Նախորդիվ, շվեդերենից թարգմանաբար ներկայացրել էինք հետաքննող լրագրող Ռասմուս Քանբեքի շվեդական «Բլանքսպոտ» հեղինակավոր կայքում հրապարակված հոդվածը, որը նոր լույս է սփռում, նույնպես շվեդական, ISPD հետազոտական ինստիտուտի ադրբեջանամետ գործունեության վրա, որը միաժամանակ վարձատրվում է ե՛ւ երկրի ԱԳՆ, ե՛ւ Բաքվի իշխանությունների կողմից։ Հոդվածագիրը սուր քննադատում է հատկապես արտգործնախարար Անն Լինդեին, որը միանգամայն նախագահն էր ԵԱՀԿ։
Հոդվածի ներկա շարունակության մեջ, օգտվելով Շվեդիայի ԱԳՆ մասնակիորեն գաղտնազերծված փաստաթղթերից, ներկայացվում է 44-օրյա պատերազմից հետո հակամարտ կողմերի միջեւ Անն Լինդեի վարած բանակցություններին։
Մինչեւ հաջորդ համարում հոդվածի 3-րդ եւ վերջին մասի հրապարակումը տեղեկացնենք, որ Բաքուն, շա՜տ հասկանալի պատճառներով, Ռասմուս Քանբեքի անունը ներառել է իր «սեւ ցուցակում»։
Խմբ.
Մի քանի նոր փաստաթղթեր պատկերում են բանակցությունների ընթացքը հետպատերազմյա Լեռնային Ղարաբաղում Անն Լինդեի ԵԱՀԿ նախագահության ժամանակ։ Բացի այդ, դրանք փաստում են, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար հավելյալ միջոցներ չեն տրամադրվել։
«Բլանքսփոթը» մայիսին երկու հետազոտություն հրապարակեց շվեդական ԱԳՆ-ի համագործակցության մասին ISDP-ի՝ հետազատական մի ինստիտուտի հետ, որ գումարներ էր ստանում Ադրբեջանից։ Սա կատարվում էր 2012-ին, նույն ժամանակահատվածում, երբ Անն Լինդեն նախագահում էր ԵԱՀԿ-ում եւ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների նախաձեռնության պատասխանատուն էր։ Թե ինչպես անցան բանակցությունները, մենք կանդրադառնանք հոդվածի երրորդ մասում։
«Բլանքսփոթը» հարցում կատարեց եւ ստացավ շվեդական ԱԳՆ-ի տեսակետներին եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններում մասնակցությանը վերաբերող որոշ հանրամատչելի տվյալներ։ Փաստաթղթերի 75-80%ը գաղտնագրված են, մի մասն առհասարակ գաղտնիացվել է ԱԳՆ-ի կողմից ստուգվելուց հետո։ Չնայած դրան, փաստաթղթերը փաստում են պատերազմող կողմերի միջեւ բանակցությունների նախաձեռնության սկզբում շվեդական ԱԳ նախարար Անն Լինդեի ակտիվության եւ ներկայության մասին։ Դա կատարվում էր հենց նույն ժամանակ, երբ ԱԳՆ-ն դրամաշնորհ էր տվել ISDP հետազոտական ինստիտուտին, որը բազմամյա եւ սերտ հարաբերությունների մեջ էր Ադրբեջանի հետ։
ԱԳՆ-ին ուղղված հարցման մեջ «Բլանքսփոթը» պահանջել էր վերոնշյալ ինստիտուտի հետ ԱԳՆ-ի ողջ գրագրությունը, նաեւ ԵԱՀԿ նախագահության տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջեւ առկա գրագրությունը։ ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծված Մինսկի խումբը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից պաշտոնական պատասխանատվություն է ստանձնել նպաստելու հակամարտող երկու երկրների միջեւ խաղաղ բանակցություններին։
«Բլանքսփոթը» որպես պատասխան ստացավ վեց փաստաթուղթ (որոնք հնարավոր է, որ ամբողջական չլինեն)
1. Էլեկտրոնային նամակագրություն Մինսկի խմբի ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ սկսած 2020-ի դեկտեմբերի 2-ից։ Դա երկարաժամկետ հրադադարի համաձայնության ստորագրման նախորդ շաբաթն էր։
2. Անն Լինդեի ներկայությամբ խորհրդակցություն Մինսկի խմբի հետ 2020-ի նոյեմբերի 12-ին։ Դա հրադադարի համաձայնության ստորագրումից երեք օր հետո էր։
3. Ադրբեջանի դեսպանի բրիֆինգը Շվեդիայի ԱԳՆ-ի հետ 2020 նոյեմբերի 25-ին։ Դա նախքան Շվեդիան կստանձներ ԵԱՀԿ նախագահությունը։
4. Անն Լինդեի՝ 2021-ի մարտի 14-15 ին Ադրբեջան կատարած այցի ամփոփումը, երբ ԵԱՀԿ-ն պիտի նախաձեռներ խաղաղության բանակցությունները։
5.Անն Լինդեի՝ 2021-ի մարտի 16-ին Հայաստան կատարած այցի ամփոփումը նույն նպատակով՝ ինչ թիվ 3 կետում է։
6. Անն Լինդեի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ խաղաղության բանակցությունների շարունակության շուրջ զրույցի ամփոփումը 2021-ի մայիսի 13-ին։
Փաստաթղթերն ընդհանուր առմամբ ցույց են տալիս հակամարտող կողմերի եւ ԵԱՀԿ-ի միջեւ եղած վստահության խնդիրների, ինչպես նաեւ կարեւոր հարցերի շուրջ հայացքների տարբերության մասին։ Դրանց մեջ են նաեւ հայ ռազմագերիների կարգավիճակի խնդիրը։ Ըստ փաստաթղթերի, ԵԱՀԿ-ն համարում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում է նախկին՝ 2009-ի խաղաղության բանակցություններին (մադրիդյան սկզբունքներին)։
Համաձայն տվյալ փաստաթղթերի՝ Անն Լինդեն հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԵԱՀԿ-ն 2021 ին նախապատվությունը տալիս է ոչ թե խաղաղության բանակցություններին, այլ գործող հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է
Լեռնային Ղարաբաղը Կովկասում մի շարք հակամարտությունների առարկա է, որ բորբոքվել է երբ երկարատեւ զսպված էթնիկական հակասությունները գլուխ են բարձրացրել 1991-ին, ԽՍՀՄ-ի փլուզման հետ կապված։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղի համար, որից հետո 1994-ին հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Երկար ժամանակ պատային (շախմատային պատի) իրավիճակ էր, ժամանակ առ ժամանակ ընդհատումներով ու ծանր մարտերով, մինչեւ որ 2020 թվականի կարճատեւ պատերազմը ծանր կորուստներ պատճառեց շրջանի հայ բնակչությանը եւ ծանր իրավիճակի առաջ կանգնեցրեց Հայաստանին։
Ըստ ՄԱԿի մանդատի՝ Մինսկի խումբը ԵԱՀԿի շրջանակներում խաղաղության բանակցությունների պատասխանատուն է։ Խաղաղության համաձայնագրին ամենից մոտն են մադրիդյան սկզբունքները, որ ստորագրվել են 2009-ին, սակայն օրենքի ուժ չեն ստացել։ Սկզբունքները բխում են Հելսինկյան կոնվենցիայի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի եւ երկրի տարածքային ամբողջականության դրույթներից։
2020-ի պատերազմից հետո փխրուն հրադադար է հաստատվել, որը վերահսկում են մոտ 2000 ռուս խաղաղապահներ հինգ տարի ժամկետով՝ մանդատ ստանալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի համատեղ համաձայնությամբ։
Խաղաղապահ զորքերը հանձն են առել պաշտպանել հայ բնակչությանը շրջանում, որ փաստացի ինքնավարություն ունի Ադրբեջանից։
Նախքան ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությունը, 2021 թվականի ընթացքում Անն Լինդեն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցին նախապատվություն է տրվելու։ Պատերազմից հետո խաղաղության բանակցություններ սկսելն ամենակարեւոր հարցն էր։
Առաջին փաստաթղթում, որ վերաբերում է 2020 նոյեմբերի 2-ին, երբ պատերազմի վերջին փուլն էր, ասվում է, որ Շվեդիան բանակցություններ է սկսել Մինսկի խմբի համանախագահների եւ մասնավորապես՝ ԵԱՀԿի նախագահության ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Վերջինս Անն Լինդեի ամենամտերին մարդն էր ԵԱՀԿ-ի նրա նախագահության ընթացքում։
Ամերիկացի համանախագահի՝ Էնդրյու Շոֆերի հետ նամակագրությունից երեւում է, որ նրանք ուզում էին վստահ լինել, որ Անն Լինդեի նախագահության ընթացքում միեւնույն ուղղությունն է լինելու, ինչ որ Մինսկի խումբն արել է մինչ օրս, սակայն անդրադառնում են նաեւ պատերազմի զարգացումներին։
Բացի այդ, բարձրացվել է նաեւ ռուս զինվորների փոխարեն սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հարցը։ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն ընդգծում է, որ Ռուսաստանը ծրագրում էր իր խաղաղապահներին տեղակայել։ ԱՄՆ-ն կուզենար այլընտրանք գտնել կամ առնվազն ժամանակի ընթացքում այլընտրանքի հնարավորություն ունենալ։ Երեւում է նաեւ, որ ԱՄՆ-ը հիասթափված էր, որ կրակի դադարեցման նախկին երեք փորձերը շատ արագ խախտվեցին։ Ամերիկյան պատվիրակը տեղեկացրեց, որ հասկանում է, որ Հայաստանը կողմ է շտապ հրադադարով հումանիտար հարցեր լուծելուն, մինչդեռ ադրբեջանական կողմը չի շտապում դադարեցնել կրակը, մինչեւ որ հարցի փաթեթային լուծմամբ կարեւոր հարցերի շուրջ համաձայնությունը պատրաստ կլինի։
Նամակագրության շարունակությունը գաղտնիացվել է։
ԱՄՆ-ի պատվիրակն «անհեթեթ» է համարել շարունակել բանակցել հրադադարի համար, երբ հակամարտող կողմերը չեն հետեւում կրակի դադարեցման համաձայնությանը, որի շուրջ արդեն պայմանավորվածություն էին ձեռք բերել։
Բացի այդ, պարզ էր, որ հակամարտող կողմերն ուզում էին մեծացնել ԵԱՀԿ-ի բյուջեն խաղաղության բանակցությունների համար, որպեսզի լրացուցիչ միջոցներ ապահովեն փոխադարձ վստահությանը նպաստելու համար։ Շվեդիայի ներկայացուցչի կարծիքով՝ դա ակտուալ չէր։ Վերջում Կասպրչիկը քննադատել էր երկու կողմերին էլ, որ նրանց չի մտահոգում, որ պատերազմը վտանգի տակ է դնում «ԵԱՀԿ-ի գոյությունը»։
Նոյեմբերի 12-ին, բանակցություններից երեք օր անց, երբ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջամտությամբ հրադադարի համաձայնագիր ստորագրեցին, Անն Լինդեն Մինսկի խմբին հրավիրեց խորհրդակցության։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը նշանակում էր, որ Ռուսաստանը կտեղակայի մոտ 2000 խաղաղապահ՝ հայկական բնակչությանը պաշտպանելու համար։ Համանախագահները խորհրդակցության ժամանակ հայտարարեցին, որ անիմաստ է խաղաղության բանակցություններ նախաձեռնել, քանի դեռ կողմերն իրապես պատրաստ չեն լինի այդ քայլն անելու։ Նրանք նաեւ նշեցին, որ կողմերը մի քանի ընդհանուր մեկնակետ ունեն, որը զարմանք էր հարուցել։ Ընդհանուր մեկնակետերը գաղտնիացված են։ Ներկաները համաձայնեցին, որ ռուսական խաղաղապահների ներկայությունը համապատասխանում է ԵԱՀԿ-ի 2009-ին ընդունած մադրիդյան սկզբունքներին, որի կետերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է գտնվեն խաղաղապահ ուժեր, մինչեւ որ սկսեն կատարվել հաջորդ քայլերն ըստ հելսինկյան դեկլարացիայի։ Ընդ որում, նաեւ այն հարցը, թե ինչպես վերաբերվել ազգերի ինքնորոշման իրավունքին։
Նոյեմբերի 12-ի փաստաթղթում նշվում է, որ սկանդինավյան խաղաղապահների գաղափարից հրաժարվել են։ Պատճառը հիմնականում այն է, որ Անն Լինդեն նշել է, որ «Շվեդիան չեզոք չէ, այն պարզապես ոչ մի դաշինքի մեջ չի մտնում»։ Բացի այդ նա ավելացրեց, որ «մենք պետք է մանրակրկիտ դիտարկենք հետագա հնարավոր բոլոր առաջարկները, գործընթաց, որ երկար ժամանակ է պահանջում»։ Ընդգծվել է որ Անն Լինդեի դերը, որպես ԵԱՀԿ նախագահի, այն է, որ համադրի մասնակից երկրների ներկայությունը տեղում եւ նախաձեռնի խաղաղության բանակցությունների ընթացքը։
Էլեկտրոնային նամակագրությունը նոյեմբերի 25-ից սկսած, որտեղ Ադրբեջանում Շվեդիայի դեսպան Քրիստիան Կամիլը նկարագրում է իր նախապատրաստական հանդիպումները, գրեթե ամբողջությամբ գաղնիացված է։ Միակ բանը, որ հայտնի է, այն է, որ նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի կնոջ եւ երկրի վարչապետ (պետք է լինի՝ փոխնախագահ) Մեհրիբան Ալիեւայի օգնականի հետ։ Երեւում է նաեւ, որ Ադրբեջանը հետաքրքրված էր Շվեդիայի՝ հաջորդ տարվանից ԵԱՀԿ-ի նախագահությամբ։
***
Անն Լինդեի՝ մարտի 14-15ին Ադրբեջան կատարած ուղեւորության հաշվետվությունը մարտի 16-ին Հայաստան կատարած ուղեւորության համեմատ ավելի ամբողջական է։ Նախորդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ԵԱՀԿ-ն չէր պատրաստվում հանդիպել կողմերին, եթե նրանք «խորապես հետաքրքրված չէին» բանակցություններով։ Անն Լինդեի ուղեւորությունները բարձր մակարդակի առաջին հանդիպումներն էին եւ կարելի էր ենթադրել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պատրաստ էին վերադառնալ խաղաղ բանակցություններին։ Ուղեւորությունների ընթացքում Անն Լինդեն հանդիպել էր երկրների ղեկավարներին եւ ԱԳ նախարարներին։
Իլհամ Ալիեւի հետ հանդիպումն անցավ «բարեկամական մթնոլորտում», գրել է դեսպան Քրիստիան Կամիլը։ Տեքստի մեծ մասը գաղտնիացված է, սակայն Անն Լինդեն ընդգծել է, որ Մինսկի խմբի ձեւաչափը հարմար է խաղաղարար ջանքերը «հեշտացնելու» համար։ Ապա Անն Լինդեն անդրադարձել է ռազմագերիների խնդրին, որ հետպատերազմյա ամենացավոտ հարցերից է։
Հայաստանը պատերազմից հետո բոլոր գերիներին վերադարձրել է Ադրբեջանին, մինչդեռ մոտ 200 հայ դեռեւս մնում են Ադրբեջանում։ Բազմաթիվ մարդասիրական կազմակերպություններ, որոնց թվում «Մարդու իրավունքների դիտարկումը», բողոքել են, որ Ադրբեջանը չի հետեւում ռազմագերիներին վերաբերող միջազգային կոնվենցիաներին։ Անն Լինդեն կարեւորել է ռազմագերիների վերադարձի հարցը միջազգային օրենքի համաձայն։
Ապա փաստաթղթում նշվում է, որ հաջորդ օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսի ժամանակ Անն Լինդեն կրկին բարձրացրել է ռազմագերիների հարցը, սակայն Բայրամովը նշել է, որ նոյեմբերի 10-ից հետո գերի վերցվածները չեն համարվում ռազմագերիներ ըստ Ադրբեջանի։ Թե ինչպես է փաստարկել հարցն Ալիեւը Անն Լինդեին՝ գաղտնիացված է։ Սակայն Ալիեւների զույգի եւ Էրդողանների զույգի զրույցից հայտնի է դարձել, որ ռազմագերիները Հայաստանի հետ բանակցություններում իրենց ունեցած հաղթաթուղթն են համարում։
Դրանից հետո մի քանի անգամ ռազմագերիներին փոխանակել են Հայաստանի ականապատման քարտեզների դիմաց։ 2022-ին Ադրբեջանում դեռեւս պահվում են մոտ երեսուն ռազմագերի, որոնց դատել են ադրբեջանական քաղաքացիական դատարանում, որ նշանակում է, որ նրանց դատապարտել են ոչ որպես ռազմագերու։
Դրանից հետո Անն Լինդեն, ինչպես եւ Միջազգային Կարմիր խաչը, ռազմագերիներին սկսել են անվանել «գերիներ»։ Կարմիր խաչը նշել է, որ գերիների կարգավիճակի հարցը պիտի լուծվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, սակայն իրենք պատրաստ են ապահովել գերիների անվտանգ փոխանցումը։ Տարբերությունը «գերի» եւ «ռազմագերի» կարգավիճակի միջեւ այն է, թե գերվածը ինչպես է ընկալվում՝ ըստ ժենեւյան կոնվենցիայի դրույթների։
Ըստ փաստաթղթերի՝ մարտի 16-ին Հայաստանում Անն Լինդեն հանդիպումներ է ունեցել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այդ ժամանակյա արտգործնախարար Արա Այվազյանի հետ, այնպես էլ կարճ, ոչ պաշտոնական եւ չվավերագրված հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ մայրաքաղաք Ստեփանակերտում։
Արտգործնախարարի հետ հանդիպմանը կարեւորվել է ավելի շատ միջոցներ տրամադրել խաղաղության բանակցություններին, որ արդեն հիշատակվել է նոյեմբերի 9-ին, սակայն մերժվել է Շվեդիայի կողմից։ Այվազյանը նշել է նաեւ, որ մարդիկ վախենում են նորից լիամասշտաբ պատերազմի մեջ հայտնվելուց, որ կարող է հայերի նոր ցեղասպանության վերածվել։ Այդ վախերի վրա ազդում է այն փաստը, որ Հայաստանը սահմանակցում է Թուրքիայի հետ, որն օգնում էր Ադրբեջանին 2020-ի պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում կրկին անդրադարձել է ռազմագերիների խնդրին, ինչպես նաեւ հույս հայտնել, որ Շվեդիայի՝ ԵԱՀԿ-ում նախագահությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման հետ մեկտեղ կարգավիճակի հարցի լուծմանը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է Ադրբեջանի կողմից մեծ տարածքների վրա վերահսկողություն սահմանելու պատճառով։
2022 թվականի փետրվարի 1-ին այդ մտահոգություններն, իրոք, արդարացվեցին, ինչի մասին փաստում է «Բլանքսփոթն» իր զեկույցներում, նույնիսկ եթե Հաագայի միջազգային դատարանը բարձրացրել էր այդ հարցը 2021-ի դեկտեմբերին։
Ադրբեջանի հետ զրույցներում նույնպես արծարծվել են ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը։
Վերջում Անն Լինդեն շեշտել է, որ Շվեդիայի ԵԱՀԿ նախագահության տարվա ընթացքում խաղաղության պայմանագիրն առաջնահերթություն չէ, այլ նախ եւ առաջ հրադադարհ համաձայնության հստակ կատարումը։
Փաստաթղթում նշված է հետեւյալ կերպ.
«Շվեդիայի առաջնահերթությունները նախագահության շրջանակներում հստակ նշվել են։ Հրադադարի պայմանագիրը վերջնական խաղաղության համաձայնագիր չէ։ Այստեղ ԵԱՀԿ-ն կարող էր հավելյալ ջանքեր գործադրել հակամարտության լուծման ուղղությամբ»։
Վերջին՝ 2021 ի մայիսի 13-ի փաստաթղթում նշվում է, որ Անն Լինդեն առանձին հանդիպումներ է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ Պատճառը Հայաստանի բողոքն էր, որ Ադրբեջանը ներխուժել է հայկական Սյունիքի մարզ մայիսի 12-ին։ Մինչ հայկական արտգործնախարարը կոչ էր անում, որ համաշխարհային հանրությունը դատապարտի Ադրբեջանի գործողությունները, ադրբեջանական արտգործնախարարը հայտարարում է, որ պատերազմից հետո սահմանները հստակ չեն եւ որ իրենք իրավունք ունեն գործելու այդ կերպ։
***
«Բլանքսփոթը» դիմեց Շվեդիայի արտգործնախարարություն՝ նախագահության շրջանակներում իրենց առաջնահերթությունների մասին։ Անն Լինդեի քարտուղարին ուղղված նամակում հիշատակվում է հետեւյալը. չնայած պատերազմին՝ բյուջեն փոփոխության չի ենթարկվել, եւ որ Անն Լինդեն Հայաստան կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ առաջնահերթությունը հրադադարն է խաղաղության համաձայնագրի համեմատ։
ԱԳ նախարարությունը պատասխանել է.
«Շվեդիան եւ Երվոմիությունը ողջունում են հրադադարի կարգավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ այն վերջ է տալիս ռազմական գործողություններին։ Հրադադարը դեպի խաղաղության համաձայնագիր տանող ընդամենը առաջին քայլն է։ Շվեդիայի նախագահության ընթացքում առաջնահերթությունն աշխատանքն է, որպեսզի կողմերը հետագա քայլերն անեն դեպի խաղաղության համաձայնագիր։ Զինված հակամարտությունից անմիջապես հետո, բազմաթիվ զոհերի ու մարդկային տառապանքի պայմաններում, դա ծանր աշխատանք էր։ Մինսկի խումբը եւ նախագահության ներկայացուցիչը մեծ ջանքեր են ներդրել գործընթացն առաջ տանելու ուղղությամբ»։
2021-ի մայիսից հետո շատ բան է փոխվել։ Անգամ եթե Մինսկի խումբը ԵԱՀԿ-ի շրջանակներում պաշտոնական միջնորդական առաքելություն է իրականացնում, բանակցությունները այլ վայրերում են վարում։
2021-ի աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մի շարք երկկողմանի բանակցություններ են անցկացվել Ռուսաստանում, որոնք ոչ մի քայլ չեն մոտեցրել հարցի լուծմանը։
Մյուս կողմից, 2022-ի գարնանը Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի ղեկավարած բանակցությունները կողմերին հանգեցրել են մի շարք հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, որոնց թվում՝ տարածաշրջանում սահմանների վերանայման եւ խաղաղության բանակցությունների հետագա ընթացքի հարցերը։
Ադրբեջանի ղեկավարությունը պահանջում է ողջ Լեռնային Ղարաբաղի շրջանի վերահսկողության փոխանցումն Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանում չեն համարում, որ հարցը լուծված է։ Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարությունը հեռավորություն է պահում երկու կողմերից էլ եւ ցանկանում է ինքն իրեն ներկայացնել։
Իլհամ Ալիեւը սպառնում է նոր պատերազմով, եթե նոր սկզբունքները չպահպանվեն։
2021-ի ամռանը Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացվեցին ի հետեւանք 2020 թվականի պատերազմում պարտության եւ Փաշինյանի իշխանավարման դեմ լայնածավալ դժգոհությունների, որը, չնայած դժգոհություններին, վերընտրվեց։
Այս տարվա ամառվա նախաշեմին նորից ցույցեր սկսվեցին, քանի որ ընդդիմությունը համարում է, որ կառավարությունը զիջումների է գնում հօգուտ Ադրբեջանի։
Հընթացս Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հակամարտության բորբոքման, ապա նաեւ ագրեսիվ պատերազմի, հակամարտության պատճառով Մինսկի խմբի եւ ԵԱՀԿի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լռեցին։
«Բլանքսփոթը» բողոքարկել է ԱԳ նախարարության հատկացրած փաստաթղթերի գաղտնիացումը։
ISDP-ի մասին առաջին ցեկույցից հետո Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները հալածանք սկսեցին Ռասմուս Քանբեքի դեմ, ինչի մասին հրապարակեց «Խուրնալիստեն» թերթը «Շվեդ քրագրողը Ադրբեջանի սեւ ցուցակում» հոդվածով։
Հեղինակի մասին. Ռասմուս Քանբեքը հայտնի է Լեռնային Ղարաբաղի մասին «Ամեն օր ես դանդաղ մահանում եմ» գրքով։ Վերջին տարում նա մի շարք հետազոտություններ է կատարել «Բլանքսփոթի» համար Ադրբեջանի հետ Շվեդիայի կապերի, այդ թվում նաեւ՝ լրագրողների համար ռեժիմի կողմից կազմակերպած ուղեւորությւոնների մասին։ Այդ մասին տեղեկություններ են ստացվել ձմռանը։
ՌԱՍՄՈՒՍ ՔԱՆԲԵՔ
Շվեդերենից թարգմանեց ԱՇԽԵՆ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Նկարում. Անն Լինդե