Պրոֆեսոր Մանվել Ասատրյանի դասն էր. «Ժամանակակից հայոց լեզու» էր կարդում: Մենք մեծագույն ակնածանքով էինք վերաբերվում նրան. ձեռնափայտին հենվելովՙ ամեն օր մի կերպ համալսարան էր գալիս, ոտքով 4 հարկ բարձրանում: Համալսարանը Մանվել Ասատարյանի համար օդ ու ջուր էր, տուն ու հայրենիք: Նվիրյալ էր:
Հաջորդ դասն արտասահմանյան գրականության պատմություն էր: Մեր կուրսը երկու հոսքի էր բաժանված. Լեւոն Ներսիսյանն առաջին հոսքին էր կարդում արտասահմանյան գրականություն, ես երկրորդ հոսքում էի: Դեռ նախորդ օրն էի որոշելՙ միանալու եմ երկրորդ հոսքի կուրսընկերներիս , որ Լեւոն Ներսիսյանին լսեմ: Մանվել Ասատարյանի դասն ավարտվեց. իջա 212 լսարան: Համալսարանական ոչ հեռավոր անցյալի սերունդը կհիշի, որ 212 եւ 213 լսարանները շատ մեծ էին, նստարանները դասավորված էին թեքության վրա , ինչպես դահլիճումՙ ներքեւից վերեւ: Ոչ ոք չզարմացավ, թե ինչու եմ արտասահմանյան գրականության մեր հոսքի դասախոսի ժամը թողել ու այստեղ եկել: Քիչ հետո բացի կուրսեցիներիցս, այլ ֆակուլտետներից անծանոթ տղաներ ու աղջիկներ էլ մտան լսարան: Ու դարձյալ ոչ ոք չզարմացավ:
Լեւոն Ներսիսյանը ներս մտավ. հագնված էր անբիծ ճաշակով, գույների նուրբ համադրությամբ, գլխին անբաժան բերետն էր: Տղաներից մեկը շտապեց ձեռնափայտը խնամքով ամբիոնին հենել, իսկ սեղանին դրեց թղթից պատրաստած մոխրամանը: Արտիստը դանդաղ ու հանդիսավոր նստեց աթոռին, ինչպես հայրըՙ Հրաչյա Ներսիսյանն է նստում «Պատվի համար», «Առաջին սիրո երգը» ֆիլմերում: Ատվա՜ծ իմ, այդքան նման, այդքա՜ն հանճարեղ: Տոհմի ժառանգական ազնվականությունը ոչ հնարավոր է կրկնօրինակել, ոչ էլ արմատախիլ անել. այն կա ինքնին, առանց որեւէ ջանքի ու տառապանքի: Առաջին իսկ րոպեներից ես Նրա մեջ շարունակեցի փնտրել Հրաչյա Ներսիսյանին: Գտա … ու շատ արագ կորցրի, երբ սկսեց … խոսել: Հոմերոս. «Իլիական»: Լեւոն Ներսիսյանն սկսեց Ագամեմնոնի կերպարից. պարզ էր, որ նախորդ դասին խոսել էր Ագամեմնոնի եւ Կլիտեմնեստրայի ամուսնության մասին: «Ագամեմնո՜ն. նա հասարակ, սովորական տղամարդ չէր, որ աշխատանքից տուն գար, ու նրա 4 երեխաները հայրի՜կ, հայրի՜կ գոռալովՙ թառեին նրա գլխին եւ ուսերին: Ագամեմնոնի ներսում հրաբուխ կար, խոր դրամա»: 20 տարի է անցել. հենց աչքերս փակում եմ, Լեւոն Ներսիսյանը նորից նստած է աթոռին, Ագամեմնոնի մասին խոսելիս աջ ձեռքը դանդաղ բարձրացնում է, դողդողացող մատները տարածում, հետո դանդաղ բռունցք անումՙ ասես Ագամեմնոնի հոգու ցավը հավաքելով ափի մեջ: Մատների արանքում սիգարետը շարունակում է ծխալ: Եվ ինչպե՞ս է ստացվել, որ Նա թատրոն չի մտել, Ագամեմնոն ու Արքա Լիր չի խաղացել, այլ Երեւանի պետական համալսարան է մտել, գրականությունն ու արվեստը, աշխարհն ու կյանքը ընդամենը մի քանի գրքով ճանաչող խակերիս հետ գլուխ է դնում: Սովորաբար տաղանդավոր ու հանճարեղ հայրերի զավակների վրա բնությունը հանգստանում է, բայց ոչ Հրաչյա Ներսիսյան հոր Լեւոն Ներսիսյան զավակի դեպքում: Մի քանի րոպե անց Նրա մեջ Հրաչյա Ներսիսյանին փնտրելն անհեթեթություն էր: Նա ինքն էրՙ իրենով ու ինքնաբավ: Փորձեցի ասածները գրի առնել, մի քանի տող գրեցի ու… ի՞նչը գրես ու ինչպե՞ս: Նրա խոսքը հնարավոր չէր գրի առնել, այդ խոսքը Նրա էությունն էր, որ պետք էր տեսնել ու լսել, զգալ ու հոտոտել ու վերջապես …վայելել: Տեսախցիկով հնարավոր կլիներ ընդամենը նկարահանել, բայց Նրանից հորդող էներգիան, աչքերիՙ մերթ մեղմ, մերթ մոլեգնող կայծերը, մատներից ծորացող հմայքը տեսախցիկն ինչպե՞ս կարող էր նկարել:
Վերջերս Կինոյի տունը հրավեր էր տարածել, թե նոյեմբերի 27-ին ցուցադրվելու է Արայիկ Մանուկյանի «Լեւոն Ներսիսյան. ես խարիսխ եմ» ֆիլմը: Գնացի: 1999 թվականի նոյեմբերի 27-ին է վախճանվել Լեւոն Ներսիսյանը: Երեկոն Նրան էր նվիրվում:
Դահլիճում համալսարանականների միջին սերունդն էր: Բոլորը Լեւոն Ներսիսյանի ուսանողը լինելու բախտն էին ունեցել, բացի ֆիլմի հեղինակիցՙ Արայիկ Մանուկյանից: Գուցե ավելի լավ, որ Լեւոն Ներսիսյանին չի ճանաչել: Եթե ճանաչեր, ապա նրա սրտում բույն դրած ներսիսյանապաշտությունն առաջին պլանում կլիներ, իսկ այս դեպքում առաջին եւ միակ պլանում Լեւոն Ներսիսյանն էր: Պարզ, առանց պաթոսի ու պաճուճանքների, Արայիկ Մանուկյանը նեկայացրել էր մի արվեստագետ-մտավորականի, որն ինքնին անհատականություն է, տեսակով եւ որակով միակը: Իսկ վերջնարդյունքում դժվար է ձեւակերպել, թե նա ով է. եթե ասենքՙ դասախոս, ապա յուրաքանչյուրս դասախոս կոչման ու մասնագիտության մասին յուրովի, բայցեւ ընդհանուր պատկերացում ունենք: Լեւոն Ներսիսյանը դասախոս հասկացության ոչ դասական, ոչ էլ ոչ ավանդական կերպարի հետ աղերսներ չուներ: Թերեւս միայն աշխատանքային գրքույկում է ձեւակերպված եղելՙ դասախոս, իսկ իրականում Լեւոն Ներսիսյանը հոգով, մարմնով, մտքով ու էությամբ ԽՈՍՔ էր: Իսկ խոսքն ուղղակի հորդում էր, առինքնում, հմայում, որովհետեւ բխում էր խոր ու տիեզերածավալ ինտելեկտից:
Տեսանկարահանած կամ ձայնագրած քիչ նյութ կա Լեւոն Ներսիսյանից: Հարցազրույցի կամ նկարահանումների առաջարկները հաճախ է մերժել: Ռեժիսոր Ջուլիետա Կաժոյանը , որի ընտանիքի հետ Լեւոն Ներսիսյանը մտերիմ է եղել, պատմեց, որ Վարպետն անգամ իրեն թույլ չի տվել նկարահանել: «Երբ ես հորս տարիքը կանցնեմ, այն ժամանկ էլ կնկարես»»,-ասել է, հոր տարիքն էլ անցել, բայց այդպես էլ չի նկարահանվել:
«Ես խարիսխ եմ» ֆիլմում Արայիկ Մանուկյանը որոշ նկարահանումներ է օգտագործել: Դերասանուհի Կարինե Սուքիասյանին է հաջողվել Վարպետի համաձայնությունը ստանալ, Նրա տուն այցելել ու աշխատասենյակում նկարել: Նա արդեն վատառողջ էր, ձայնը խզված էր ու խռպոտ, հաճախ կտրվում էր ու նվաղում, բայց Նա շարունակում էր ծխել: Վարպետն ասում էրՙ Աստված ինձնից խլում է միակ զենքսՙ ձայնս:
Ի դեպ, ծխելու մասին: Դասապրոցեսին ծխել չի թույլատրվում ո՛չ դասախոսին, ո՛չ էլ ուսանողին: Բայց համալսարանաի ղեկավարներից որեւէ մեկի մտքով չի էլ անցել արգելել Նրան ծխել: Նրա ծխելը չգրված օրենք էր: Դասախոսների եւ ուսանողների շրջանում երբեք հարց չի առաջացելՙ իսկ ինչո՞ւ է միայն Լեւոն Ներսիսյանին թույլատրվում ծխել: Նույնկերպ միայն Խորեն Աբրահամյանը կարող էր հարցազրույցի տաղավարում եւ ամենուր ծխել:
Լեւոն Ներսիսյանի նախկին ուսանողուհի Աննա Բախշյանը Կինոյի տան հանդիպմանը եկել էր մի սեւ փոքրիկ մոխրամանով: Պատմեց, որ դասախոսությունների ժամանակ նկատելով, որ Լեւոն Ներսիսյանը ծխախոտի մոխիրն անընդհատ լցնում է թղթե մոխրամանի մեջՙ մի օր մոխրաման է գնել նրա համար: Այն հիմա մասունքի արժեք ունի:
Ֆիլմից հետո շատերը հուշեր պատմեցին Վարպետի մասին: Փորձեցի հայացքով ընդգրկել սրահն ու այնտեղ հավաքված մարդկանց: Հարկավ, նրանցից յուրաքանչյուրը կյանքի իր ճանապարհն ունի, իր բնույթն ու խառնվածքը, բայց բոլորին միավորում էր Լեւոն Ներսիսյանի ուսանողը, մտերիմը կամ ծանոթը լինելու երջանկությունը: Նրանք որքան տարբեր, նույնքան նման էին իրար, նման էին էությամբ ու կյանքի արժեքներն ընկալելու ունակությամբ: Նման էին կյանքի չերեւացող կողմերը տեսնելու օժտվածությամբ: Որովհետեւ նրանց մեջ Լեւոն Ներսիսյանի դրոշմն ու հետքն է:
Մաշտոցի 39 հասցեում հուշատախտակ է տեղադրվածՙ Լեւոն Ներսիսյանի դիմաքանդակով: Գրված էՙ «Այս տանն ապրել է ոգու եւ ազատության հավերժական ասպետը»: Արայիկ Մանուկյանի ֆիլմը նվիրված է «ոգու եւ ազատության հավերժական ասպետին»: Ֆիլմում հնչում են Սիփան Շիրազի բանաստեղծություններըՙ այնքա՜ն ներդաշնակ երեւանյան սեւ-սպիտակ պատկեներին ու Լեւոն Ներսիսյանի կերպարին:
Անշուշտ, Լեւոն Ներսիսյանի մասին այս ֆիլմում շատերը կցանկանային խոսել, գովել, ներբողել, բայց հեղինակն ընդամենը մեկին էր ընտրելՙ գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսին: Նրա բնական, նկարագրական խոսքն ընդգրկում է Լեւոն Ներսիսյան մտավորականի, մարդու, մահկանացուի եւ հավերժական ասպետի կերպարը:
Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Լեւոն Ներսիսյանի դասախոսությունների ձայնագրություններից, իսկ տեսանկարահանված նյութերում Վարպետը երեւում է իր ծերունական պատկառանքի արտիստիկ հմայքով: Նախախնամության կամոք դերասանուհի Կարինե Սուքիասյանի տեսագրած ամբողջական նյութը պահպանել չի հաջողվել: Պարզվում էՙ դերասանուհու նյույորքյան բնակարանի վերեւի հարկի հարեւանի տանից ջուր է հոսել ու թափվել ուղիղ ժապավենի վրա: Հակառակ դեպքում մենք այսօր Լեւոն Ներսիսյանից բավանականաչափ տեսագրություն կունենայինք: Իսկ այն, ինչը պահպանվել է, ընդամենը պատառիկներ են, թանկ մասունքներ: Այդ տեսագրություններից մեկում Վարպետը պատմում է. «Փարիզից վերադառնալիս այնտեղ աշխատանք ունեի, տուն ունի. ամեն ինչ թողեցի, եկա: Ասացիՙ ես խարիսխ եմ: Նավապետը կարող է փոխվել, նավաստիները կարող են ընկղմվել ծովի մեջ, մկները կարող են փախչել նավից, բայց նավը պիտի կանգուն մնա: Կանգուն մնալու համար պետք է որ նա խարիսխ ունենա: Ոչինչ, որ ես ժանգոտած խարիսխ եմ: Ես եկել եմ ասեմՙ ոչ մի տեղ չեմ գնա. ոչ մի բնակարանով, Սորբոններով գայթակղել ինձ հնարավոր չէ: Ուրեմն քանի դեռ ես Հայաստանում եմ, նավը դեռ ընկղմված չէ, որովհետեւ խարիսխ ունի: Ես խարիսխ եմ»: Այս խոսքերը թվում է, թե հեռուստաթատորնի բեմադրությունից մի հատված է. Վարպետը խոսում է դեմքի, մարմնի, ձեռքերի արտասովոր արտահայտչականությամբ, հախուռն ու բորբ:
ԵՊՀ-ում 1990-ականների վերջերին շշուկներ էին պտտվում, թե ինչ-որ անձինք, իսկ ավելի ստույգՙ իշխանություններն իրենց հեղինակությունը բարձրացնելու համար ջանում են Լեւոն Ներսիսյանի կերպարն ու անունն օգտագործել: Այդ նպատակով նրանք որոշակի ակնարկներ են արել, ավելինՙ հստակ քայլերի դիմել: Բայց կարճ եւ կոնկրետ մերժվել են: Հայտնի է, որ Վարպետը Chivas վիսկի էր սիրում:Պատվիրակները մի քանի շշով եկել են Վարպետի տուն: Նա հրահանգել է. «Շշերը դրեք պատի տակ: Հեռացեք, ճիշտ է, ես ողորմածությամբ եմ ապրում, բայցՙ Աստծո»:
Պատմում են, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերը Վարպետը սարսափելի ծանր է տարել, չի թաքցրել խոր հիասթափությունըՙ համարելով, որ իր երազած Հայաստանն ունենալու հույսը մարեց: Ընդամենը մեկ ամիս անց նա վախճանվեց: Ոչ ոք կասկած չուներ, որ Վարպետի մարմինն իր սիրելի բուհումՙ ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում է դրվելու, բայց Լեւոն Ներսիսյանի հեղինակությունն օգտագործելու ախորժակ ունեցող իշխանությունների վրեժխնդրության պահը հասել էր: Համալսարանն իր դռները փակեց Լեւոն Ներսիսյանի առաջ: 26 տարեկանումՙ 1957 թվականից նա դասավանդում էր այդ բուհում: 42 տարի ամեն օր Մաշտոցի պողոտայի իր բնակարանից եկել էր համալսարան, բոլոր կուրսերում, բոլոր ուսանողներին իրենից մի հյուլե թողել, նորելուկ գրականագետների ու լեզվաբանների առաջ ինքն իրեն այրել, բոցավառել, իր խոսքի մոգականությունն ու հզորությունը դաջել լսարաններում, որպեսզի հաջորդ օրը նորից գա, վերադառնա, նույն ժամին ու նույն տեղում իր ոգու եւ ազատության հավերժականությունը վերահաստատի:
Ժամանակը փոխել է նաեւ մայր բուհը: Բանասիրական ֆակուլտետի 212 եւ 213 լսարանները վերաձեւվել են, վերափոխվել: Հնի հետքն անգամ չի մնացել: Դժվար է անգամ հավատալ, որ ոչ հեռավոր անցյալում դեպի այդ լսարաններ տանող միջանցքում Լեւոն Ներսիսյանի քայլքի ու ձեռնափայտի ձայնն է լսվել, նրա վեհաշուք կերպարն է անցել այդտեղով: Դժվար է պատկերացնել, որ այնտեղ, ուր հիմա արեւելագիտության ֆակուլտետի նորոգ, կահավորված ու տաք տարածքն է, մի ժամանակ հին նստարաններով, ճռճռան մանրահատակով, ցուրտ ու անհրապույր 212 եւ 213 լսարաններն էին: Բայց ցուրտն էլ, հին նստարաններն ու մանրահատակի ճռճռոցն էլ սիրելի, թանկ էին դառնում, երբ ներս էր մտնում Նաՙ Խոսքի Արտիստը, երեւակայական բեմի Վարպետը, բոլոր ժամանակների Ասպետը: