Հայաստանի կառավարությունը հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմից, բանակցում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ երկու տարբեր ճակատներում, եւ ըստ երեւույթին զիջումների գնում գլխավոր հարցերում, հույսեր փայփայելով, որ խաբուսիկ խաղաղություն ձեռք կբերի, իսկ մյուս կողմից, իր քաղաքացիների առաջ խրոխտ տեսք է ընդունում՝ հայտարարելով, որ այդ բաանակցությունները դրական արդյունք են տալու։
Քննարկման ենթակա հարցերը երկուսն են հիմնականում։ Արցախի (Ղարաբաղի) կարգավիճակի հարցն ու Սյունիքի միջով Զանգեզուրի միջանցքի հարցը։ Գործնականորեն, թվում է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը ստանալու են այն ամենն, ինչի համար պայքարում են։ Ինչպես թուրքական թերթերից մեկը հաղորդում է՝ «Մեծ թուրանի դարպասները բացվում են»՝ ակնարկելով անշուշտ Զանգեզուրի միջանցքի մասին, մինչդեռ ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հավաստիացնում է ժողովրդին, որ Երեւանը տարածքային պահանջներ չունի եւ հետապնդում է միայն Ղարաբաղի ժողովրդի իրավունքի եւ անվտանգության ապահովման խնդիրները։ Գրիգորյանը վերջապես ընդունել է, որ բանակցությունները տեղի են ունենում խաղաղություն հաստատելու համար եւ կապ չունեն ղարաբաղյան հակամարտության հետ։ Այսպիսով, մինչ կառավարությունը իմաստաբանական հարմար եզրույթներ է հորինում իր քաղաքացիներին անհարմար իրականությունից զերծ պահելու համար, ընդդիմությունը Փաշինյանի վարչակազմին է մեղադրում երկիրը թուրքերին եւ ադրբեջանցիներին ծախելու մեջ։
Եվ մինչ Հայաստանը դժկամությամբ կուլ է տալիս զիջումները, Ադրբեջանը գնալով ավելի սաստկացնում է իր թշնամական վերաբերմունքը՝ այն հաստատ համոզմամբ, որ սա է լավագույն ժամանակը Հայաստանին կոտրելու, խոնարհեցնելու։ Իրոք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավատացած է, որ աստղերի համադասավորությունն այլեւս երբեք չի ստեղծի նման մի դասավորում, որն իրեն ընծայվել է թուրքական եւ իսրայելական դրոնների, պակիստանցի օդաչուների եւ սիրիացի ջիհադիստների գործակցության շնորհիվ։ Ժամանակը Ադրբեջանի օգտին չի ընթանում, հաշվի առնելով, որ պատուհանը փակվում է բոլոր նրանց առջեւ, ովքեր բռնության միջոցով են ցանկանում կարգավորել տարածաշրջանում իրենց խնդիրները։
Վերջին շրջանում ադրբեջանական ուժերը ամենօրյա հարձակումներ են իրականացնում Հայաստանի եւ Արցախի վրա, միաժամանակ մեղադրելով հրապարակայնորեն հայկական կողմին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի քանի օր առաջ հայտարարեց, որ իր երկրի զինված ուժերը ամբողջական պատրաստավածության են բերված՝ հակադարձելու որեւէ սադրանք հայկական կողմից։ Ադրբեջանը արագ թափով վերազինում է իր բանակը։ Վերջին պատերազմի ժամանակ, հակառակ որոշ դավադրական արարքների եւ անվտանգության խախտումների, Հայաստանը կարողացավ 44 օր դիմակայել թշնամու ագրեսիան եւ զգալի վնաս պատճառել ադրբեջանական զինուժին։ Բայց Բաքուն այժմ համալրում է իր զինանոցը ավելի արդիական զինամթերքով։ Ահա թե ինչ է գրում Ֆուադ Շահբազովը Eurasianet.org կայքում. «Ադրբեջանական զինուժի արդիականացումը մաս է կազմում 2020-ական թվականից հետո որդեգրված ծավալապաշտական ռազմավարության առավել լայն մի ծրագրի, որն իր մեջ ընդգրկում է նաեւ պաշտպանության ոլորտի բյուջեի զգալի ավելացում։ Ալիեւը դրա որպես պատճառ նշել է հայկական կողմի վրիժառության վտանգը։ Բայց առավել հավանական դրդապատճառ է հանդիսանում Ադրբեջանի հարեւանությամբ ստեղծված անվտանգության համընդհանուր մթնոլորտի նվազումը։ Ուկրաինայում ընթացող լայնածավալ պատերազմը եւ ՆԱՏՕ-ի կողմից մարզված ուկրաինական բանակի պաշտպանության հարաբերական հաջողությունները անհրաժեշտություն են դարձրել ավելի առաջ շարժվել խորհրդային ժառանգությունից եւ բարեփոխումներ կատարել ռազմական պաշտպանության ոլորտում»։
Հայաստանի վերազինումը երկար գործընթաց է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը նույնքան ֆինանսական միջոցներ չունի Ադրբեջանի հետ մրցելու համար։ Հայաստանը նոր է սկսել զենք գնել իր ունեցած ռազմական միջոցների բազմազանությունը ապահովելու հեռանկարով, քանի որ ինքն էլ Ադրբեջանի նման փորձում է ձերբազատվել խորհրդային ժառանգությունից։
Իլհամ Ալիեւը նաեւ բարոյական աջակցություն ստացավ, երբ եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերջերս Բաքու այցելեց ստորագրելու համար գազի մատակարարման մի պայմանագիր, չմոռանալով գովասանքներ շռայլել ազերի բռնակալին, չնայած Ադրբեջանի գազի պաշարները զգալիորեն փոքր են կարողանալ փոխարինելու համար ռուսական գազի մատակարարումները Եվրոպային։
Ի դեպ, Ադրբեջանի Եվրոպայի հետ կնքած պայմանագիրը լուրջ մտահոգություն պատճառած պետք է լիներ Կրեմլին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմից ընդամենը երկու օր առաջ նախագահ Ալիեւը Մոսկվայում էր՝ ստորագրելու համար մի պայմանագիր նախագահ Պուտինի հետ, որը կոչ էր անում կողմերին՝ այլ խնդիրների շարքում, խուսափել որեւէ երրորդ կողմի հետ գործակցելուց՝ ի վնաս երկու ստորագրող երկրների տնտեսական շահերի։ Բայց ֆոն դեր Լեյենի Բաքու այցելությունից հետո, Մոսկվան այդպես էլ որեւէ առարկություն չհրապարակեց։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա բանակցություններին, պետք է ասել, որ դրանք աննշան առաջընթաց են արձանագրել ցարդ եւ այնքան էլ մեծ հույսեր չեն ներշնչում։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի ակնկալիքներն այն մասին, որ «Հայաստանը պարտավոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել», պարզապես բանակցությունների գործընթացը ձգձգելու միջոց է։ Ավելի շահավետ պիտի լիներ Հայաստանի համար, եթե բանակցությունների սեղանին դրվեր ցեղասպանության ճանաչման եւ դրանից բխող փոխհատուցման հարցը, որպեսզի հնարավոր լիներ Թուրքիային պահելու պաշտպանության դիրքերում։ Չէ՞ որ, ի վերջո, Անկարան էր, որ խախտեց առանց նախապայմանների բանակցելու պահանջը եւ այժմ պահանջում է, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ։ Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումը եւ Թուրքիային ներկայացնի պահանջների իր ցուցակը։
Մինչ ծրագրեր են մշակվում, որ Բրյուսելում դարձյալ հանդիպեն վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը, լարվածությունը տարածաշրջանում թեժանում է։ Մի՞թե նոր հակամարտության ենք գնում նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը պատասխանում է այս հարցին՝ նշելով. «Զինադադարի դրույթների խախտումները նշանակում են, որ Ադրբեջանի ղեկավարութունը գոհ չէ խաղաղության գործընթացի ներկա իրավիճակից։ Բաքուն հավանաբար փորձում է լարվածությունը սրել դիվանագիտական եւ քաղաքական զիջումներ կորզելու համար Հայաստանից»։
Այս տեսակետը հիմնավորվում է այն փաստով, որ Ալիեւը նյարդայնանում է ամեն անգամ, որ հայկական կողմը նրան հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որին հանձնարարված է լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Այժմ, ի հակադրություն Ռուսաստանի դժկամության, Մ. Նահանգներն է աշխուժացել եւ փորձում է վերակենդանացնել ԵԱՀԿ գործընթացը։ Նախագահ Ալիեւին հաճոյանալու նպատակով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ ԵԱՀԿ ձեւաչափը մեռած է, որովհետեւ համանախագահներից երկուսը՝ Ֆրանսիան եւ Մ. Նահանգները մերժում են համագործակցել Ռուսաստանի հետ։ «Ազատություն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սակայն, Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Լին Թրեյսին հակառակը պնդեց, հայտարարելով, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ՝ կարգավորելու համար ղարաբաղյան հակամարտությունը։ Չմոռանանք, որ հարցը ավելի բարձր մակարդակով արձանագրվել էր, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդին Երեւան էր այցելել։
Ալիեւին գուցե նյարդայնացնում է նաեւ այն փաստը, որ Մ. Նահանգները դարձյալ շահագրգռվում է տարածաշրջանով, եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթական հեռախոսազրույցներ է ունենում կողմերի ղեկավարների հետ։ Փաշինյանի եւ Ալիեւի հետ ունեցած իր վերջին հեռախոսազրույցից հետո Բլինքենը թվիթերում նշել էր, որ «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն է տեսնում»։ Զարմանալիորեն, Կրեմլն էլ համաձայն է, որ երրորդ կողմ հանդիսացող երկրներն էլ մասնակցություն ունենան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին, պայմանով, սակայն, որ նրանք չխախտեն Ռուսաստանի դիրքորոշումը։
Պարզ է, որ Հայաստանը միայնակ չի կարող զսպել Ալիեւի զայրույթի պոռթկումները, բայց գերտերությունների գործողությունները կարծես կարող են այդ գործը գլուխ բերել։ Մ. Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության այս թվացյալ երեւույթը ներկա ժամանակներում, երբ իրար հետ լեզու չեն գտնում, պարզ է, որ առավել զայրացնելու է Ալիեւին։
Երեւանում խորաթափանց քաղաքական վերլուծաբաններից՝ Հովսեփ Խուրշուդյանը հավատացած է, որ Բլինքենի հարատեւ ուշադրությունը տարածաշրջանի հանդեպ կայունացնող գործոն է։ Նա գրում է, որ Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հաճախակի հեռախոսազանգերը Երեւանի եւ Բաքվի ղեկավարների հետ, Վաշինգտոնի ջանքերի սոսկ մեկ արտահայտությունն են. «Այս կապակցությամբ կուզենայի նշել հանրային հստակ ձեւակերպումն այն մասին, որ Ադրբեջանն է սադրանքների աղբյուրը։ Մ. Նահանգների շահագրգռվածությունը շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ զսպում է Ադրբեջանին արկածախնդրական քայլերից։ Բաքուն շարունակում է ուժով փորձել լուծել տարածաշրջանային հարցերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, արցախյան հիմնահարցի, եւայլն։ Մ. Նահանգների դիվանագիտությունը «նվազագույն շեմն է», ինչը նաեւ որոշակի անվտանգային երաշխիքներ է ապահովում Հայաստանի համար», գրում է նա։
Հայաստանը խաղաղության եւ կայունության խիստ կարիքն ունի, որպեսզի կարողանա վերականգնել իր ուժերը, հաղթահարել պատերազմի կործանիչ հետեւանքները եւ պահպանել իր գերիշխանությունը։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)