Իրաքին մտահոգում են Տիգրիս գետի վրա նոր մեծ պատնեշ կառուցելու՝ Թուրքիայի ծրագրերը։ Իրաքի խորհրդարանի ջրային կոմիտեի նախագահ Թաեր Միհեյֆ ալ Ջուբուրին ասել է, որ Թուրքիան ծրագրում է մեծ ամբարտակ կառուցել Տիգրիս գետի վրա, որը Իրաքը կզրկի Տիգրիսի ջրից. գրում է Sot al-Iraq-ը։
Ալ Ջուբուրին քննադատել է Իրաքի կառավարության «լռությունը» Թուրքիայի ամբարտակային քաղաքականության վերաբերյալ՝ ասելով, որ նոր ամբարտակը կոչվում է Ջազիրա:
Իրաքցի պատգամավորն ասել է, որ այն ամբարտակը, որը Թուրքիան նախատեսում է կառուցել, ամենավտանգավորներից է, քանի որ թույլ չի տա, որ Թուրքիայից մի կաթիլ ջուր անգամ մտնի Իրաք։
Ալ Ջուբուրիի խոսքով՝ ամբարտակը կկառուցվի Իրաքի սահմանից 35 կիլոմետր հեռու եւ մեծ վտանգ կներկայացնի Իրաքի համար։ Նա զգուշացրել է, որ եթե իրաքցիների լռությունն ու անգործությունը շարունակվի, Թուրքիան կարող է մեկ տարվա ընթացքում ավարտել շինարարությունը։