Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելուց հետո ընդդիմադիր մյուս պատգամավորները, որ ԱԺ հանձնաժողովներում նախագահի կամ փոխնախագահի կարգավիճակ ունեն, հաջակցություն գործընկերների, հրաժարականի դիմումներ ներկայացրին: Հանձնաժողովներում պաշտոն ունեցող ընդդիմադիրներից միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր, որ հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը չլքելու մասին: Նրա՝ պաշտոնից հաժարական չտալու մասով թեեւ տարբեր մեկնաբանություններ եղան, բայց մեր տեղեկություններով՝ Թովմասյանի քայլն ու դրան հաջորդած հայտարարությունը թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» խմբակցությունների հետ, վերին մակարդակով, համաձայնեցված է եղել:
«Ազգ»ի տեղեկություններով՝ թե՛ խմբակցության, թե՛ «Հանրապետական» կուսակցության կողմից ոչ միանշանակ է ընդունվել խմբակցության այժմյան ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը թսղնելու քայլը: «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նրան ասել էր, թե շտապելու ու առանց կուսակցության հետ քննարկելու կարիք չկար հապշտապ որոշում կայացնել: Ու հարցը ոչ թե պաշտոնն է, այլ «Հայաստան» խմբակցության թելադրած օրակարգին ենթարկվելը: Այսինքն՝ տպավորություն է եղել, թե «Հայաստան» խմբակցությունն ինչ որոշում էլ կայացնի, «Պատիվ ունեմը» խելոք-խելոք կատարելու է այն»,- ասաց ՀՀԿ-ականամերձ մեր աղբյուրը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, թեեւ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները վստահեցնում են, թե բոլոր հարցերում համակարծիք են, խնդիրներ ու վեճեր չունեն, այնուամենայնիվ՝ թե՛ «Պատիվ ունեմ»-ի, թե՛ անգամ «Հայաստան» խմբակցության անդամները ոչ միանշանակ են վերաբերվում «Դիմադրություն շարժման» կազմակերպիչ-լիդերների հայտարարություններին ու գործունեութանը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ