ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրողԹվում էՙ «չար» եւ «հանճար» բառերն իրար կողքի գործածելն անիմաստ է: Մանավանդ, եթե ելնենք այն պատկերացումից, թե հանճարը չար լինել չի կարող: Բայց եթե խոսքը քաղաքական գործիչներին է վերաբերում, ապա այդ բառերը երբեմն կողք-կողքի են դրվում: Հատկապես երբ ուզում են բնորոշել չեղած տեղից իրենց համար թշնամիներ ստեղծելու, երբեմնի բարեկամներին թշնամիների վերածելու երեւույթը:Հայ եւ համաշխարհային քաղաքական պատմության մեջ անթիվ-անհամար են այն դեպքերը, երբ մարդն իր երբեմնի բարեկամներին դարձրել է սեփական քաղաքական կեցվածքի կատաղի թշնամին: Եվ հազվադեպ են այն մարդիկ, ովքեր, հակառակը, աչքի են ընկել իրենց թշնամիներին բարեկամ դարձնելու ընդունակությամբ: Հին աշխարհում թշնամիներին բարեկամ դարձնելու բացառիկ ընդունակություն էր ցուցաբերում… Հուլիոս Կեսարը: Իսկ նոր ժամանակներում բարեկամներին թշնամի դարձնելու բացառի՜կ տաղանդ ուներ… Իոսիֆ Ստալինը: Նրա կողմից թշնամի հորջորջված, գնդակահարված, Գուլագի-մեկուսարաններում անհետ կորած մարդկանցից գրեթե ոչ մեկը խորհրդային իշխանության եւ «խորհրդային ժողովուրդների հայր» հռչակված հրեշի անձնական թշնամին չէր: Ինքը տառապում էր հոգեկան հիվանդությամբՙ պարանոյայով, որն առաջին անգամ կիսաձայն մատնանշել է ակադեմիկոս Բեխտերեւը: Դուրս գալով Ստալինի առանձնասենյակից, նա անզգուշություն է ունեցել ներկաներին լսելի փնթփնթալ. «Այս մարդը բացահայտորեն տառապում է պարանոյայով»: Երկու շաբաթ չքաշեցՙ Բեխտերեւի գլուխը կերան:Ցավում եմ, բայց այժմ Հայաստանում նույնպես կան ակնհայտ հոգեկան հիվանդությամբ տառապող ոչ քիչ թվով մարդիկ, ովքեր մոլագարի արյունռշտությամբ են վերաբերում բոլոր նրանց, ովքեր իրենց հետ այս կամ այն հարցում… համաձայն չեն: Այդպիսիները հատկապես շատ են սոցիալական ցանցերում, ինչը երեւում է այդ ցանցերի անկիրթ, գռեհիկ հրապարակումներից: Պարանոյակները աչքի են ընկնում աներեւակայելի կասկածամտությամբ եւ զարհուրելի դաժանությամբ: Նմանների նողկալի հայհոյաբանությունը կարդալիս հաճախ մտածում եմՙ Աստված մի արասցե, եթե հոգեկան հիվանդների այդ խավի առանձին ներկայացուցիչներ տիրանան գործնական իշխանությանՙ թեկուզեւ փոքր լծակների: Քիչ է, թե իրե՛նք են հիվանդ, այդպիսին կդարձնեն նաեւ ողջ հասարակությունը: Զառանցախտով տառապողների աչքին ամենուրեք Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների գործակալներ են երեւում, ովքեր, իբր, ուրիշ խնդիր չունենՙ բացի գործող իշխանությունների տապալման համար դավեր լարելը: Իսկ քանի որ ապրիորի ենթադրվում է, թե իշխանության վերադառնալու երազանքով ապրողները հատկապես շատ կարող են լինել նախկին կառավարող կուսակցության անդամների, նախկինների ժամանակ հասարակության ու պետության մեջ այս կամ այն դիրքի հասածների մեջ, ապա ատելության ու թույնի սլաքները նախ եւ առաջ նրա՛նց են ուղղվում: Ակնհայտորենՙ իրե՛նց արշինով են դիմացիններին չափում: Պաշտոնաբաղձությունից այրվողները չեն հասկանում, որ երեկվա պաշտոնների բեռից ազատվածներից շատեր այսօր կարող են նաեւ թեթեւությունից իրենց երջանիկ զգալ:Նախկինների հանդեպ գազանային ատելությունից այրվող երեկվա անհաջողակներին կուզենայի ասելՙ բավակա՛ն է ինքներդ ձեզ աներեւույթ թշնամիներով վախեցնեք: Նախկինների միսը քի՛չ ծամեք, եթե մեղքեր են գործելՙ դատե՛ք, եթե ոչՙ խելք ունեցեք նրանց փորձն ու գիտելիքները ծառայեցրել պետությանն ու ժողովրդի՛ն: Հերի՛ք է կռիվ տաք ոչ-հեռավոր անցյալի ստվերների դեմ: Ամո՛թ է, երբ նոր ղեկավարներին դուր գալու, հետեւաբար նաեւ պետական կերակրատաշտից օգտվելու հնարավորության համար շատերը սրտխառնուք առաջացնող զեղումներով քծնում են ներկա իշխանավորներին: Հավատացնում եմՙ Հայաստանում նույնիսկ կոմունիստների օրոք քծնանքը երբեք այսքան մեծ ծավալների չէր հասել: Ոմանք ֆեյսբուքյան հրապարակումներում հանդես են գալիս անգամ վարչապետ Փաշինյանին չգիտես ումի՛ց պաշտպանելու իրենց վճռականության մասին հավաստիացումներով: Շատերը չեն նկատում, որ սրա-նրա շուրթերից վարչապետին «պաշտպանելու» այդ հավաստիացումները վիրավորական են հենց… վարչապետի՛ համար: Պետություն չունե՞նք, որ այդ ողորմելի «չար հանճարները» վարչապետի անվտանգությունն ապահովեն… |