Սանկտպետերբուրգցի երիտասարդ պարուսույց, պարուհի, արդիական պարի ուսուցիչ Վալերիա Կասպարովայի (Հայաստանում նրան մեծ մասամբ գիտեն որպես Վանե Կասյանց) ստեղծագործական կենսագրությունը բավական հարուստ է: Ծնվել է արվեստի մենեջեր Վադիմ Կասպարովի եւ պարադիր Նատալյա Կասպարովայի ընտանիքում: Ծնողների հիմնած «Cannon Dance» պարի տանը սովորել է ջազային, ժամանակակից, մոդեռն, զուգընկերային, իմպրովիզացիոն եւ այլ պարային տեխնիկաներ: Երեւանի կոնսերվատորիայում հետեւել է ակադեմիական վոկալի դասընթացի (դասախոսՙ Աննա Մայիլյան), իսկ վերապատրաստվելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետՙ ստացել է հայ ավանդական պարերի ու երգերի մասնագետի եւ դասավանդողի որակավորում (2013-2016 թթ.): Համագործակցել է բալետմայստերներ Բոբ Բորոսի (ԱՄՆ), Ռենանա Ռազի, Իդան Շարաբիի (Իսրայել), Իրժի Պոկորնիի (Նիդեռլանդներ-Չեխիա), Կարոլինա Մանկուսոյի (Արգենտինա-Նիդեռլանդներ) եւ այլոց հետ: Որպես պարուհի մասնակցել է «Երեխաները վանդակից դուրս», «Արարատի հայտնությունները», «Շարժման արվեստը. ստերեոսկոպիկ պար», «Նէ», «Գոդոյին սպասելիս» եւ այլ ներկայացումների, բեմադրել է մանկապատանեկան եւ լայնակտավ խորեոգրաֆիկ ներկայացումներ («Տունը, որտեղ…», «Ձայներ», «Ուրիշները», «Դարձի թեւեր» եւ այլն), պարային համարներ դրամատիկական ներկայացումներում («Արթնացիր եւ երգիր. ռիմեյք», «Ա՛յ քեզ Պուշկին», «Աշնանային սոնատ»): Վալերիան «Kannon Dance»-ի կատարող, բալետմայստեր եւ ուսուցիչ է, «Կարամբոլ» պետական երաժշտական թատրոնի ջազային պարերի փորձավար եւ ուսուցիչ, դասավանդում է Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի ժամանակակից պարի բաժնում, «Kannon Dance Young» երիտասարդական պարախմբի եւ «Kannon Dance Project» խմբի գեղարվեստական ղեկավարն է… Վալերիա-Վանեն պարբերաբար վարպետության դասեր ու վերապատրաստման դասընթացներ է անցկացնում Ռուսաստանում եւ արտերկրում, մասնակցել է պարային փառատոների աշխարհի շատ երկրներում… 2017 թվականից նա հայ ազգային երգերի ու պարերի «Արալեզ» համույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:
Իմ նամակագրությունը Վալերիայի հետ նախապես ռուսերեն էր, սակայն հընթացս պարզվեց, որ ի տարբերություն Ռուսաստանում ծնված-մեծացած հայերի մեծ մասի, մեր Վանեն, լինելով անգամ կես հայ, տիրապետում է ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր հայերենին…
– Սիրելի Վանե, նախՙ ծնողներիդ մասին: Վադիմ Գալուստովիչ Կասպարովը, ի թիվս այլ գործերի, հիմնել է Ռուսաստանում ամենամեծ ժամանակակից պարի փառատոնըՙ «Open Look»-ը, Սանկտ Պետերբուրգի Բորիս Էյֆմանի պարի ակադեմիայի ժամանակակից պարի բաժնի ղեկավարն է: Մայրդՙ Նատալյա Վլադիմիրովնան, «Kannon Dance»-ի գեղարվեստական ղեկավարն է, բազմաթիվ մրցանակակիր բեմադրությունների հեղինակ: Եվ զարմանալի չէ, որ դուստրն ընտրել է նույն ուղին …
– Առհասարակ, ես միշտ ընտրելու հնարավորություն եմ ունեցել: Ոչ ոք եւ երբեք, մանավանդ ծնողներս, ինձ չեն ստիպել ընտրել գործունեության հենց ա՛յս ոլորտը: Բայց, մյուս կողմից, ես ծնվել եմ հենց այն ժամանակ, երբ ծնողներս նոր էին սկսում զարգացնել իրենց բիզնեսը, եւ ես իմ ողջ մանկությունն անցկացրել եմ բացառապես պարի սրահներում եւ ետնաբեմում: Իմ կյանքում մինչ օրս չի եղել մի օր առանց պարելու: Այնպես որ ես հաճախ կատակում եմ, որ ժամանակակից պարի հանդեպ սերն ինձ անցել է մայրական կաթի հետ միասին: Կամ միգուցե սա կատակ չէ…
– Իսկ դասակա՞նը: Չէ՞ որ ժամանակակից պարողները պետք է տիրապետեն դասական պարի տեխնիկային եւ արվեստին նաեւ:
– Բացարձակապե՛ս: Բալետի տեխնիկան անվերապահ հիմք է բարձրակարգ պարող պատրաստելու համար: Բայց կարեւոր է, որ դասականներին ուսումնասիրելիս ուսանողը չկարծի, որ դա շարժման միակ ճիշտ միջոցն է: Մեր օրերում եվրոպական բալետի յուրաքանչյուր խումբ իր երկացանկում անպայման ունենում է ժամանակակից պար: Եվ ժամանակակից պարի տեխնիկային չտիրապետողին չեն ընդունի, եթե անգամ ուժեղ դասական հիմք ունենա: Անձամբ ես կարծում եմ, որ դասական կրթությանը զուգահեռ պարողը պարզապես պե՛տք է զարգանա այլ ուղղություններով, որպեսզի ընդլայնի իր հորիզոնները եւ բաց լինի ամեն ինչի առջեւ:
– Քո առաջին խորեոգրաֆիկ բեմադրությունըՙ «Տունը, որտեղ…» վերնագրով, հիմնված էր երեւանցի գրող Մարիամ Պետրոսյանի մեծ տարածում գտած համանուն ռուսալեզու վեպի վրա, որը թարգմանվել է ավելի քան տասը լեզուներով: Այդ վեպում այնքան շատ հերոսներ կան, չկա ավանդական դիպաշար: Ինչպիսի՞ն էր այդ զարմանալի գրական ստեղծագործության հանդեպ քո խորեոգրաֆիկ մոտեցումը:
– Դա իմ դեբյուտն էր որպես պարուսույց (անկեղծ ասածՙ շատ հավակնոտ եւ համարձակ, նույնիսկ խենթ մի քայլ էր): Գիրքն ինձ գրավեց այն իրողությամբ, որ նրա հերոսներըՙ հաշմանդամ երեխաները, ներկայացված են որպես ինքնուրույն, խորը եւ ստեղծագործ անհատականություններ: Հիմնական միտքն այն էր, որ նրանք ոչնչով չեն տարբերվում սովորական երեխաներից, եւ միայն նրանց հանդեպ մեր վերաբերմունքն է իսկապես խոցելի դարձնում նրանց: Ի վերջո, այդ պատճառով են նրանք հրաժարվում մուտք գործել իրենց խորթ արտաքին աշխարհ, որտեղ նրանց ոչ ոք չի սպասում, եւ գտնում են իրենց աշխարհում հավերժ մնալու միջոցը: Զոհաբերության հետ կապված այս հզոր թեմայի հետ էլ կապվում էր Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարունի» երաժշտությունը: Ես հերոսներին ընտրեցիՙ հենվելով պարողների վրա, եւ, իհարկե, փորձեցի պատկերը լրացնել այլաբանական բեմական միջոցներով (բեմազարդեր, զգեստներ, վիդեոցուցադրում)…
– Հետաքրքրական է, Մարիամն ինքը դիտե՞լ է բեմադրությունդ:
– Անկեղծ ասած, ինձ էլ է դա հետաքրքրում: Միշտ էլ մեծ պատասխանատվություն է մեկ այլ հեղինակի ստեղծագործությունը քո սեփական ձեւով մեկնաբանելը: Բայց 2014 թվականին «Տունը, որտեղ…» վեպի երկրպագուների Սանկտ Պետերբուրգի միության անդամները եկան պրեմիերային, իսկ ներկայացումից հետո ինձ մոտեցան լիակատար ցնծության մեջ: Նրանք ասացին, որ ի սկզբանե թերահավատ են եղել, բայց ներկայացումը շատ ճշգրիտ կերպով ու նրբորեն փոխանցել է գրքի մթնոլորտը, չնայած փոխաբերականությանը եւ բեմադրության մի փոքր այլ դիպաշարին: Չեմ կարծում, որ Մարիամը տեսած լինի իմ աշխատանքը կամ լսած լինի դրա մասին, բայց ուզում եմ հավատալ, որ երբ դա տեղի ունենա, նա գոհ կմնա:
– Լինելով Հայաստանից դուրս ծնված կես հայ, կես ռուս, որքանո՞վ ես քեզ համարում հայկական մեծ ընտանիքի մի մասը:
– Իմ կյանքում եղավ ինքնորոշման մի դժվար պահ, երբ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ով եմ ես. «յուրայինՙ օտարների մեջ, օտարՙ յուրայինների մեջ»: Եվ երբ գիտակցեցի, որ ես հայուհի եմ, ի հայտ եկած զգացողությունը շատ ավելին էր, քան հայկական մեծ ընտանիքին պատկանելը: Իմ մեջ հոսող արյունը կապում է ինձ (թեկուզ անուղղակիորեն) Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի եւ մեր ժողովրդի այլ մեծ մտքերի հետ: Եվ դրա գիտակցումն ինձ հանգեցրեց մի բոլորովին այլ մտածելակերպի: Ես հանկարծ վառ կերպով զգացի այլ երկրներում իմ կրելիք պատասխանատվությունը Հայրենիքիս հանդեպ, եւ դա աներեւակայելի կերպով խթանող է: Դու իրավունք չունես երեսով ընկնել ցեխի մեջ, երբ թիկունքումդ ունես այդպիսի դարավոր իմաստություն, ուժ ու պատմություն:
– Հուզիչ էր… Վանե, իսկ որտեղի՞ց են արմատներդ: Արցա՞խ, թե՞ Սյունիք:
– Օյ, իրականում իմ արմատների հետ կապված մի բացարձակ անհավատալի պատմություն կա, որը չեմ կարող չպատմել: Հորս ընտանիքը ազնվական է եւ երկու ծնողների կողմից հասնում է Հյուսիսային Իրանՙ հայկական հինավուրց Պարսկահայք գավառը: Երբ ես շատ փոքր էի, մայրս բեմադրել էր «Կոմիտասի երգերը» ներկայացումը, եւ ես մեծացաՙ լսելով դրա երաժշտությունը: Բայց ամենից շատ իմ հիշողության մեջ դրոշմված մնաց մի մեղեդի, որը կարծես միշտ եղել էր իմ մեջ: Շատ տարիներ անց իմացա, որ դա հին հայկական իշխանական պարի մեղեդի է, եւ ես որոշեցի սովորել այն: Այն ինձ մոտ ստացվեց առաջին իսկ անգամից, կարծես ամբողջ կյանքում պարել էի: Եվ երբ այս պարն ինձ սովորեցրած Գագիկ Գինոսյանը հարցրեց, թե որտեղից են իմ արմատները ու ես ասացի, որ մեր նախնիները ազնվականներ են Պարսկահայքից, նա մի րոպե բառացիորեն կորցրեց խոսելու ունակությունը: Պարզվեց, որ այս պարը հենց այնտեղից է, եւ սա հենց իմ նախնիների, նրանց իսկ դասի պարն է: Այդժամ մենք վերջնականապես հավատացինք արյան կանչին, նման բան մարդ չի կարող միտումնավոր պատկերացնել…
– Ես նույնպես շատ եմ սիրում խմբով կատարել այդ չքնաղ, խրոխտ, հիրավի ազնվական «Իշխանաց պարը»… Եվ ընդհանրապես, դու մի անգամ ասել ես, որ քո ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել այն պահը, երբ դիտեցիր հայ ավանդական երգ ու պարի «Կարին» համույթի ելույթը, որից հետո սկսեցիր խորությամբ ուսումնասիրել հայկական պարերը…
– Այո, ճիշտ է: Այդ օրը ես համարյա ֆիզիկապես զգացի, թե ինչպես ամբողջովին եւ անդառնալիորեն փոխվեցի: Մեր բանահյուսությունը մի բան է, որը փոխանցվում է ԴՆԹ-ով եւ, համապատասխանաբար, այս պարերը կատարելու զգացողությունը գտնվում է բոլորովին այլ մակարդակի վրա: Ես նույնիսկ կասեի, որ սա մի ինքնատիպ թել է, որը գտնվում է տարածությունից եւ ժամանակից դուրս, պահպանում է մեր ազգային հիշողությունը եւ արթնացնում մարմնում իրական ոգին:
Մեր ժամանակներում շատերը փորձում են ժամանակակից լինելՙ անտեսելով դարավոր մշակութային ժառանգությունը: Բայց արդիականությունն ինձ համար առաջին հերթին սերն ու հարգանքն է անցյալի հանդեպ: Անցյալը մերժելովՙ անհնար է դառնալ ժամանակակից:
– Կարծում եմ, որ ժողովրդական որեւէ պարի մեջ հնարավոր է խորությամբ թափանցել միայն այն դեպքում, եթե նաեւ լավ ես սովորել տվյալ ժողովրդի լեզուն:
– Համաձայն եմ: Յուրաքանչյուր լեզու ունի իր բառի պոեզիան եւ անթարգմանելի արտահայտությունները, որոնք այլ լեզվով ճիշտ չեն հնչում եւ կորցնում են իրենց նշանակությունը:
Հայերենը բառացիորեն հագեցած է նման ասույթներով եւ արտահայտություններով, եւ աշխարհի ոչ մի լեզու չի կարող փոխանցել դրանց իրական գեղեցկությունն ու շքեղությունը: Բացի այդ, եթե արդեն սկսել ես ուսումնասիրել ժողովրդիդ շարժումն ու երաժշտությունը, ինչպե՞ս կարող ես անտեսել նրա ձայնը:
– Թե՛ մայրիկդ, թե՛ դու բեմադրել եք հայկական թեմաներով ներկայացումներ եւ պարային համարներ: Ինձ շատ է դուր գալիս Կոմիտասի երգի հիման վրա քո բեմադրած «Հորովելը» («Ռանչպարի երգը»): Խնդրում եմ պատմիր հայկական բեմադրություններիդ, ինչպես նաեւ «Արալեզ» պարախմբի ոճի մասին:
– 2000-ականներին մայրս, ոգեշնչված Հայաստանով, բեմադրեց «Կոմիտասի երգերը» ներկայացումը, որը 2008-ին առաջադրվեց «Ոսկե դիմակ» անվանակարգում ու բարձր գնահատվեց ռուս եւ արտասահմանցի հանդիսատեսի կողմից: Դրանից հետո մենք միասին աշխատեցինք (եսՙ որպես պարող եւ օգնական) այնպիսի հայկական բեմադրությունների վրա, ինչպիսիք են «Արարատի հայտնությունները», «Էտյուդներ Հայաստանի մասին», «1915» եւ այլն: Չեմ թվարկի իմ հայկական բեմադրությունները, դրանք շատ են: Ինչ վերաբերում է «Արալեզ» համույթին ու նրա ոճին, ապա ամեն ինչ բավական պրոզայիկ է. էթնիկ հայկական պարերն իրենց մաքուր տեսքով, ինչպես «Կարին» համույթում: Մեր համույթը ստեղծվել էՙ նպատակ ունենալով հայրենի հողից հեռու ապրող հայ երիտասարդներին հնարավորություն տալ զգալու հայրենիքը մեր նախնիների պարերի միջոցով: Ինչպես ասում է իմ ավագ ընկեր եւ ուսուցիչ Գագիկ Գինոսյանը. «Մենք պարզապես պարեր չենք սովորեցնում: Մենք հայ լինելու հպարտությունը վերադարձնում ենք հային»:
– Կոնկրետ ի՞նչ ես անում այսօր, եւ գործիդ մեջ ի՞նչ տեղ են գրավում հայկական պարերը:
– Այս պահին ես ավելի բարձր նպատակ ունեմ. Ես զարգացնում եմ իմ սեփական պարային ոճը եւ լեզունՙ հիմնվելով հենց հայկական ավանդական պարերի վրա: Այսօր ժամանակակից պարի Մեքքան Իսրայելն է: Իսկ ինչո՞ւ: Քանի որ տեղացի պարուսույցները գտել են շարժման իրենց յուրահատուկ լեզուն, որը ժամանակակից է, բայց միեւնույն ժամանակ ունի վառ ազգային գունավորում: Եվ ես ինձ հարց տվեցիՙ ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույնը անել: Գտնել ժամանակակից պարի յուրահատուկ, ոչ մի բանի չնմանվող լեզուն: Սա այժմ իմ գլխավոր խնդիրն է: Եվ ես արդեն ընթացքի մեջ եմ: Բառացիորեն անցյալ տարվա մարտին ես ստեղծեցի «Ձայներ» ներկայացումը, որն ամբողջովին հիմնված է հայ ավանդական պարերի վրաՙ ժամանակակից մեկնաբանությամբ: Եվ այն մեծ հաջողություն ունեցավ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Այնպես որ, ունեմ բազում անելիքներ, նոր գաղափարներ ու երազանքներ, եւ փորձում եմ հետամուտ լինել դրանցՙ անկախ ամեն ինչից…
Նկար 2. Դրվագ Վալերիա Կասպարովայի «Դեր Զոր» μեմադրությունից: