Նախագահ Բայդենը, հայտարարելով ԱՄՆ-ի տարածաշրջան վերադարձի մասին, խախտել է Պուտինի հաշվարկները նաեւ Հարավային Կովկասում
Փետրվարի 19-ին Մյունխենում գումարվեց անվտանգության ամենամյա կոնֆերանսը, մասնակցությամբ Եվրոպական Միության երկիրների արտգործնախարարների: Կոնֆերանսին տեսակապի միջոցով մասնակցել են նաեւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենն ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղան Յենս Ստոլթենբերգը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԵՄ-ի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բաձրագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելին: Վերջինը, նախքան կոնֆերանսի բացումը, հույս է հայտնել, որ պետքարտուղար Բլինկենի մասնակցությունը կոնֆերանսին կլինի պատեհ առիթ տրանսատլանտյան հարաբերությունների ամրապնդման առումով, խոսել է նաեւ Ռուսաստանի հարցով հատուկ նիստ գումարելու մասին: Օգտվելով առիթից նշենք, որ Թուրքիան այս կոնֆերանսին չէր հրավիրվել, հակառակ ընդունված կարգի:
Ըստ ամենայնի Բորելի հույսերն արդարացել են, որ BBC-ն մյունխենյան կոնֆերանսի աշխատանքները լուսաբանելիս հարկ համարեց ընդգծելու, թե միջոցառման գլխավոր թիրախը Ռուսաստանն էր: Դա պատահական չէ, այլ պայմանավորված նախագահ Բայդենի դիրքորոշումով: Նա իր նախորդից, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը դեռ չստացած, հայտարարել էր, որ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինելու է ԵՄ-ի հետ տակնուվրա եղած հարաբերությունների կարգավորումն ու պայքարը բռնատիրական վարչակարգերի դեմ:
Դրանցից առաջինը, ըստ Բայդենի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգն է, իսկ երկրորդըՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը: Կոնֆերանսն արդեն անհատական պատժամիջոցներ կիրառելու որոշում է ընդունել որոշ ռուս պատասխանատու գործիչների հանդեպ:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Մյուխենի անվտանգության կոնֆերանսը ընթացել է նախագահ Բայդենի նախանշած առաջնահերթություններին համապատասխան, ինչը չափազանց կարեւորում է նրա մասնակցությունը միջոցառմանը, առավել եւս առցանց ելույթը:
Ինչպես փետրվարի 19-ին տեղեկացրել է ռուսական «Sputnik» ռադիոկայանը, Բայդենը ելույթում խոսել է ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերների հետ համագործակցելու հարցում կասկածաները իսպառ ցրելու, Հյուսիսատլանտյան դաշինքին հավատարիմ մնալու, ավելի քան 20 տարվա վաղեմություն ունեցող աֆղանական պատերազմին դիվանագիտական լուծում գտնելու եւ այդ երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու, Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարը հետեւողականորեն շարունակելու մասին, նշելով. «Մենք թույլ չենք տալու, որ Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական այս կազմակերպությունը Միջին Արեւելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ որեւէ այլ երկրում սպառնա մարդկանց»: Այնուհետեւ նա նշել է Չինաստանի հետ ծավալվող մրցակցության մասին, թե դա ընթանում է ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության ոլորտում, ուստի չափազանց կարեւոր է ԵՄ-ի ներգրավվածությունը այդ մրցակցության մեջ, որպեսզի հնարավոր լինի դա ծավալել համատեղ ուժերով:
Ի դեպ, ԱՄՆ-ի նորընտիր նախագահը Չինաստանի հետ հարաբերություններին անդրադարձել էր նաեւ նախքան մյունխենյան անվտանգության կոնֆերանսը եւ ընդգծել դրանց բարելավման անհրաժեշտությունը: Բարելավման հարցում նրան փետրվարի 22-ի հայտարարությամբ աջակցել էր Չինաստանի արտգործնախարար Վան Ինը, այն առումով, որ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման վերջին տարիներին փաստորեն ընդհատվել էր ԱՄՆ-Չինաստան երկխոսությունը: Հետեւաբար Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավում ասելով պետք է հասկանալ երկխոսութթյան վերականգնումն ու երկկողմ հարաբերությունների լարվածության թուլացումը, ինչը, ըստ երեւույթին, Բայդենին անհրաժեշտ նախագահ Պուտինի վրա ճնշումներն անարգել ուժեղացնելու համար:
Նախագահ Բայդենը Չինաստանից հետո անդրադարձել է Ռուսաստանին եւ ընդգծել, որ Մոսկվան ՆԱՏՕ-ի համար ավելի մեծ սպառնալիք է, քան Պեկինը, ավելացնելով. «Պուտինը ամեն կերպ ձգտում է թուլացնել Եվրոպան, ՆԱՏՕ-ն եւ խափանել եվրոպական նախագծերը:
Նա փորձում է վնաս պատճառել Հյուսիսատլանտյան դաշինքի միասնությանը, որովհետեւ Կրեմլի համար նախընտրելի է առանձին-առանձին սանձել ՆԱՏՕ-ի երկրներին»: Այնուհետեւ Բայդենը Մոսկվային մեղադրել է նախագահական ընտրություններին միջամտելու փորձերի եւ ամերիկյան քաղաքական համակարգն աշխարհում վարկաբեկելու մեջ եւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը սպառնալիք է ժողովրդավարական համակարգերի համար: Վերջում նախագահ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերադառնում է Մերձավոր եւ Միջին Արեւելք:
Վերադարձի հանգամանքը չափազանց կարեւոր է ինչպես արդեն գրեթե գոյություն չունեցող Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար: Դա կարեւոր է նաեւ Պուտինի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի համար: Թերեւս պատահական չէին վերջինների Վաշինգտոնին հասցեագրած հայտարարությունները, որոնք արդարանալու բնույթ էին կրում, որ հնարավոր լինի ստուգել ԱՄՆ-ի նախագահի հնարավոր հակազղեցությունը: Քանի որ նախագահ Բայդենն անարձագանք էր թողնում դրանք, ուստի Պուտինն ու Լավրովը, զրկվելով կողմնորոշվելու հնարավորությունից, խիստ անհանգստանում էին: Դրա համար ունեին լուրջ պատճառներ:
Ի վերջո Պուտինը, թույլ տալով Էրդողանին վարձկան ահաբեկիչներ տեղափոխել ղարաբաղյաբյան հակամարտության գոտի, նպաստել էր ահաբեկչության աշխարհագրության ընդլայնմանը, ապա Էրդողանի հետ համագործակցելով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս էր մղել Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացից: Դա հանգեցրել էր Մինսկի խմբի եռանախագահող այս երկրների դուրսմղմանը նաեւ Հարավային կովկասից: Դուրսմղումը հարատեւ դարձնելու համար Պուտինը ռուս խաղաղապահներ էր տեղակայել շփման գծում, թերեւս դրանով էլ անտեսել էր Մինսկի խմբի փաստաթղթերը, որոնք նախատեսում են ոչ թե ռուս, այլ միջազգային խաղաղապահների տեղակայումը:
Թեեւ նախագահ Բայդենը Մյունխենի կոնֆերանսում չի արծարծել Արցախի, Հայաստանի կամ Հարավային Կովկասի խնդիրները, սակայն առանց քաղաքական ներկայությունը վերականգնելու Հարավային Կովկասում, ԱՄՆ-ը չի կարող ամուր դիրքեր ունենալ Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Պուտինն ու Լավրովը գիտեն այդ մասին: Գիտեն նաեւ, թե ինչպես են ոտնահարել Արցախի, Հայաստանի եւ առհասարակ հայ ժողովուրդի իրավունքները: Այնուամենայնիվ ըստ երեւույթին, նրանք փոխել են իրենց Հայաստանին հասցեագրած արտահայտությունների ոճը, նունիսկ սկսել են մասնակի սիրաշահել հայերին: Մանավանդ որ, հակառակ Պուտինի կամքին, շարունակվում է Արցախի անկախության ճանաչման գործընթացը, ինչպես ասենք դեկտեմբերի 22-ին ճանաչեցին Իտալիայի Վերոնա քաղաքն ու Ավստրալիայի ամենամեծ նահանգըՙ Նոր Հարավային Ուելսը: Այդ ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամներ կոչ արեցին Բայդենի վարչակազմին սատարել Հայաստանին ու Արցախին, դատապարտելով Ադրբեջանին ու Թուրքիային: Այս ամենը նշանակում է, որ նախագահ Բայդենն էապես խախտել է նաեւ Պուտինի աշխարհաքաղաքական հաշվարկները Հարավային Կովկասում, որոնց զոհն Արցախի հետ դարձել է նաեւ Հայաստանը, «շնորհիվ» Պուտին-Էրդողան համագործակցության: