ՆԱՐԵԿ ՀՈՎՅԱՆ
Այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում բոլորն են տեղյակ,որ Նիկոլ Փաշինյանը գիշեր ու զօր աներեւակայելիորեն տառապելով ՀՀ ու ԱՀ ճակատագրով, հայ մարդու ամենազանազան հոգս ու կարիքներով, իր ցավագնորեն գերտանջալից սերը համայն ազգի նկատմամբ արտահայտում է հիմնականում ֆեյսբուքյան գրեթե ամենօրյա «լայվաեթերներով»: Ասվածի պերճախոս վկայությունը մենք տեսանք հենց վերջերսՙ արձակուրդի օրերին, երբ վարչապետն իրեն դույզն ինչ չխնայելովՙ նույնիսկ իր թանկագին հանգստից անխղճորեն ժամանակ խլեց ու պատմական Բագրատունյաց դարաշրջանի հայոց Արքա Աշոտ Երկաթի բերդի գեղատեսիլ բարձունքից իր «վայելումը կիսեց» եւ հայ ֆեյսբուքազանգվածին ցուցադրեց Աղստեւի շրջակա կանաչավետ սարերն ու խորաձիգ կիրճերըՙ ոլորապտույտ գետի արծաթ փայլաժապավենով… Այնուհետեւ վարչապետը սրտառուչ հորդորեց անպայման այցելել եւ տեղում «վայելել» հայոց դրախտային բնությունն ու հնավայրերիՙ կիսաքանդ բերդերի եւ ավեր շինությունների դարավոր խորհուրդը…
Ընդգծենք, որ ընդհանրապես մեր հայրենիքի հազարամյակների պատմությանն ու նյութական մշակույթի օջախներին հոգեպես հաղորդակցվելու, ճանաչելուՙ վարչապետի հրավեր-հորդորը, թեկուզեւ որպես ներհայաստանյան զբոսաշրջության գովազդ, ինքնին առավել քան անհրաժեշտ եւ օգտակար է:Սակայն այս ամենում ինձ հայրենագիտությունից ու «հայտուրիզմից» զատ հետաքրքրում-մտահոգում է (հուսամ ՙոչ միայն ինձ) նաեւ բոլորովին մեկ այլՙ ըստ էության շատ կարեւոր ու հրատապ հանգամանք:
Հանրահայտ է, որ այժմ ՀՀ-ում տիրում է սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հետեւյալ, մեղմ ասած, տխուր համապատկերը.
1) Ողջ բնակչությունը դեռեւս մինչեւ վերջ չի թոթափել կորոնավիրուսային համավարակի առողջական ու հոգեֆիզիկական հյուծիչ ազդեցության վտանգավոր բեռը: Ավելինՙ առայժմ ստուգապես հայտնի չէ, թե երբ կավարտվի ՔՈՎԻԴ-19-ի համաշխարհային հաղթարշավը, ահա եւ Հայաստանի բոլոր դպրոցականներին օրը հինգ-վեց ժամով արդեն իսկ ստիպում են դիմակավորվել:
2) ՀՀ արտաքին պարտքն արդեն կազմում է շուրջ ութ միլիարդ դոլար, որի գրեթե մեկ միլիարդը վերցվել է վերջին մեկ տարում: Աշխատանքից զրկված ՀՀ բազմահազար քաղաքացիներ կանգնել են ընտանիքներով մոտալուտ սովահարման շեմին: Առկա է արտագաղթի նոր ու հզոր ալիքի իրական վտանգը:
3) ԿԳՄՍ նախարարության հանցավոր-սորոսավոր ջանքերով երկրում մոլեգնում է հատկապես հայագիտական եւ հայրենագիտական առարկաների ուսուցմանՙ վերջերս հրապարակ նետված նոր չափորոշիչների ավերակող պտտահողմը:
Ահա այսպիսի գրեթե համապարփակ, այսինքնՙ ոչ միայն պանդեմիկ առումով, այլեւ հանրային կյանքի իսկապես համակողմ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ «խարխուլ կամրջին» ՀՀ վարչապետը, գտնվելով երանավետ արձակուրդում, իրեն թույլ տվեց, իր խոսքովՙ «60-70 աստիճան» բարձունքից խիստ հրապուրիչ խորհրդով-հրավերով-հորդորով հեւիհեւ կոչ անելՙ դեռեւս դիմակակիր իր հայրենակիցներինՙ «վայելելու» հայոց լեռնաշխարհի գեղեցկությունը եւ ճանաչելու-յուրացնելու սեփական պատմությունը,քանզի դրանք «մեր ինքնությունն ու անձնագիրն են»: Իհարկե, վերջին հանրադիպուկ ձեւակերպումը կրկնակի հաճելի է հնչում, քանզի դա արտաբերում է մեր թավշալիբերալ վարչապետը: Իսկապես ոսկի խոսքեր կամ, ավելի ճշգրիտՙ ինչպես հանճարը կասերՙ կրկին ու դարձյալ ընդամենը սին ու փծուն «բառեր, բառեր, բառեր…»:
Լավ, հիմա շիտակ նստենք, շիտակ էլ խոսենք: Ասենք թե, կամ էլ թե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանի բառերով ասածՙ «ՀՀ -ում ապրող երեք միլիոն վարչապետերից» մի ստվար խումբ լրիվ հիպնոսվածՙ որոշում է բարձրանալ իսկական վարչապետի նկատի առած «Հայտուրիզմի» (պայմանականորեն այդպես կոչենք) «60-70 աստիճան» ծուռումուռ արահետներով: Իսկ ինչպե՞ս է լուծվելու վերջիններիս դիմակակրման վերահսկման հարցը: Իհարկե, այս առումով վարչապետը (իսկական) մտահոգվելու խնդիր չունի: Ինչպես գիտենք, հավանաբար հաշվի առնելով այն կարեւոր իրողությունը, որ ՀՀ նախագահը,վարչապետը (իսկական), Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ ԲԴԽ նախագահը ի ծնե եւ ի բնե օժտված են կենսաբանական խիստ հուսալի դիմակով, ուստի վերջերս պարետն իր համապատասխան որոշմամբ թույլատրեց վերոթվյալ պաշտոնական անձանց որոշակի պայմաններում արհեստական դիմակ չկրել… Այնպես որ դիմակակրման խնդրով թող մտահոգվեն մնացյալ երեք միլիոն վարչապետերը: Այս հարցը, իրոք, չափազանց ցավոտ է եւ առայժմ անհասկանալի է, թե ի վերջո ո՞նց է լուծվելու:
Իսկ ինչ վերաբերում է լեռնագնաց «հիպնոսված վարչապետերի» վերոնշյալ ստվար խմբին, ապա իմ համեստ կարծիքով, մեկ ոստիկանը դժվար թե կարողանա արդյունավետ կատարել խմբի հանդեպ իր պարտականությունը, քանզի մեր այս նորակոչ ալպինիստները կարող են խորամանկել եւ բարձունքը մագլցել իծաշարուկ: Ահա այս դեպքում յուրաքանչյուր «հիպնոսված վարչապետին» ստիպված պետք է «ամրացնել» առնվազն մեկ ոստիկան: Վերջինս, հասկանալի է, սովորական աշխատավարձով երբեք չի համաձայնի մագլցել զառիթափ արահետի քարուխիճն ի վեր: Ամենայն հավանականությամբ, նա կսակարկի մինչեւ եղածի տասնապատիկը… Այսպիսի սխեմայով աշխատելու պարագայում, մասնագետների հաշվարկներով, «Հայտուրիզմը» իր տարեկան եկամուտով հազիվ թե ի վիճակի լինի վճարել մեծաթիվ ոստիկաններինՙ նրանց մատուցած ամենօրյա ծառայությունների համար:
Դարձյալ ստիպված եմ բարձրաձայնել իմ համեստ կարծիքը. ինչ ասել կուզիՙ ճշմարիտ ելքը կամ…, կամն է. այսինքնՙ կա՛մ պիտի ամբողջ հայ ժողովրդին ժամանակից շուտ դիմակազերծել (մի բան, որին առաջին կամ իսկական վարչապետը երբեք չի համաձայնի), կամ էլ ալպինիզմ-լեռնավերելքի տարրերով աչքի ընկնող «Հայտուրիզմը» պետք է համբերի, մինչեւ որ էս անիծյալ թագակիր բացիլը վերջնականապես կամովին կգնա այն գրողի ծոցը, որն իրեն ծնել է:
Եվս մեկ նկատառում. ժողովուրդը ճիշտ է ասումՙ ամեն ինչ իր ժամանակն ունի… քանզի գեղեցիկ եւ օգտակար է այն, ինչը արվում է տեղին եւ ժամանակին:
Ամեն դեպքում միանշանակ է,որ խնջույքՙ թագաժահրի ժամանակ, վերջին հաշվով, դաժան թեթեւամտություն է:
Հ.Գ.- Ինչպես վերեւում նշվեց,Նիկոլ Փաշինյանն իր քառօրյա արձակուրդային «վայելումները» լայնորեն ներկայացրեց ֆեյսբուքյան վերջին «լայվերով», որոնցից մեկի ժամանակ վարչապետը նաեւ ընտանյոք հանդերձ, ձի հեծնելու սեանս անցկացրեց: Ի լրումն վերջիններիսՙ «Արձակուրդի վերջին ժամերն ենք վայելում». այսպիսի սրտաճմլիկ մակագրությամբ իրենց երկպատկեր երջանիկ լուսանկարը հրապարակեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Եվ հիմա ո՞վ փոքրիշատե տրամաբանական պատասխան կտա, թե ինչո՞ւ վերջերս տեր եւ տիկին Փաշինյանները մի գլուխ «արձակուրդային վայելքներից» են խոսումՙ գերհուզմունքախառն անափ ափսոսանքից նվաղելով… Այնպիսի տպավորություն է առաջանում, որ կարծես թե սույն համար առաջին ընտանիքը օգնության կարիք ունի…
Ուստի որպես ֆեյսբուքյան օգտատեր, առաջարկում եմ շուտափույթ հեռավար համազգային աշխարհաժողով գումարել հետեւյալ միակ օրակարգովՙ «Քննարկել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանինՙ ընտանյոք հանդերձ, անժամկետ արձակուրդ տրամադրելու հարցը, այնուհետեւ ըստ կարգիՙ համաժողովրդական-համահայկական քվեարկությամբ լուծում տալ սույն հարցին…»:
Եթե իրոք այդպիսի օրակարգով համազգային Աշխարհաժողով գումարվի, ապա կարելի է վստահ լինել, որ «երեք միլիոն վարչապետերը» եւ ավելի քան յոթ միլիոն սփյուռքահայերը մեկ մարդու նման հեռավար կքվեարկեն Փաշինյան ազգափրկիչ վարչապետի ընտանիքի օգտին: