Իրանի ապակայունացմանն առնչվող որոշ վտանգներ
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հադնես է եկել Իրանին վերաբերող հայտարարությամբ: «ԱՄՆ-ը եւ Եվրոպան ունեն տարբեր մոտեցումներ: Թեեւ ԱՄՆ-ը հրաժարվել է միջուկային համաձայնագրից եւ անցել առավելագույն ճշումների, մենք ուզում ենք առաջընթացի հասնել բանակցությունների միջոցով: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հանդես են գալիս համաձայնագրի պահպանման օգտին, որպեսզի Իրանին թույլ չտան ունենալու միջուկային զենք: Սպառնալիքները եւ ռազմական առճակատումը ոչիչ չեն փոխել: Մենք ուզում ենք խանգարել Մերձավոր Արեւելքում հրդեհի բորբոքմանը: Եվրոմիությունը շեշտը դնում է դիվանագիտության, այլ ոչ թե խնդրի խորացման վրա: Եվ մենք հույս չունենք, թե իրադրությունը կբարելավվի դրսից Թեհրանի վարչակարգի փոփոխման դեպքում», նշել է նա: Ըստ որում նա ավելացրել է, որ Իրաքում ամեն ինչ արդեն սխալ ընթացք է ստացել:
Եթե նրա հայտարարությունը դիտարկենք սյուժետային կողմից, ապա այն բաժանվում է երկու մասի: Առաջինը Իրանի նկատմամբ Եվրոմիության քաղաքականության գնահատականն է: Երկրորդը իրադարձությունների հնարավոր ընթացքն է Մերձավոր Արեւելքում, որտեղ կարող է հրդեհ բռնկել դրսից Թեհրանի վարչակարգը փոխելու ԱՄՆ-ի մտադրության պատճառով: Այսպիսով ի հայտ է գալիս իրադրության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցը: Ինչպես հայտնի է, Եվրոմիությունը հավանություն չտվեց Իրանի հետ կնքված համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշմանը: Ամերիկացիները սկսեցին Իրանի նկատմամբ գործի դնել կոշտ պատժամիջոցներ: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ շփումները պահպանող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդես եկավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հատուկ համաձայնագրի ստորագրման օգտին: Այդ նախաձեռնությունը խափանվեց: Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդակցություններ է անկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դիվանագիտական համույթում իր տեղն է փնտրում նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը :
Բայց առայժմ արդյունք չկա: Վերջերս գործարկվեց INSTEX վճարային համակարգը, որը ստեղծված է ամերիկացիների հակաիրանական պատժամիջոցների շրջանցման նպատակով, բայց էապես ոչինչ չփոխվեց: Ի հայտ եկավ Գործողությունների համապարփակ միասնական ծրագրով նախատեսված վեճերի հարթման մեխանիզմը, որն ուղղված է համաձայնագրի մասնակիցներից մեկի կողմից դրա խախտման դեպքում հատուկ հանձնաժողովի ստեղծմանը: Եթե 15 օրվա ընթացքում վեճը չի հարթվում, ապա նախատեսվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ձեռնարկում: Թեհրանը դա մերժեց: Իրանի խորհրդարանի նախագահ Լարի Արդաշիր Լարիջանին հայտարարեց, որ եթե Եվրոպան միջուկային գործարքի կապակցությամբ ճնշում գործադրի Իրանի վրա, ապա Թեհրանը կվերանայի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ հրաժարվում է ուրանի հարստացման ծավալների սահմանափակմանը եւ ցենտրիֆուգների քանակին ու մոդելներին վերաբերող իր պարտավորություններից: Ստեղծված իրավիճակը գնահատելովՙ Գերմանիայի նախկին արտգործնախարար Զիգմար Գաբրիելը գտնում է, որ իրանական ճգնաժամի պայմաններում Եվրոմիությունն իրեն դրսեւորել է «թղթե վագրի» պես:
Գաբրիելի կարծիքով, դա փոխելու եւ իրական մեղմացման հասնելու համար Եվրոպան պետք է համարձակություն հանդես բերի եւ պատրաստ լինի քաղաքական ռիսկի, ծայրահեղ դեպքումՙ ԱՄՆ ներկայիս նախագահի հետ քաղաքական առճակատման: Նա նաեւ ցանկալի է համարում, որ ԵՄ Կենտրոնական բանկը կամ Եվրոմիության առանձին երկրների ազգային բանկերը Իրանի կողմից միջուկային գործարքի պահպանմանը եւ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը զուսպ արձագանքելուն ի պատասխան Իրանին բազմամիլիարդանոց վարկեր առաջարկեն: Բայց Բրյուսելը պատրաստ չէ իրադարձությունների նման ընթացքին, եւ նրա հայտարարությունն ընկալվում է որպես լոկ քաղաքական թախանձանք: Հավանաբար Իրանը կնախընտրեր, որ Եվրոպան իր միջուկային ծրագրի առնչությամբ կոնֆերանս անցկացնի Լիբիային նվիրված բեռլինյան հանդիպման նմանությամբ, վերահսկողություն սահմանի իր քայլերի նկատմամբ, ինչը Թեհրանին հնարավորություն կտար քաղաքական լայն մանեւրներ իրականացնել եվրոպական ուղղությամբ: Դա չի հաջողվում: Եվրոպան սպասողական վիճակում էՙ սոսկ մտահոգություն արտահայտելով, չունենալով ամբողջական պատկերացում Իրանում տեղի ունեցող դեպքերի մասին, չտեսնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ, ինչը անշուշտ պայմանավորված է ամերիկյան գործոնով, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը :
Եվրոպան պատրաստ չէ վճռական քայլ կատարել տարածաշրջանում դիվանագիտական առաջնագիծ դուրս գալու համար: Միեւնույն ժամանակ Եվրոպայում, եւ մասնավորապես Գերմանիայում, վախենում են իրանական ճգնաժամի մաս դառնալուց, քանի որ Իրանում եւ նրա շուրջը իրադրության հետագա ապակայունացման դեպքում ճգնաժամը չի սահմանափակվի միայն այդ պետությամբ: Բեռլինում գտնում են, որ առանց քաղաքական ռազմավարության Թեհրանի վարչակարգը փոխելու քաղաքականությունը, Մաասի խոսքերով, «Մերձավոր Արեւելքում կհանգեցնի հրդեհի»: Եվ ոչ միայն այնտեղ: Իրանի հնարավոր ապակայունացումը կդիպչի նաեւ Անդրկովկասի երկրներին:
Նորությունների չինական The Paper հարթակը, ինչպես նաեւ Bloomberg գործակալությունը, Սոլեյմանիի սպանությունից հետո հավանական են համարում իրադարձությունների զարգացման հետեւյալ սցենարը: Իրանի նկատմամբ զինված հակամարտությանը մոտեցող քաղաքականություն վարելովՙ ԱՄՆ-ը կձգտի Սիրիայում տապալել իրանական հակաիսրայելական եւ հակաամերիկյան առանցքը, որպեսզի տարածաշրջանում Թուրքիային թողնի որպես Ռուսաստանի միակ այլընտրական դաշնակից, կփորձի ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը կունենա բացառապես սահմանափակ մարտավարական բնույթ:
Այս կապակցությամբ պնդում է արվում, թե Լիբիան հերթական մերձավորարեւելյան շախմատային պարտիան է, որին Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Թուրքիայի ներգրավմամբ, ինչը, գերմանական Deutschlandfunk ռադիոկայանի կարծիքով, աննախադեպ փաստ է: ԱՄՆ-ի խնդիրն էՙ թույլ չտալ, որ Ռուսաստանի եւ Իրանի փոխհարաբերությունները հասնեն ռազմաքաղաքական ռազմավարական գործընկերության մակարդակի, սահմանափակել Անկարայի եւ Թեհրանի հետ դաշինքի շրջանակներում մանեւրելու Մոսկվայի հնարավորությունները: ԱՄՆ-ը վախենում է, որ «Իրանի անկում» գործողության սկիզբը Ռուսաստանին դուրս կբերի ոչ միայն այդ երկրի պաշտպանության առաջնագիծ, այլեւ կհանգեցնի Արաքս գետի վրա նրա պատմական սահմանների երկայնքով սեփական դիրքերի ամրապնդմանը: Դա կլինի պարտադրված որոշում, քանի որ Իրանի ապակայունացումը կհանգեցնի բազմաթիվ չկանխատեսված խնդիրների, այդ թվում «Իսլամական պետության» կողմնակիցների առաջխաղացումը զսպող պատնեշի անկմանը:
Իրադարձությունների նման ընթացքը ներկայումս շատերին կարող է թվալ աներեւակայելի կամ փոքր-ինչ չափազանցված, բայց դա անտեսել թերեւս չի կարելի: Եվ Եվրոպայում սկսել են դա հասկանալ: