Վերոհիշյալը նույնությամբ ներկայացնում է «Իսրայելն այսօր» կայքի հոդվածի վերնագիրը, որը բավական անկեղծ պարզաբանում է Բայդենի ճանաչման ընկալումն Իսրայելում, այն առնչելով Թուրքիա, Ադրբեջան, Իրան հարաբերություններին:«ԱՄՆ նախագահ Բայդենիՙ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Իսրայելի համար, զգուշացնում են փորձագետները», գրում է Ավիել Շնայդերը «Իսրայելն այսօր» կայքի մայիսի 7-ի համարումՙ հիշատակելով, որ Բայդենը, կատարելով իր նախընտրական խոստումըՙ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, գիտակցում է այն ռիսկը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմանն է տանում, ինչը, իսրայելցի փորձագետների կարծիքով, Իսրայելի վրա էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ:Թուրք-իսրայելական քաղաքականության մասնագետ դոկտոր Այթան Քոհեն Յանարոցակը (Eitan Cohen Yanarocak) իսրայելական ռադիոյի եթերում շեշտել է, թե Բայդենը կամեցել է սեփական ժառանգությունը թողնելՙ պատմության մեջ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած նախագահը լինել: Նրա կարծիքով, սա առնչվում է նրա նախորդիՙ ԱՄՆ նախագահ Թրամփիՙ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը: Ըստ Քոհենիՙ նախագահներից ամեն մեկը մի ժողովրդի ժառանգություն է թողնում, Բայդենի համար ժամանակը հարմար էր, քանի որ Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրում եւ գիտակցում է, որ Էրդողանը դրան համարժեք ազդեցիկ պատասխան չի կարող տալ: Քոհենը չի շրջանցում մյուս գործոններըՙ Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները, երբ Անկարան ռուսական S 400 է գնում, թուրքական արժույթն անկման եզրին է, Մոսկվան էլ զայրացած է, որ Անկարան անպատճառ Ուկրաինային է ուզում վաճառել իր անօդաչուները: Էրդողանը բոլոր կողմերից ճնշման տակ է, եւ բոլոր ճակատներում միաժամանակ չի կարող մարտավարել, կարծիք է հայտնում իսրայելցի փորձագետըՙ շեշտելով, թե Թուրքիայի նախագահը դեռեւս հստակ որոշում չի կայացրել, թե ինչպես պիտի հակազդի Վաշինգտոնին: Անկարան սպասում է հնարավոր հետեւանքներին, այն էՙ ամերիկահայերը դատական հայց կներկայացնեն Թուրքիայի դեմ: Եթե նման հայցեր լինեն, ԱՄՆ դատարանները կփորձեն դրամական տույժ կամ դրամական փոխհատուցում պահանջել Թուրքիայից: Այդ պարագայում, նշում է Քոհենը, Թուրքիան կպահանջի ԱՄՆ-ից իր տարածքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները լքել: Իսկ սա ԱՄՆ -ի Մերձավոր Արեւելյան անվտանգության ռազմավարությանը մեծ հարված կհասցնի:Բավական անկեղծ է Քոհենը Իսրայելիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական շահը նժարելիս: Եթե խոսքը բարոյական որոշման մասին էլ լինի, Իսրայելը պիտի ազգային շահի մասին խորապես մտածի, ճանաչմամբ Իսրայելի անվտանգությանը չենք կարող նպաստել, կարծիք է հայտնում թուրք- իսրայելյան քաղաքականության մասնագետը: Քոհենը պարզաբանում է, որ հայերը (կամ Հայաստանը) չեն կարող Իսրայելի դաշնակից լինել, քանզի Իսրայելը սերտ հարաբերություն ունի Ադրբեջանի հետ, ինչը որեւէ պարագայում չի կամենա վտանգել: «Ադրբեջանը Իսրայելի համար թշնամական Իրանի սահմանին կարեւորագույն ռազմավարական ֆորպոստ է, Բաքուն եւ Երուսաղեմը քաղաքական ու տնտեսական առումով շատ սերտ կապեր ունեն, Իսրայելը Ադրբեջանից նավթի երկրորդ ներկրողն է, իսկ նրան տեխնոլոգիա եւ անօդաչուներ է մատակարարում, իսկ սրանց հավելյալՙ Ադրբեջանում Իսրայելն ունի «գաղտնի» ռազմական օդանավակայան, որ անհրաժեշտության պարագայում Իրանին կարող է հարված հասցնել», մեկնաբանում է Քոհենը:Հոդվածագիր Ավիել Շնայդերի դիտարկմամբ, Երուսաղեմում Ջո Բայդենիՙ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ դրական տրամադրություն չի նկատել, շատերը հակված են կարծել, որ այն դրական ազդեցություն չի կարող ունենալ Երուսաղեմի վրա: Վաշինգտոնի նոր ղեկավարությունը «ներդնում է անում մի ժառանգության մեջ, որ կարող է Երուսաղեմ-Անկարա խոր հակամարտության հանգեցնել»:Այս համատեքստում բնավ զարմանալի չէ, որ հոդվածագիրը որեւէ առումով չի հիշատակում հայկական Երուսաղեմը: Բայց անկախ որեւէ մեկի կամքից, այն կա: Երուսաղեմի հայոց պատրիարքարանն էլ, հայ համայնքն էլ խնդիրներ ունեն, բայց դրանք միշտ երկրորդական են եղել Հայաստանի համար: Մեր պետությունը երբեք չի գիտակցել, որ այս ուժը զորացնել է պետք: Ժամանակը չէ՞: |