Առաջներում արքայական ընտանիքներում արքայազնին ծնված օրվանից կաթի հետ թույն էին տալիս, չափաբաժինն անընդհատ ավելացնում, որ եթե հանկարծ ինչ-որ մեկը դավադրաբար փորձեր թունավորել թագաժառանգին, թույնի ամենամեծ չափաբաժինն անգամ այլեւս ի զորու չլիներ սպանել նրան։
Հիմա մենք ենք. Նիկոլ Փաշինյանի ինքնասուլիսների կամ ասուլիս-մենախոսությունների ժամանակ նրա հնչեցրած հայտարարություններից այլեւս ցնցումների, ջղաձգումների մեջ չենք ընկնում, չենք վրդովվում, չենք ինքնախարազանվում։ Առնվազն 3 տարի դոզավորված նիկոլաթույնի ամենօրյա ներարկումներ ենք ստացել։ Եթե Նիկոլը վաղը հայտարարի՝ Հայաստանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են, իսկ Թուրքիան երկուսիս քավորն է, նրան լսողների հոնքն անգամ չի շարժվի։
Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսի արձագանքներից սոցցանցերը եռում էին, հանրության տարբեր շերտեր կարծիքներ էին հայտնում՝ Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման հետ կապված։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնեց, թե Փաշինյան ու Ալիեւ չլինի, ով ուզում է լինի, Աղավնոյի բնակիչները գյուղից դուրս չեն գալու։ «Տղա ջան, դու չգիտես, որ Աղավնոն 2020-ի նոյեմբերի 9-ին Քոչարյանն է հանձնել Ադրբեջանին ու խեղճ Նիկոլին ստիպել, որ թղթի տակ ինքը ստորագրի։ Դուրս եկեք Աղավնոյից, մեր Նիկոլը ձեզ կպաշտպանի Քոչարյանից ու թուրքերից»։
Ու այսպես մտածողները տասը չեն, քսանը չեն, 700 հազարն են։ Նրանց վրա Փաշինյանը մեկ տարի առաջ՝ ընտրություններին, պինդ հենվեց, բայց նրանք արդեն պետք չեն իրենց վարչապետին։ Վերջին ասուլիսի ժամանակ նա իսկի չհիշեց էլ 700 հազարի՝ իրեն տված մանդատի ու այդ մանդատի դիմաց իր մեծ սիրո, խոնարհումների ու ջերմագին համբույրների մասին։
Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին, ինչ վերաբերում է Սուս գյուղին, դեռ պետք է պարզել՝ այն Արցախի՞, թե Ադրբեջանի սահմանից ներս է լինելու։ Բերձորը տալով՝ Արցախը Հայաստանի հետ սահմանը կորցնելու է։ Հայտնի է, որ Բերձորի հետ Ադրբեջանը վերցնելու է նաեւ բոլոր ենթակառուցվածքները, գազատարը, բոլոր տեակի մալուխները։ Արցախի վերջին բեկորը կտրելով Հայաստանից՝ Ադրբեջանը կարող է, չէ՞, իր գազն ու հոսանքն առաջարկել արցախցիներին, այսինքն՝ պարտադրել առաջարկի անվան տակ։ Իսկ արցախցիները մի՞թե ընտրության կամ մերժելու հնարավորություն կունենան։ Բոլորս հիշում ենք, թե ձմռանը գազատարի պայթեցումից հումանիտար ինչ ճգնաժամ էր առաջացել Արցախում։
Ադրբեջանն էլ ուզած պահին հոսանքն ու գազը կփակի, ուզած պահին՝ կմիացնի։ Ոչ մի երաշխիք չկա, որ Բերձորի հանձնումից հետո մեկուսացած արցախցիներին Ադրբեջանը հումանիտար ճգնաժամով շանտաժի չի ենթարկի՝ հրաժարվեք ռուսական վերահսկողությունից, այլապես կենցաղային նվազագույն միջոցներից կզրկվեք։ Իսկ առանց ռուսների ներկայության, մի բուռ արցախցիները կես բուռ Արցախում մեկ րոպե անգամ չեն մնա՝ քաջ իմանալով, որ հաջորդ վայրկյանին ցեղասպանվելու են։ Ի՞նչ հետեւանք կունենա այս ամենը։ Պարզ է՝ մի բուռ արցախցիները կես բուռ Արցախից ստիպված կլինեն հեռանալ։ Քաղաքագիտական տերմինով՝ Արցախի հայաթափում կլինի, ինչին որ համառորեն ձգտում է Ադրբեջանը։
Ամբողջ աշխարհն է սպասում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծմանը։ Վերջնարդյունքում պարզ կդառնա՝ մեր տարածաշրջանում ռուսական ազդեցությո՞ւնը կշարունակվի, թե՞ արեւմտաթուրքական նոր ազդեցության սկիզբը կդրվի։ Մեծ ու փոքր պետությունները, ատամները սրած, դրան են սպասում, որ աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներից ամեն մեկը մի բան թռցնի, մի օգուտ քաղի, բացի, իհարկե, Հայաստանից։ Աբսուրդն այն է, որ գերտերություններից մեկնումեկի ազդեցության էպիկենտրոնը լինելու է հենց Հայաստանում, ավելի ստույգ՝ Սյունիքում, բայց հենց Հայաստանի քաղաքական ու տնտեսական շահերն են ոտնահարվում ու արհամարհվում։ Մեր հողի վրա ուրիշները ուտելու-խմելու են, հաշիվը մենք ենք փակելու։
Սյունիքը տրանսպորտային, ապրանքափոխադրումների, ենթակառուցվածքների տարանցիկ հարթակ հանդիասանալով՝ կարող է Հայաստանի տնտեսական զարգացման համար հրաշալի հնարավորություններ բացել։ Աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների սկիզբն արդեն դրվել է, դրանից խուսափել, անիվը հետ շրջել ու մինչեւ 2020 թվականը եղած ժամանակներին վերադառնալ այլեւս չենք կարող, բայց ստեղծված իրավիճակից օգտվել կարող ենք, եթե ունենանք այլ իշխանություն, իշխանություններ։
Ինքնասուլիսի ժամանակ Փաշինյանը բացեիբաց հասկացրեց, որ Ռուսաստանի ազդեցությունից ուզում է ազատվել։ Նրա խոսքով՝ ռուսներն են մեղավոր, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից ադրբեջանցիները հայերի են գերեվարել, ռուսներն են մեղավոր, որ Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, Հին Թաղերն ու Խծաբերդը պետք է լինեին ռուսական վերահսկողության տակ ու չհանձնվեին Ադրբեջանին, բայց հանձնվեցին ու 62 հոգի գերի ընկան։
Ի՞նչ կլինի, եթե ռուսական ազդեցությունից հրաժարվելու քաղաքական պահանջ դրվի եւ ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիից հանվի։ Քաղաքականությունն, իհարկե, եթե-ներ, ենթադրություններ չի սիրում, բայց մեր ժամանակներում ոչնչից ապահովագրված չենք։
Երկու ժամն էլ հերիք է, որ Թուրքիայի կոկորդին խրված Հայաստանում հայերը բնաջնջվեն, մենք ոչ սիրիացիներից, ոչ իրաքցիներից, ոչ եզդիներից ու քրդերից լավը չենք։ Թուրքիան առանց աչքը ճպացնելու՝ նոր ցեղասպանություն կանի, իսկ նույն ԱՄՆ-ն ու Եվրոպան հանգիստ կսպասեն, մինչեւ նա իր սեւ գործն ավարտի։
Հայոց ցեղասպանության փաստը ԱՄՆ-ը 100 տարի օգտագործեց Թուրքիային սանձահարելու, իրեն ենթարկեցնելու, իր բռի մեջ պահելու համար։ Բայց Ցեղասպանության կոմպրոմատն արդեն հնացել է, Թուրքիան ինքնուրույն որոշումներ է կայացնում՝ անգլոսաքսոամերիկյան գործիքից երբեմն վերածվելով ինքնագնացի։
Տասնամյակներ շարունակ Հայաստանի ճակատագրի վրա ղուշուգիր խաղացող թուրքական «սեւ շուկայում» շրջանառվում է «Հայաստանն առանց հայերի կամ Հայաստանն առավելագույնը 700 հազար հայերով» ծրագիրը։ 700 հազարը հերիք են ծառայություններ մատուցելու, թյուրքական աշխարհի ներկայացուցիչներին սպասարկելու համար։
Հենց որ Ադրբեջանն Արցախում սկսի հակառուսական բռնաճնշումներն ուժեղացնել, Թուրքիան էլ Հայաստանում է զուգահեռաբար նույն ծրագիրն իրականացնելու՝ ռուսական ռազմաբազայից, այն է՝ հայ ժողովրդի անվտանգության միակ ու վերջին երաշխիքից ազատվելու համար։ Միաժամանակ Ադրբեջանը Հայաստանի տարբեր հատվածներում կիրականացնի ահաբեկչություններ, ներխուժումներ, պատերազմական ոչ լայնածավալ գործողություններ՝ ավելի մեծածավալ ռազմական գործողությունների ու ավելի դառը կորուստների վտանգը հայ ժողովրդի գլխին միշտ կախված պահելու համար։ Չէ՞ որ այսքան ժամանակ Հայաստանը զինվելու, բանակը վերականգնելու ոչ մի գործողություն չի արել, մինչդեռ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2021 թվականին կազմել է 2,6 միլիարդ դոլար։ Այս ամենն ամենեւին էլ անիրատեսական չէ, եթե Հայաստանի ղեկավարը շարունակի մնալ Նիկոլ Փաշինյանը։
Հերթական ինքնասուլիսի ժամանակ նա անվրդով կհայտարարի՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչից մենք ոչ մի գնով չենք հրաժարվելու։ Ի՞նչ անեմ, ժողովուրդ ջան, ես ի՞նչ մեղավոր եմ, որ Ադրբեջանն անընդհատ ահաբեկչություններ է իրականացնում։ Ես ի՞նչ անեմ, որ Թուրքիան էլ խոստացավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ պահանջելով հանել ռուսական ռազմաբազան։ Դե հիմա էսպես ստացվեց, աշխարահաքաղաքական վերադասավորումներ են ընթանում՝ անկախ ինձնից։
«Մենք հիմա իսկապես շատ քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզնով, համբուրում եմ ձեր ձեռքերը»,-կասի 700 հազարի վարչապետը։
ՆԱԻՐ ՅԱՆ