Սեդա Անանյանի «Անմոռաց անունները»
Ընդհանրապես, մեզանում հաճախ չի պատահում, որ վաստակաշատ մտավորականները մեկտեղեն տարիների ընթացքում իրենց գրած հոդվածները. դրանք որպես կանոն ցրված են մնում մամուլի հին տրցակներում, այլեւս հազվագյուտ դարձած ժողովածուներում: Ներկայացվող «Անմոռաց անուններ» (2021) գրքում արվեստաբան, լրագրող, խմբագիր Սեդա Անանյանն ի մի է բերել 1965 թվականից հայրենիքի եւ սփյուռքի մամուլում (այդ թվում՝ «Ազգ» թերթում), ինչպես նաեւ Հայկական սովետական հանրագիտարանում հրապարակված իր հոդվածների մի մասը, որոնք ներառում են հայ երախտավորների եւ հայ իրականության հետ կապված այլազգի մտավորականների կյանքի եւ գործունեության քիչ հայտնի դրվագներ: Գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:
Շնորհիվ իր մորաքրոջ որդի Լեւոն Հախվերդյանի՝ Անանյանը դեռ դպրոցական տարիքից հնարավորություն է ունեցել շփվել ավագ սերնդի մտավորականության հետ, մտերմիկ շրջապատում լսել նրանց խոսքը: Աշխատել է Արվեստի ինստիտուտում, հետագայում (1970-1987 թթ.)՝ Հայկական սովետական հանրագիտարանի արվեստի եւ ճարտարապետության խմբագրություններում՝ որպես ավագ գիտական խմբագիր (հանդես է եկել նաեւ հեղինակային հոդվածներով): 1966-1967 թթ. եղել է Կոստան Զարյանի քարտուղար-օգնականը՝ դառնալով Զարյանի մի շարք գործերի առաջին ընթերցողը: Նրա նախորդ՝ «Կոստան Զարյան. Հուշագրություն» գրքույկը լույս է ընծայել Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը՝ 2011 թ.:
Լայն է հեղինակի հետաքրքրությունների շրջանակը՝ գրականություն, կերպարվեստ, թատրոն, ճարտարապետություն, հայագիտություն, բժշկություն եւ այլն: Ինչ նյութի էլ անդրադառնում է նա, կարողանում է պեղել-առանձնացնել ուշադրության արժանի դրվագներ, քիչ հայտնի փաստեր ու դիպուկ դիտարկումներ: Եվ ում մասին էլ որ գրի, դա անում է ակնհայտ համակրանքով եւ ջերմությամբ: Գրքի առաջաբանում գրականգետ Արծրուն Ավագյանը նրա գրավիչ գրելաոճը համեմատում է լեռնային զուլալ գետակի հետ, որ «հոսում է, թուփ ու ծաղկի հետ խոսքի բռնվում, երկնքի լազուրի ցոլքերն առնում իր մեջ»:
Ըստ մեզ՝ առավել արժեքավոր են գրքի այն հոդվածները, որոնք գրվել են ականատեսի, մասնակցի թարմ տպավորություններով ու վերլուծական հայացքով: Հեղինակը նկարագրում է Շառլ Ազնավուրի 1964 թ. առաջին, ֆրանսիական «Ատելյե» թատրոնի համերգը, Մարսել Մարսոյի հյուրախաղերը Երեւանում, իսկ 1987-ից բնակվելով Փարիզում եւ Լոնդոնում՝ չի անտեսել նաեւ այնտեղ անցկացվող միջոցառումները եւ շրջագայող հայ արվեստագետներին: Այսպես, 2002 թ. նրան վիճակվել է ներկա գտնվել Վանուշ Խանամիրյանի փորձին, որի մանրամասներին այլեւս կարող է ծանոթանալ եւ ընթերցողը: Գրքում տեղ են գտել Կոմիտասի, Հայր Ներսես (Վրեժ) Ներսիսյանի, Հայկական չորրորդ կինոփառատոնի (Փարիզ), Կոստան Զարյանի 125-ամյակի մեծարման հանդեսի, «Տապանի գանձեր» ցուցահանդեսի (Լոնդոն) եւ այլ թեմաների վերաբերյալ տարաբնույթ (ակնարկ, հաղորդում, զեկուցում, հոդված, հարցազրույց) նյութեր:
Խաչիկ Դաշտենցին նվիրված երկու մասանի հոդվածը կարող է ամբողջական պատկերացում տալ մեծ հայի մասին. Անանյանը կարեւորում է նրան թե՛ որպես արձակագրի, թե՛, ինչի մասին այսօր հազվադեպ է հիշվում՝ իբրեւ բանաստեղծի, թարգմանչի եւ սկզբունքային, առաքինի, Էրգրի կարոտը սրտում անթեղած մարդու: Նույնքան ծավալուն է Պերճ Թյուրապյանի «Ազնավուրը հայերեն» խտասալիկին նվիրված նյութը, որտեղ Անանյանն արժանին է մատուցում տաղանդաշատ երգահան-կատարողին եւ թարգմանչին՝ եզրակացնելով, որ «Ազնաւուրի տողն ու պատկերը» թարգմանիչը գտել ու շարադրել է ի լաւագոյնս»: Գրքում անդրադարձ կա նաեւ Ռուբենի «Հայ հեղափոխականի մը հիշատակները» բազմահատորյակի ազդեցությանը հայ գրականության երկու կոթողային գործերի՝ Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմ-վիպերգի եւ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի վրա:
Հանրագիտարանային բնույթի, բազմակողմանի մեկ այլ նյութ ծանոթացնում է հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիի կյանքին ու գործունեությանը: Նկատելի է, որ մի շարք երախտավորներ հատկապես հետաքրքրում են հեղինակին՝ գրքում հաճախ ենք հանդիպում Ֆեյդիի, Կոստան Զարյանի, Ալեքսանդր Թամանյանի անուններին:
Անգլիաբնակ հայ նկարչուհի, գրող, թարգմանչուհի Զաբել Պոյաճյանին նվիրված հանրագիտարանային հոդվածը վեր է հանում հանիրավի մոռացված, բայց բացառիկ մի արվեստագետի կերպարը, որը «հետեւողականորեն զուգորդել է վրձինը եւ գրիչը»:
Առանձին հոդվածով ներկայացված է գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Բախչինյանի գիտաթարգմանական մեծարժեք վաստակը. նշելով, որ Բախչինյանի գիտական հրապարակումներն «իրենց արժանաւոր տեղն են գտնում հայ մշակոյթի պատմութեան էջերում», հեղինակը բարձր է գնահատում նրան նաեւ որպես ֆրանսիական գրականության տեսաբան-թարգմանչի՝ վկայակոչելով մեկ այլ մեծարժեք Հենրիկի՝ բանաստեղծ Հենրիկ Էդոյանի բնութագրիչ բնորոշումը: Ինչպես Բախչինյանի, այնպես էլ շատ այլ մտավորականների անդրադառնալիս հեղինակը անպատճառ մատնանշում է նրանց մարդկային, անհատական հատկանիշները:
Անանյանը հոդվածներ է նվիրել ինչպես ճանաչված գործիչների, այնպես էլ լայն հասարակությանն անհայտ անունների, որոնք ասելիք ունեն կամ առանձնահատուկ կյանք են ապրել: Հոդվածներից մեկը ներկայացնում է Եղեռնից վերապրող Վեհանուշ Բապուճյանի հետ հանդիպումը եւ նրա սահմռկեցուցիչ հուշերը:
Լեւոն Հախվերդյանի մահախոսականում Անանյանը մեջբերում է անվանի ակադեմիկոսի խոսքն իր կյանքի ամենամեծ հիասթափության մասին. «Երբեք մտքովս չէր անցնի, որ ազատ, անկախ Հայաստանը կարող է այսքան շատ անարժան զավակներ ծնել՝ անկախության հռչակումի հենց սկզբից մինչեւ հիմա»:
Գրքում առանձին հոդվածներ են նվիրված Վահան Թոթովենցին, Ալեքսանդր Թամանյանին, վերականգնող-ճարտարապետներ Արա Զարյանին եւ Քրիստին Լամուրեին, Տետեյան գերդաստանի զմյուռնիահայ եւ ապա ֆրանսահայ ներկայացուցիչներին. վերջիններիս մասին Անանյանը հոդվածներ է գրել Հայկական սովետական հանրագիտարանի համար:
Ցավոք, գրքում առկա են նաեւ վրիպակներ. սխալ է նշվում Չարենցի մահվան պատճառը եւ օրը, Թոթովենցի ծննդավայրը (պետք է լինի Մեզիրե) եւ այլն: Նախկինում անհայտ պատմական դրվագներ ներկայացնելիս հեղինակը հաճախ չի նշում սկզբնաղբյուրը. այսպես, գրքում անդրադարձ կա Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» գլուխգործոց վեպի գլխավոր հերոսի նախատիպի ծանոթությանը Նոբելյան մրցանակակիր (ո՞ր բնագավառում) Լայնուս Վոլֆի հետ, սակայն նման անձ գոյություն չունի: Երբեմն նկատվում է ազգանունների գրելաձեւի ու տարեթվերի շփոթ:
Գրքում ընդրկված են նաեւ Անանյանի հեղինակած ֆրանսալեզու մի քանի նյութ եւ հազվագյուտ լուսանկարներ:
Ներկայումս Եվրոպայում բնակվող Սեդա Անանյանը կապը երբեւէ չի կտրել հայրենիքի հետ, ուստի նրանից սպասում ենք մեր մշակույթի վերաբերյալ նորանոր ուշագրավ հրապարակումներ:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գրականագետ