ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նախաձեռնել է նվիրական մի գործՙ ստեղծել Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսների մասին ռազմափաստագրական հուշահանրագիտարանՙ բազմահատորյակ, որի գոյությունը ներկայիս եւ հաջորդ սերնդի համար նույնպես դաստիարակող նշանակություն է ունենալու:
Մեր զրույցի ընթացքում փորձել ենք հետադարձ հայացք ձգել անցյալի հերոսական էջերին, որպեսզի ըմբռնենք ներկան եւ հետագայում կարողանանք ծրագրել մեր ապագան:
– Ես մեր ազգի առաջին ու գլխավոր գրավականը համարում եմ վտանգի պահին համախմբվելու, իր արժեքային համակարգը գնահատելու եւ պաշտպանելու պատրաստակամությունը: Դա դիտվել է ամբողջ պատմության եւ դարերի ընթացքումՙ սկսած Ավարայրից եւ վերջացրած Սարդարապատով:
– Զինվորականի գենըՙ հայրենիքի համար մինչեւ վերջ պայքարողի եւ հայրենասեր մարդու հատկանիշները բնութագրիչ են եղել մեր ժողովրդին պատմության ողջ ընթացքումՙ սկսած Վանի թագավորությունից, Արտաշեսյան, Արշակունի եւ Բագրատունի թագավորություններից, վերջացրած ռուսական բանակի, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում օտար երկրների բանակներում ծառայած հայերի զինվորական կոչումներով, մինչեւ վերջ կռվելու պատրաստակամությունն ակնհայտ է: Այդ պատրաստակամությունը դրսեւորվեց նաեւ Արցախյան պատերազմում առավել եւսՙ օրհասական պահին հասնելով հայրենիքը պաշտպանելու միասնական գաղափարին:
– Պարո՛ն Մինասյան, Արցախյան պատերազմում կռվի դաշտ դուրս եկան Մայիսյան հերոսամարտերը կերտած հերոսների սերունդները, թշնամուն ցույց տվեցին, որ հայը ռազմիկ է: Եվ մենք պետք է շարունակենք հարատեւել մեր պատմական բնօրրանումՙ Հայկական բարձրավանդակում: Կարողացե՞լ ենք նրանց ոգին ու գաղափարները փոխանցել նոր սերնդին: Ի՞նչ ցույց տվեցին անցնող տասնամյակները:
– Իսկապես, Սարդարապատի հերոսամարտը դաս հանդիսացավ Արցախյան պատերազմում հաղթելու համար: Պատահական չէ, որ անկախության սկզբնական շրջանից ՙ 1988-ի փետրվարից հայ ժողովուրդը նորից համախմբվեց, եւ Սարդարապատի ոգին դարձավ գերիշխող, մեր հայրենիքի մի մասըՙ Արցախի ազատագրումը դարձավ օրակարգի կարեւորագույն խնդիր: Ուստի պատահական չէ, որ փոքրաթիվ ուժերովՙ Սարդարապատի ոգու առնականությամբ հայ ժողովուրդը կարողացավ ազատագրել պատմական տարածքները ու ստեղծել Արցախի անկախ հանրապետությունըՙ 1991 թվականի սեպտեմբերին: Եվ այս ընթացքում մեր ժողովրդի վճռական գործողությունների արդյունքում հնարավոր եղավ պահպանել ազատագրված 7 շրջանները, ամրացնել դրանք: Սակայն, թուրք-ադրբեջանական ոսոխը կարողացավ օտարերկրյա ուժերիՙ Պակիստանի, Իսրայելի եւ վարձկան ահաբեկիչների միջոցով, արգելված զինտեխնիկա օգտագործելով բռնազավթել ազատագրված տարածքները եւ առանց կռվի տիրանալ նաեւ Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններին, Շուշիի ու Ստեփանակերտի մի մասին, Հադրութին: Չնայած մեր ժողովրդի հերոսական դիմադրությանըՙ զանազան պատճառներով, այդուհանդերձ, կորցրեցինք ազատագրված տարածքները:
– Ի՞նչ գործոններ մեզ խոչընդոտեցին, որ անցնող տասնամյակների ընթացքում չկարողացանք հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը: Այս հարցին ի պատասխանՙ պրոֆեսոր Էդիկ Մինասյանն ասում է.
– Նախկինում խնդիրը բազմիցս է քննարկվել: Սակայն ղեկավարության մտահոգությունն է եղել, որ դա առիթ կհանդիսանա Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանը: Մի շարք պաշտոնատար անձինք նույնիսկ նշում էին, որ պատերազմի դեպքում միջազգային հանրության շրջանում առաջ կգա Արցախի անկախության ճանաչման հարցը: Բայց այդպես չեղավ ոչ միայն 2016-ի Ապրիլյան քառօրյայի, եւ ոչ էլ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ: Սակայն, մեր կարծիքով, պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչումը կօգներ գո՛նե այսօրվա Արցախի կարգավիճակի հստակեցմանը միջազգային ասպարեզում: ԱՄՆ-ում, Ավստրալիայում մի քանի նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը: Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւ: Սրանք փաստեր են, որոնք մենք հետագայում կարող ենք օգտագործել միջազգային հարթակներում:
– Պարոն Մինասյան, պատերազմի 44 օրերի ընթացքում հայ զինվորը մարտնչեց թուրք-ադրբեջանական տանդեմի, նրա դաշնակից ուժերի ու միջազգային ահաբեկիչների դեմ: Զոհվեցին հազարավոր հայորդիներ: Բռնազավթվեց Արցախի մեծ մասը, վտանգված է Հայաստանը: Ի՞նչ գաղափարով պետք է այսօր ապրի մեր ազգն այսքանից հետո, որ կարողանանք մեր հերոսներին հաշվետու լինելովՙ վերականգնենք մեր հոգեւոր աշխարհը, վերակերտենք մեր հայրենիքը:
– Պատերազմն ուժգին հարված էր մեր ազգին: Մեր զինվորներից շատերն այն տարիքում էին, որ դեռ չէին հասցրել ընտանիք կազմել ու սերունդ ունենալ: Սա մեծագույն վնաս էր մեր գենոֆոնդին: Երկրորդ կարեւոր հանգմանքը. հաղթող ազգի հոգեբանությունից անցանք պարտվողի հոգեբանության, մեր հպարտությունը ոտնատակ արվեց: Չափազանց դժվար է լինելու ահռելի կորուստներից հետո վերականգնվելու գործընթացը: Հարվածի տակ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգությունը: Նույն Ադրբեջանն այսօր հոխորտում է, նոր տարածքներ է պահանջում Սյունիքից, Վայքից եւ այլն: Իսկ պարտված իշխանությունները, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ընդդիմանալու փոխարեն հաճախ տեղիք է տալիս ադրբեջանական հոխորտանքներին: Այս բարդ, ծանր իրավիճակում միակ հույսը նորից հայոց բանակի վերականգնումն ու ամրապնդումն էՙ մեր անվտագության միակ երաշխավորի հզորության ապահովումը, տնտեսական վերելքը, որը գրեթե անհնարին է պարտված ղեկավարության առկայության դեպքում:
Դժվար է լինելու մեր ուղին: Մարտահրավերները շատ են: Բայց պրոֆեսորը հավատում է հայ ոգու հաղթանակին եւ ապագա վերելքին: Հավատում է, որովհետեւ դա պատմությունն է ցույց տալիս: Հիմա էլ ենք պարտավոր վերակերտել մեր պետականությունը: Պետք է մեր ճանապարհն անցնենքՙ ամեն օր մեր հերոսներին հաշվետու լինելով:
– Արցախյան երրորդ պատերազմից հետո այսօր դուք բարձրացրել եք մեր հերոսներին անմահացնելու գաղափարը, որը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր են պահանջվելու: Կխոսե՞ք այս մասին:
– Այսօր խիստ անհրաժեշտություն ունենք համապարփակ հանրագիտարան ստեղծելու, որը հնարավորություն կտա սերունդների հիշողության մեջ վառ պահելու Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների անուններն ու գործը, նրանց սխրանքները: Մեր կարծիքով հայոց բանակը կռվել է անմնացորդ, նվիրվածությամբ, հատկապես մեր երիտասարադության ծաղիկը հանդիասացող զինվորականները: Իհարկե, առանձին դեպքեր եղել են, որ չենք կաարողացել լավ կազմակերպվել: Բայց դրանք չեն կարող որեւէ ստվեր գցել հայ զինվորի անձնազոհ պայքարի եւ կռվի հերոսապատումների վրա: Հանրագիտարանի առաջին մասը նվիրելու ենք պատերազմում զոհված ԵՊՀ-ի, մայրաքաղաքի մյուս բուհերի ուսանողներին, իսկ հաջորդ հատորներըՙ համապատասխանաբար մարզերին ու Արցախին: Նախատեսվում է 12-13 հատոր: Ահռելի աշխատանք պահանջող գործ է լինելու: Բայց պետք է կյանքի կոչվիՙ սերունդների հիշողության մեջ մեր հերոսապատումները կենդանի պահելու համար:
– Իսկ ի՞նչ արժեքների վրա պետք է հիմնվի նոր սերնդի դաստիարակությունըՙ արդեն Արցախյան երրորդ պատերազմից հետո, որ հայ մարդը չկորցնի ապրելու, հավատալու եւ պայքարելու ունակությունը:
– Ամենակարեւոր սկզբունքըՙ հայրենիքի անվտանգության ապահովումը: Երկրորդ. ազգային արժեքային համակարգին հավատարմությունը եւ դրա քարոզչությունը, սեփական ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվելը, սեփական լեզվին, մշակույթին, Հայոց պատմությանն ու գրականությանն առաջնություն տալը, ազգային մշակույթի եւ պատմական ժառանգության պահպանման ու զարգացման քայլերի իրականացումը եւ ազգային արժեքների, Հայոց Առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ սիրո եւ համերաշխության դրսեւորումը: