Երբ անձրեւառատ Գերմանիայում արեւն այսՙ «Ազգի» լույս չտեսնելու երկու շաբաթներին հատուկ ռեժիմովՙ միջինը 13 ժամ շարունակ, վերջին օրերին 23 աստիճան ջերմությամբ պինդ գրկում է յուրաքանչյուրիս, մտածում եմՙ փոխհատուցում է, քանի որ մեր կողքին ապրող մարդուն գրկելն առայժմ կարող է վտանգավոր լինել։ Երբ ծաղկած ծառերի շուրջ մեղուները պար են բռնում, ծաղիկների բույրից արբեցած առէջներին համբույր տալիս, վանում եմ այն միտքը, թե սա նրանց թակարդն էՙ գնա՛, կողքիդ սիրելի մարդուն համբուրիր։ Չէ՛, խայծն այս կուլ չեմ տա, քանի որ Գերմանիայում բժիշկներն ու գիտնականները բավական կանուխ, փետրվարի վերջից արդեն այնքան մատչելի են բացատրում, թե դա ճակատագրական կարող է լինել, որ բախտախնդիր լինելը հավասարազոր է մեղքի տեւական զգացողության։
Գիտության ու համաճարակաբանության իմպերատիվին փետրվարից սկսյալ նախապատվություն տվող Գերմանիան, նաեւ դրացի Ավստրիան իրենց քաղաքական գործիչների ելույթները կառուցեցին վարակաբանների մանրադիտակը չարհամարհելով, իսկ հասարարական շփումները որոշակի սահմանափակումներով նվազեցնելու արագ արձագանքման նրանց քաղաքականությունը հնարավորություն է տվել հիվանդանոցներում առայժմ ազատ մահճակալներ ունենալ, Գերմանիայի պարագայումՙ նույնիսկ դարմանել Իտալիայից ու Ֆրանսիայից Կորոնավիրուսի հետեւանքով ծանր հիվանդների։
Համաճարակաբաններն ու վարակաբաններն ազնիվ են այնքան, որ խոստովանում են, թե Covid 19- ի պարագայում շատ բան իրենց համար էլ նորություն է, եւ ամեն օր, ամեն պահ ծանոթանում են այս վիրուսի հատկանիշներին։ Պրոֆեսիոնալ լրագրության պարտքն էՙ ամեն օր արձանագրել ու ճշգրիտ փոխանցել նրանց հետազոտության արդյունքը։ Պրոֆեսիոնալ լրագրողը հարց տալու իրավունքն ու արտոնությունն ունի, բայց գիտնականների պատասխանը շահարկելու, ավելինՙ պետական պաշտոնյաների մարմնի ջերմությամբ հանրային առողջության վտանգները կանխելու պարտականություն չունի։
Պոպուլիստների ձայնը շատ է նվաղել.Օրեր շարունակ բարձր ջերմությամբ ինքնամեկուսացած Բորիս Ջոնսոնը վստահեցնում էր, թե շատ լավ վերահսկում է իրավիճակը, բայց երեկՙ երկուշաբթի, ապրիլի 6- ի երեկոյան հիվանդանոցի ինտենսիվ բաժանմունք տեղափոխված 55 – ամյա Ջոնսոնին այսօր փոխարինում է արտգործնախարարը, եւ ինչպես այսօր առավոտյան տեղեկացրեց գերմանական ZDF հեռուստատեսության Լոնդոնի թղթակիցը, նրա հետ սերտ շփում ունեցած անձինք կառավարության անդամներ են, եւ դեռ պարզ չէ, թե Մեծ Բրիտանիան ինչպես պիտի կառավարի այս ճգնաժամը, որքան էլ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը կիրակի երեկոյան իր գահակալման ընթացքում համերկրացիներին չորրորդ անգամ դիմելու անհրաժեշտությունը նկատելով, հույս տվեց, թե ամեն ինչ վերահսկում են։ ԵՄ- ից դուրս երջանկություն որոնող վարչապետին առայժմ շուտափույթ ապաքինման մաղթանք են հղում նրա պաշտոնակիցները, իսկ ԵՄ- ի դրոշն այրող իտալացիների, իսպանացիների թիվը վարակակիրների ու զոհերիՙ օրեցօր աճի հետ զուգահեռ, համակիրների բանակ է արձանագրում։ Այսօր տեսակապի միջոցով ԵՄ երկրների ֆինանսների նախարարներն ինչ ուղերձ կփոխանցեն Գերմանիայից, Ավստրիայից, Նիդեռլանդներից ակնկալիքներ ունեցող Իտալիային, Իսպանիային, նաեւ Ֆրանսիային, թեեւ դժվար կռահելի չէ, սակայն ԵՄ պահպանելու առաջնահերթությունը կարող է նվազեցնել տնտեսապես հսկաների կարծր դիրքորոշումը։
Աշխարհի քաղաքների զրնգուն ռիթմը կանգ է առել։ Շունչներս պահած սպասում ենք։ Գիտության շունչն է բացվել, նրա ձայնը վաղուց անջատած տնտեսավար հաշվիչն այժմ իշխանություն չունի։
Ամբոխավարների ու նրանցով հիացողների, ֆեյսբուքյան դիպլոմով լրագրողների ժամանակն անցավ։
Պրոֆեսիոնալների ժամանակն է։