«Nordic Monitor-ի» հրապարակումն ամենայն հավանականությամբ արժանահավատ է, բայց ոչ իրագործելի
Ի վերջո ռուսական բազան Հայաստանի անվտանգությունը պաշտպանելիս ապահովում է նաեւ Ռուսաստաի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում:
Նոյեմբերի 27-ին ստոկհոլմյան «Nordic Monitor» (Nordic Research and Monitoring Network) կենտրոնը հրապարակել է գաղտնի մի փաստաթուղթ: Շվեդական կենտրոնի ձեռքում հայտնվել է դրա պատճենը: 2016-ի մայիսի 23-ին թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին ուղղված այս փաստաթղթում, ինչպես հրապարակման հեղինակ Աբուլլահ Բոզքուրթն է ասում, նշվել է, որ «Ալթայ» ծածկագիրը կրող ռազմական գործողությունների ծրագրից անհետացել են մի քանի էջեր, որոնք վերաբերում են ընդհանուր ծրագրի «օղուզթուրք» ծածկագրով Հայաստանին ռազմաօդային հարվածներ հասցնելու հատվածին: Էջերի անհետացումը պարզվել է 2016-ի մայիսի 4-ին Անկարայի մոտակայքում տեղակայված «Աքընջը» ավիաբազայում կատարված ստուգումներից, իսկ ընդհանուր ծրագիրը հաստատվել է դեռեւս 2001թ հուլիսի 13-ին:
Բոզքուրթի այս հրապարակումը լայն արձագանք է գտել Հայաստանում, հայկական սփյուռքում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ, թուրքական «Ենի աքիթի» տվյալներով, նաեւ Հունաստանում: Հայաստանում դրան «Razm.info-ի» գլխավորությամբ մասնավորապես արձագանքել են «Առավոտը», «Գոլոս Արմենին» եւ այլ լրատվամիջոցներ, Սփյուռքումՙ «Մասիս փոստը», Ռուսաստանումՙ «rusarminfo.ru», «Regnum-ը», Ադրբեջանումՙ «armiya.az-ը», իսկ Թուրքիայումՙ «Ենի աքիթը»: «Առավոտի» տվյալներով «Nordic Mon-ը» պատկանում է Շվեդիայում գրանցված «Nordic Research Monitoring Network» ոչ առեւտրային կազմակերպությանը, որը հիմնադրել են թուրք լրագրողներ Աբդուլլահ Բոզքուրթը, Լեւենթ Քենեզը եւ անվտանգության հարցերով մասնագետ Մուրադ Չեթիները: Նրանք երեքն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETՃ), այլ կերպՙ Գյուլենական համայնքի անդամներ: Նրանցից Աբդուլլահ Բոզքուրթը գյուլենականներին պատկանող «Zaman» թերթի լրագրող է եղել, ինչպես նաեւ Լեւենթ Քենեզը: Վերջիններս, ըստ «Առավոտի», ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք ունեն Թուրքիայի ներկայիս իշխանությունների հանդեպ: Նրանց գործունեությունըՙ նախագծերը եւ հրապարակումները պետք է դիտարկել Գյուլեն-Էրդողան հակամարտության համատեքստում:
Այնուամենայնիվ, ինչպես գրում է «Առավոտը», սա բնավ չի նշանակում, որ Հայաստանի դեմ թուրքական ռազմական գործողության ծրագրի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինչը միանշանակ հաստատում է իշխանամետ «Ենի աքիթը», դատապարտելով «Nordic Monitor»ի թուրք հիմնադիրներին Հայաստանին առնչվող գաղտնի ծրագիրը բացահայտելու համար եւ նշում, որ գյուլենականների միակ նպատակը հրապարակումներով Թուրքիային որպես ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչվող երկիր ներկայացնելն է աշխարհին: Ըստ թուրքական թերթի, Հունաստանում որոշ փորձագետներ, ելնելով ստոկհոլմյան «Nordic Monitor»ի հրապարակումից, կարծիք են հայտնել, թե Սիրիայից հետո Թուրքիայի գլխավոր թիրախը Հայաստանն է լինելու:
«Ենի աքիթի» այս դատապարտումը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի «օղուզթուրք» ծածկագրով Հայաստանին ռազմաօդային հարվածներ հասցնելու ծրագիրի մասին «Nordic Monitor-ի» հրապարակումը արժանահավատ է, կնշանակի դա մնում է ուժի մեջ: Այդ մասին նշել է «rusarminfo.ru-ն», Ստանիսլավ Տարասովի ՙ «Ո՞վ որոշեց Թուրքիայի «հարձակումով» վախեցնել Հայաստանին» հոդվածով «Regnum-ը», ինչպես նաեւ «Գոլոս Արմենին» եւ «Razm.info-ն» ի դեմս ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանի , որն այս կայքում ուշագրավ դիտարկում է արել: Արդյո՞ք իրատեսական է դրա իրագործումը Թուրքիայի համար:
Նախքան հարցին պատասխանելը նշեմ, որ Հայաստանի դեմ հարձակման ծրագիր մշակելը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի համար պետք է համարվի ավելի քան տրամաբանական, որովհետեւ անկախության առաջին իսկ օրից Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում: Հարեւան երկրի հետ դիվանագիտական հարաբերություններից հրաժարվելը, այն էլ մի 3-րդ երկրի համար, միջազգայնորեն համարվում է թշնամանքի դրսեւորում: Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել հարաբերությունների հաստատման համար միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ առաջադրել Հայաստանին, էլ չենք խոսում Կարսի նահանգը ռազմական գոտի հայտարարելու, տանկերը դեպի հայկական սահման շարժելու, Լաչինի դիմաց Զանգեզուրը պահանջելու, ղարաբաղյան հակամարտությունը որպես ներքին հարց դիտարկելու, դեղորաքի, պարենի քողի տակ Ադրբեջան զենք ուղարկելու, կամավորներ հավաքագրելու եւ սրանց հակամարտության գոտի գործուղելու, ինչպես նաեւ մեր հանրապետությունը շրջափակելու արարքների մասին:
Քանի որ նրան չի հաջողվել 20-րդ դարի սկզբներին ոչնչացնել Հայաստանը, ուստի 90-ականների սկզբին ձեռնամուխ եղավ այն կամազուրկ պետություն դարձնել, բայց ապարդյուն: Այդ առումով թերեւս հատկանշական է Քեմալ Աթաթուրքի «Հայաստանը ֆիզիքապես եւ բարոյապես ոչնչացնելու» հրամանը Կարաբեքիրին: Բացի Հայաստանի նկատմամբ որդեգրած թշնամական քաղաքականությունից, Թուրքիան միաժամանակ տառապում է այսպես կոչված «դավադրության տեսությամբ» եւ Հայաստանը պատվավոր առաջին տեղն է զբաղեցնում «դավադիրների» մեջ: Այլ կերպ, Թուրքիան դեռ 90-ականներին կհարձակվեր Հայաստանի վրա, ընդ որում առանց ռազմական որեւէ ծրագիր մշակելու: Պարզապես նա բախվեց ռուսական գործոնին: 1992-ին մարշալ Շապոշնիկովն իզուր չէր հայտարարել, որ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակումը լինելու է 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
«Nordic Monitor-ի» հրապարակած ծրագրի իրագործման դեպքում ի՞նչ դիրք կընդունի Ռուսաստանը: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր պետություն ելնում է իր ազգային շահերից, առավել եւսՙ գերտերությունները: Ռուսական ռազմաբազան հենց այդ շահերից ելնելով է տեղակայվել Հայաստանում: Դա, ինչ խոսք, պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, սակայն դրա հետ ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասում ապահովում է նաեւ Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, ապա Ռուսաստանը կկորցնի Հայաստանը, դա կհանգեցնի ամբողջ Հարավային Կովկասում ռուսական ռազմաքաղաքական ներկայության կորուստին: Այդ պայմաններում չի բացառվում, որ վերստին բռնկվի Չեչնիայի պատերազմը եւ Ռուսաստանը կանգնի նաեւ Հյուսիսային Կովկասից հեռանալու փաստի առջեւ: