Ազգային ժողովի քննարկմամբ եւ քվեարկությամբ ձեւավորված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին իսկ գործողության արդյունքում դուրս լողացին այն հակասությունները, որոնք առկա էին արդեն օրենքում` հենց սկզբից փաստորեն բուռն դարձնելով այս հանձնաժողովի շուրջ կրքերը: Հանձնաժողովի 5 անդամները նախագահ ընտրեցին «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանին : Հաջորդեց «Իմ քայլի» թեկնածու Էդգար Շաթիրյանի հրաժարումն հանձաժողովի անդամությունից առհասարակ: Հանձնաժողովի անդամներից 3-ի «դեմ» ձայները ստանալով`նա անհնար էր համարել աշխատանքն այդ կառույցում: Ասենք, որ նա բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ էր մինչ այս, որի իրավահաջորդն է համարվում նորաստեղ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Էդգար Շաթիրյանը բացատրել էր, թե հանձնաժողովի անդամների մեծամասնության անվստահության պարագայում իր աշխատանքը չի պատկերացնում: Այսինքն հենց առաջին փորձությանն այս հանձնաժողովը չդիմացավ, հիմա հավանաբար «Իմ քայլը» նոր թեկնածու է առաջադրելու ԱԺ-ին:
Մի կողմից կարող է թվալ, որ հանձնաժողովի նախագահի` իշխող մեծամասնությունից չլինելու պարագան լավ է, կաշխատի զսպումների եւ հակակշռումների մեխանիզմը, ընդդիմադիր քվոտայով հանձնաժողովի նախագահ ունեցող կառույցը կզսպի իշխող պաշտոնյաների` օրենքները շրջանցելու ախորժակը: Մանավանդ` Հ. Հարությունյանը միակն էր հանձնաժողովի մյուս անդամների մեջ, որ հանրային սեկտորում նույն տիպի գործով էր զբաղվել: Մյուս կողմից` այս հանձնաժողովը կրողն է լինելու գործող կառավարության քաղաքականության, իսկ կոռուպցիայի դեմ պայքարն այս կառավարությունն իր գերակա խնդիրն է հայտարարել, ու կառավարությունը կազմող ուժին է ընտրողը վստահության մեծ քվե տվել, որ այդպիսի առանցքային պաշտոններում նրա ունեցած մարդկանց վստահի:
Իրոք հակասություն է, այն էլ մի ուրիշ կարգի, մանավանդ քաղաքական սկզբունքով կազմված ուզած կառույց միշտ էլ քաղաքական նպատակահարմարության կնիքն է կրում իր ճակատին: Եւ հետո պակաս կարեւոր չէ այն, որ իշխող կուսակցությունը չի կարողացել մյուսների մոտ անառարկելի հավանության արժանացող թեկնածու գտնել. եթե զիջեց այդպիսի առանցքային ոլորտում, կամաց-կամաց կարող է զիջել նաեւ այլ դիրքերում: Մտայնություն է, որ գոյության իրավունք ունի:
Մի կողմ թողնենք, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն է համակարգելու այս կարեւոր հանձնաժողովը, մի կողմ թողնենք այն պիտակները, որ հայ հանրությունում կպցնում են ՀԿ սեկտորից պաշտոնյա դարձածներին եւ կանգ առնենք այն թեմայի վրա, թե որքանով է նպատակահարմար անկախ կոչվող, այն էլ այնպիսի առանցքային դերակատարում նախատեսած հանձնաժողովում կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրումը: Ի դեպ` Ազգային ժողովը կարծես թե կամաց-կամաց վերածվում է այլընտրանքային քննչական ծառայության` Ապրիլյան պատերազմի իրադարձությունները քննող հանձնաժողովի ստեղծմանը հետեւեց հանքարդյունաբերության ոլորտը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նպատակադրումը, հաստատ կլինեն նաեւ այս կարգի այլ նախաձեռնություններ. խորհրդարանի կուսակցությունները ներքին մրցավազք են սկսել, թե ով ավելի շատ լծակներ ձեռք կգցի: Շուտով տարբեր հորինովի հանձնաժողովների կազմը կարող է գերազանցել ԱԺ պատգամավորների թիվը, ու այս տիպի հանձնաժողովների` արդյունավետության կամ գործառնական նշանակության առումով նպատակահարմարության թեմային կանդրադառնանք մի այլ առիթով: Բայց ներքո դատողությունների մի մասը նաեւ կարող է վերաբերել ԱԺ նոր հանձնաժողովներ ձեւավորելու մրցավազքին:
Կոռուպցիայի կանխարգելման անկախ հանձաժողովի առումով, սակայն, ներքոհիշյալ մտքերն առանձնապես ակտուալ են:
Ինչու առանձնապես արդյունք չարձանագրեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, արդյոք նրա անատամությունը հենց կուսակցական սկզբունքով կազմված լինելով չէր պայմանավորված նաեւ, երբ որեւէ կուսակցական քվոտայով պաշտոնյայի կամ այս կամ այն խմբակցության պատգամավորի հետ կապված հարցը ծածկադմփոց էր արվում քվոտային հանձնաժողովականների ներքին համաձայնություններով: Հիմա, ասենք, եթե կոոռւպցիայի խնդիր լինի ԲՀԿ-ականների ու նրա ղեկավարի հետՙ ԲՀԿ-ի քվոտայով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ դարձածը կարողանալո՞ւ է դուրս գալ իրեն ներկայացրած ուժի ազդեցությունից, պատռել ավանդույթը եւ ձեռքերն ազատ աշխատել: Կամ` որ ԲՀԿ-ականները չնեղվեն, ասենք եթե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի պաշտոնյա հարազատները թաթախվեն կոռուպցիայի մեջ (ոչ ոք տեսականորեն ապահովագրված չէ դրանից), հանձնաժողովի լուսավորյալ նախագահը` Հայկուհի Հարությունյանը կարողաալո՞ւ է անաչառ լինել: Կամ նույն կերպ` կառավարության, բարձրագույն դատական խորհրդի ներկայացրած հանձնաժողովականները` Լիլիթ Ալեքսանյանն ու Արամայիս Փաշինյանը կարո՞ղ են իրոք անկախ լինել, երբ կոռուպցիոն սխեմայում ներգրավված լինեն իրենց ներկայացնողները: Շատ ենք կասկածում:
Իսկ եթե այսպիսի հանձնաժողովի ստեղծումը եվրոպական պարտավորությունների ցուցափեղկում տեղադրված գեղեցիկ աքսեսուար չի լինելու միայն, այդ դեպքում այն պետք էր ձեւավորել իսկապես անկախ, գործի պրոֆեսիոնալ, անգամ դատաիրավական ոլորտի փորձառու մասնագետներով ու հատկապես առանց կուսակցական քվոտայի:
Մինչեւ հիմա կատակում են` վարչապետ Հովիկ Աբրահամյանը գլխավորում էր կոռուպցիայի դեմ հանձնաժողովն ինքն իր (իր ղեկավարած պաշտոնյաների) դեմ էր պայքարում, բայց մեծ տարբերություն չկա դրա ու հիմիկվա քվոտավորման միջեւ`պաշտոնյաների կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելը պետք է կանխարգելեն իրենց պատկանած քաղաքական ուժի քվոտայով ներկայացված թեկնածուները, անցյալի համեմատ տարբերությունը որն է, կասե՞ք: Միայն թե չասեք` օրենսդրորեն անկախության երաշխիքներ կան, օրենքով է ամրագրված քաղաքական չեզոքությունը, անձեռնմխելիության որոշ պաշտպանվածություն ունի հանձնաժողովի անդամը, եւ այլն: Կամ թե`«կաշկանդված չենք քաղաքական ուժի կամ պետական մարմնի կողմից ներկայացված լինելու հանգամանքով» եռանդագին բանավոր հավաստիացումներՙժողովրդի լեզվով ասած «պապայի արեւը» չմեջբերեք: Նկատի ունեցեք նաեւ, որ ծայրից ծայր լսել եմ թեկնածուների ելույթները Ազգային ժողովում, նրանց տեսական, մասամբ նաեւ պրակտիկ պատրաստվածությունից լավ տպավորություն եմ ստացել, բայց այդքանը լավ է, եթե մի ՀԿ ես ղեկավարում կամ բանկի ինչ-որ փոքր բաժին, բայց ոլորտային փորձառության, ինչու չէ նաեւ կյանքի փորձի պակասը ոչնչով չեն օգնի էս հանձնաժողովական երեխաներին` կոռուպցիոն գայլերի բազմափորձ ու բազմակեր երախում հայտնվելիս, ու վստահ չենք, որ նրանք այնտեղից հեշտուհանգիստ դուրս են գալու` գործ ունենալով բազմամիլիոն դոլարանոց գործերի նենգ շարժի, դրանց քննության ու դատական գործընթացի` նույնքան կոռումպահեն հնարավորությամբ բազմափորձ- ոլորտային դատական գայլերի հետ: Մի խոսքով` հույս, իհարկե, կապվում է այս հանձնաժողովի հետ, բայց առանձնապես մեծ ու ընդգծված հույս չէ դա: Կապրենք-կտեսնենք:
Եւ վերջում հիշեցնենք, թե ինչով է զբաղվելու այս հաձնաժողովը, իր 35 հոգանոց կազմը ձեւավորելուց հետո. պետք է կանոնակարգի, ստուգի ու վերլուծի բարձաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը, հետեւի նրանց վարքագծի` բարձրաստիճան անձանց էթիկայի կանոններին համապատասխանությանը, հայտնաբերի շահերի բախման դեպքերը, այլ կանոնակարգումների ու սահմանափակումների ոտնահարումը, ձեռք բերի եւ իրականացնի գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, դատարանում հանդես գա որպես հայցվոր ու պատասխանող, մասնակցի ոլորտի քաղաքականության մշակմանը եւ այլն: