Զրույցը վարեցՙ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆԸ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից
Արդեն երկար տարիներ ռուսական մի շարք հեղինակավոր եւ վարկանիշային հաղորդումների քաղաքական բանավեճերում հաճախակի կարելի է լսել մեր հայրենակից, հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հասարակական գործիչ, 1998 թվականից «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների եռակի դափնեկիր Կարեն Գեորգիի Շահնազարովին, որի արտահայտած մտքերի, կարծիքների եւ գնահատականների հետ, հատկապես ղարաբաղյան արյունալի իրադարձությունների ընթացքում, ոչ միշտ էր համամիտ հայ հանրության մի զգալի հատվածը: Անուրանալի է, սակայն, մեկ փաստ. Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող ռեժիսորի խոսքը պարունակում է ամենատարբեր բնագավառներ ներառող գիտելիքների վիթխարի շտեմարան եւ նրա վերլուծական միտքը մեծ ընդունելություն ունի հասարակության լայն շրջանակներում:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայկացնում Կարեն Շահնազարովի հետ «ԱԶԳի» բացառիկ հարցազրույցը:
– 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները Համաձայնագիր ստորագրեցինՙ դադարեցնելով հազարավոր զոհեր խլած 44-օրյա պատերազմն Արցախում: Մինչ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, Ադրբեջանը երեք անգամ խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորածությունները` գիշեր-ցերեկ ռմբակոծում էր Լեռնային Ղարաբաղի, իսկ որոշ հատվածներում նաեւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, ինչի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում եւս կան բազմաթիվ զոհեր, վիրավորներ եւ բազմաթիվ ավերածություններ: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչո՞ւ չկատարեց հրադադարի նախկին պայմանավորվածությունները:
– Առաջին հերթին կցանկանայի ուշադրություն հրավիրել մի կարեւոր փաստի վրա. այս ամբողջ խառնաշփոթ, հոգեմաշ ու տասնամյակներ ձգվող պատմության մեջ կար մի կարեւոր հանգամանքՙ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը, որը, ի դեպ, ոչ ոք երբեւէ չի հերքել: Այդ թվումՙ հենց Հայաստանը: Միամտություն կլիներ ենթադրել, որ Ադրբեջանն այս հարցը կթողներ չլուծված: Վաղ թե ուշ նա փորձելու էր հետ վերցնել իր տարածքները: Չարժեր հույսեր փայփայել այն փաստի վրա, որ նման անորոշությունը կարող էր հավերժ ձգձգվել: Ըստ ամենայնի, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ներկայիս պահը համարեց առավել «հարմար» այդ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար: Նախՙ Ամերիկայի Միացյալ Նահանգները զբաղված է նախագահական ընտրություններով եւ այսօր գործնականում իրեն դուրս է մղել միջազգային ասպարեզից: Երկրորդըՙ Եվրոպայում նույնպես բարդ իրավիճակ էՙ համաճարակ, բազմաթիվ խնդիրներ: Գումարած այդ ամենինՙ Ադրբեջանը զգաց հարաբերությունների որոշակի սառեցում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, մասնավորապես այն փաստը, որ Հայաստանի նոր ղեկավարության գործելաոճում սկսեցին հստակ աչքի զարնել արեւմտամետ միտումները: Բնականաբար, Ադրբեջանն ու նրա թիկունքին կանգնած Թուրքիան, վերլուծելով ու կշռադատելով բոլոր դրական եւ բացասական ազդակները, որոշեցին, որ այժմ հարվածելու ամենահարմար ժամանակն է: Եվ պետք է ասեմ, որ դա նրանց հաջողվեց: Իմ կարծիքով, Հայաստանը բաց թողեց տարածքային վեճը պատերազմից առաջ լուծելու հնարավորությունը, կորցրեց փոխզիջման գնալու հնարավորությունը: Թեկուզ բարդ, դժվարին փոխզիջման: Եվ իվերջո, Հայաստանը պետք է վաղուց պատրաստ լիներ այն իրողությանը, որ Ադրբեջանը օրերից մի օր փորձելու է այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ցավոք, մենք տեսանք, որ երկիրը եւ, առաջին հերթին, քաղաքական ղեկավարությունը, պատրաստ չէին նման սցենարի:
– Դուք հետեւո՞ւմ էիք պատերազմի ընթացքին, ինչպիսի՞ խոհեր ու մտքեր էին պաշարել Ձեզ, ի՞նչ դիտարկումներ, սխալներ, թերություններ կարող եք առանձնացնել հայկական կողմից, փաստորեն, կապիտուլյացիայի ենթարկվելու փաստի առնչությամբ:
– Այո, ես հետեւել եմ պատերազմական գործողությունների ու բոլոր իրադարձությունների ընթացքին: Անկեղծ ասած, ես ակնկալում էի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, խորապես գիտակցելով սպասվելիք վտանգները, ավելի լավ պատրաստված կլինեն պատերազմին: Իհարկե, ես ռազմական փորձագետ չեմ, բայց ակնհայտ էր, որ ռազմական գործողություններին նախապատրաստվելու մակարդակը լավագույնը չէր: Ես կարծում էի, որ Արցախը վաղուց վերածվել է մի հզոր, ամրակուռ եւ անառիկ տարածքի, որն ունակ է դիմակայել յուրաքանչյուր հարձակման: Ավելին, դրան նպաստում է նաեւ տեղանքը. այն սիրիական անապատ չէ: Բայց ցավոք, տեսանք, որ Հայաստանն ու Ղարաբաղը անակնկալի են եկել: Վերցնենք թեկուզ անօդաչու թռչող սարքերը, որոնք անխնա հարձակվում էին հայկական անպաշտպան դիրքերի վրա: Պարզվում է, որ զինվորական ղեկավարությունը ոչ միայն անպատրաստ էր, այլեւ նման սցենար ընդհանրապես հաշվի չի առնվել: Որտե՞ղ էր նայում հետախուզությունը, տարիներ շարունակ ի՞նչ էր մտածում ռազմական ղեկավարությունը: Հասկանալի է, որ հայ զինվորը, Ղարաբաղի ժողովուրդը հերոսաբար պաշտպանվում էր: Նրանք կռվեցին հերոսաբար, այնպես, ինչպես կարող էին, անմնացորդ, մինչեւ վերջին շունչը: Բայց, ակնհայտորեն, Ադրբեջանն ավելի լավ էր պատրաստված:
– Պատերազմի ընթացքում անհավասար պայմաններում Արցախի կանոնավոր բանակն ու կամավորական ջոկատները մարտնչում էին ոչ միայն ադրբեջանական, այլեւ թուրքական զորամիավորումների եւ վարձկան ահաբեկիչների խմբավորումների հետ: Այս անարդարացի փաստի առնչությամբ իրենց մարդու իրավունքների պաշտպան հորջորջող աշխարհի հազարավոր կազմակերպություններ գործնականում ոչինչ չձեռնարկեցին: Որպես հայ մարդՙ աշխարհի քար լռությունը Ձեզ չէ՞ր հիասթափեցնում եւ հուսահատեցնում:
– Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանում, իմ կարծիքով, գոյություն ունի վաղուց եկող ու անհիմն պատրանք, որ արեւմտյան աշխարհը, անշուշտ, կօգնի եւ դժվարին պահերին կպաշտպանի Հայաստանին: Սա, ի դեպ, նման ծանր պարտության պատճառներից մեկն է: Հայերի որոշ հատվածի «հույսը» Արեւմուտքում է: Նրանք ասում են, որ Ամերիկայում եւ Ֆրանսիայում գտնվող հայկական հզոր սփյուռքը թույլ չի տա, որպեսզի շատ արյուն թափվի: Սփյուռքն, իհարկե, Հայաստանին օգնում է այնքանով, որքանով կարող է: Բայց չպետք է գերագնահատել եւ չափազանցնել նրա հնարավորությունները, սփյուռքը մեծ ազդեցություն չունի ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նույնիսկ մամուլի վրա: Արեւմուտքն, ընդհանուր առմամբ, լավ է վերաբերվում Հայաստանին, բայց աշխարհաքաղաքական առումով Թուրքիան նրա համար շատ ավելի կարեւոր դաշնակից էՙ որպես Իրանին զսպող երկիր: Եվ այսօր Թուրքիան շարունակում է մնալ Արեւմուտքի դաշնակիցըՙ չնայած առկա տարաձայնություններին ու հակասություններին: Այնպես որ, պատրանքները, շատ առումներով, հուսախաբ արեցին Հայաստանի ղեկավարությանը Ղարաբաղի հարցում: Ի դեպ, այսօր ես այնքան էլ մեծ օգնություն չեմ տեսնում արեւմտյան սփյուռքից: Որտե՞ղ է նա, կարող էին գումարներ տալ, ինչ-որ կերպ աջակցել ժողովրդին:
– Եռակողմ Համաձայնագրի արդյունքումՙ Ադրբեջանին վերադարձվեցին նախկինում հայերին պատկանող բազմաթիվ տարածքներ: Այս օրերին Արցախ աշխարհում տեղի է ունենում մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկըՙ համատարած տեղահանություն է, մարդիկ ճարահատյալ լքում են իրենց պապենական բնակավայրերը, այրում սեփական տներըՙ հայտնվելով անորոշության մեջ: Դուք սպասո՞ւմ էիք հայ ժողովրդի համար այսպիսի դաժան ու ողբերգական ելքի:
– Դա շատ ցավալի է, բայց պարտվող կողմը միշտ ընդունում է հաղթողի պայմանները: Արցախահայության մի մասը, իհարկե, լքելու է իր բնակության վայրերը: Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի կյանքը նրանց համար, ովքեր որոշել են մնալ: Խաղաղության եւ հանգստության միակ երաշխավորը այսօր ռուս խաղաղապահներն են: Բայց ես կկրկնեմ իմ միտքը, որը բարձրաձայնել եմ սկզբում. եթե Հայաստանի ղեկավարությունը լուրջ զիջումների գնար, ամեն ինչ կարող էր այլ կերպ ստացվել, ոչ այնքան ողբերգական: Հարցը պետք է լուծվերՙ չսպասելով Ադրբեջանի հարձակմանն ու արյունահեղությանը: Այն պայմաններում, երբ Հայաստանը ռազմական պարտություն կրեց, արդեն անհնար է հասնել ընդունելի համաձայնության: Իհարկե, հաղթողը թելադրում է իր իսկ պայմանները, եւ սկզբունքորեն կարեւոր է հասկանալ, որ եթե Ռուսաստանը չմիջամտեր այս հակամարտությանը, ապա հավաստիացնում եմ ձեզ, հետեւանքներն ավելի ծանր կլինեին Լեռնային Ղարաբաղի համար: Լավագույն դեպքում, ամեն ինչ կավարտվեր բնակչության զանգվածային արտագաղթով,Ադրբեջանը կգրավեր ամբողջ տարածքը: Եվ չնայած Փաշինյանը (ես նրա կողմնակիցը չեմ) պատասխանատու է պատերազմին երկրի անպատրաստ լինելու, չմտածված որոշումների համար, իմ կարծիքով, նա ճիշտ արեցՙ ստորագրելով Եռակողմ պայմանագիրը: Եթե դա չլիներ, ամեն ինչ կարող էր մեծ աղետով ավարտվել Հայաստանի համար:
– Տարիներ առաջ նշել էիք, որ հպարտանում եք Ձեր հայկական արմատներով, անունով, եւ, մանավանդ, արցախյան ծագմամբ հայտնի ազգանունով, որի ճշգրիտ ձեւը Մելիք-Շահնազարով է: Նշել էիք նաեւ, որ Ձեր տանը պահպանվում են 19-րդ դարասկզբի փաստաթղթեր, որոնցում Ձեր նախապապը` ռուսական բանակի շտաբս-կապիտան, Ղարաբաղի գավառը Ռուսաստանի կայսրության կազմը մտնելուց հետո, Ալեքսանդր Առաջին կայսրից խնդրում է օգտագործելու համար իրենց տոհմին վերադարձնել Մելիք-Շահնազարովներին պատկանող հողակտորները եւ կայսերական հրովարտակով հաստատել հողերին տիրապետելու տոհմական իրավունքը: Դուք նշել էիք նաեւ, որ այդ փաստաթղթերը Ձեր տոհմում փոխանցվում են սերնդեսերունդ` ավագ որդիներին:
Ի՞նչ ապրումներ ունեցաք 1992-ինՙ Շուշիի ազատագրումից հետո, եւ ինչպիսի ապրումներ ունեք այսօրՙ Շուշին կորցնելուց հետո:
– Հորս կողմից իմ արմատներն, իսկապես, գնում են դեպի ղարաբաղյան հնամյա ակունքները, ես Մելիք Շահնազարովների ազնվական ընտանիքի շառավիղներից եմ: Այո, մեր ընտանիքում մենք խնամքով պահում ենք ձեր ասած փաստաթուղթը: Եվ, իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, չի կարող ինձ անտարբեր թողնել: Դա իմ մի մասնիկն է, դրանցում ամփոփված են իմ գերդաստանի պատմության եւ նրա ավանդույթներիսուրբ մասունքները:
– Ես հորիցս շատ եմ լսել, որ Շուշի բերդաքաղաքը մինչեւ 20-րդ դարի սկիզբը կարեւոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային եւ տնտեսական կյանքում:
– Ես ուշի ուշով հետեւում եմ վերջին ամիսներին կատարվող իրադարձություններին, անհանգստանում ու ցավում եմ: Միեւնույն ժամանակ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, սովետական եւ ռուս կինոռեժիսոր, հայրենիքս այստեղ է, կյանքս այստեղ է անցել: Իմ նախնիները հավատարմորեն ծառայում էին Ռուսաստանին, իսկ հետոՙ Խորհրդային Միությանը, ես նույնն եմ անումՙ իմ ուժերի եւ հնարավորությունների սահմաններում: Հայ ժողովուրդն այսօր հայտնվել է բարդ, դրամատիկ իրավիճակում, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ է տեղյակ լինել երկրի զարգացման համար այլ հնարավորություններ փնտրելու անհրաժեշտության մասին: Եվ երկրի զարգացումը հնարավոր է միայն, Ադրբեջանի ժողովրդի հետ փոխզիջման դեպքում:
Ես Լեռնային Ղարաբաղում մշտական պատերազմի կողմնակից չեմ, կողմնակից չեմ այն մտայնության, երբ ասում ենՙ այժմ ադրբեջանցիները հաղթել են, իսկ հայերը ուժ են կուտակում հետագա պատերազմի, վրեժխնդրության համար եւ այլն: Ո՛չ: Հայաստանը փոքր երկիր է, որը գտնվում է հարեւանական բարդ միջավայրում: Գործնականորենՙ շրջափակված: Ուզենք, թե չուզենք, որպեսզի երկիրը զարգանա, հարկավոր է փոխզիջումներ փնտրել հարեւանների հետ: Պետք է կենտրոնանալ ոչ թե պատերազմի, այլ փոխադարձ տնտեսական համագործակցության վրա: Ի վերջո,պատերազմները մոռացվում են, ցավը հանդարտվում է: Հայ հասարակությունը պետք է հասկանա, որ խաղաղությունն այսօր այլընտրանք չունի, պետք է բացառել նոր պատերազմը: Հակառակ դեպքում, ամբողջ երկիրը կարող է կործանվել: Հայաստանը պետք է նաեւ հստակ գիտակցի, որ իր գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է, իսկական դաշնակիցը: Հասկանալի է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում ունի իր մեծ շահերը: Դա հսկայական երկիր է, որը մասնակցում է համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացներին եւ ունի իր հստակ մարտավարությունը: Ռուսաստանից չի կարելի պահանջել, որ գործ ունենա միայն Հայաստանի հետ: Բայց եւ անուրանալի էՙՌուսաստանը կրկին ապացուցեց, որ Հայաստանի միակ եւ իրական դաշնակիցն է: Ոչ Ֆրանսիան, ոչ էլ Ամերիկան, որոնց հանդեպ այդքան շատ հույս էր փայփայում Հայաստանի հատկապես էլիտար հանրությունը, մատը մատին չտվեցին Հայաստանին օգնելու համար: Եվ նրանք մինչեւ այս պահը ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ մտածում են, որ դրանով իրենք կօգնեն… Ռուսաստանին: Ահա եւ այսպիսի հարաբերություններ:
Հետեւությունը պետք է անի Հայաստանը: