ՔՐԻՍՏԻԱՆ ՄԱԼԱՐ, Միջազգային քաղաքականության փորձագետ եւ դիվանագիտական խորհրդատու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ուզում է գերտերություններին ցույց տալ, որ իր խոսքն ունի ասելու Մերձավոր Արեւելքում խաղաքարտերի վերաբաժանման եւ տարածաշրջանում հակամարտությունների լուծման հարցումՙ մի ժամանակաշրջանում, երբ 1945 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով հաստատված համաշխարհային կարգն այլեւս ուժը կորցրած է:
Եվ ահա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմատենչ շեղումներն ի հայտ են բերում պաշտպանության հարցերում Եվրոմիության անսահման բացերը: Սիրիայում եւ Լիբիայում ջիհադիստներին աջակցելուց մինչեւ Արեւելյան Միջերկրականում Հունաստանի դեմ սադրանքներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած ռազմական բացահայտ աջակցությունը, Թուրքիան բազմապատկում է իր սադրանքները: Իսկ այդ խնդրի շուրջ ֆրանկո-գերմանական տարաձայնություններից թուլացած Եվրոպան չի կարողանում հաստատվել որպես նոր օսմանյան սուլթանին դիմակայելու ունակ հզոր ուժ:
Եվ ինչպես ասում է Միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Ադել Բաքավանը . «Իր երկիրը ներգրավելով մի քանի ճակատներումՙ Էրդողանը փորձում է միավորներ շահել ռազմական առաջնորդի իր իմիջի համար»: Ինչպես Վլադիմիր Պուտինը, նա նույնպես ցանկանում է օգտվել Միջին Արեւելքից արեւմտյան տերություններիՙ հատկապես Միացյալ Նահանգների, դուրսբերումից: Նա վերադասավորում է իր խաղաքարտերը` առաջ տանելու համար նեո-օսմանյան նվաճողական իր մեծ ծրագիրը:
Ըստ բազում դիտորդների, Էրդողանը կրկին ոտքը Լիբիա դրեց, քանի որ հենց այստեղ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքն ունեցավ իր առաջին ռազմական հաջողությունը: Սակայն նախ եւ առաջ նա Լիբիային իր ռազմական օգնությունը փոխանակեց Տրիպոլիի շրջանի մի հզոր անձնավորությանՙ իր նման «մահմեդական եղբայր» Ֆայեզ Ալ Սարաջի համաձայնության հետ, որպեսզի իրեն վստահվի բազմաթիվ նավթահանքերի եւ ռազմավարական նշանակության չորս ռազմաբազաների շահագործումը:
Էրդողանը վտանգավոր է. նա ուզում է իսլամիստականացնել Մաղրեբը, սկսած Թունիսից, որտեղ սերտ կապեր ունի իսլամիստական «Էննահդա» կուսակցության առաջնորդի, «Թունիսի Խոմեյնիի»ՙ Ռաշեդ Ղանուչիի հետ:
Իսկ Արեւելյան Միջերկրականում, չնայած Էրդողանի վարած քաղաքականության դեմ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խիստ քննադատությանը, արեւմտյան երկրները եւ հատկապես Եվրոպան նրա դեմ մանեւրելու քիչ հնարավորություն ունեն. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ նրան հնարավոր չէ պատերազմ հայտարարել: Ճնշման միակ գործիքը տնտեսական պատժամիջոցներն են, մանավանդ որ Թուրքիայի տնտեսությունը մահամերձ վիճակում է: Սակայն, որպես հակադարձում, Էրդողանը կարող է Եվրոպայի վրա ճնշում գործադրել սովորական դարձած իր շանտաժովՙ կապված միգրանտների հոսքի հետ Հունաստանով եւ այժմ էլՙ Լիբիայով:
Մի ինչ-որ պահի Արեւմուտքը հարկադրված կլինի Էրդողանին դեմ տալ պատին ու հարցնել. «Ո՞ւմ կողմում եք դուք: Դուք ՆԱՏՕ-ի անդամ եք, ԱՄՆ-ից հետո Ատլանտյան դաշինքի երկրորդ զորեղ բանակը, ուզո՞ւմ եք շարունակել մնալ այստեղ, թե՞ ոչ, քանի որ հաճախ եք Վլադիմիր Պուտինի կողմը լինում, նրանից S-400 հրթիռներ գնում, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինանոցին»:
Հունաստանի աշխարհա-ռազմավարական դիրքը խիստ կարեւոր է: ԵՄ-ի շահերից բխում է աջակցել նրան` ընդդեմ Էրդողանի: Եվ ինչպես ասում է Հունաստանի վարչապետի պաշտպանության խորհրդական Կիրյակոս Միցոտակիսը . «Երբ մի երկիր, արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը, դուրս է բերում իր ամբողջ նավատորմը, ապա նա մտադիր է գնալ մինչեւ վերջ»:
Էմանյուել Մակրոնն իրավացի է, երբ հայտարարում է, որ Էրդողանը «վարում է ծավալապաշտական քաղաքականությունՙ միավորելով եվրոպական շահերի հետ անհամատեղելի ազգայնամոլություն ու իսլամիզմ, որը ապակայունացման գործոն է»: Նա նշում է, որ ինքը կողմ չէ սրմանը, բայց եւ չի հավատում «անզոր դիվանագիտությանը»: «Անզոր դիվանագիտության» մասին խոսելիսՙ Մակրոնն անուղղակիորեն ակնարկում է Անգելա Մերկելի վարած դիվանագիտությունը: Հիրավի, կանցլերի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն Գերմանիայում երեք միլիոն թուրքերի ներկայության, այլեւ այն պատճառով, որ Թուրքիան ներգաղթյալների հարցում առանցքային երկիրն է, ինչը, կրկնում ենք, Էրդողանն օգտագործում է որպես շանտաժի զենք Եվրոմիության դեմ:
Էրդողանին զգետնելը դժվար կլինի, քանի որ եվրոպացիները պառակտված են: Էմանյ.ուել Մակրոնն ունի Էրդողանի նկատմամբ խիստ վերաբերմունքի գիծը պահպանելու արժանիքը: Նա ստանձնել է եվրոպական պաշտպանի դերը, ոչ միայն Սահելումՙ ընդդեմ ջիհադիստների, այլ այսուհետ նաեւ Արեւելյան Միջերկրականումՙ թուրքերի եւ Էրդողանի դեմ: Անգելա Մերկելը պետք արդեն հասկանա, որ չի կարելի հանդուրժել, որ Էրդողանը Միջերկրական ծովում շարունակի փաստի առաջ կանգնեցնելու քաղաքականություն վարել:
Էրդողանը, ինչպես իր ընկերներ Պուտինը եւ Սի Ծին Պինը , հասկանում են միայն ուժային հարաբերությունները: Այս հարցում ես լիովին համամիտ եմ պատմաբան եւ աստվածաբան Ժան-Ֆրանսուա Կոլոսիմոյի վերլուծությանը. «Մենք չենք կարող թույլ տալ, որ խախտվեն Լեւանտի սահմանները եւ հարձակում կատարվի Եվրոմիության վրաՙ իր սահմաններում […] Ցանկացած խաղաղության գինը, եթե կարծում ես, թե այն կարելի է գնել ռազմատենչից, դրա անվերջ բարձրացումն է […] Կառավարությունները եւ Եվրոհանձնաժողովը որքան էլ բողոքեն իրավունքի դիրքերից, Եվրոպան, ինչպես վերջին Հռոմը, ստիպված է լինելու նոր տուրք վճարել ուժին, եւ, անխուսափելիորեն, կավելանան փրկագնի չափերը»:
Տարիներ շարունակ եվրոպական մայրաքաղաքները դժվարանում են արձագանքել Անկարայի բազմաթիվ սադրանքներին եւ ավտորիտար սանձարձակություններինՙ սկսած մարդու իրավունքների պարբերական խախտումներից, մինչեւ Կիպրոսի շարունակվող հիմնահարցը, ներառյալ Էրդողանի ներթափանցումը Բալկաններ, նրա միջամտությունը Սիրիայում, Լիբիայում եւ վերջերսՙ Լեռնային Ղարաբաղում, ջիհադիստ վարձկանների օգտագործումը եւ ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն) հետ համագործակցությունը: Չմոռանանք նաեւ նրա անցումը դեպի ռուսական ռազմական գիրկը, ինչպեսեւ նրա կապերը «Մուսուլման եղբայրների» ֆունդամենտալիստական միավորումների հետ…
Ժամանակն է, որ վերջ տրվի սրան: Եվրոպան պե՛տք է դուրս գա իր լռությունից, քանի որ հասել է արթնանալու ժամը:
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա