ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ, Արեւելագետ
Իրանի եւ Չինաստանի միջեւ Թեհրանում վերջերս կնքված «Ռազմավարական համագործակցության պայմանագիրը» կարելի է համարել պատմական ոչ միայն որպես Չինաստանի հռչակած «Մեկ գոտիՙ մեկ ճանապարհ նախաձեռնություն» նախագծի շրջանակներում իրականացրած ձեռքբերում, այլ նաեւ միջազգային քաղաքականության մեջՙ նոր բեւեռի գոյությունը հաստատող գործողություն, որն իր կշիռն է ունենալու Չինաստանից-Մերձավոր Արեւելք: Վերոնշյալ պայմանագիրը 3 մասից կազմվածՙ քաղաքական, տնտեսական եւ մշակութային 18 էջանոց փաստաթուղթ է: Իրանի եւ Չինաստանի միջեւ կնքված պայմանագրով 400 միլիարդ ԱՄՆ դոլարի երկկողմանի ներդրումներ են նախատեսված իրականացնել:
Այս պայմանագրի հիմքը դրվել է դեռեւս 2016թ.-ին, երբ Թեհրանում ստորագրվեց կողմերի միջեւ համապարփակ գործընկերության համաձայնագիր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական այցելության ժամանակ, իսկ այժմ վերոնշյալ պայմանագրի կնքմանը նախորդեց Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկար սպասված հանդիպումը, երբ հրապարակավ Չինաստանի պատվիրակության անդամները հանդես եկան կոշտ ոճովՙ մեղադրելով ԱՄՆ-ին Չինաստանի ներքին գործերին միջամտելու մեջ եւ խորհուրդ տվեցին փոխել այդ գործելաոճը: Այս հրապարակային բանավեճը մեծ ուշադրության արժանացավ միջազգային մամուլում, որովհետեւ Չինաստանի արտաքին քաղաքականության լեզուն վերջին տասնամյակներում հիմնված է եղել ներդաշնակության եւ փոխըմբռնման վրա, իսկ այժմ Չինաստանն, իրագործելով «Չինական երազ» ծրագիրը, ամբողջությամբ հաղթահարելով երկրի ներսում աղքատությունը, աշխարհում գրանցելով ամենաբարձր տնտեսական աճը, փոխում է նաեւ արտաքին քաղաքականության լեքսիկոնը եւ հրապարակային մեղադրանքներ է հնչեցնում ԱՄՆ-ի պատվիրակության հասցեինՙ մեղադրելով նրանց իրենց երկրում դեմոկրատիան չհարգելու, քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ջարդ իրականացնելու մեջ: Չինական պատվիրակությունը մեղադրեց ԱՄՆ-ին նաեւ Չինաստանի ներքին գործերին միջամտաելու մեջ եւ խորհուրդ տվեց փոխել այդ ամերիկյան գործելաձեւը: Գերհզորների միջեւ այսպիսի լարված հարաբերությունների ժամանակահատվածում Չինաստանը կարողացավ նոր կառուցողական մակարդակի հասցնել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը»:
Անդրադառնանք Համաձայնագրի 3 մասերից յուրաքանչյուրին առանձին. Քաղաքական
Համաձայնագրի կնքման ժամանակի ընտրությունը հատկանշական է, երբ Իրանն ու Չինաստանը ենթարկվում են ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների, որը պատերազմ հայտարարելու հայտնի նուրբ գործելաոճ է, եւ ԱՄՆ-ն դա կիրառում է բոլոր այն պետությունների դեմ, որոնք չեն ենթարկվում իր խաղի կանոններին, կամ փորձում են դառնալ ինքնուրույն խաղացողներ միջազգային ասպարեզում: Օրինակՙ Իրանը 1979-ից սկսած որդեգրել է իր կրոնական-ազգային գաղափարախոսությունը, իսկ Չինաստանըՙ «Սոցիալիզմՙ չինական առանձնահատկություններով»: Բնականաբար, ԱՄՆ-ի համար այս երկու երկրների սրընթաց զարգացումն ընկալվում է որպես իրենց շահերին հակասող եւ անվտանգությանը սպառնացող, որի մասին նրանք չեն թաքցնում անգամ պաշտոնական հայտարարություններում: Հարկ է նշել, որ այս գործընթացը գլոբալ առումով մեկ մասնիկն է աշխարհում առաջացած նոր բեւեռի (Ռուսաստան, Իրան, Չինաստան, Սիրիա, Վենեսուելա, Կուբա, Հնդկաստան), որը կրում է ազգային գաղափարախոսություն ի հակադրություն արեւմտյան գլոբալիզացիայի: Այստեղ նաեւ առանձնհատուկ է Իրանի եւ Չինաստանիՙ ասիական երկրներ լինելու փաստը, երբ ներկայումս գիտական շրջանակներում արդեն աշխատություններ են ի հայտ գալիս աշխարհիՙ դեպի արեւելք թեքվելու մասին:
Այսպիսով, Չինաստանի եւ Իրանի դերը քաղաքանապես մեծանալու միտում ունի Աֆղանստանում, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանից զորքերի դուրս բերման մասին: Թե՛ Չինաստանի եւ թե՛ Իրանի համար Աֆղանստանում քաղաքական ազդեցություն ունենալը մեծապես նպաստելու է տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համարՙ հաշվի առնելով թաքֆիրի եւ սալաֆի ծայրահեղական ահաբեկիչների ներկայությունն այնտեղ, որը սպառնալիք է Իրանի եւ Չինաստանի համար հավասարապես: Նրանք Իրանը համարում են թշնամիՙ շիա լինելու, իսկ Չինաստանումՙ թյուրք ույղուրներին, նրանց հավատավոր եւ ազգակից եղբայրներ լինելու պատճառով: Վերջիններս, ստանալով աջակցություն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կողմից, այսօր Չինաստանի համար հանդիսանում են ամենամեծ վտանգը ահաբեկչության առումով: Պայմանագրում նշված է անվտանգության հարցի կարեւորության մասին եւ այն ստորագրած երկրները համաձայնել են համատեղ աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի կարողանան կանխել ահաբեկչությունը տարածաշրջանում: Այսպիսով, Մերձավոր Արեւելքում Իրանը հնարավորություն է ունենալու իր քաղաքական ներկայությունը ավելի ամրապնդելուՙ հզորացնելով իր դաշնակիցների հնարավորությունները, երբ կկարողանա այս պայմանագրի շնորհիվ նորագույն տեխնոլոգիաներ ձեռք բերել, որոնք միտված կլինեն չեզոքացնելու ահաբեկիչների կենտրոնները, որոնք պատսպարվել են, օրինակ, Սիրիայի եւ Իրաքի որոշ հատվածներում, Թուրքիայի հովանավորության ներքո: Ավելին, Պաղեստինի պետության ճանաչման հարցում ԱՄՆ-ի տասնամյակների ապարդյուն եւ միակողմանի քաղաքականությունը ի շահ Իսրայելի նաեւ կունենա այլ ձեւաչափ, քանի որ Չինաստանն որպես գերտերություն բազմիցս հայտարարել է Պաղեստինի պետության գոյության անհրաժեշտության մասին եւ պաշտոնապես հայտարարել ստանձնելու միջնորդի դեր:
Տնտեսական
Տնտեսական իմաստով Իրանը հնարավորություն կունենա օգտվելու Չինաստանի «տնտեսական հրաշքից». պայմանագրում նշված էՙ Իրանում սպասված ներդրումների ոլորտների մասինՙ հեռահաղորդակցման, նավահանգիստների, երկաթգծերի, հետազոտության եւ գիտության, ռազմարդյունաբերության, տնտեսական ազատ գոտիների, ենթակառուցվածքների, երկաթգծերի կառուցման, ինչը Իրանի համար ճանապարհ է բացելու դեպի Կենտրոնական Ասիա ու Եվրասիա: Հետաքրքրական է այն իրողությունը, որ դեռ 1990-ականների սկզբներին հայտնի ամերիկացի քաղաքագետ-տեսաբան Բժեժինսկին նշում էր, թե Կենտրոնական Ասիային տիրողը տերը կդառնա աշխարհին եւ այդ տարածաշրջանը գիտականորեն անվանել էր Եվրասիա: Իրապես, ներկա գոյատեւման համար մղվող պայքարն ու պատերազմները Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում նաեւ նպատակ են հետապնդում հասնել Կենտրոնական Ասիա եւ Չինաստան. խոսքը թյուրքական ժողովուրդներից կայսրության ստեղծմանՙ Թուրքիայի ծավալապաշտական նոր օսմանաթուրանական քաղաքականության մասին է, իսկ այդ ծրագրի դեմ հանդես են գալիս Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:
Չինաստանը իր քաղաքականությունն մեծապես իրականացնում է տնտեսական գործոնի հիման վրա եւ հստակ նշում, որ ինքը չի միջամտում երկրների ներքին գործերին եւ զերծ է մնում քաղաքական եւ ռազմական հակամարտություններից, սակայն նա կարողանում է իր դերը հաստատել իր տնտեսական հզորությամբ եւ առեւտրային հարմարություններով. Իրանին տնտեսապես հզորացնելով, Չինաստանը մուտք է գործում մեծ Մերձավոր Արեւելք: Իսկ Իրանը հնարավորություն կունենա զարգացնելու իր տնտեսությունը անկախ Միացյալ Նահանգների կողմից պարտադրված պատժամիջոցներից, որոնք վերջին տարիներին պատճառել են ահռելի կորուստներ եւ դրամի արժեզրկում: Գալով Չինաստանի համար այս պայմանագրի դրական կետինՙ նա կարողանալու է ձեռք բերել իրանական նավթը 30% ավելի ցածր շուկայական գնից:
Մշակութային
Մշակութային ոլորտում համագործակցությունը խթանելու է երկու ժողովուրդների, այդ հին քաղաքակրթությունների մերձեցումն ու ճանաչողությունըՙ ներառելով անցյալի ու ներկայի ձեռքբերումները: Օրինակՙ Չինաստանը վերջին տասնամյակներում կարողացավ նորարարական տարրերով ներկայացնել իր մշակույթը թե՛ արվեստի բնագավառում, եւ թե՛ զբոսաշրջության ոլորտում. այսպիսի հարաբերությունները կարող են խթան հանդիսանալ Իրանին նույնպես նորովի ներկայացնելու իր բազմադարյա մշակույթը: Ըստ պայմագրի, զբոսաշրջության եւ ուսանողական փոխանակումներն լինելու են հաճախակի: Այս վերջին դրույթը կարեւոր է այն իմաստով, որ նոր առաջացած բեւեռը աշխարհում ոչ միայն ներկայացնում է տնտեսական ուժ, այլեւ հատուկ նշանակություն է տալիս մշակույթներին եւ քաղաքակրթություններին, նաեւ միջազգային հարաբերություններում, որտեղ տեղի են ունենում ոչ միայն տնտեսական, քաղաքական եւ ռազմական փոփոխություններ, այլեւ դա նշանակում է, որ տեղի է ունենում Ասիական զարթոնք:
Տարածաշրջանի համար, մասնավորապես Չինաստանի եւ Իրանի միջեւ կնքված «Ռազմավարական համագործակցության պայմանագիրը» բնականաբար հզորացնելու է Չինաստանի դերըՙ իր սահմաններից մինչեւ Մերձավոր Արեւելք, իսկ Իրանի պարագայում հնարավորությունՙ դառնալու տարածաշրջանի ամենահզոր եւ ամենազարգացած երկիրը, տարածաշրջանում, ներառյալ Անդրկովկասում ունենալու որոշիչ դեր:
Վերջում, հարկ է ընդգծել, որ կողմերը նաեւ հայտնել են ապագայում այլ երկրների մասնակցության հնարավորության մասին, եւ այս իմաստով Հայաստանի համար սա լավ առիթ կարող է հանդիսանալՙ դառնալու գործոն տարածաշրջանումՙ զարգացնելով տնտեսությունը, արդիականացնելով բանակը եւ վերադառնալու իր ասիական ինքնությանը ու ներկայացնելու երկար ժամանակ անտեսված իր ուրույն քաղաքակրթությունը: Հայաստանն այս տարածաշրջանում իր անվտանգությունն ապահովելու համար պետք է ունենա վստահելի դաշնակիցներ, որոնց համար Հայաստանն ու հայ ժողովուրդը կլինեն ընկալելի եւ հասկանալի, կգնահատվեն հայության պահանջները, քանի որ հայերիս համար նույնպես թուրքական ծավալապաշտական ծրագիրը վտանգավոր է, ինչպես Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի համար: