ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ
Քանի հազարավոր մահճակալներ մնացին դատարկ, թե՛ տներում, թե՛ զորամասերում:
Զինվորի սրտում եւ աչքերում այնքան մեծ ցավ կա…
«Ծնողները իրենց հույսը չեն կորցնում, գալիս են էստեղՙ Ղարաբաղ, եւ իրենց որդիներին են փնտրում: Մեզ են հարցնում, թե որտեղ են իրենց որդիները… Էս հարցը, երբ տալիս են, զղջում ես, որ ողջ ես մնացել, որովհետեւ մենք շատ լավ գիտենք որտեղ են մեր ընկերները», պատմում է Արցախում ծառայող ժամկետային զինծառայողներից մեկը:
Մեր զինվորների սուրբ արյունը հողի վրա դեռ չչորացածՙ սրբապիղծ թշնամին ոտք դրեց այդտեղ:
«Ջաբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ, Մարտունի… ամեն մի շրջանում ընկերներ ենք կորցրել. հիմա ավելի դժվարա քան պատերազմի ժամանակ, այդ ժամանակ ցավ ու սով չէինք զգում, պատասխանատվության զգացումը ամեն հարցի պատասխան տալիս էր:
Էնպիսի հիշողություններ ու ապրումեր ունենք, որ ամբողջ կյանքում մեր անբաժան ուղեկիցն են լինելու: Հիմա մենակ ուզում եմ գնամ ընկերներիս շիրիմին. սպասում են», ասում է զինվորը:
Մեր զինվորները մեկ բռունցք դարձած պատրաստակամություն են հայտնում հարկ եղած դեպքում նորից մեծ պատասխանատվությամբ մասնակից դառնալ հայրենիքի համար մղվող պատերազմում, ասելովՙ որ իրենց գործը ավարտած չեն համարում:
Եթե այս ամենը գիտակցում է ժամկետային զինծառայողը, ապա վստահ կարող ենք ասել, որ ապագայի մեր ուղին գծված է: