ՍՈՆԻԱ ԹԱՇՃՅԱՆ
7 օր Տիբեթում, որը սակայն 7 տարվա նման է….: Մի չքնաղ երազ, որն սկսվեց Տիբեթում եւ շարունակվում է ամենուր, ամբողջ տիեզերքում, նաեւ Հայաստանում…
Տարիների երազանք էր գնալ Տիբեթ, հաղորդակցվել «Աշխարհի Տանիքի» մոգական էությանը, զգալ ու ապրել այդ հոգեւոր էներգետիկան: Հետեւաբար, դեռ չհասած Տիբեթՙ սպասելիքների անորոշությունն ու պատկերացումների անհամբերությունը կրկնվող տագնապի նման ալեկոծում էր… մինչեւ որ ինքնաթիռի պատուհանից, ամպերի միջով երեւացող ձյունածածկ գագաթներով լեռնաշղթաները ամեհի ու անսասան տեսքով համակեցին իրենց խաղաղությամբ, եւ վայրէջքի ընթացքին երեւացող գունավոր դրոշակներով պատած բազմաթիվ ուխտավայրեր դիմավորեցին իրենց լուսավոր ջերմությամբ….
Օդակայանի շեմին սպասող ուղեվարը ժպտերես մոտեցավ մեզ. «բարի գալուստ» մաղթելիս, իրենց սովորության համաձայն, սպիտակ վզկապներ նվիրեց յուրաքանչյուրիսՙ ուսերին դնելով, ի նշան հարգանքի ու սիրո: Արեւը ժպտում էր, եղանակը բարեխառն էր, օդի մաքրությունը սթափեցրեց երկար թռիչքի թմրությունը. հողը ամուր էր մեր ոտքերի տակ….
***
Տիբեթական ոճի գողտրիկ հյուրանոցում տեղավորվելուց հետո «ծունկ մը աղոթք ընելու» համար առաջինն ուղեւորվում ենք հին քաղաքի սրտում գտնվող հնամենի վանքը «ոլոր-մոլոր ճամբաներով, խունկ ու մոմով»….
Հեռվից արդեն խունկի անուշահոտությունը ուղղորդում է մեր քայլերը. ամենուրեք կան մեր եկեղեցիների գմբեթները հիշեցնող, մի քանի մետր բարձրություն ունեցող սպիտակաթույր ծխարաններ, որտեղ մարդիկ նվիրաբերում են անուշաբույր սաղարթներ: Հարյուրավոր ուխտավորներ վանքի շուրջը քայլում են մանտրա մրմնջալով. ոմանք այդ ամբողջ շրջանն անցնում են «չաքցե» անելով (ուսմունքին հատուկ ծնրադրման ձեւ խոնարհումի եւ երկրպագության խորհրդանիշով). սովորաբար ուխտավոր տիբեթցիք իրենց ձախ ձեռքում ունեն բռնակով պտտվող սարք, իսկ աջում «տերողորմյային» կամ կաթոլիկ եկեղեցու վարդարանի նման 108 ուլունքներից բաղկացած հատուկ շարան-համրիչ: Ու այսպես հազարավոր մարդիկ, տարբեր տարիքի երեխաներ, պատանիներ, երիտասարդներ, նորածինները մեջքին կապած մայրեր, տարեցներ, ծերեր. տարբեր խավի (հարուստ թե աղքատ), տարբեր տարածաշրջաններից, առողջ թե հիվանդ, նույնիսկ հաշմանդամ, ամեն օր, քայլելով գնում են վանքեր: Բազմիցս ականատես եղանք հաշմանդամի սայլակով «գորա» (վանքի շուրջ պտույտ) անող մարդկանց, երիտասարդների օգնությամբ քայլող ծեր մարդկանց, որոնք դանդաղ, հանգիստ ու գիտակցված քայլում են աղոթքով ու նվիրաբերումներով: Ինչպես շատ կրոններում (օրինակ մահմեդականները քայլում են Մեքքայի շուրջ, հրեաները Լացի պատի, եւ այլն…), մեր մշակույթում եւս, թեեւ աղավաղված, պահպանվել է վանքի շուրջ շրջան անելու ավանդույթը. դժբախտաբար սակայն ոչ գիտակցված, այլ ավտոմատ սովորության նման, առանց ակնածանքի ու երկյուղածության, ինչպես որ մոմ ենք վառում կամ թաշկինակ կապում վանքի մոտակա ծառերին: Մի պահ, այնքան ուժեղ զգացի գիտակցվածության կարիքը, ինչպես թթվածինը շնչելիս:
Վաղ առավոտյան շտապում ենք վանք. մեզ հյուրասիրում են տիբեթական ավանդական թեյով: Վանքում ամեն օր բազմահազար մարդիկ կան, աղոթքով վերանորոգելու իրենց Ուխտը, վերալիցքավորվելու եւ ամրապնդվելու. պարզապես կենսաձեւ է այս. այստեղ կյանքի ռիթմը հիմնված է իրենց հավատքի, աղոթքների ու ծեսերի վրա, այդպիսով էլ ամբողջ քաղաքը կառուցվել է վանքերի շուրջ. այնպես ինչպես, ատենոք մեր վանքերի շուրջ եղել են գյուղեր, որոնք իրենց օրն սկսել ու ավարտել են վանքի հետ կապված աշխատանքներով ու արարողություններով: Տիբեթում տուրիստները համակվելով տեղացիների ջերմեռանդությամբՙ իրենք եւս քայլում են վանքերի շուրջ. ու ակամայից հիշեցի մի դեպք Գեղարդավանքում, երբ օտարերկրացի զբոսաշրջիկները լուսանկարվում էին, բարձրաձայն խոսում ու հարցեր տալիս իրենց հայազգի ուղեվարինՙ չնկատելով աղոթող ուխտավորներին, ոչ էլ սաղմոս երգող կղերականին: Տխրությամբ անդրադարձա, որ մեր վանքերում տիրող այդ մթնոլորտի համար մենք ինքներս ենք պատասխանատու, բացարձակապես ակնածանք ու հարգանք չենք տածում մեր սրբավայրերի հանդեպ, այդպիսով նաեւ օտարներին չենք կարող ներշնչել հարգանքմեր ազգային արժեքների ու նվիրական երեւույթների նկատմամբ:
***
Սարեր, սարերի լանջին կառուցված վանքեր, գույզգույն ծածանվող աղոթքակիր դրոշներ, ստուփաներ (Սուրբի մասունքՙ ամփոփած կառույց), ծխարաններ… ու այսպես ամենուրեք: Միշտ հպարտությամբ փայփայել էի այն միտքը, որ Հայաստանը առաջին հերթին եկեղեցիների երկիր է. այս միտքը, բոլորին ի լուր…. անողոքաբար փլուզվեց: Նրանց վանքերն ու սրբավայրերը իրենց հավատքի շնորհիվ, երկրի բաբախող սիրտն են: Ի տարբերություն մեր սրբավայրերիՙ այստեղ ամենուրեք տիրում է ամենօրյա գուրգուրանքի ու հոգածության մթնոլորտ. ոչ միայն վանականներն են մաքրում, ավլում, լվանում վանքերը, այլեւ հենց ուխտավորները պատիվ եւ շնորհք են համարում հոգալ վանքի մասին: Իսկ մեր սրբատեղիները, մեր ազգի անցյալի ու ներկայի նման ավերակված, խոնարհված ու միայնակ են… Տխրությամբ լացեցի եւ վանքի աստիճանները բարձրանալիս մտածում էի մեր երկրի անմխիթար վիճակի ու մեր ժողովրդի կորսված հավատի փոխկապակցվածության մասին: Վերհիշելով վերլուծում էի իմ անցած ուղին, իմ սխալներն ու բացթողումները, թյուր ընկալումները. հասկացա, որ այնքան շատ բան կա անելու. ամեն մեկս յուրովի, անհապաղ, սկսելով մենք մեզանից…. Այդ զգացողությունը լույսի ճառագայթի նման ցրեց կասկածն ու հուսահատությունը սրտիս, ու ես շարունակեցի մագլցել դեպի վերՙ քարայր-կացարան վանքերը…. Բոլոր վանքերում շատ աստիճաններ կան. նեղ արահետներով վանքի տարբեր հատվածներն ու սենյակները կապվում են իրար. անընդհատ բարձրանում ենք, հոգեբանորեն նաեւ բարձրանում ենք դեպի վեր, ուղղահայացՙ ներքեւում թողած մեզ ճնշող անհարկի հոգսերը, աշխարհիկ կյանքի անիմաստ բեռները:
Յուրաքանչյուր վանքում բազմաթիվ սրբապատկերներ ու արձաններ կան, ուխտավորները ծնրադրելով մոտենում են, աղոթք ու մանտրա մրմնջալով խոնարհվում եւ նվիրատվություն կատարումՙ խնդրելով ընդունել իրենց նվիրները, որոնցից միայն դրամականն է նյութեղեն, իսկ մյուս նվիրաբերումները, կյանքի սկզբից սովորելով, օրըստօրե զարգանալով նվիրաբերում են տիեզերքին իրենց սերն ու աղոթքը, իրենց եւ բոլորի Լուսավորման համար… այդքան բացվածություն, անչափ կարեկցանքով լի աղոթում են համայն աշխարհի բոլոր շնչող էակների համարՙ նույնիսկ չիմանալով այդ աշխարհի մասին…. Ու հասկացա, որ Արեւելքի մշակույթներին հատուկ անձնակենտրոն մեծամտությամբ ուռճացած ներսիս «ԵՍ»-ը ջարդվեց այս մարդկանց հավատքի, նվիրվածության եւ կարեկցանքի հզոր զգացողություններից…
Այլ շրջաններից ուխտավորներն օրերով, շաբաթներով ու ամիսներով ամբողջ ճանապարհը չաքցե անելով առաջանում են դեպի Լհասացրտին, բքին, կիզիչ արեւին թե ձյունին (ինչքան էլ տարօրինակ թվա, գարնան վերջին ամսին, մի առավոտ, երբ վանք էինք մտնում, խոշոր փաթիլներով ձյուն տեղաց. մեզ ողջունեցինՙ ասելով, որ այն բարի երախտիք է եւ օրհնություն….), մանտրա ասելով, աղոթելով, աննկուն իրենց հավատքի եւ ուխտի մեջ, անմնացորդ նվիրումով եւ անթաքույց համբերատարությամբ ու սիրով նրանք խոնարհվում են. ինչքան սրտառուչ ու հոգեթով է ականատես լինել նման ուխտավորների. եւ սովորել նրանցից սրբատեղի գնալու ամբողջ իմաստն ու ոգեղինությունը, որպեսզի փոխենք մեր ընկալումը եւ ուխտի գնալը չդառնա մատաղի ու ճաշկերույթի արարողակարգ…..: Ի դեպ, տիբեթցի ուխտավորները սնվելուց առաջ իրենց թեյն ու ուտեստը նախ նվիրաբերում են աշխարհի չորս կողմերին, բնությանը հողին, հետո նոր ճաշակում:
Մի օր, վանքից վերադարձին, հյուրընկալվեցինք մի տիբեթցու համեստ օջախ: Բակում աղոթքակիր դրոշակներ են ծածանվում, իսկ տան գլխավոր տեղում մեծադիր սրբապատկեր է կախված: Տանտերը սիրալիր ընդունում է մեզ. ցածրադիր սեղանի վրա շարում է բաժակներ եւ տիբեթցիներին հատուկ յուղալի աղի թեյ է հյուրասիրում. ապա մատուցում իրենց առօրյական ուտեստըՙ «ծամպա»: Այն գարեձավարի փոխինձ է, տիբեթական թեյի հետ շաղախվածշիլայանման անզուգական կերակուր:
Վանքերում, մեծ կոնքերի մեջ, վառվում են յուղի ճրագներ: Հավատացյալներն իրենց հետ յուղ բերելովՙ լցնում են այնտեղ, նվիրաբերելով իրենց ունեցած ամենաորակյալ յուղը: Շշմել էի ի տես նրանց հավատքի ու նվիրվածության: Նաեւ նրա համար, որ ինչպես այլ ժողովուրդների մշակույթում, մեր ազգի մեջ, ընդհամենը մի դար առաջ, եղել է նման ծիսական հավատալիք, երբ գարնանային պահքի օրերին ամբարած թացանից պատրաստված տարվա առաջին յուղը նվիրաբերել են եկեղեցուն, Ճրագալույցի Պատարագի համար….. իսկ հիմա, դժբախտաբար, այդ ծիսակարգի հիշողությունն իսկ չկա մեր ավանդությանց մեջ: Ակամայից անընդհատ, ամեն ինչում, համեմատում էի մեր երկրի հետ եւ սրտանց կամենում, որ մեր մեջ էլ վերականգնվեն հավատքն ու ակնածանքը, որպեսզի վերագտնենք մեր աստվածահաճո էությունը:
***
Գիշերը, սենյակիս պատուհանի առաջ նստած, դիտում եմ աստղազարդ երկինքը, որը զարմանալի մուգ լազուր գույն ունի. շնչում եմ աստղերի հմայքը. զով եղանակը փշաքաղում է մարմինս. պարզապես ապրում եմ պահը, յուրաքանչյուր ակնթարթը հիասքանչ հողի ու երկնքի…. Մարմնիս միջով անցնում են հնի ու նորի բախումները, տառապում եմ ու լացում սխալներիս համար ու ներողություն խնդրում բոլորից: Սիրտս լցվել է սիրով, անպատմելի սիրով:
Ընկալում եմ,
Որ տիեզերքի անսահմանության մեջ մի հյուլե եմ, բոլորի նման…
Որ բոլոր շնչող էակներն ունեն աստվածային էություն, ինչպես Ծննդոցի մեջ կհիշատակվի, որ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարանքով ու նմանողությամբ…
Որ ապրելուց հետո Տիբեթում, հոգիս կնկրտի Վարուժանյան բառերով դեպի «Աղբյուրը Լույսի»….
Որ կյանքը պատրանք է եւ այն, ինչ մինչ այդ տեսել ու ապրել եմ, խաբկանք է լոկ, ստեղծված իմ իսկ կողմից….
Որ այս բոլորից այն կողմ, այս բոլորից վերեւ կա մի բացարձակ Ճշմարտություն, որին քչերն են հասու….
Որ ինձ բախտ է վիճակվել գտնելով Ուսուցիչՙ Նրա շնորհիվ կարողանալ ջանալ կատարել «ծանիր զքեզ» պատվիրանը. եւ վերջապես կարողանալ «իմանալ զբանս հանճարոյ»….
Շնորհակալ եմ, խոնարհվում եւ երկրպագում եմ Ձեզ Մեծն Ուսուցիչ, Լամաներ եւ Բուդդհաներ բոլոր ժամանակների…
5 հունիս, 2018