ԴԱՐՎԻՇ ԱՍՄԱՐ
Իր ծննդավայրըՙ Լիբանան, Այնճար:
Քաղաքացիական գրանցման վայրըՙ Զահլե:
Ծննդյան տարեթիվըՙ 1945 եւ այդ թվականից ի վերՙ ամեն օր արեւի փայլի հետ:
Իր կյանքի խորագիրըՙ իր բոլոր սիրելիների, ընկերների, հարազատների եւ մերձավորների սրտերն ու մտքերը:
Իր հպատակությունըՙ ծագումով անխառն ու իսկական հայ, նաեւ անկեղծ ու զուտ լիբանանցի:
Մասնագիտությամբՙ բժիշկ, որ ծառայում էր մարդկանց գիտությամբ, մարդասիրությամբ, նվիրվածությամբ եւ պրոֆեսիոնալիզմով:
Ստեղծագործ անհատ էր, արվեստագետ եւ նկարիչ եւ իր տաղանդավոր վրձինով ստեղծեց ամենագեղեցիկ պաստառներ եւ պատկերներ:
Իր առանձնահատուկ նշաններն էինՙ ստեղծագործական վսեմ մղումներ, խոնարհության նուրբ զգացողություն, սերՙ կյանքի հանդեպ եւ ուրախությունՙ առանց սահմանների:
Իր ստացած ժառանգությունըՙ հավասարակշռվածություն եւ սեր բոլոր մարդկանց հանդեպ, իսկական մարդասիրություն:
Իր կյանքի, գործի եւ արվեստի նշանաբանըՙ ուրիշներին ծառայելու նվիրվածություն եւ հարգանք սեփական անձի եւ անշուշտ նաեւ այլոց հանդեպՙ բառի ամենաբարձր իմաստներով:
Նա, ում մասին այս բոլորը ասացի, դոկտոր Հարութ Նիկոլյանն է, եղբայրս, որին մայրս չի ծնել, անկեղծ ընկերս, որ պարկեշտության նմուշ էր, անփոխարինելի ուղեկիցսՙ «մաքուր օդի» մեր գիշերային մշտական զբոսանքների ժամանակ:
Ես ճանաչել եմ դոկտոր Հարություն Նիկոլյանին ավելի քան երեսունհինգ տարի եւ այսօր վկայում եմ Աստծո առաջ եւ հրապարակավ, որ մեր ընկերությունը չի ունեցել որեւէ նույնիսկ աղոտ ստվեր, ինչը ազդեր մեր հարաբերությունների եւ մեր ընկերության մաքրության վրա:
Դոկտոր Հարութ Նագուլյանը մեծ էր այն ժամանակներում, երբ մեծերը զգուշանում էին իրենից:
Մենք երեք ընկեր էինք եւ գրեթե երբեք չէինք բաժանվում միմյանցից, բոլոր հավաքույթների, տոների, երեկույթների եւ գիշերային պտույտների ժամանակ միշտ միասին էինք: Երեքս էինքՙ դոկտոր Նիկոլյանը, եղբայր Նաիմ Ալ-Դաուին (որը վերջերս հեռացավ մեզնից) եւ ես:
Երբ որոշում էինք ընտանիքներով գնալ Բեյրութից դուրս պտույտի կամ ճամփորդության, ես պնդում էի, որ մենք տղամարդիկսՙ դոկտոր Նիկոլյանը, եղբայր Նաիմը եւ ես, լինենք նույն մեքենայում (մեքենան միշտ վարում էր ինքըՙ բժիշկ Նիկոլյանը) եւ կանայք էլ լինեն մեկ առանձին մեքենայում: Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ, մի՞թե դա առանձնահատուկ նշանակություն ուներ: Պարզաբանեմ, թե ինչու: Այո, նշանակություն ուներ, որովհետեւ երբեմն մեր ճանապարհը ժամեր էր տեւում, եւ այդ ժամերը վերածվում էին լուրջ խոսակցությունների, հաճելի զրույցների, հետաքրքրական պատմությունների, գաղափարական վեճերի, անհոգ ծիծաղի եւ սրտալի ուրախության ժամերի: Եվ երբ մեր խոսքուզրույցը մի պահ դադարում էր, դոկտոր Նագուլյանը մեզ էր ուղղում ծանր տրամաչափի իր մի կատակըՙ միշտ հայրական շեշտով:
Հավատացեք ինձ, որ այդ այր մարդը ճառագում էր զգացմունքներ, զվարճանք եւ ուրախություն եւ դրանով կարճում էր հեռավոր ճանապարհները: Տուն վերադառնալիս ես միշտ ափսոսում էի, որ մեր ճամփորդությունը շուտ վերջացավ: Ես միշտ կուզեի երկարաձգել մեր ճամփորդության ժամանակը, դոկտոր Հարութ Նիկոլյանի ներկայությունը եւ ընկերակցությունը ավելի երկար վայելելու համար:
Դոկտոր Հարութ, մենք լաց չենք լինելու, որովհետեւ Դուք երբեք տխրություն կամ արցունք չեք սիրել, բայց մենք չէինք կարող մեր արցունքները պահել մեր աչքերի եւ կոպերի արանքում, քանի որ դրանք թափվում էին Ձեր հեռացումի տխրության վրա, սիրելի եղբայր, սիրելի ընկեր եւ սիրելի: Մենք չենք սգալու Ձեզ, որովհետեւ Դուք միշտ եղել եք կյանքի, լավատեսության եւ հույսի երկրպագու, իսկ ես էլ միշտ եղել եմ Ձեր ժպիտի երկրպագուն, որ երբեք չի հեռացել Ձեր դեմքից:
Մենք միշտ գիտցել ենք, թե Դուք ով եքՙ բարոյական բարձր նկարագրի, գեղեցիկ սովորությունների եւ ազնիվ զգացմունքների տեր անհատ: Դուք բարձր նկարագրի տեր մարդ էիք կյանքում, Ձեր հեռանալուց հետո էլ միշտ մեր հոգում կմնաք իբրեւ այդպիսին, Ձեր ճերմակ դրոշմըՙ Ձեր մաքուր, հստակ, անբիծ սիրտը թելադրում է մեզ խոսելու միայն լավը Ձեր մասին ամեն ժամանակ եւ ամեն տեղ: Դուք միայն գեղեցիկ հիշողություններ եք թողել մեզ եւ մեր ընտանիքներին, եւ դրանք իրոք շատ գեղեղիկ, ուղղակի սքանչելի հուշեր են: Դուք միշտ մտերմաբար, մերձավորի սիրով եւ ջերմությամբ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում էիք մեզնով, մեր ընտանիքների կյանքովՙ համոզվելու համար, որ ամեն բան լավ է: Դուք միշտ հարցնում էիք իմ որպիսությունը, Նադայի, իմ դստեր Լինի, նրա ամուսնուՙ Նադերի, նրանց երեխաներիՙ Միլայի եւ Քարիեմի, ինչպես նաեւ իմ որդուՙ Ալիի որպիսությունը: Եվ հետաքրքրվում էիք այն ջերմությամբ եւ հոգածությամբ, որ նրանք կարծես Ձեր ընտանիքի անդամները լինեին: Դուք նույն վերաբերմունքն ունեիք նաեւ մեր սիրելի Նաիմ Ալ-Դաուիի եւ իր ընտանիքի հանդեպ: Ես իմ խոսքը չեմ երկարացնի, քանի որ խոր ափսոսանքը դրոշմվել է սրտիս, հոգուս, մտքիս եւ խղճիս մեջ, այնպես որ, Ձեր կորուստը, դոկտոր Հարութ, մեզ համար ահռելի է, մեծ եւ անվերադարձ: Դուք ինձ թողեցիք ճանապարհի մեջտեղում միս-մենակ, ինչպես որ դա արեց նաեւ մեր եղբայր Նաիմը, եւ ինձ մնաց ապրել ձեր հիշողություններով:
Դոկտոր Նիկոլյան, ի՞նչ կարող եմ ասել այս բաժանման առիթով, այն, որ Ձեր հեռացումը մեծ տխրություն է մեր ամբողջ ընտանիքի համար: Ձեր հեռացումից հետո ես փորձել եմ ինձ համոզել, որ մահը ճշմարիտ է, եւ սա Աստծո կամքն է բոլորիս վրա: Եվ թող հասկանամ քեզ եւ ասեմ, որ ես մի քիչ վախենում եմ ամեն ինչի համար եւ ցանկանում եմ,- դա իմ միակ մտահոգությունն է,- որ այս դժվար եւ մութ օրերը անցնեն բոլոր մարդկանց համար, որ մարդիկ հաղթահարեն այս դաժան համաճարակի փորձությունը, եւ թող Աստված պահպանի այս աշխարհը ամեն տեսակ չարիքից եւ աղետներից:
Իմ վերջին խոսքը Ձեզ, սիրելի եղբայր եւ ընկեր, սիրելի դոկտոր Նիկոլյան, նույնն է, ինչ մի օր ասել եմ եղբայր եւ ընկեր Նաիմի հեռանալու առիթովՙ մեծ համբերություն, մխիթարություն եւ սփոփանք Ձեր սիրելի տիկնոջըՙ դոկտոր Էմմային, Ձեր եղբայր Վարդգեսին, Ձեր քույրերին եւ Ձեր ողջ ընտանիքին, ինչպես նաեւ Ձեր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին եւ հարազատներին: Վստահ եղեք, որ դոկտոր Նիկոլյանի ոգին կպահպանի մեր ջերմ եւ հավատարիմ վերաբերունքը Ձեր հանդեպ:
Սիրելի դոկտոր Հարութ Նիկոլյան, բոլորը Ձեզ կհիշեն իբրեւ փայլուն բժիշկ եւ իբրեւ ընտիր անձնավորություն, որ մեծ հետք է թողել իր կյանքում: Դրա լավագույն վկայությունը Բեյրութի Հայկազյան համալսարանն է, որի Հոգաբարձուների խորհրդի անդամն եք եղել տարիներ շարունակ: Ձեր գրականությունն ու Ձեր նկարչական արվեստը վառ վկայությունն են Ձեր ստեղծագործական կյանքի: Ինչ վերաբերում է Ձեր բժշկական գործունեությանը, ապա այն շատ լավ հայտնի է Լիբանանի հասարակության ամենատարբեր շրջաններին:
Կրկին անգամ մեր անկեղծ ցավակցությունը Ձեր տիկնոջըՙ մեր հարազատ եւ թանկագին դոկտոր Էմմային եւ Ձեր բոլոր հարազատներին:
Սիրելի դոկտոր Հարութ Նիկոլյան, Դուք երբեք մեզնից բացակա չեք լինի եւ մի՛շտ կապրեք մեր մտքում, մեր սրտում, մեր էության մեջ: Այնպես որ, հանգիստ ննջեք Ձեր սիրելի եւ նվիրական Այնճարի հողում, Ձեր ծնողների սուրբ հանգստարանում: Հազար ողորմություն Ձեր պայծառ, մաքուր ու վսեմ հոգուն, եւ թող Աստված բնակվի Ձեր մեջ իր եդեմական պարտեզներում:
Բեյրութ, 6 մարտի, 2021