Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Մաքսիմ Կ. Եվադյանը (ծնված 1979-ին) պատմաբան է, հայ հին եւ միջնադարյան մշակույթի մասնագետ: 2006 թվականին հիմնել է «Հայաստանի աղբյուրներ» մշակութային միությունը Արեւմուտքում եւ հատկապես ֆրանսերենով հայ մշակույթի ուսումնասիրության զարգացման նպատակով: Այն հրատարակությունների եւ դասընթացների միջոցով ֆրանսախոս հանրությանը ներկայացնում է հայոց պատմությունը եւ մշակույթը, այդ թվում նաեւ տարրական եւ միջնակարգ դպրոցների աշակերտների, ուսանողների եւ մեծահասակների շրջանում, ինչն աննախադեպ է Արեւմտյան Եվրոպայում: «Հայաստանի աղբյուրներ» շարքով Եվադյանը հրատարակել է իր «Քար, գործվածք, մագաղաթ եւ մետաղե ժանյակ. Հայաստանի քրիստոնեական արվեստը միջնադարում», «Հայ զարդանկարչական քերականություն» (2006), «Հայաստանի քրիստոնեացումը» (երկու հատոր, 2007-2008), «Տիգրանի կերպարանափոխությունները» (2014) եւ այլ աշխատություններ:
Սկսած 2006-իցՙ Մաքսիմին մի քանի անգամ հանդիպել եմ Հայաստանում, մեկ անգամ էլՙ Իտալիայում եւ միշտ կապի մեջ ենքՙ կիսելով հայագիտական-մշակութային հետաքրքրություններ…
– Մաքսիմ, որտեղի՞ց են նախնիներդ եւ ինչպե՞ս են հայտնվել Ֆրանսիայում:
– Ես սերում եմ Խարբերդի շրջանի երկու որբերից, մշեցի մի գյուղացուց, որը եղել է Հայկական լեգեոնի անդամ ու մի ընտանիքից, որը հրաշքով փրկվել է Սվազի շրջանից: Ողբերգականորեն դասական հայ ճակատագիր… Ինչպես մյուս հայերը, ես սերում եմ մոտ 70 կամ ավելի սերունդ քրիստոնեություն դավանող տոհմից, որի 60 սերունդը դիմակայել է բյուզանդական ուղղափառությանը կամ իսլամին: Մեր փոքր, անհնազանդ, համառ ժողովուրդը շարունակաբար հարաբերվել է տարբեր կայսրությունների հետ, որի ներդրումը մասնագետները չեն կարող ժխտել: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր հայ լինելՙ նշանակում է դիմակայել միջավայրի միջակությանը: Այս տեսակետը, որը կապ չունի խղճահարություն արթնացնելու կամ թշվառապատումի հետ, ես կցանկանայի փոխանցել զավակներիսՙ Գրիգորին եւ Մելինեին, իրենց նախնիների լեզվի հետ մեկտեղ, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ հասկանալ այն բարդ աշխարհը, որտեղ պետք է ապրեն…
– Անկասկած, քեզ պես մարդիկ ազգային ինքնությունը կփոխանցեն հաջորդ սերունդ… Ինչպե՞ս ծնվեց «Հայաստանի աղբյուրները» հիմնելու գաղափարը:
– Իրականում դա այս նույն գաղափարների ընդլայնումն էր: Արեւմտյան հանրության համար «հայը» նշանակում է ցեղասպանություն… Սա փոքր-ինչ կարճ չէ՞: Ավելին, ծանրաբեռնված 1915-ի տրավմայով, հայագետներն իրականում զբաղվում են (հիմնականում ԱՄՆ-ում) ժամանակակից պատմությամբ, որն անհրաժեշտ է, բայց նաեւՙ անբավարար: Ես առաջինն եմ պայքարում հանուն հայ ժողովրդի հանդեպ արդարության, եւ ո՛չ միայն Ցեղասպանության ճանաչման չափազանց սահմանափակ շրջանակներում: Փորձել ճնշում գործադրել, որ թուրքերը ճանաչեն ցեղասպանությունը, որը հարստացրել է նրանց եւ նպաստել իրենց երկրի մասնակի արդիականացմանը, նշանակում էՙ լավ չճանաչել այս ժողովրդին եւ ստորադասել նրան իր առաջնորդների դիմաց, որոնք աշխարհի լավագույն դիվանագետներից են: Թվում է, թե տեղին կլիներ նրանց բացատրել, որ իրենց կեղծ արդիականացումը հիմնականում ձախողում էր, եւ որ եթե նրանք իսկապես իմանային, թե ինչպես կարելի է արդիականացնել իրենց հանրությունը եւ ինչպես տրամադրել նույն իրավունքները փոքրամասնություններին, այս պետությունն այսօր կլիներ աշխարհի առաջին տերություններից մեկը… Մշտական անապահովության վիճակը ձեւավորել է այս ժողովրդի հավաքական բնույթը, որը փորձում է մաքրել իր անցյալն ու հաստատել իր գերիշխանությունն ու անվտանգությունը արյան եւ բռնության վրա: Սա պատրանք է, եւ նրանք մի օր կբախվեն այդ իրավիճակին:
Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանք պետք է դուրս գան տրավմայի «հուզական ծուղակից», կառուցեն անհատական եւ հավաքական ապագա: Այդ պատճառով անցյալի իմացությունն ապրում է որպես հսկայական ժառանգություն եւ ինտենսիվ հոգեւոր կյանք, որի բնութագրումը թանկարժեք մի բան է: Իրականում, Ֆրանսիայում եւ այլեւս ոչ մի ուրիշ տեղ (Հայաստանից բացի), ըստ իս, չի եղել հայ մշակույթի վերաբերյալ գրքերի մի «շուկա»ՙ բառի տնտեսական իմաստով, որոնք չլինեին ամփոփ շարադրանքներ կամ չվերաբերվեին Ցեղասպանությանն ու դրա տրավմային: Բացի այդ, «Հայաստանի աղբյուրները» մեզ թույլ է տվել հրատարակել Եվրոպայում հայկական գրքի համար չտեսնված նյութական առումով բարձրորակ հատորներ: Այս նախաձեռնությունը, հավանաբար, ցնցել եւ զայրացրել է որոշ համայնքների, գուցե այն բանի համար, որ նրանք սովոր էին մերՙ խղճուկ ներկայացվելուն: Քիչ ընթերցողներ են հասել քրիստոնեության մասին իմ աշխատության 840 էջերի ավարտին, բայց այս ուսումնասիրությունը որոշակի դեր ունեցավ պատմագրության զարգացման մեջ, եւ սա է կարեւորը:
– Ովքե՞ր են ձեր աջակիցները:
– Մենք փոքր խումբ ենք եւ տեղյակ ենք մեր աշխարհի մարտահրավերներինՙ նրա բազմաթիվ հարթություններում: Սա մեզ հնարավորություն է տվել միջին հաշվով տարեկան մեկ գիրք հրատարակել, վերջին 10 տարիներին վերսկսել եւ զարգացնել Լիոնի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնը, որը գոյություն ունի 1987 թվականից ի վեր: Մեզ աջակցել են մի շարք շատ հրաշալի անհատներ, օրինակ, Կյուլպենկյան հաստատության հայկական բաժնի նախկին տնօրեն Զավեն Եկավյանը եւ նրա առաջին իրավահաջորդ Աստղիկ Չամքերթենը, որը մեզ օգնեց ստեղծել դպրոցների համար ծրագիր, Ժնեւից հովանավոր Վահե Գաբրաշը, որը հազվագյուտ կերպով համատեղում է բարձր մակարդակի հայկական մեծ զգայունությունը, գործելու կամքը եւ ֆինանսական կարողութիւնը: Մեզ ճանաչել եւ աջակցել են նաեւ Օվեռն-Ռոն-Ալպ շրջանի վարչարարները եւ մեր համալսարանի Եվրասիական հետազոտական ամբիոնը: Վերջապես եւ ամենակարեւորըՙ ես մեծ ուրախություն եմ ունեցել հանդիպելու բարձր մակարդակի տասնյակ գիտնականների, որոնցից են Նինա Գարսոյանը, որի հետ մենք օրեր ենք անցկացրել հայոց նախարարությունների մասին հետազոտության վրա, Հռոմեական կայսրության պատմաբան Իվ Ռոմանը, որը լուսավոր տեսլական ունի Հռոմիՙ որպես քաղաքակրթական բեւեռ տարածման մասին, ճարտարապետության մասնագետ Մուրադ Հասրաթյանը, որը մեծապես նպաստել է հայկական եկեղեցիների մասին իմ գիտելիքներին, բենեդիկտյան հայր Շառլ Ռենուն, որն ինձ համար բացահայտեց հայկական պատարագի եւ Երուսաղեմի սերտ կապը. քրիստոնեական ուսումնասիրությունների այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են երջանկահիշատակ Միշել վան Էսբրոքը եւ Բեռնար Ութիեն, որոնք ինձ աջակցել եւ կողմնորոշել են իմ հետազոտության մեջ: Բարեկամացել եմ նաեւ Երեւանի Մատենադարանի երկու հրաշալի հետազոտողներիՙ լուսահոգի արվեստաբան Լիլիթ Զաքարյանի ու բանասեր Էռնա Շիրինյանի, Հայաստանի պատմության թանգարանի նախկին տնօրեն Անելկա Գրիգորյանի եւ իմ ատենախոսության խորհրդատու Արմենուհի Դրոսթ-Աբգարյանի հետ, առանց որի ես դուրս չէի գա այդ 10 տարվա դոկտորական աշխատանքից… Այս բոլոր շատ հաճելի հանդիպումների մեջ պետք է հիշեմ նաեւ Մարիինՙ իմ ֆրանսուհի կնոջը, որը խրախուսում է ինձ նման աշխատամոլին…
– Որո՞նք են ծրագրած հրապարակումները «Հայաստանի աղբյուրներ» մատենաշարով:
– Ունենք շուրջ 10 ընթացիկ նախագիծ: Առաջնայինը հետազոտություն է Հայաստանի եւ Ուրարտուի միջեւ փոխհարաբերությունների մասին, գրված 32 աղբյուրների հիման վրա: Պրոֆեսոր Ալեն Նավարա դի Բորջայի հետ ունենք հայ արվեստի զարգացման մի նախագիծ, որը շատ հեռանկարային է: Արվեստի ոլորտում համագործակցում եմ նաեւ բալետմայստեր Միշել Հալլե-Էգայանի հետՙ վիդեո փոդքասթների մի նախագծի վրա, որը չափազանց հետաքրքրական է: Լինելով պարողՙ նա կարողացել է համալսարանի դասախոսի գրած բավական կարճ տեքստերը վերածել հոյակապ բանաստեղծական արտասանության: Մեկ այլ նախագիծ է տարբեր տարիների հայտնաբերված հին դրամները, որոնք թույլ են տալիս վերանայել Արտաշեսյան հարստության պատմությունը: Այս հսկայական նախագծի վրա աշխատում եմ Ռոյ Առաքելյանի հետ, հրատարակել ենք երեք հոդված, եւս երեքն ավարտական փուլում են:
– Ի թիվս այլ հետաքրքրական թեմաների, դու ուսումնասիրել ես նաեւ հին ժամանակներում հայերի ներկայությունը Արեւմտյան Եվրոպայում: Ո՞ր թվականից է սկսվում այն եւ ինչպե՞ս կբնութագրես այդ ներկայությունը:
– Գիտես, հարկ է դժվարին հավասարակշռություն պահպանել բարձր մակարդակի հետազոտությունների միջեւ, որպեսզի հայագիտությունը կարողանա առաջ ընթանալ, ինչպես նաեւ հանրությանը փոխանցել ընդհանուր, բայց պատշաճ գիտելիքներ: Այս կրկնակի զգուշավորությունն էր, որ Ռոյ Առաքելյանի հետ մեզ ստիպեց մշակել «Հայ ճանապարհորդի ուղեցույց» հավելվածը` Հայաստանից դուրս հայոց ժառանգության վերաբերյալ: Մենք մեկնարկեցինք իտալական երեք քաղաքներում (Վենետիկ, Ռավեննա եւ Միլան): Իսկ միայն Եվրոպայի հայությանն առնչվող մոտ 10,000 վայր կա: Ընդհանուր առմամբ, պետք է ասենք, որ մոտ 20 դար է, ինչ հայերը գալիս են Արեւմուտք (լատինական աշխարհ, գերմանական թագավորություններ, կաթոլիկ քրիստոնեական աշխարհ), եւ նրանց պարագաները տարբեր են եղել: Հնում Հռոմը ողջունել է որոշ հայ իշխաններիՙ կատարելագործելու իրենց կրթությունը, իսկ ուշ անտիկ աշխարհում հայ քարոզիչները ճանապարհորդել են Եվրոպայումՙ քրիստոնեություն տարածելով, շատերը դարձել են եպիսկոպոսներ: Արդեն VII դարի կեսին Հռոմում հայկական վանք է եղեք: Հետագայում, սելջուկների, մոնղոլների, եւ մյուսների արշավանքները հանգեցրին Մերձավոր Արեւելքում քրիստոնեական հանրությունների անկմանը, իսկ օսմանյան տիրապետությունը քրիստոնյաների «մարսման» երկար ու դանդաղ մի շրջան էր, որը, ինչպես գիտենք, ողբերգական ավարտ ունեցավ: Եվրոպան եղել է առավելապես ապաստան, քան աջակցություն, եւ հիմնականում օգտվել է այս քրիստոնյաների փորձառությունից եւ գիտելիքներից…
– Ո՞րն է առավել զարմանալի փաստը Եվրոպայի հայերի վերաբերյալ:
– Այնքան շատ զարմանահրաշ վայրեր կան: Օրինակ, եթե Փարիզում գնաս Պանթեոնՙ ողջ երկրի կարեւորագույն վայրերից մեկը, մի դահլիճում կտեսնես ֆրանսիական գրականության մեծագույն չորս դեմքերի արձանները, որոնց մեջ է Ժան-Ժակ Ռուսոնՙ հայկական հագուստներով: Փարիզի Սեն-Ժընեւիեւ մեծ գրադարանի ճակատային մասում փորագրված են մարդկության մեծագույն իմաստաբանների անունները, որոնց մեջ է նաեւ 11-րդ դարի հայ մեծ գործիչ Գրիգոր Մագիստրոսի անունը: Միջնադարյան արվեստի համաշխարհային մայրաքաղաք Ֆլորենցիայի հովանավոր սուրբը հայ նահատակ զինվոր Մինիատոն է (Մինասը), որի անվան եկեղեցու խորանի 13-րդ դարի խճանկարի գրությունն է «Ս. Մինիատուս Հայաստանի թագավոր»: Այս երկու օրինակներն արտացոլում են դարեր շարունակ եվրոպացիների պատկերացումները Հայաստանի եւ հայերի մասին: Մի վերջին օրինակՙ Վենետիկի Սուրբ Մարկոս հրապարակում, որն աշխարհում ամենաշատ այցելվածն է, նույնանուն տաճարի սյուների վրա կան հայ բանագնացների թողած 31 հայերեն գրաֆիտիներ (դրանք ես հրատարակել եմ 2017-ին), որոնք վկայում են Վենետիկի Հանրապետության եւ հայերի հարաբերությունների մասին…
– Եվ վերջում ինչպե՞ս կբնութագրես Ֆրանսիայում հայագիտության վիճակն այսօր:
– Հայագիտության վիճակը ֆրանսախոս աշխարհում յուրահատուկ է: Դասավանդման եւ հետազոտության վայրերը, մի քանի բացառություններով, ներառված են պետական համալսարանների մեջ: Սա մեծ առավելություն է, քանի որ դրանց բազմամյա գործունեությունը կախված չէ մասնավոր հովանավորությունից (ինչն ընդհանուր առմամբ տեղի է ունենում Հյուսիսային Ամերիկայում), բայց նաեւ դրա հետեւանքով հայագիտական կենտրոնները ստիպված են հետեւել հումանիտար գիտությունների ընդհանուր միտումներին, ինչն այնքան էլ լավ չէ: Փարիզի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում դասավանդվում է հայոց լեզու, որը, Անահիտ Տոնապետյանի ղեկավարությամբ, իրապես շատ ակտիվ է: Ուրիշ տեղեր էլ դասավանդում են հայոց լեզու եւ մշակույթ, օրինակՙ Էքս-Մարսել, Մոնպելիեի թիվ երեք եւ Փարիզի Կաթոլիկ ինստիտուտներում, Ֆրանսիայից դուրսՙ Լուվենում եւ Ժնեւում: Իմ քաղաքումՙ Լիոնում, ես միակ «արտասովոր թռչունն» եմ, որն էլ զբաղված է իր գործով…