ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից
Ռուսաստանի մայրաքաղաքում օրերս հանդիսավորությամբ բացվեց թվով 3-րդ միջազգային «Թումո» կենտրոնըՙ TUMO MOSCOW-ը:
Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաեւ Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ «Թումոյի» ծրագրերին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ նմանատիպ մի շարք ժամանակակից այլ ոլորտներում:
Այդ օրը հանդիսությանը ներկա մոսկվաբնակ մեր շատ հայրենակիցներ ինձ հաճախ էին հարցնումՙ իսկ ի՞նչ է նշանակում «Թումո», հապավո՞ւմ է:
«Ավելի շուտ ժառանգություն է»,- ասացի ես: Իսկ թե ինչպես է առաջացել «Թումո» անվան միտքն ու ինչ փորձություններով է այն անցել մինչեւ Փարիզ ու Բեյրութ հասնելը, պատմում է Թումոյի համահիմնադիր եւ զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանը :
– 2011 թվականի բացումից տարիներ առաջ, երբ դեռ Երեւանում առաջին «Թումո» կենտրոնն էր կառուցվում, շինարարության կողքով անցնող տեղի պատանիներից հաճախ լսում էինք «Թումո եմ գնում» արտահայտությունը: Մենք ակամա հետաքրքրվեցինք, թե այդ ուր էին նրանք պատրաստվում գնալ: Ինչպես գիտեք, կենտրոնը գտնվում է Թումանյանի գեղեցիկ այգու հարեւանությամբ, որը կրում է ամենաստեղծարար ու սրամիտ հայ գրողի, բանաստեղծ, արձակագիր ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի անունը, կամ ինչպես երեխաներն են սիրում կոչել նրա այգինՙ «Թումո»: Շուտով շինհրապարակ այցելելը մենք էլ սկսեցին կոչել «Թումո գնալ», ու անունն այդպես էլ մնաց: Հետագայում այն դարձավ կենտրոնի պաշտոնական անունը, գրվեց մեծատառով ու վերջապես մտավ բնակիչների առօրյա բառապաշար:
2011 թվականին Երեւանում պաշտոնապես բացվեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների առաջին կենտրոնը, որը պատանիների համար նախատեսված կրթական կենտրոն էՙ մասնագիտացված դիզայնի եւ տեխնոլոգինարի ոլորտում:
Կենտրոնի նախաձեռնողն ու հիմնադիրն է ամերիկահայ բարերար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության ժողովի անդամ, «Սիմոնյան կրթական հիմնադրամի» հիմնադիր Սեմ Սիմոնյանն իր տիկնոջՙ Սիլվա Սիմոնյանի հետ: Սեմ Սիմոնյանը հիմնադիրն է նաեւ ԱՄՆ-ում գործող «Epygi Labs AM» ընկերության, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ծրագրային նախագծումով եւ որի մասնաճյուղը 1997-ից ի վեր գործում է նաեւ Հայաստանում:
Սեմ Սիմոնյանը ծնվել է Լիբանանում, միջնակարգ կրթությունը ստացել Բեյրութի Վահան Թեքեյան եւ ապա Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոցում:
Եվ այսպես, Թումոյի եւ Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետեւյալ 8 ոլորտներումՙ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում եւ անիմացիա: Ապագայում կբացվի եւս 6 ուղղությունՙ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա եւ ստեղծագրություն:
«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց եւ կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաեւ Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա «Թումոյի» ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը :
Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը , որն իր խոսքում նշել է. «Այս տեխնոլոգիական կրթությունը շատ պահանջված է Մոսկվայում, մոդայիկ: Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:
Հանդիսավոր բացմանը ներկա էր եւ ելույթով հանդես եկավ նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը , որ, ի դեպ, նշանակալի դերակատարում է ունեցել այս կենտրոնի կայացման գործում: Հարկ է նշել, որ հատկապես կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից սկսած մեր հայրենակիցներին ամենօրյա ռեժիմով ամենատարբեր հարցերում մեծ աջակցություն ցուցաբերելուց զատ, Վարդան Տողանյանը վերջին տարիներին Ռուսաստանում հայկական մշակույթի տարածման գործում իր անուրանալի դերն ունի եւ հենց դեսպանի ջանքերով, նրա ճաշակի, մտքի եւ ինտելեկտուալ կարողությունների շնորհիվ է հաջողվել հայ մշակութային ժառանգության արժանի ներկայացումը Ռուսաստանում:
Ողջունելով մոսկովյան «Թումոյի» ծնունդըՙ Վարդան Տողանյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում փոխվում է ամեն ինչ, փոխվում են հաղորդակցության ու մարդկանց հետ շփումների միջոցները, եւ այս հարթակը դառնում է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նոր դեմքը:
– Մենք կարողացանք Ռուսաստանում ներկայանալ կրթական նոր տեխնոլոգիական հարթակով, որը լիովին փոխում է իմացությունն այսօրվա Հայաստանի մասին: Մոսկվայի պատանիները նույնպես կստանան «Թումոյի» կրթական ծրագրին ծանոթանալու եւ ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն: Ի թիվս Բեյրութի եւ Փարիզի կենտրոնների, սա թվով երրորդ միջազգային «Թումո» կենտրոնն է: Կենտրոնը Հայաստանի անունը բարձր է պահում միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, հայկական կրթական եւ այլ տեխնոլոգիաների արտահանման համար նոր հորիզոններ է ձեւավորում: «Թումոն» նորարարական կրթական ծրագիր է դիզայնի եւ տեխնոլոգիաների միջակայքում: «Թումոյում» պատանիները սովորում են, որովհետեւ ունեն դրա ցանկությունը: Նրանց տրվում են անհրաժեշտ բոլոր գործիքները սեփական ներուժը առավելագույնս իրացնելու համար: Ուսանողներն իրենք են նախագծում սեփական կրթական շավիղը գործնական վարժանքների, դասընթացների ու աշխատարանների միջոցով:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց այս հիանալի գաղափարը Մոսկվայում կյանքի կոչելու համար ջանքեր չխնայած բոլոր գործընկերներին:
TUMO MOSCOW կենտրոնը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարեւանությամբ, նրա մակերեսը կազմում է 1000 ք/մ, ունի անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներըՙ ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, սեփական ձայնագրման ստուդիա, ռոբոտատեխնիկայի եւ համակարգչային դասարաններ եւ այլն:
Մոսկվայի «Թումոյում» սովորելու է շուրջ 2000 աշակերտ եւ ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին:
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ կենտրոնների բացում ինչպես ՌԴ մի քանի քաղաքներում, այնպես էլ Բեռլինում, Տիրանայում, Տոկիոյում, Կալիֆոռնիայում, Նուրսուլթանում եւ աշխարհի այլ քաղաքներում: