Բոլորովին վերջերս վերահրատարկվել է նշանավոր հայ արձակագիր Ստեփան Ալաջաջյանիՙ հայ գրականության անկյունաքարային ստեղծագործություններից մեկըՙ «Չսպիացած վերք» վեպը: Վեպի վերահրատարակման գաղափարն ու խմբագրական ծանր աշխատանքը ստանձնել է բանասիրական գիտութունների դոկոր, պրոֆեսոր եւ սփյուռքահայ գրականության լավագուն գիտակներից մեկըՙ Արծրուն Ավագյանը: Տպագրությունն իրականցվել է «Գուրգեն Մելիքյանիՙ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» հովանավորությամբ: Ալաջաջյանի այս վեպը բացի գեղարվեստական բարձր արժանիքներ ունենալուց, առանձնակի հմայք ունի նաեւ պատմաքաղաքական լինելու առումով: Այն ընդգրկում է հայության համար բախտորոշ 1912-1915թթ., երբ վերջնականորեն նախագծվեցին եւ իրականցվեցին հայ ժողովրդի կոտորածներն ու հայրենազրկումը: Վեպի գործողությունների վայրը Բեռլին-Ստամբուլ-Կիլիկիա-Բաղդադ երկաթուղային գծերի տարածքն է: Վեպին առանձնակի արժանիք է տալիս նաեւ աղբյուրների բազմազանությունը, որովեհտեւ բացի հայկական աղբյուրներից, Ալաջաջյանն առատորեն վկայակոչում է նաեւ անգլիական, թուրքական, ֆրանսիական եւ ռուսական մամուլի վկայությունները, որոնց մեծ մասի թարգմանիչը հենց ինքն է:
Արծրուն Ավագյանի ծավալուն առաջաբանից տեղեկանում ենք, որ Լոս Անջելեսի «Նոր օր» թերթում 1995թ ապրիլի 22-ին Ալաջաջյանը վկայել է, որ վեպը գրելու մտահղացումն իր մոտ ծագել է Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու արխիվում իր մեծ հոր ու նրա եղբայրների խնդրագրերը հայտնաբերելիս, որն ուղղված էր Հալեպի հոգեւոր առաջնորդինՙ իրենց սպանդից փրկելու համար, ապաՙ հայ գրողների ու մտավորականների հետ իր Ստամբուլ այցելության եւ Բալկանյան ու Համաշխարհային առաջին պատերազմների տարիների մի քանի թուրքական արաբատառ թերթերի նյութերին ծանոթանալու ժամանակ (այս եւ հետագա մեջեբերումներն ու փաստագրական նյութերը քաղված են պրոֆեսոր Ավագյանի առաջաբանից):
«Իմ նոր վեպիՙ «Չսպիացած վերք»-ի մտայղացումն այդ օրն էր, առիթըՙ այդ փոքրիկ, մատիտով գրուած նամակն ու Վոսփորի ափի այս տեսարանը»- գրում է Ալաջաջյանը:
1971թ Բեյրութի «Զարթօնք» թերթի լրագրող Նազարեթ Թոփալյանի հետ հարցազրույցում, անդրադառնալով իր ապագա ծրագրերին, Ալաջաջյանն ասում է, որ Ֆնդիճաքի հերոսամարտին նվիրված իր վեպն արդեն ավարտական փուլում է գտնվում
«Այն հարցերը, թէ ինչո՞ւ ֆնըտըճաքցիները չտեղահանուեցան, այլ կռուեցան մինչեւ վերջին շունչը, սոսկ ինքնապաշտպանութեան բնոյթ չէին կրեր, այլ կը դրսեւորէին հայ ազատասիրության ոգին Չէ՞ որ անոնք գիտէին, թէ իրենց փոքրաթիւ քանակով, կանոնաւոր զօրքի բացակայութեան, կարող չէին յաղթելու թշնամիին, որ հազարապատիկ ուժ ունէր եւ կանոնաւոր բանակ:
Ապա ինչո՞ւ կռուեցան, հարցերՙ որոնք ե՛ւ պատմութեան, ե՛ւ գեղարուեստական արձակի համար պէտք է դաստիարակչական եւ ճանաչողական մեծ արժէք ունենան»:
1989թվեպի առաջին հրատարակության առիթով իր ընթերցողին ուղղված «Այս վեպը» խորագրով ուղերձում Ալաջաջյանը գրում է
«Համաշխարհային առաջին պատերազմում Մերձավոր Արեւելքի իրադարձությունների պատմությանը նայել եմ փաստերի աչքերով եւ պատմության աչքերովՙ իմ ժողովրդի ճակատագրին: Չեմ մեղանչել: գիտակցել եմ, որ իմ ժողովրդի հանդեպ կատարվել է մի մեծ անարդարություն, եւ այդ անարդարությունն էլ պարտավորեցրել է ինձ գրել այս վեպը:
…Ամեն մի կերպար իրավ մի անձնավորություն է, ամեն դրվագ ու դեպքՙ ճշմարիտ մի պատահար, ուրեմն ճշմարիտ մի պատմություն է այս վեպը:
…անիրավված ժողովրդի զավակն եմ ես, եւ այդ զավակի պարտքի հատուցումն է այս վեպը:
…արտասուքից բխող փոքրիկ սփոփանք է այս վեպը»:
Իր առաջաբանում վեպին դիպուկ բնորոշում է տալիս նաեւ պրոֆեսոր Ավագյանը
«…շուրջ 1500 էջերից բաղկացած այս վեպը ընթերցողի առջեւ լուսաբանում է մեր ժողովրդի անցած ուղու ամենաճակատագրական ժամանակաշրջաններից մեկում, այս անգամ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին ծրագրված եւ պատերազմի ընթացքում իրականացված այն բռնությունների ու նախճիրների հավաստի պատմությունը, որը բաժին հասավ արեւմտահայությանը, եւ որը «պարտքի հատուցման» գերագույն գիտակցությամբ ու արտասվախառն զգացումների տպավորիչ պատումով մեզ է ներկայացնում Ալաջաջյան գրողն ու պատմիչը, ազգագրագետն ու աշխարհագրագետը, քաղաքագետն ու գեղագետը»: Վեպի եզակիություն հաղորդող կողմերից մեկն էլ այն է, որ Ալաջաջյանն իր վեպում շատ մանրակրկտորեն մոտենում է ժամանակի տարածաշրջանային քաղաքականությանը, մեծ պետությունների միջամտություններին ու խարդավանքներին, նաեւ որոնց պատճառով իրականացվեց ցեղասպանությունը: Այսինքնՙ «Չսպիացած վերքը» ինչ-որ տեղ կարելի է դիտարկել նաեւ դասական դիվանագիտության տեսանկյունից: Նա իրավացիորեն այս վեպը դասում է հայ գրականության այնպիսի կոթողային նմուշների կողքին, ինչպիսք են Երվանդ Օտյանի «Տասներկու տարի Պոլսէն դուրս», «Արիւնոտ յիշատակներ» եղեռնապատում հուշագրությունները, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը», Վազգեն Շուշանյանի «Երկիր յիշատակացը», Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը», Մահարու «Այրվող այգեստանները», Սերո Խանզադյանի «Խոսեք Հայաստանի լեռներ», Սեւակի «Անլռելի զանգակատուն» հիանալի գործերը:
Թեպետ վեպի գործողությունների սյուժեն ծավալվում է վերոհիշյալ երկաթուղու շինարարություն հետ կապված գործողություններին զուգահեռ, բայց հեղինակի բուն նպատակը Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցող դեպքերի նկարագրությունն է, ինչպես նաեւ հայաբնակ շրջաններում կատարվող վայրագությունների վերհանումը: Ալաջաջյանը վեպում հստակորեն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ Թուրքիան միայնակ չէր, այլ վայելում էր կայսերական Գերմանիայի բարձր հովանավորությունը: Միաժամանակ մատնանշվում են նաեւ ցարական Ռուսաստանի, Անգլիայի եւ Ֆրանսիայի քողարկված պետական խարդավանքները: Այդ պետությունները, նրա բնորոշմամբ «արձանիկների կեցվածք» էին ընդունելՙ «…ձայն չլսող, բան չտեսնող, չզգացող, չմտածող, անշարժ արձանիկներ»: Այս տեսանկյունից վեպը ջախջախում է այն գաղափարը, թե օտար պետությունները երբեւէ կօգնեն ու կպաշտպանեն մեզ, եթե շահ չունեն: Մանավանդ այսօր, երբ աշխարհաքաղաքական զարգացումները մեր երկրում հասել են այն աստիճանի, որ ինչ-որ խմբակներ ակնարկում են հայ-թուրքական հաշտեցման ու հույսն օտարի վրա դնելու մասին, այս վեպն առավել քան արդիական է դառնումՙ մեր հույսը մեր վրա դնելու անհրաժեշտության առումով: Չէ՞ որ պատմությունն ապացուցել է, որ մենք հաղթում ենք միայն այն ժամանակ, երբ հույսներս մեզ վրա ենք դնում, վկաՙ Մայիսյան հերոսամարտերը, Արցախյան ազատամարտը, Ապրիլյան պատերազմը, Տավուշյան վերջին մարտերն ու այսօրը, երբ մեր զինվորները սահմանին փշրում են գայլի պես ոռնացող թշնամու ատամները: Ալաջաջյանը դիպուկ կերպով նշում է, որ «արձանիկները» հայկական տառապանքներին անշուշտ միջամտել են, բայց միջամտել են ջարդերից հետո, երբ, ըստ էության, այլեւս միջամտության կարիք չկար, բացի այն կարեւոր կարիքը, որ ունեին իրենքՙ միջամտողները, նոր խարդավանքներ հյուսելու եւ նոր շահեր փնտրելու տրամադրվածությամբ: Ավելորդ չէր լինի հիշել նաեւ այնքան չարչարված հայկական հարցը, որը դիվանագիտության ասպարեզում ուղղակի համեղ պատառ էրՙ ընկած «արձանիկների» ձեռքը:
Շատ զարմանում եւ ցավում եմ, որ վեպը ցօրս չի վերահրատարակվել պետական աջակցությամբ եւ չի դարձել դպրոցական պարտադիր ընթերցանության նյութ: