքով ` Հայաստանում պետք է «արժեքային հեղափոխություն» տեղի ունենա:
Խորհրդարանական ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը», կողմ լինելով այս նախագծի փիլիսոփայությանը, իրավական անհստակություններ տեսան նախագծում, կարեւոր համարելով, որ իրավական պատժամիջոցները բացառապես պետք է կոնկրետ արարքների վերաբերեն, եւ ոչ թե անհստակ ձեւակերպմամբ` ենթամշակույթ կրողների, մանավանդ սահմանումներ չկան էլ, թե որն է այդպիսի ենթամշակույթը, որը` ոչ:
Այսինքն` իրական կյանքում այս օրենքի ստեղծելիք անորոշությունների պատճառով կարող է ծայրահեղությունների դուռ բացվել:
Գլխավոր մտահոգությունն այն էր, որ օրենքը որպես մահակ չօգտագործվի այս կամ այն անցանկալի մարդու կամ մարդկանց խմբերի դեմ, քանի որ դա կախված է լինելու քննություն իրականացնող մարմնի որոշումից, ի վերջո օրենքի տված սուղ աստիճանակարգման շրջանակում նա՛ է որոշելու, թե ով է քրեական ենթամշակույթի կրողն ու այն իրացնողը, ով` ոչ: Բացի այդ` այս պահին էլ Հայաստանում կան այդպիսի համարում ունեցող շատ անձինք, հարցն այն է` նրանք միայն այդպիսի պատկանելություն ունենալու համար պիտի պատասխանատվության ենթարկվե՞ն, թե՞ կոնկրետ արարք կատարելու համար: Կամՙ այդպիսի համարում ունեցող մարդկանց ազգակիցները պիտի դադարե՞ն նրանց հետ շփվել, կամ թեկուզ համատեղ բիզնես գործունեություն ծավալել, վախենալով, թե իրենց էլ կանվանեն այդ մշակույթին հարող: Ի վերջո եթե որեւէ մեկը հանցանք է կատարում` քրեական ենթամշակույթի կրող, կամ սովորական քաղաքացի` նրա արարքների համար լիովին բավարար են նաեւ քրեական օրենսգրքի հոդվածները:
Եթե այս նախագծի ենթատեքստը փիլիսոփայությունն է, կամ բարոյահոգեբանական նշանակությունն առ այն, որ Հայաստանում, այո, մերժվում է քրեական ենթամշակույթը, այս առումով միգուցե ինչ-որ կերպ արդարացվի այս նախաձեռնությունը, բայց նույնիսկ այս դեպքում նախագիծն ունի լղոզվածություն, տեղ-տեղ թվում է մութ սենյակում կատու փնտրելու գործողության մասին փաստաթուղթ: Նույնիսկՙզգացմունքի վրա կառուցված նախագիծ, ինչպես որ ինչ նախագծի համահեղինակ, գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկարագրությունից կարելի է եզրակացնել , այս թեմայով իր քաղաքի հարուստ պատմությունը նկատի ունենալով: Բայց երբ նա խոսում էր քրեական ենթամշակույթի մեթոդներով հարցը լուծելն այլեւս բացառելու մասին, զուգահեռ խորհրդարանական լրագրողները մեկ ժամից ավելի հաճույքով հարցազրույց էին վերցնում համենայնդեպս գյումրեցիների մի մասի մոտ այդպիսին համարվող պատգամավորից, իսկ ուրիշներն էլ հիշել էին Դավիթ Սանասարյանի հայտարարությունը` «Իմ քայլի» պատգամավորի` քրեական աշխարհի ներկայացուցչից հովանավորվելու մասին:
Քրեական եթամշակույթն, իսկ առանց այդ եզրույթի` ուղղակի զոռբայությունը, զոռբաների միությունները մարդկության ուղեկիցն են եղել միշտ: Բայց պատմությամբ հետ գնալն այս դեպքում անօգուտ է, ուղղակի հիշեցնենք, որ քրեական աշխարհի բարձրագույն ղեկավարությունը խորհրդային տարիներին ու հատկապես Խորհրդային Միության փլուզմանը մոտ տարիներին պետության կողմից համարյա կիսալեգալ վիճակ ուներ, երբեմն` հենց պետության տեղական ներկայացուցիչներն էին հովանավորում նրա ներկայացուցիչներին, խորհրդային ղեկավարները նրանց միջոցով կառավարում էին ոլորտներ, որտեղ իրենց ձեռքը չէր հասնում: Հետո այդ, կարելի է ասել` խորքային պետությունն անկառավարելի դարձավ եւ հավակնում էր գերադաս լինել պաշտոնական ղեկավարներից, լուծում անհատների ու ամբողջ մարզերի խնդիրներ, երբեմն դաժանության ու անմարդկայնության մաստեր-կլասներ տալիս: Նրանք հովանավորում էին դրական լույսով իրենց մասին լեգենդների տարածումը, ֆիլմերի ստեղծումը, քարոզում իբր իրենց «ճշտով» ապրելու «վեհ» կենսակերպը: Բնականաբարՙ նրանց աստիճանակարգության մեջ հայ քրեական հեղինակությունների հնչեղ անուններ կային, որոնք նաեւ իրենց գործունեությունն էին ծավալում Հայաստանում (հիշո՞ւմ եք` Յուրի Երվանդիչ պայմանական անունով սուբյեկտին, որը մի պահ, մեր անկախության առաջին շրջանում համակարգում էր քրեականներին), իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանց մի մասն ընդհանրապես հեղեղեց Հայաստանը: Իրար հաջորդեցին մի շարք աղմկահարույց սպանություններ եւ լեգենդով պարուրված թաղումներ`ռուսական օրենքով գողերի բազմազգ արիալի ներկայությամբ: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ազդեցության լծակներ եւ ունեցվածք էր վերաբաժանվում, որի ակտիվ մասնակիցն էր քրեական տարրը, նրանց մի մասն իրենց արյունոտ փողերը ներդնում էին բիզնեսում, ու հիմա, եթե քրքրրենք մեր հայտնի բիզնեսների ակունքները, գուցե նրանց մեջ գտնենք արյունոտ թելեր: Բայց մեր պատմությունը նրանց մասին չէ, այլ նրա, որ այդ մարդիկ նաեւ մտահոգվում էին իրենց անձի շուրջ լուսապսակի ստեղծման մասին, նրանց իմիջը փչվում էր նաեւ Հայաստանում, նրանց հովանավորմամբ ստեղծվել են գրքեր (եւ մինչեւ հիմա էլ ստեղծվում են), ֆիլմեր, բնականաբար «արդարամիտ» օրենքով գողերի կանխավարկածով: Բազմաթիվ հայկական սերիալներում առկայծում են նրանց կերպարները` սովորաբար դրական, հազվադեպ` բացասական երանգավորմամբ: Մեր հեռոուստատեսությունները, կայքերը, մամուլը հաճույքով լուսաբանում էին եւ են «օրենքով» գողերի թեմաները` վարկանիշային են, հաճախելիություն են ապահովում, սա էլ նշանակում է, որ նրանց հանդեպ հանրության մեջ բավարար անհանդուրժողականություն չկա:
Երբ պարբերաբար ՀՌԱՀ-ին դիմողներ էին լինում, թե մի բան արեք, էս գողական սերիալներից ազատեք մեզ, ՀՌԱՀ-ականներից ստանում էին պատասխան, թե իրենք բովանդակությանը խառնվելու իրավասություն չունեն, ժամանակաչափ են աշխատում: Ու վերին մի թողտվությամբ ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր` հանրության մեջ արմատավորվեցին, կրկնօրինակվեցին գողական բարքերը, դպրոցներում ամեն տղա աշակերտ (անգամ` աղջիկները) խոսում եւ վարվում էր գողական «պանյատկեքով», հարցերը լուծում այդ բարքերով. թաղային «հեղինակություները» գրավեցին ամեն գրավելի բան` ընդհուպ ընտրությունների արդյունքի ձեւավորում, իսկ նեղվելու դեպքում դիմում էին «նայողին», բիզնեսների տեր էին դառնում ոչ թե կրթություն ու խելք բանեցնողները, այլ կիսագրագետ զոռբաները` քրեական աշխարհի հովանավորությամբ: Այդ բոլորը մտավ բանակ, տարածվեց բոլոր փակ հաստատություններում, քրեակատարողական հիմնարկներում (այստեղ խորհրդային տարիներից էր այդպես), որտեղ ոչ թե հարցերը լուծում էին իրավասուները, այլ «զոն» նայողները. նրանք հարկ են հավաքում, կազմակերպում ներսի ողջ կյանքն իրենց «օրենքներով», խեղճացնում սովորական մարդկանց եւ իրենց ենթարկվել չցանկացողներին նվաստացնելով բռնությամբ: Այո, այդ բոլորի վերջը պետք է գա:
Բայց մեր կարծիքով, երբ հանրության մեջ հանդուրժողական են քրեական ենթամշակույթի հանդեպ, ավելին` երբ այդ ենթամշակույթով են առաջնորդվում հաճախ խնջույքներում, թաղումներում եւ սովորական կյանքում, երբ մարդկանց ականջին դեռեւս հաճո է «Դոլյա վոռովսկայա» տիպի «մշակույթ», կամ պահանջարկված է «օրենքով» գողերի մասին գրողը, ներեցեք, բայց այդ նախագիծն ինձ թվում է հետեւանքի դեմ անօգուտ պայքար` փոխանակ պատճառների արմատներից բռնենք: Գողական բարքեր քարոզող սերիալով դաստիարակվածին ասում ենք` դու քրեական ենթամշակույթի կրող ես, բայց այդ սերիալի ստեղծողին չենք ասումՙ ինչ ես անում: Հիմա, մի իրավական արարք թույլ տվո՞ղն է ավելի դատապարտելի, թե՞ այդպիսի արարքներ թույլ տվողների բանակ դաստիարակողը: Ինչ անենք, մի օրենքով էլ քրեական ենթամշակույթը տարածող մշակույթը քրեականացնե՞նք: Թե սկսենք նախ լրջորեն զբաղվել մեր կրթությունն ու մշակույթն աղբից մաքրելով, հեռուստաաղբը եթերից թափելով, որից հետո միայն կպահանջենք հանրության այս կամ այն ներկայացուցչից առանց վախենալու հանձնել քրեական ենթամշակույթին հարողին, կամ անելանելի վիճակում, երբ իրավապահ համակարգը չի կարողանում պաշտպանել` չդիմել այդ ենթամշակույթը կրողներին: Այո, այս ոլորտում հեղափոխություն պետք է, բայց նախ պետք է միջավայրն առողջացնելուց, մթոլորտը փոխելուց սկսել, հետո քրեականացնել մի բան, որը հանրության տարբեր շերտերում տեղ ունի եւ ընդունելի է համարվում: Թե չէ հողմաղացների դեմ կռիվ է ստացվոմ: Մանավանդ` դատական բարեփոխումներն անգամ ճանապարհ չեն ընկել, դեռ հանրությունը չի վստահում ոչ դատավորներին, ոչ քննչական կառույցներին, որոնք հո մի փայտիկով չե՞ն ազատագրվել հին- բարի, ժողովրդի լեզվով ասած` «գործ սարքելու» ավանդույթից, եւ դեռ իրենք են որոշելու, թե ով է քրեական ենթամշակույթի կրող, ով` ոչ: Դե ում ուզեն` քրեական ենթամշակույթի կրող կանվանեն` հանրության կեսից ավելի այդ մտայնությամբ ապրողների պարագայում: Որքան էլ որ դատավորների բարեվարքության իրավական փաթեթը երեկ կառավարությունը երեկ հաստատեցՙ ուղարկելով Ազգային ժողով, որտեղ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: