Այս պատմությանը «Ազգն» անդրադարձել էր դեռեւս 2019 թվականինՙ ողբերգական դեպքից մի քանի օր անց: Ներկայացնելով տեղի ունեցածըՙ թերթը նաեւ ահազանգ էր հնչեցրել եւ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել տուժողի հարազատների մտավախությունըՙ որոշ շահագրգիռ անձինք փորձում են գործը կոծկել:
Դեպքից անցել է շուրջ 1 տարի 5 ամիս: Ըստ տուժողի մայր Ոսկեհատ Պողոսյանիՙ առայսօր ոչ մի շոշափելի տեղաշարժ եւ առաջընթաց այդպես էլ չի նշմարվում: Դատաքննչական անհոգի տեղապտույտում հայտնված գործը դոփում է տեղում, պատասխանատուների քար անտարբերությունը սասանում է որդեկորույս հարազատների հավատը առ արդարությունն ու արդարադատությունը:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել:
2019 թվականի հոկտեմբերի 28-ին Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում, «Տաշիր» առեւտրի կենտրոնի հարեւանությամբ, մահացու վրաերթի է ենթարկվում ապագայի հազար ու մի վառվռուն ծրագրեր հոգում անթեղած տաղանդավոր երիտասարդՙ Արցախ աշխարհում երկու տարվա զինվորական պարտքը կատարած եւ տուն վերադարձած Մելքոն Արմենի Մելքոնյանը:
Ականատեսների վկայությամբՙ այդ պահին փողոցն ազատ է եղել, մեքենաներ չեն երթեւեկել, տղան փորձել է անցնել փողոցը, բայց հանդիպակաց գծով շատ բարձր արագությամբ սլացող 17 SS 286 պետհամարանիշի BMW մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել նրան: Տղային վրաերթի ենթարկելուց հետո վարորդը դիմել է փախուստի:
– Ուշ երեկոյան ինձ զանգահարեցին եւ ասացին, որ տղաս վրաերթի է ենթարկվել, բայց մահվան մասին այդ պահին ոչինչ չհայտնեցին, ասացին, որ ոտքն է կոտրել,- պատմում է տւժողի հայրըՙ Արմեն Մելքոնյանը: – Տեղ հասնելուն պես ասացին, որ տղայիս արդեն տարել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բարձրացա այնտեղ, ցանկացա տղայիս տեսնել, բայց ասացին, որ վնասվածքը լուրջ է, եւ գտնվում է դատազննական բաժանմունքում: Մտածելով, որ տղաս օգնության կարիք ունի եւ չպատկերացնելով, թե ինչ է այդ բաժանմունքը, արագ գնացի այդտեղ, փորձեցի ներս մտնել, բայց դռան մոտ կանգնածներից մեկն ասաց. «Եղբայր, սառնարանում է, օգնելու ոչինչ չկա»: Այդ պահին ոտքերս թուլացան, հասկացա ամեն ինչ. տղաս մահացած էր:
– Երկու տարի Արցախում պատվով ծառայելուց հետո Մելքոնը 3 ամիս էր, ինչ վերադարձել էր բանակից,-պատմում է տիկին Ոսկեհատը: -Խնջույք արեցինք, ուրախացանք, որ վերջապես հետ էր եկել… Տնտեսագիտական համալսարանում էր սովորում, բանակից վերադառնալուց հետո որոշեց ուսումը հեռակա դարձնել, որպեսզի նաեւ աշխատի եւ հոգա իր կարիքները: Տղաս աշխատանքի անցավ «Շերեփ» ռեստորանում: Ամեն ինչ բնականոն հունով էր ընթանում, մինչեւ չարաբաստիկ դեպքը:
Ծնողները պատմում են, որ Մելքոնի թաղմանը հազարավոր մարդիկ էին եկելՙ հարյուրավոր ծաղկեպսակներով, թե իր ծառայած զորամասից, թե համալսարանից, թե աշխատավայրից, թե նույնիսկ այնպիսի տեղերից, որտեղ նա ընդամենը մի քանի օրով էր գտնվել: Բոլորը սգում էին նրա մահը, հիացմունքով եւ ափսոսանքով էին խոսում նրա մասին:
– Թաղման արարողությունից հետո մենք որոշեցինք հետաքրքրվելՙ վրաերթի մեջ որքա՞ն է տղայիս մեղավորությունը, որքա՞նՙ վարորդինը,-ասում է Արմեն Մելքոնյանը: – Ես լավ գիտեմ տղայիս, նա ուշադիր էր, աչալուրջ, խելացի ու դաստիարակված, բազմաթիվ պարգեւներ էր ստացել Հանրապետության առաջին դեմքերից, նույնիսկ նախագահական նստավայրում էր եղել…
Դեպքի ականատեսները պատմում էին, որ մեքենան շատ արագ է սլացել, արգելակման հետագծեր չեն էլ եղել, եւ վարորդը նույնիսկ չի փորձել կանգնեցնել մեքենան: Տղայիս վրաերթի ենթարկած ու մի քանի ժամ անց, ինչ-որ մեկի ուղղորդմամբ ոստիկանություն ներկայացած վարորդն անգամ չէր ընդունել իր մեղքը, իրեն մեղավոր չէր ճանաչել:
Մենք նույնիսկ փորձեցինք տարածքում գտնվող խանութների տեսախցիկների տեսագրությունները նայել: Ոմանք թույլ տվեցին նայել, եւ որոշակի տեղեկություններ ստացանք: Բայց այնտեղ, որտեղ որ կատարվել էր դեպքը, այդ տարածքի տեսախցիկների տեսագրությունները զարմանալիորեն անհետացել էին: Այդ խանութի տնօրենը մեզ «ներկայացրեց», որ խանութի տեսախցիկները «մեկ աշխատում են, մեկ չեն աշխատում»: Երկար զրուցելուց հետո նա անկեղծացավ, որ մեզնից առաջ էնտեղ եղել են վրաերթի ենթարկողի մտերիմները: Հետո միայն հասկացանք, որ մինչ մենք սգացել ենք մեր երեխայի մահը, վարորդի մտերիմները զբաղվել են հետքերը թաքցնելով ու «ապահովագրել են» նրան:
Մենք զրուցեցինք պետավտոտեսուչի հետ, որը դեպքի ժամանակ հերթապահություն էր իրականացրել այդտեղ: Հարցրեցինքՙ երբ վարորդը նստած էր ոստիկանական մեքենայում, խմածության հոտ գալի՞ս էր: Նա պատասխանեց, որ փակ տարածքում ավելի ուժեղ էր գալիս հոտը: Դրանից ելնելով խոսել է վրաերթ իրականացնողիՙ Բաբկեն Սարգսյանի հետ, եւ վարորդն արտահայտվել է, որ վիսկի է խմած եղել: Պետավտոտեսուչի հետ զրուցելուց հետո մենք համոզվեցինք, որ վարորդին ուղղորդել է դեպքի վայր ներկայանալ նրա հորեղբայրը, ով ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, մեջբերում եմ պետավտոտեսուչի խոսքերը. «հորոխպերը վզից բռնել-բերել ա»:
Քննիչ Վարդան Սարգսյանի արձանագրություններում նույնպես մի շարք տարօրինակություններ կան. մեզ հայտնի է, որ վարորդը վիսկիի ազդեցության տակ է եղել, բայց քննիչն ասաց, որ նա ընդամենը երկու շիշ գարեջուր է խմել: Ժամեր անց արված հարբածության փորձաքննությունը նրա մոտ հարբածության նշաններ է ցույց տվել. ինչպե՞ս կարող է երկու շիշ գարեջուր խմած մարդու մոտ երկու ժամ անց արված փորձաքննությունն ինչ-որ բան ցույց տալ, դա խոսում է այն մասին, որ նա միայն գարեջուր խմած չի եղել: Նաեւ զարմանալի է, որ քննիչը սահմանափակվել է խմածության ստուգումով եւ չի վերցվել արյան անալիզ, որովհետեւ վարորդի կատարած գործողություններն ու փախուստը կասկածի տեղիք էին տալիս:
Քննիչի հետ զրուցելուց հետո մեզ մոտ կասկածներ առաջացան: Քննիչը նշել էր իր մոտ, որ պատահարը տեղի է ունեցել 22:30-ին, սակայն 22:30-ին շտապօգնությունն արդեն ժամանած էր եղել եւ արձանագրել էր որդուս մահը: Նաեւ ականատեսներն են պնդում, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 22-ին: Քննիչ Վարդան Սարգսյանի հետ զրուցելիս նաեւ պարզ դարձավ, որ մոտակա խաչմերուկի տեսագրման սարքերը եւ լուսացույցը չեն աշխատել, սակայն այնտեղ եղել է երթեւեկությունը կարգավորող ոստիկան, որն ականատես է եղել դեպքին ու նա, չենք հիշում հասցրել է կանգնեցնել մեքենան թե ոչ, սակայն կապ է տվել ու զեկուցել է, որ BMW մակնիշի մեքենան վրաերթ է իրականացրել եւ դիմել է փախուստի։ Չգիտենք ինչու սակայն, քրեական գործում այս հատվածը ներառված չէ քննիչ Վարդան Սարգսյանի կողմից։ Մենք նաեւ խնդրել էինք Վարդան Սարգսյանին որ որպես ապացույց վերցվեին ճանապարհային մյուս տեսախցիկների տեսագրությունները, որպեսզի հասկանայինք Բաբկեն Սարգսյանի անցած ճանապարհը, եւ թե մինչեւ ուր է հասել փախչելով, սակայն քննիչ Վարդան Սարգսյանը մեզ ասաց, որ նպատակահարմար չի գտնում գործին կցել։ Իսկ հիմա էլ Բաբկեն Սարգսյանը ժխտում է փախուստի դիմելը։
Ես չեմ կարող իմ վրա մեղք վերցնել եւ ասել, որ այս կամ այն անձը ինչ-որ բան է թաքցնում տղայիս գործի հետ կապված, բայց իմ կարծիքով այստեղ նաեւ տարօրինակություններ կան: Մնածացը ես թողնում եմ իրավապահներին:
Փաստացի, վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մեծ արագությամբ ընթանալով հատել է 2 հոծ գիծ, դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթ է կատարել, որի պատճառով մահացել է տղաս, օգնություն չի ցուցաբերել, դիմել է փախուստի, հիմա էլ ազատության մեջ զբաղվում է հետքերը կոծկելով, էլ ի՞նչ պիտի աներ վարորդը, որ իրեն ձերբակալեին…
Օրենքով սահմանված կարգով վարորդը պետք է պատժվի, բայց ես սա ասում եմ ոչ թե վրեժխնդրությունից ելնելով, այլ հասկանալով, որ իմ դառը ճակատագրին կարող են արժանանալ նաեւ ուրիշները: Ես չեմ ուզում մեր ընտանիքի վիշտն ուրիշներին էլ պատի:
Ոսկեհատ Պողոսյանը պատմում է, որ իր համոզմամբ քննության հենց սկզբից քննիչ Վարդան Սարգսյանն ամեն ինչ արել է, որ գործը խճճի եւ փակուղի մտցնի:
– Երբ զանգում էի, ասում էրՙ մի անհանգստացեք, ես շահագրգռված եմ, որ բացահայտվի, բայց ոչինչ չէր անում: Հետո էլ ասաց, որ հիմքեր չկան, որպեսզի կասկածյալին ձերբակալի: Անգամ, օրենքով նախատեսված 72 ժամ էլ նրան չեն պահել կալանքի տակ: Բայց չէ՞ որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող եւ բարձր արագությամբ մեքենան վարող վարորդը վրաերթից հետո դիմել էր փախուստի, գուցե չփախներ, օգներ, տղաս հնարավոր է ողջ մնար: Մի՞թե այս ամենը բավարար ապացույցներ չեն:
Տիկին Ոսկեհատն ասում է, որ 2019-ին, դեպքից օրեր անցՙ ՙԱզգի՚ հրապարակումից հետո, պարզվեց, որ կատարվածին ականատես է եղել նաեւ աղջիկ վարորդ:
– Նրանից մենք իմացանք, որ մոտեցել է հավաքված ոստիկաններին եւ ասել, որ ինքը պատրաստ է վկայություն տալու, սակայն վերջիններս, առանց անգամ որեւէ տվյալ վերցնելու, աղջկանՙ ականատես վկային, ասել են, որ եթե պետք լինի Ձեզ կկանչենք… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի ամենաթողություն եւ հանցագործ անտարբերություն է տիրում իրավապահ մարմինների որոշ օղակներում:
Ես այլեւս չդիմանալով տղայիս մահվան հանգամանքների բացահայտման շուրջ տիրող քար անտարբերությանըՙ 2019-ի դեկտեմբերին դիմեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինՙ ներկայացնելով տեղի ունեցածն ու գործի ընթացքը, մանավանդՙ քննիչ Վարդան Սարգսյանի անգործության հանգամանքը:
Դեկտեմբերի 28-ին ինձ զանգահարեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ու հավաստիացրեց, որ Փաշինյանը կարգադրել է ամեն ինչ անելՙ գործի հանգամանքներն ուսումնասիրելու եւ պարզելու համար: Ես հետո տեղեկացա, որ կազմվել է համապատասխան հանձնաժողովՙ քննչական խումբՙ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Պարզվեց նաեւ, որ քննիչ Վարդան Սարգսյանն էլ է ընդգրկվել խմբում, ով հետո, չգիտենք ինչու, հեռացել է: Անկեղծ ասած, մի տեւական ժամանակ գոհ էի թե Փաշինյանի վերաբերմունքից եւ թե Մանվել Մուրադյանի գլխավորած քննչական խմբի աշխատանքից: Բայց հետո ամեն բան նորից փակուղի մտավ եւ ես հասկացա մեկ բանՙ ի՞նչ կարող է անել Նիկոլ Փաշինյանը միայնակ, երբ մարդկային ճակատագրեր տնօրինող, կյանքի եւ մահվան հարցեր վճռող օղակներում անպատասխանատու եւ անձեռնհաս կադրեր են, վարչապետը ինչպե՞ս կարող է ամեն գործի հետ կապված շրջել կաբինետներով եւ տեսնել, թե ինչպես են աշխատում այնտեղ նշանակված կադրերը:
Հետո ծանոթանալով քրեական գործին, մենք իմացանք, որ մեղադրյալ Բաբկեն Սարգսյանի մայրըՙ Հասմիկ Մելքոնյանը աշխատում է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասնյակում որպես խորհրդական։ Մենք իհարկե չենք ուզում հավատալ, որ Հասմիկ Մելքոնյանը օգտագործել է իր կապերը եւ խոչընդոտել արդարադատությանը։
Ինչեւէ: Գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով /Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ եւ 244 հոդվածով /Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը/ նախատեսված հանրորեն վտանգավոր հանցավոր արարքներ կատարելու համար Բաբկեն Վահանի Սարգսյանը ներգրավվեց որպես մեղադրյալ եւ 2020 թվականի սեպտեմբերին գործըՙ մեղադրական եզրակացությամբ, մտավ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ նոյեմբերին տեղի ունեցավ առաջին նիստը /դատավորՙ Վարդան Գրիգորյան, մեղադրող դատախազՙ Տիգրան Հակոբյան/:
Անհամբերությամբ սպասում էինք դատին, մեր տղայի հիշատակը շատ թանկ է մեզ համար, սպասում էինք, որ մեր որդուն կյանքից զրկողը կստանա օրենքով նախատեսված իր արժանի պատիժը: Բայց նորից հիասթափություն ապրեցինք եւ մեր բոլոր սպասումները հօդս ցնդեցին, երբ դատական նիստի սկսելուց 40 րոպե անց այն հետաձգվեց, քանի որ մեղադրյալի փաստաբան Վահան Հովհաննիսյանը խնդրեց դատավորին ընդառաջել իրեն, քանի որ ինքը նախօրոք պայմանավորված գործեր ուներ: Ուստի, դատարանը վճռեց նիստը հետաձգել փետրվարի 10-ին։
Հաջորդ նիստը նշանակված էր փետրվարի 10-ին, բայց այս անգամ էլ այն հետաձգվեց, քանի որ դատախազն էր հիվանդ, ու էլի նիստը չկայացավ:
Նոյեմբերրի 23-ին դատարանում մեզ զայրացրեց նաեւմեղադրյալի պահվածքը. դատավորը հարցնում է բնակության հասցեն, իսկ նա պատասխանում է, թե չի հիշում…
Վրաերթ կատարողի հարազատներն անգամ որդուս թաղմանը չեն եկել, ներողություն չեն խնդրել, զղջման եւ ափսոսանքի խոսքեր մենք չլսեցինք նրանցից եւ ոչ ոքից: Չեմ կարող չբարձրաձայնել նաեւ խիղճ ունեցող, բանական մարդու ուղեղում չտեղավորվող մի դեպքի մասին:
Դեպքից շաբաթներ անց տղայիս կյանքից զրկողի մայր Հասմիկ Մելքոնյանըազգականների հետ այցելել էր Ագարակի դպրոցի տնօրենի տուն եւ խնդրել միջնորդել մեզ հետ հանդիպելու համար։ Տնօրենի հետ զրույցի ընթացքում նրանք շատ ագրեսիվ են եղել եւ ասել են որ «իրանց տղան ա թռել մեր տղայի ավտոյի դեմ»։ Դրանից օրեր անց նրա մայրը եւ քավորի կինը եկել էին մեր տան մոտ եւ զրուցել ամուսնուս հետ։ Զրույցի ընթացքում ամուսինս ցավով նրանց ասել էր, որ Բաբկեն Սարգսյանը շատ արագ էր վարել մեքենան, եւ մեքենայի դիմապակու վրա երեւում էր Մելքոնի գլխի «ներս ընկած» հարվածի տեղը։ Սակայն նրա մայրը կարծիք էր հայտնում, որ «հնարավոր ա ձեր տղայի ձեռը երկաթ ա եղել, որ փոս ա ընկել»։ Մինչդեռ տղայիս ձեռքին եղել էր տոպրակ, որի մեջ եղել է խոհարարական իր խալաթը։
Տիկին Ոսկեհատը դպրոցում է աշխատում, ճանաչված եւ հարգված մանկավարժ է, մատաղ սերնդի դաստիարակությամբ է զբաղված, եւ մեծ ցավ է ապրում մեր կյանքում տիրող խորթ բարքերի բախվելով: Նա օրենքից պահանջում է, որ պատժվի հանցավոր արարք կատարողը, մարդ է մահացել, եթե արժանի պատիժ չստանա, վաղն էլ ուրիշի դռանը կչոքի կորստյան վիշտը:
Նա համոզված է, որ որդին կփրկվեր, եթե վարորդը պատասխանատվության զգացում կամ խիղճ ունենար եւ ժամանակին օգնություն ցուցաբերեր, այլ ոչ թե փախուստի դիմեր։ Գուցե այս ամենը չլիներ, եթե նրան ժամանակին ծնողները սովորեցնեին, որ անհրաժեշտ է քաջություն ունենալ եւ առերեսվել սեփական արարքների հետ։
Տիկին Ոսկեհատը, որպես մանկավարժ, փորձում է որդու հետ կատարվածը համեմատել անցյալ տարի Մոսկվայում դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի հետ, համեմատականներ անցկացնել 8 տարվա ազատազրկման դատապարտված եւ ներկայումս պատիժը ընդհանուր ռեժիմի գաղութում կրող դերասանի եւ մինչ օրս իր մեղքը չընդունած ֆիրմայի փոխտնօրեն Բաբկեն Սարգսյանի միջեւ: Եվ այդպես էլ համեմատության ոչ մի եզր չի գտնում:
– Դեպքից անմիջապես հետո Եֆրեմովը զղջման խոսքեր արտաբերեց, պատրաստակամություն հայտնեց օգնություն ցուցաբերել տուժողին, իսկ 4 օր անց էլ տեսաուղերձով ներողություն էր խնդրում իր արածի համար: «Ես չգիտեմ, թե ինչպես եւ ինչ բառերով ներողություն խնդրեմ Սերգեյ Զախարովի ընտանիքից, չնայած գիտեմ, որ նրանք չեն ների: Ես անպայման կօգնեմ նրանց, եթե նրանք ընդունեն: Ես ներում չունեմ ոչ կնոջիցս, ոչ երեխաներից, ոչ էլ բոլոր նրանցից, ովքեր հավատացել են ինձ: Ընդհանրապես աններելի է ղեկին հարբելը: Երբ արդյունքում մահանում է անմեղ մարդ, լավ մարդ: Ես դավաճանեցի բոլորին: Ես չեմ հասկանում, թե ինչպես շարունակել ապրել» ասում էր Եֆրեմովը… Մինչդեռ Բաբկեն Սարգսյանը ոչ միայն իրեն մեղավոր չճանաչեց, այլեւ դատարանում հայտնեց, որ դիրքորոշում չունի։ Նույնիսկչցավակցեց եւ ներողություն չխնդրեց մեզնից։ Մենք անգամ վստահ չենք այսքանից հետո արդյո՞ք նրան զրկել են վարորդական իրավունքից, թե՞ նա շարունակում է ազատորեն վարել․․․
Հաջորդ դատական նիստը նախատեսված է եկող ամիսՙ մարտի 12-ին: Վրաերթի զոհի հարազատները ձգտում են, որպեսզի ճշմարտությունը ջրի երես ելնի, մեղավորը ստանա իր արժանի պատիժը, վերանա ամենաթողությունն ու կանխվեն նմանատիպ ողբերգական դեպքերը մեր կյանքում:
Կրկին ցավակցություն հայտնելով կյանքից զրկված երիտասարդի ծնողներին, հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին, խոստանում ենք հետամուտ լինել դատական նիստերի եւ համապատասխան մարմինների հետագա գործողություններին: