Այնպես է ստացվել, որ ամեն օր աշխատանքի գնալուս ճանապարհին անցնում եմ գետնանցումով: Սկսած մուտքին հարող տարածքից, ամբողջ պատերին եւ նույնը մյուս կողմից` ամենուրեք գովազդներ են փակցված: Նույն վիճակում են հենասյուները, ծառերն ու այն ամենն, ինչի վրա կարելի է թուղթ փակցնել: Վերջին շրջանում, հավանաբար ամանորյա տոներին ընդառաջ, չնչին բացառությամբ, դրանք նույնաբովանդակ են` բոլորն առաջարկում են վարկեր, վարկեր, վարկեր: Սովորաբար մեքենա վարելիս ռադիո եմ լսում եւ անկախ, թե ո՛ր ալիքը միացրած լինի, դարձյալ նույնն է` առաջարկվում են վարկեր ու էլի վարկեր: Ընդ որում, հաճախ այնպիսի գրավիչ առաջարկներ են հնչում, որ թեեւ տվյալ պահին ինձ գումար, առավել եւս տնաքանդ տոկոսներով, պետք չէ, սակայն մտքովս անցնում է վերցնել: Այդ ամենն այնքան հաճախ կրկնվող ու այնքան ճնշող է դարձել, որ որոշեցի անդրադառնալ այդ թեմային: Չէ, ֆինանսավարկային բնագավառի մասնագետ չեմ, ոլորտի շատ նրբությունների էլ չեմ տիրապետում, բայց որոշեցի այնուամենայնիվ գրել: Նախապես իհարկե ոլորտի մասնագետների ներողությունը հայցելով, եթե ինչ որ բան այնուամենայնիվ ճիշտ չհնչի:Տարիներ շարունակվող այդ թնջուկը հասկանալու համար նախ պարզեցի, որ վարկը (հնդեվրոպական uer-նկատել, ուշադրություն դարձնել արմատից, լատիներենՙ creditum-պարտք եւ credere-վստահել բառերից է բաղկացած) կամ վարկային հարաբերությունները, տնտեսական կատեգորիա է, փողի կամ ապրանքների ձեւով պարտքի տրամադրումՙ տոկոսի վճարման պայմանով: Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան եւ անձի միջեւ, որի համաձայն, այդ պահին նա ստանում է դրամական միջոցներ` հետագայում որոշակի տոկոսներ վճարելու նախապայմանով: Այսինքն` այդ գործընթացը տնտեսության սուբյեկտների միջեւ հասարակական հարաբերություն է, որը կարող է արտահայտվել տարբեր վարկային ձեւերով: Մեզանում վարկեր տրամադրում են բանկերը եւ վարկային կազմակերպությունները եւ լինում են կարճաժամկետ ու երկարաժամկետ, ըստ արժույթի, սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես, իսկ գրավատները` միայն գրավադրմամբ վարկեր:Վարկ վերցնելու ավանդույթը գալիս է շատ հնուց: Քչերը գիտեն, որ պատմությունից մեզ հայտնի մարդիկ եւս ունեցել են վարկեր: Առաջին վարկերը սկսել են տալ դեռ մեր թվարկությունից առաջ: Օրինակ` Բաբելոնի արքա Համմուրապին, որը ղեկավարել է մ.թ.ա. 1793-1750թթ., եղել է «անհույս» պարտապան: Որպեսզի փակի իր պարտքերը, նա «զոհել» է կնոջը, որդուն, դստերը: Վերջիններս պետք է 3 տարի աշխատեին, որպեսզի մարեին պարտքը: «Հիփոթեկ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է գրավ: Հին Հունաստանում վարկառուի հողի վրա սյուն էին կանգնեցնում հետեւյալ գրությամբ. «Եթե պարտքը չմարվի, ապա այն կանցնի վարկատուին»:Միջնադարյան Անգլիայում պարտքը չմարելը հանգեցնում էր նրան, որ շատերը հայտնվում էին ճաղերի ետեւում: Սակայն դրանից կարելի էր խուսափել: Պարտքով գումար վերցնողը պարզապես չպետք է լքեր իր տան տարածքը, քանի որ նրան իր տան տարածքում իրավունք չունեին ձերբակալել: Հնում` Ռուսաստանում, պարտապանին անխիղճ կերպով բռնում էին մարդաշատ հրապարակում, կտտանքների ենթարկում: Դա արվում էր նրա համար, որպեսզի հրապարակում հավաքված մարդկանցից մեկը խղճար նրան եւ վճարեր նրա փոխարեն: Շատերը բարձրաձայն բղավում էին, որպեսզի առավել խղճուկ երեւան: 1754թ. Ռուսաստանում բացվեց Պետական հողային բանկը, որտեղ ազնվականները կարող էին ստանալ իրենց սեփական հողատարածքներով եւ անշարժ գույքով վարկեր: Վարկերը տրվում էին տարեկան 6%-ով: 16-րդ դարում վարկեր ստանալու իրավունք վերապահվեց նաեւ գյուղացիներին:Հայտնի գրող Ալեքսանդր Դյուման հայտնի էր որպես «հավերժ պարտապան»: 1852թ. Փարիզյան դատարանը ընդունեց 53 պարտատերերի հայցը: Պարտքի ընդհանուր գումարը կազմում էր 107 հազար ֆրանկ: Ճիշտ է, ինքը` Դյուման, հասցրեց մեկնել Բրյուսել: Գրողը սիրում էր ծախսել, ավելինՙ նա գումար է ծախսել ոչ միայն իր վրա, այլ` մեծահոգաբար բաժանել իր ընկերներին ու ծանոթներին: Մի օր նա ասել էր. «Ես ոչ մեկին չեմ մերժել գումար տալու հարցում: Միակ բացառություններն իմ վարկատուներն էին»:Հետաքրքրական սովորություն կար հնդկացիական ցեղերի շրջանում: Երբ մարդը որեւէ բան էր պարտքով վերցնում, ապա որպես գրավ թողնում էր իր սեփական անունը: Ցեղակիցներից ոչ մեկը նրան անունով չէր դիմում` մինչեւ պարտքի ամբողջական մարումը:Իտալիայի բանկերից մեկն էլ որպես գրավ ընդունում է պարմեզան պանիր: Ավելին` տոկոսները հաշվարկվում են փոքր չափով: Պանրի այդ տեսակը մեծ տարածում ուներ, հետեւաբար վաճառել այն վարկի չվճարման դեպքում` դժվար չի եղել: Իսկ օրինակ Փարիզի «Credit Municipal de Paris» գրավատունը պատրաստ էր գրավի դիմաց ընդունել էլիտար ալկոհոլային խմիչք: Գրավատան պահեստում առաջին օրերին արդեն գինու հարյուրավոր շշեր էին հավաքվել:2007թ. Անգլիայում բացվեց գրող Չարլզ Դիքենսի այգին, որտեղ հնարավորինս տիրում էր XIX դարի կեսերի մթնոլորտը: Այցելուները կարող էին ժամանակ անցկացնել այգում, զվարճանալ, ինչպես նաեւ նստել «պարտքի բանտում»: Ի դեպ, Դիքենսի հայրը, չկարողանալով մարել պարտքերը, նման հաստատությունում նստել էր դեռեւս 1824 թ. եւ կարողացել էր դուրս գալ միայն 6 ամիս անց` մորից ժառանգություն ստանալուց հետո:Վարկային գործառույթները Հայաստանում եւս եղել են, դրանք մեծ աշխուժություն ապրեցին հատկապես անկախության արշալույսին: Դրանք հիմնականում չկանոնակարգված, պատահական բնույթ ունեցող գործընթացներ էին եւ բնականաբար ծանր հետեւանքներ ունեցան: Մեծ թվով վարկառուներ հայտնվեցին կրախի եզրին, կորցրեցին տուն, ունեցվածք: Նրանց մեծ մասը այլ ելք չտեսնելով` չնչին գներով վաճառեց ինչ որ կարող էր եւ բռնեց արտագաղթի ճանապարհը: Բացի բանկերից ու վարկային կազմակերպություններից, զգալի թվով անհատներ եւս խաբեցին մարդկանց ու նրանց հասցրեցին աղքատության եզրին: Հիշենք…Հետագայում կապիտալի համակենտրոնացման եւ կենտրոնացման հետեւանքով վարկային շուկան աստիճանաբար թեեւ կանոնակարգվեց, սակայն ոչնչով չպատճառաբանված բարձր տոկոսադրույքների հետեւանքով մարդկանց համատարած ունեզրկումը շարունակվեց, որին մշտապես որպես ուղեկից շարունակվեց նաեւ արտագաղթն ու համատարած հիասթափությունը: Սովորաբար վարկ տրամադրելիս վարկատուն ցանկանում է համոզվել, որ վարկառուն ի վիճակի կլինի վերադարձնել վարկը, այսինքնՙ ունի այդպիսի ցանկություն ու կարողություն: Այդ ցանկությունն ու կարողությունն այլ կերպ անվանվում է վարկունակություն, որի գնահատման համար սովորաբար ստուգվում են 5 հանգամանք` վարկային բնավորություն` արդյոք վարկառուն վստահելի անձ է, պատշաճ կերպով է կատարել իր նախկին պարտավորությունները, թե ոչ (վարկային պատմությունը), կարողություն` վարկառուի եկամուտներն ու ծախսերըՙ որքան աշխատավարձ է ստանում, ինչ այլ եկամուտներ ունի, որքան մասը կարող է հատկացնել վարկի մարմանը, ունեցվածք (կապիտալ)` վարկառուի կարողությունը մեծ է, սակայն չունի կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք եւ այլն), ուրեմն չի խնայում եւ չի մտածում վաղվա մասին, որ եթե մի օր վարկառուն դադարի եկամուտ ստանալ, կկարողանա վաճառել իր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների եւ վճարել վարկը մինչեւ եկամտի նոր աղբյուրի ձեռքբերումը, գրավ, երաշխավորություն. ապահով միջոց է, որ կկատարի վարկառուի պարտավորությունը: Գրավը գումարի վերածելու միջոցով կազմակերպությունը կարող է հետ ստանալ իր գումարը եւ այլն: Այս բաղադրիչները մեզանում հիմնականում կա՛մ անտեսվեցին, կա՛մ խստագույնս կիրառվում էին ավելի շատ հետեւանքները, որոնց արդյունքում դարձյալ տեղի էր ունենում վայրի մակարդակի ունեզրկում:Ցավոք, այսօր շատ բան չի փոխվել: Ամենուրեք ինտենսիվ գովազդը շարունակվում է: Էլ օնլայն վարկեր, էլ ակնթարթային, վերանորոգման, սպառողական, էլ չգիտեմ ինչպիսի, բայց դա ամենուրեք է ու գայթակղում է մարդկանց, ոսկի սարեր խոստանում: Արդեն վարկեր են տրամադրում նույնիսկ անմաքուր վարկային պատմություն ունեցողներին, միայն թե վերցնեն: Լավ, մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր: Չգիտեմ պատահականություն է, թե՞ օրինաչափություն. վարկերի լի ու առատ տրամադրումը աշխուժանում է այն ժամանակ, երբ երկրում նկատվում են սոցիալ-տնտեսական դժվարություններ, երբ մարդիկ ստիպված կորցնում են իրականության զգացումը, հույսը դնում են անիրականանալի իրավիճակների վրա եւ վարկ են վերցնում, հաճախ էլ հրաշքի սպասելիքովՙ վիճակախաղի տոմսեր գնում: Բավական է, մարդիկ, ուշքի եկեք, գերճշգրիտ հաշվարկներից հետո միայն քայլ արեք: Հակառակ դեպքում ամեն ինչ տխուր ավարտ կունենա:10-25.11.2019 |