Նկատելի է, որ Ադրբեջանը տարեցտարի ավելի մեծ եռանդով է լծվում Խոջալուի ողբերգությունըՙ որպես ցեղասպանություն ներկայացնելու գործին, միջոց ու ջանք չի խնայում, որ նախՙ սեփական, ապաՙ միջազգային հանրության համար զոհի կերպարով հանդես գա: «Ազերթաջի» գերմաներեն տարբերակից իրազեկ ենք դառնում, թե օրերս AzTV հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն 5 րոպեանոց մի տեսաֆիլմ է ցուցադրել «Խոջալուի ճշմարտության» մասին: Տեսանյութը գերմաներեն թարգմանելու մասին ակնարկ չկա, երեւի պահանջարկ չունենալուց է, այսպիսի ենթադրության ենք հանգում հատկապես վերջին օրերին գերմանական լրատվադաշտին ծանոթանալուց հետո:
Բեռլինի կենտրոնումՙ Բրանդենբուրգյան դարպասների առջեւ փետրվարի 22- ին Խոջալուի ողբերգության հիշատակին գումարված եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաքից հետո, Ադրբեջանի պահանջը «Ֆրայթագ» շաբաթաթերթում շարադրեց Հումբոլտ համալսարանի պատմագիտության բաժնի շրջանավարտ, 2011- ից գերմանաբնակ Ազիֆ Մազիմովը , որ կարծիքի այդ հարթակում իր բլոգն է վարում: «Հայաստանը պիտի ընդունի իր կատարած ոճիրը» վերնագրյալ հոդվածում հեղինակը բեռլինյան ցուցարարների թիվըՙ մոտավոր հաշվարկներով, 600- ից տպավորիչ 1000- ի է հասցրել, ու, երեւի մի քիչ հարգելով իր մասնագիտությունը, ողբերգությունը ցեղասպանություն բառեզրով կնքելու փոխարեն մեղմել էՙ «ցեղասպանություն է, թե՞ կոտորած, սկզբունքորեն էական չէ», պատասխանատուները Հայաստանում իշխանության ղեկին էին եւ հիմա էլ ազատության մեջ են, գրում է հեղինակըՙ գլխավոր դերակատարներ համարելով նախկիններինՙ նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, այլ քաղաքական գործիչների: Հոդվածագիրը վկայակոչում է բրիտանացի Թոմաս դե Վաալիՙ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ 2000-ականներին հրապարակված մի հարցազրույց, որում, ըստ Մազիմովի, Սարգսյանը խոստովանել էՙ «Մինչեւ Խոջալուն ադրբեջանցիները կարծում էին, թե հայերը ձեռք չեն բարձրացնի խաղաղ բնակչության վրա: Մենք ի վիճակի եղանք այս կարծրատիպը ջարդել»: ( Հոդվածում հիշատակված հարցազրույցը կարելի է գտնել Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գրքում):
Նույն հատվածից է կառչել Վիեննայում Ադրբեջանի դեսպանությունը, որի հաղորդագրությունը տեղ է գտել ավստրիական APA-OTS գործակալության լրատվահոսքում: Մեր կարծիքով,Հայաստանը նույն հարթակում պիտի արձագանքի այն պարբերությանը, երբ ներկայացվում է, թե հայկական կողմը մեջբերում է Այազ Մութալիբովիՙ ռուսական թերթերից մեկին տված «կարծեցյալ» հարցազրույցը: Ադրբեջանի դեսպանությունը չի հիշատակում թերթի անունը («Նիզավիսիմայա գազետա»- ն- Ան. Հ.), նշում է սակայն, թե այն հայկական սփյուռքին է ծառայել:
Դառնանք Մազիմովի հոդվածին. Պատմաբանը գրում է, թե 2011- ից ի վեր հետեւելով գերմանական լրատվամիջոցներիՙ ղարաբաղյան խնդրի մասին անդրադարձին, նկատել է, որ մամուլն ակնհայտ համակրում է հայկական կողմին ու նրանց դիրքորոշման հանդեպ ըմբռնումը բխեցնում նույն մամուլիՙ հակամարտող կողմերին «քրիստոնյա Հայաստան», «մահմեդական Ադրբեջան» բաժանում- բնութագրումից: Մազիմովը նշում է, թե գերմանական մեդիան հաճախ է անդրադառնում օսմանյան կայսրության 1915- ի իրադարձություններին, դրանք ներկայացնելով մեկ անկյունից, իսկ Խոջալուի հանդեպ ուշադրություն չկա: Նա հույս էր կապել Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հետ, թե ժողովրդավարությունը պատերազմի չի մղում,բայց որն ի դերեւ ելավ Փաշինյանի «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունից հետո: Այս տեսակետն արդեն ծանոթ դրվագ էՙ Մազիմովի հայրենակից Ալաքբարովը նույնաբնույթ հարց ուղղեց ՀՀ վարչապետինՙ Բեռլինում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում հանդիպման ժամանակ, ինչին ի պատասխան Փաշինյանը ներկայացրեց Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին հերոսացնելու Բաքվի գործելաոճը:
Խոջալուի մասին աղաղակելը կարծես ծուղակ է դառնում Ադրբեջանի համարՙ եվրոպական հայելու մեջ հայտնվում է Սաֆարովին հերոսացնող Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որը մեզ հետ սպասում է ՄԻԵԴ- իՙ այդ գործով վճռին: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի դասակարգումՙ քրիստոնյա ես, թե մահմեդական: Մարդուն 16 անգամ կացնահարողին չես կարող չասելՙ ու հեռու է մինչեւ մարդը իր ճամփան: