Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից. ֆեյսբուքյան էջում գրել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։
Դրան հաջորդելու է փափուկ ուժի միջոցով համատեղ բնակության պայմանների ստեղծման գործընթաց, որի ժամանակ Ադրբեջանից ներկայացվելու են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, արտոնյալ պայմաններով տարբեր ծառայությունների մատուցման, օժանդակման խոշոր ծրագրեր։
Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրսբերումը։
Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից»,- նշել է նա։