ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Քաղաքագետներից շատերը վաղուց կանխատեսում էին, որ Անդրկովկասում եվրոպացենտրիզմի քաղաքականությունը ձախողվելու է: Ինչպես նաեւ այն, որ տվյալ տարածաշրջանում եվրոպական ինքնության զարգացումն ու արմատավորումը աշխարհաքաղաքական իրավիճակային բնույթ է կրում, հենակետ է հանդիսանում առաջին հերթին Ռուսաստանի հետ դիմակայության համար:
Բայց բանը միայն Ռուսաստանը չէր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տարածաշրջանում ակտիվացած Թուրքիան, որին Արեւմուտքում ներկայացնում էին իբրեւ ժողովրդավարության տիպար, նույնպես թեւաթափ եղավ Եվրոմիություն մտնելու մերժում ստանալով: Եթե Անկարան Անդրկովկասում հայտնվեր երկուՙ իր սեփական եւ եվրոպական դրոշների ներքո, իրավիճակը տարածաշրջանում կարող էր որակական փոփոխություններ կրել: Բայց դա տեղի չունեցավ եւ ապագայում հազիվ թե տեղի ունենա: Անդրկովկասում թուրքական գործոնը իսլամական գործոն է: Սա առաջին:
Երկրորդ: Թուրքիային մերժեցին տարածաշրջանում իրականացնել եվրոպական քաղաքակրթային առաքելություն, քանի որ նա շարժվում է ոչ այն ուղեգծով, որը կցանկանար տեսնել լուսավորյալ Եվրոպան: Ավելին, ընդունված է կարծել, որ այդ երկրում հաստատված է բռնապետություն եւ անձամբ նախագահ Էրդողանի անձի պաշտամունք, իսկ նրա դաշնակից Ադրբեջանում ամեն ինչ շարժվում է այդ ուղղությամբ, մինչդեռ հարեւան քրիստոնեական երկրներ Վրաստանում եւ Հայաստանում փորձեր են արվում կառուցելու ժողովրդավարական հասարակություն:
Նման իրավիճակում եվրոպական տարբեր նախագծերին, մասնավորապես «Արեւելյան գործընկերությանը», Բաքվի մասնակցությունը ընկալվում էր որպես Ռուսաստանից եւ Թուրքիայից նրա հեռանալու ձգտում: Իսկ բուն Ադրբեջանում հույս ունեին, որ լայնընդգրկուն էներգետիկ նախագծերի իրականացումը, որը հաճախ ներկայացվում էր որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգությամբ նրա մտահոգվածություն, կհանգեցնի իր սցենարով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Դա տեղի չունեցավ: Բաքվի ու Բրյուսելի փոխհարաբերություններում ճգնաժամը վաղուց էր հասունանում: Բայց միայն հիմա է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այդ մասին հայտարարում: 2019 թվականի արդյունքների վերաբերյալ երկրի չորս առաջատար հեռուստաալիքներին տված հարցազրույցում նա հանդես եկավ հայտարարությամբ, որը կարելի է համարել պատմական եւ սենսացիոն: Նշենք դրա գլխավոր կետերը: Առաջինՙ Բաքուն բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել է եվրոինտեգրման շրջանակներում: Բայց հետագա քայլերի անհրաժեշտություն չկա, եւ դրանք կլինեն անարդյունք:
Նրա խոսքերով, եթե եվրոինտեգրման մասին խոսենք Եվրոմիությանն անդամակցելու իմաստով, ապա դա անհնար է: Ճիշտ նույն ձեւով նման հեռանկար չկա նաեւ մի շարք եվրոպական երկրների համար: Երկրորդ կետՙ Ալիեւը բերել է Թուրքիայի օրինակը. «Շատ վաղուց այդ երկիրը Եվրոմիության հետ ասոցիացիոն համաձայնագիր է կնքել: Բայց ո՞ւր են արդյունքները», հարց է տվել Ալիեւը: «Դա մեծ անարդարություն է: 2000 թվականից սկսած, նախկին սոցիալիստական դաշինքի մի շարք երկրներ մտել են Եվրոմիություն, իսկ նրանք մի՞թե Թուրքիայից ավելի զարգացած են: Ինչո՞ւ նրանք դարձան ԵՄ անդամ, իսկ Թուրքիանՙ ոչ: Հարցը հռետորական է: Պատճառը լոկ այն է, որ Թուրքիան մահմեդական երկիր է: Հիմա այդ մասին խոսում են բացահայտորեն: Եվ կընդունե՞ն արդյոք Ադրբեջանին: Իհարկե ոչ»: Երրորդ կետՙ Ադրբեջանը չի ծրագրում դուրս գալ «Արեւելյան գործընկերության» նախագծից, բայց չի լինի դրա ակտիվ մասնակիցը:
«Երբ մենք մտանք նախագծի մեջ, չէինք պատկերացնում, թե այն ինչից է բաղկացած», ընդգծել է Ալիեւը: «Այնտեղ ներգրավված երկրներին միավորում է այն փաստը, որ նրանք բոլորը հետխորհրդային հանրապետություններ են: Այդ երկրներն այսօր վարում են տարատեսակ արտաքին քաղաքականություն, ներքին իրավիճակները տարբերվում են: Ուստի նույն ծրագրում այդ երկրների ներգրավումն այն ժամանակ ճիշտ էր, բայց հիմա անընդունելի է: Նախագծի մասնակից վեց երկրներից երեքը Եվրոմիության հետ ստորագրել են ասոցիացման համաձայնագրեր: Ադրբեջանը նման փաստաթուղթ չի ստորագրել եւ ներկայումս աշխատում է երկկողմ համաձայնագրի վրա: Բաքուն Եվրոպայից չի սպասում ինչ-ինչ արտոնություններ, մենք, ի տարբերություն ծրագրի մասնակից այլ երկրների, ինքներս մեզ ապահովում ենք եւ այսօր դոնոր երկիր ենք: Մենք մնում ենք ծրագրում, բայց եթե անկեղծ խոսենք, դրան մեծ կարեւորություն չենք տալիս, քանի որ այդ ծրագրի նպատակները մեզ համար մինչեւ վերջ պարզ չեն: Եթե դա եվրոինտեգրումն է, ապա հետխորհրդային երկրների համար այդ նպատակն անհասանելի է:
Չորրորդ կետՙ «Ենթադրենք վաղն ասում են, թե դուք Եվրոմիություն եք մտնում որոշակի ժամկետում: Իսկ դա պե՞տք է արդյոք մեզ: Մենք տեսնում ենք գործընթացներ կրոնական հիմքի վրա: Իսկ դա մեզ համար անընդունելի է: որոշ դեպքերում ընդդիմությունը փողոցներ է դուրս գալիս ԵՄ պաստառներով: Նրանք ուզում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելո՞ւմ: Մեր ճակատագիրը մենք չենք կարող հանձնել ուրիշներին, մենք ունենք սեփական պատմություն, սեփական արժեքներ»:
Այս ամենից ի՞նչ է հետեւում: Եվրոմիության հետ հարաբերություները կառուցելիս Ալիեւն անկյունաքար է դարձնում ազգային ինքնիշխանության պահպանումը, եւ բաքվեցի որոշ փորձագետների լավատեսական կանխատեսումներին հակառակ, վերանայում է Եվրոպայի օգտին ռազմավարական մերձեցման քաղաքականությունը: Նրա արտաքին քաղաքականությունը կրելու է լուրջ փոփոխություններ, ինչը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական նոր իրողության ստեղծմանըՙ կապված Սեւ եւ Կասպից ծովերի ջրատարածքների անվտանգության ապահովման հետ: Եթե Վրաստանն ու Հայաստանը որպես քրիստոնեական երկրներ հայտարարում են, որ իրենք «կանգնած են եվրոպական քաղաքակրթության գրեթե ակունքների մոտ», ապա Ադրբեջանն իրեն նույնականացնում է իսլամական աշխարհի հետ, այլ ոչ թե հեռավոր եվրոպական ծայրամասի հետ: Դա համապատասխանում է համաշխարհային քաղաքականության կենտրոնը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տեղափոխվելու ընկալմանը:
Եվ դա տեղի է ունենում այն իրավիճակում, երբ քաղաքագետ, Geopolitika News հարթակի գիտաշխատող Յադրանկա Պոլովիչի խոսքերով, Եվրոպայի քաղաքական էլիտաները, եվրոպական քաղաքական միտքը միանգամայն անորոշ տեսակետ ունեն եվրոպական ինքնության հարցում, իսկ ինքնիշխանության կողմնակիցները հակադրվում են եվրոպական երկրների կենտրոնամետության ջանքերին: Դատելով ըստ ամենայնի, Ալիեւն Անդրկովկասում առաջին ղեկավարն է, որը սկսել է գիտակցել Բրյուսելի քաղաքականության իմպերիալիստական բնույթը, որը ենթադրում է տնտեսական ու ֆինանսական ծավալողականություն դեպի քիչ զարգացած արեւելաեվրոպական երկրներ եւ Անդրկովկաս, ամփոփում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը: