ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Վերջերս վիճակագրական կոմիտեն հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2020» զեկույցը, որտեղ ամփոփվել էին 2019-ին անցկացված աղքատության ոսւումնասիրության արդյունքները: Դրանք փաստում են, որ Հայաստանում աղքատությունն աճել է: Միաժամանակ, վիճկոմը առաջարկում է չհամեմատել այդ ցուցանիշը նախորդ տարիների հետ, քանի որ «մեթոդաբանությունը փոխվել է»: Ուշագրավ է, որ մեթոդաբանական փոփոխություն վերջին անգամ տեղի է ունեցել 10 տարի առաջ, որը տեղիք է տալիս ենթադրելու, թե որն է նման փոփոխություն անելու իրական նպատակը: Այս մասին մի փոքր հետո, իսկ այժմ ներկայացնենք աղքատության ցուցանիշները:
Աղքատ է Հայաստանի բնակչության 26,4 տոկոսը
Ինչպես արդեն նշեցինք, զեկույցում ներկայացված են «թավշյա» իշխանափոխությունից մեկ տարի անցՙ 2019 թ.-ի աղքատության ցուցանիշները: Ըստ այդմ, աղքատությունը կազմել է բնակչության 26,4 տոկոսը: Ինչպիսի՞ փոփոխություններ է կրել այս ցուցանիշը նախորդ երկու տարիների համեմատ:
2017 թ.-ին աղքատությունը նախորդ տարվա 29,4 տոկոսի համեմատ նվազել էր 3,7 տոկոսով եւ կազմել 25,7 տոկոս: 2018 թ.-ին աղքատությունը նվազել էր եւս 2,2 տոկոսով եւ կազմել 23,5 տոկոս: Հիշեցնենք, որ 2017 թ.-ը եւ 2018 թ.-ի առաջին ամիսները աչքի էին ընկել բարձր տնտեսական աճով, որի շնորհիվ էլ երկու տարվա ընթացքում միասին վերցրած, 2018 թ.-ին աղքատությունը Հայաստանում նվազել էր 5,9 տոկոսով եւ 29,4 տոկոսից հասել 23,5 տոկոսի: Սակայն, Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության մեկ տարումՙ 2019 թ.-ին աղքատությունը կրկին աճել էՙ 3,1 տոկոսով : Այսինքն, աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել եւ գտնվում ենք 2017 թ.-ից առաջ եղած վիճակում: Այժմ վերադառնանք նոր մեթոդաբանությանը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, վերջին ուսումնասիրությունը տարբերվում է նախորդ 10 տարվա ընթացքում անցկացվածներից երեք կետերովՙ վերանայվել է հարցաթերթիկը, տվյալների հավաքման համար սկսել են օգտագործել պլանշետ եւ փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը: Առաջին երկու կետերի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, դրանք ուղղակի զավեշտալի են: Երրորդ կետով սահմանվել է, որ աղքատ են համարվում այն անձիք, որոնց սպառումը փաստացի հաշվարկված պարենային զամբյուղի արժեքից ցածր է: Այսինքն, վերահաշվարկվել է աղքատության գիծն ըստ պարենային զամբյուղի, որի արդյունքում էլ աղքատության ցուցանիշը բարձրացել է:
Իրոք, եթե բարձրացնում ես աղքատության գիծը, ապա ավելանում է աղքատ համարվողների թիվը: Սակայն, այս դեպքում աղքատության աճը շատ ավելի կտրուկ պետք է լիներ, հաշվի առնելով դեռ անցյալ տարի տեղի ունեցող տնտեսական եւ քաղաքական գործընթացներն ու դրանց հետեւանքները: Դա թույլ չտալու համար էլ նախաձեռնվել է մեթոդաբանական փոփոխությունը, որպեսզի ավելի հեշտ լինի «սրբագրումներ» անել եւ ցույց տալ անհամեմատ ավելի մեղմացված ցուցանիշ: Այդուհանդերձ, 2020-ի աղքատության ցուցանիշը, որ պետք է հրապարակվի այս տարվա վերջին, անհամեմատ ավելի մեծ է լինելու, եւ ոչ մի մեթոդաբանություն այլեւս «օգնության» հասնել չի կարող: Բանն այն է, որ անցած տարի լուրջ տնտեսական անկում ենք ունեցել :
Խորացող տնտեսական անկման իրական պատճառը
Այսպիսով, Հայաստանում տնտեսական անկումը 2020 թ.-ին կազմել է 7,5 տոկոս: Այն դեպքում, երբ կառավարությունը կանխատեսում էր նախ 2 տոկոս, ապաՙ 4,5 տոկոս տնտեսական անկում: Սակայն անկախ փորձագետները միաբերան պնդում էին, որ տնտեսական անկումը անհամեմատ ավելի մեծ է լինելու եւ կարծիք հայտնում, որ անգամ 7,5 տոկոսն իրական անկման չափը չէ:
Ներկայացնելով միայն 2020-ի դեկտեմբեր ամսվա ցուցանիշները, նշենք, որ տնտեսական անկումը անցյալ տարվա վերջին ամսին նախորդող տարվա վերջին ամսվա համեմատ կազմել է 8,8 տոկոս: Այսինքն, անկման տեմպը ավելանում է: Տնտեսության բոլոր ճյուղերն առանձին-առանձին վերցրած դեկտեմբեր ամսին նույնպես անկում են ունեցել:
Ինչ մնում է 2020-ի տարեկան ցուցանիշներին, ապա արդյունաբերությունում 2019 -ի համեմատ անկումը կազմել է 0,9 տոկոս, շինարարությունումՙ 9,5 տոկոս, առեւտրումՙ 14 տոկոս, ծառայություններումՙ 14,7 տոկոս, եւ միայն գյուղատնտեսությունում արձանագրվել է 1,4 տոկոս աճ: Հիշեցնենք, որ վիճակագրական ցուցանիշներից ամենավիճելին լինում են հենց գյուղատնտեսության ցուցանիշները, որոնք օգտագործվում են բոլոր իշխանությունների կողմից:
Արտաքին առեւտրում պատկերը հետեւյալն էՙ արտահանումը նվազել է 4,9 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 544 մլն դոլար, ներմուծումըՙ 17,7 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 559 մլն դոլար: Ինչ մնում է աշխատավարձերին, ապա այստեղ աճը կազմել է 3,9 տոկոս: Միայն պետական համակարգում արձանագրվել է 5,3 տոկոս աճ, ինչը հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներիՙ նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ եւ մյուսների աշխատավարձերի եւ պարգեւավճարների աճն են արտացոլում: Դրանք, փաստորեն, կորոնավիրուսի կամ պատերազմի պատճառով չեն նվազում եւ անգամ անփոփոխ չեն մնում, այլ միայն աճում են: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ դա իր որոշումն է: Ավելին, 2021-ի պետական բյուջեում պարգեւատրումների համար հատկացված գումարը նախատեսված է ավելացնել 18 մլրդ դրամով :
Այսպիսով, անցած տարվա տնտեսական անկումը աննախադեպ է եղել վերջին 10 տարիների ընթացքում: Անցած 25 տարիներին էլ անկում ունեցել ենք միայն մեկ անգամՙ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարումՙ 2009-ին: Ակնհայտ է, որ այս տնտեսական անկման պատճառները, բացի կորոնավիրուսից եւ պատերազմից, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կառավարման հետեւանքներն են: Նա եւ նրա շուրջ գտնվող մարդկանց մեծ մասը չունեն կառավարման ունակություններ եւ իրենց քայլերով շարունակում են ոչնչացնել գործարար միջավայրը: